Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջև հավաքված քաղաքացիները պնդում են, որ իրենք բոլորը տուժել են Տիգրան Մարտիրոսյանի վաշխառուական գործունեությունից: Վերջինս դատապարտվել է վաշխառության համար, սակայն համաներմամբ ազատվել է պատժի կրումից: Ներկայումս էլ փորձում է դատարանի միջոցով գումար բռնագանձել:
Անահիտ Կարապետյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ 2009 թվականին իր ընտանիքին շտապ գումար էր անհրաժեշտ, և քանի որ բանկերը մերժել էին վարկ տրամադրել, վերջին հույսը մնացել էին տոկոսով փող տվող անհատները:
«Հեռուստացույցի վազող տողով հայտարարություն տեսանք, որ տոկոսով փող տվող մարդ կա: Զանգեցինք, ծանոթացանք Վահեի հետ: Նա միջնորդն էր, փող տվողը Տիգրանն էր: Մեզ 10 հազար դոլար էր պետք, բայց քանի որ իրենք առաջին երկու ամսվա տոկոսը միանգամից են պահում, և Վահեն էլ միջնորդավճար պիտի վերցներ, 13 հազար վերցրինք: Ամսական 5% տոկոսադրույքով տվեց: Գրավի պայմանագիր կնքեցինք, տունս գրավ դրեցի: Ստորագրելուց հետո միայն տեսա, որ 6.800.000 է դրված, ինչը էն ժամանակվա կուրսով մոտ 18 հազար դոլար էր անում: Տիգրանին ասացի, ինքն էլ ինձ հանգստացրեց, ասեց՝ հո չե՞մ խաբելու ձեզ, դու ինչքան վերցրել ես, էդքանն էլ կտաս: Ես հավատացի իրեն»,- պատմում է Անահիտը:
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամսական 4%-ը գերազանցող տոկոսադրույքով գումար տալը համարվում է վաշխառություն և քրեորեն պատժելի է:
Անահիտ Կարապետյանի խոսքով՝ մինչև 2011թ. հոկտեմբեր ամիսը Տիգրան Մարտիրոսյանին վճարել են 17.900 ԱՄՆ դոլար, սակայն երբեք ստացականներ չեն վերցրել վճարված գումարի դիմաց: 2012 թվականին Տիգրան Մարտիրոսյանը դիմել է դատարան՝ պարտքով տված գումարը բռնագանձելու պահանջով: «Մեզ վստահեցրեց, թե դա ձևական է, ասաց, որ նույնիսկ կարող ենք չգնալ դատերին: Հետո մեզ 3 օր ժամանակ տվեց գումարը վերադարձնելու համար, սակայն 4-րդ օրը զանգեց, ասաց, որ ևս մեկ տարի կսպասեմ: Ես շատ զարմացա, որ ինքն այդքան բարիացել է: Բայց մի քանի օր անց զանգեց ու ասաց, թե իր դեմ գործ են հարուցել, ու խնդրեց, որ ես իրեն վնասող ցուցմունք չտամ, չասեմ, որ փողը մեզ տոկոսով է տվել»,- հիշում է Անահիտը:
Հարուցված քրեական գործի շրջանակներում Անահիտ Կարապետյանն իր նախնական ցուցմունքներում թաքցրել է, որ գումարը տոկոսով են վերցրել, սակայն ավելի ուշ փոխել է ցուցմունքը: «Ես սկզբում իր խնդրանքը կատարեցի, բայց հետո հասկացա, որ ինքը վաղ թե ուշ կխլի մեր բնակարանը, ու փոխեցի ցուցմունքս: Ինձ տուժող ճանաչեցին ու Տիգրանին դատապարտեցին վաշխառության համար»:
Սույն գործով քաղաքացիական և քրեական դատարաններում երկու միմյանց հակասող որոշումներ է կայացվել: Տիգրան Մարտիրոսյանին հաջողվել է քաղաքացիական գործով գումարի բռնագանձման դատական որոշում ստանալ, սակայն քրեական գործով ապացուցվել է, որ նա իրականում 6.800.000 չի տվել, և որ Անահիտ Կարապետյանը նրան ավելի է վճարել, քան վերցրել է: Դատարանում Տիգրան Մարտիրոսյանը Անահիտ Կարապետյանին վերադարձրել է հավելյալ գանձած գումարը:
