[:am]
Մամուլում ու սոցցանցերում բուռն քննարկումների թեմա է դարձել տեղեկությունը, որ 4 երեխայի մայր ու սոցիալական ծանր պայմաններում բնակվող սիսիանցի Հասմիկ Սարգսյանը ծանոթուհու բնակարանից 10 հազար դրամ գողության համար դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման:
Տարվում են ամենատարբեր համեմատություններ, ու կասկածի տակ է դրվում վճռի արդարացիությունը: Դատապարտված տիկնոջ շահերի պաշտպանությամբ սկսել են զբաղվել իրավապաշտպան կազմակերպություններ, դրամահավաք են սկսել: «Ռադիոլուրը» այսօր լսել է բոլոր կողմերին:
Աուդիո նվագարկիչ
http://www.armradio.am/hy/2018/04/03/snund-2/
« Մի անգամ քաղաքապետարանը շատ շուտ՝ մինչեւ դատավճիռը, օգնել է, դրանից հետո ուր դիմել եմ՝ բոլորը մերժել են: Ամեն տեղ էլ դռները փակ: Վարկ եմ վերցրել 100 հազար, չգիտեմ՝ ոնց պետք է փակեմ»:
Գողությունը չենք պաշտպանում, այլ մարդու ապրելու իրավունքը՝ «Ռադիոլուրին» ասում է Հասմիկ Սարգսյանի շահերը պաշտպանող «Վելես» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանը: Կնոջը աշխատանքով ապահովելը կարող էր կասեցնել հանցագործությունը՝ վստահ է: Երեք անչափահաս երեխա ու մեկ զինծառայող որդի ունենալն արդարացնո՞ւմ է հանցագործությունը հարցին Պողոսյանն արձագանքում է՝
« Իսկ որ ազգ-բանակ անընդհատ շահարկում են, լա՞վ է: Հասմիկ Սարգսյանը նպաստ չի ստանում, թոշակ չի ստանում, աշխատավարձ չի ստանում, տուն չունի, վարձով է բնակվում, ինքն էլ առողջական խնդիրներ ունի, ինչո՞վ պահի իր երեխաներին: Այստեղ պետք է տարանջատենք գողությունը բառը հանապազօրյա հաց ու իր երեխաների կյանքի իրավունքն ապահովելուց»:
Ազատազրկման դատապարտված Հասմիկը երեխաների առողջական խնդիրները փաստում է ամենատարբեր տեղեկանքներով: Որդին էլ ծառայության ընթացքում վիրահատվել է ու ուղարկվել մայրական խնամքի:
«Չեմ ասում, որ ինձ խղճան, ուղղակի ինձանից հետո էդ երեխաներին ո՞վ պիտի պահի: Նրանք խնամքի կարիք ունեն ու հիվանդ են»:
Մեղմացուցիչ հանգամանքների կողքին կա նաեւ պատիժը ծանրացնող հանգամանք՝ Սարգսյանը նախկինում եւս դատապարտվել է գողության համար, այսինքն՝ առկա է առանձնապես վտանգավոր ռեցիդիվ՝ արձանագրում են ՀՀ գլխավոր դատախազությունում: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նշում է՝ պատիժ նշանակելիս դատարանը մարդասիրական մոտեցում ցուցաբերել է՝ նախկին երկու դեպքում կիրառվել է պայմանական ազատազրկում, սահմանվել է փորձաշրջան: Սակայն կինն անհրաժեշտ հետեւություն չի արել ու հերթական անգամ կանգնել է հանցավոր ուղու վրա:
«3-րդ անգամ է կատարել նույնատիպ դիտավորյալ ծանր հանցագործություն, որի համար նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ հանցանքների համար նշանակված պատիժների չկրած մասը, եւ արդեն որպես վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 6 տարի 6 ամիս ժամկետով»:
Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը դատախազության մոտեցմանն արձագանքում է հարցով՝ 6 տարի հետո նույն կնոջը նույն սոցիալական պայմանները չե՞ն խեղդի:
«Չորրորդն էլ է լինելու, հինգերորդն էլ է լինելու, քանի դեռ պետությունը չի ապահովել մարդու նվազագույն պայմանները»:
Ինքը՝ Հասմիկ Սարգսյանը, տարակուսած է ոչ միայն վճռից, այլեւ դատախազ Հայկ Կարապետյանի հայտարարությունից:
«Դատախազն ասում է՝ հարուստի բարձի տակից գնայիր մի կես մլն գողանայիր, քեզ չէի, դատապարտի, կասեի լավ ես արել, բայց էս մեկը համարում եմ ծանր հանցագործություն: Դատի ժամանակ ասածը ձայնագրել ենք»:
Դատախազի հայտարարությունը գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը չի մեկնաբանում: Իրազեկում է՝ գործն այժմ վերաքննիչ դատարանում է՝ ավարտական փուլում:
[:]