Անահիտ Կարապետյանի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Մուրադյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քաղաքացիական դատարանները, փաստորեն, քրեական գործով ապացուցված հանգամանքները հաշվի չեն առնում: «Եթե կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որն ապացուցում է, որ Տիգրան Մարտիրոսյանը վաղուց ստացել է իր տված գումարը, նույնիսկ ավելին է ստացել, քան տվել է, և դատարանում ստիպված է եղել վերադարձնել այդ տարբերությունը, այժմ ինչպե՞ս կարող է քաղաքացիական դատարանն անտեսել դա»,- նշում է փաստաբանը:
Անահիտ Կարապետյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ նոր ի հայտ եկած հանգամանքներով գործի վերանայման պահանջով: Այդ հանգամանքը քրեական գործով վաշխառության փաստի հաստատումն է: Անահիտի տան վրա արգելանք է դրված, ինչի շնորհիվ Տիգրան Մարտիրոսյանին չի հաջողվում գումարի բռնագանձման պահանջով աճուրդի հանել և վաճառել նրա տունը: Վերջինս Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին միջնորդություն էր ներկայացրել արգելանքը վերացնելու մասին: Միջնորդությունը մերժվել էր դատավոր Սիմիզար Հովսեփյանի կողմից:
Անահիտ Կարապետյանը, այնուամենայնիվ, դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել: «Դատավորի կողմնակալությունը հօգուտ Տիգրան Մարտիրոսյանի ակնհայտ է: Մենք հայցի հիմքն ու առարկան փոփոխելու մասին դիմում ենք ներկայացրել, որի մասին դատավորը պետք է որոշում կայացներ եռօրյա ժամկետում: Այդ ժամկետը խախտվել է, բացի այդ՝ դատավորը հայտարարեց, որ այդ դիմումի ընդունման հարցը պետք է քննարկի կողմի, այսինքն՝ Տիգրան Մարտիրոսյանի հետ: Սա պարզապես արգելված է Քաղաքացիական դատավարության օրենսգրքով»,- ասում է փաստաբանը:
Ի դեպ, նախորդ դատական նիստին Տիգրան Մարտիրոսյանը թեև դատարանի շենքում էր, սակայն տեսնելով լրագրողներին՝ չմասնակցեց դատական նիստին: Մեզ հաջողվեց մի քանի հարց ուղղել նրան: Մարտիրոսյանը նախ՝ իր դեմ բողոքի ցույց անող քաղաքացիներին մեղադրեց խարդախության մեջ՝ նշելով, որ նրանց ուղղորդում է դատախազության նախկին աշխատակից Վարդան Մուրադյանը:
Հարցին՝ որտեղի՞ց իրեն այդ գումարները, որ պարտքով է տվել տարբեր ընտանիքների, պատասխանեց. «Ես գույք եմ ունեցել, դա եմ վաճառել: Սա օրինական եկամուտ է»: Թեև իր դեմ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, Տիգրան Մարտիրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչում վաշխառության մեջ. «Անարդար վճիռներ են եղել, որպեսզի հետ չտան գումարները»:
Անահիտ Կարապետյանը մեզ տրամադրել է ձայնագրություններ իր և Տ. Մարտիրոսյանի հեռախոսազրույցից, որի ընթացքում քննարկվում է տոկոսով տրված գումարը: Տիգրան Մարտիրոսյանը հեռախոսազրույցի ընթացքում Անահիտ Կարապետյանին խորհուրդ է տալիս «տոկոս» բառը քիչ գործածել՝ նշելով, որ գուցե իրենց լսող կա:
Մանրամասները՝ ձայնագրությունում:
Հեղինակ՝ Արման Ղարիբյան
Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/2051335.html