[:am]Վաշխառուները պետական հովանավորչության ներքո են փողերը պտտեցնում www.nyut.am[:]

[:am]

ea8017fe56b868d22ffaebdf6fe1f061

Մեր հյուրն է Veles Ngo իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինե Պողոսյանը

– Տիկին Պողոսյան, ինչո՞վ է զբաղվում Ձեր կազմակերպությունը:

– Մեր կազմակերպությունն ընդհանուր առմամբ զբաղվում է կոռուպցիայի դեմ պայքարով: Սակայն` ոչ լոզունգային և դեկլարատիվ պայքարով: Մենք ընտրել ենք թիրախային պայքարի ձևը: Քանզի կոռուպցիան, որպես երևույթ, ուրվական չէ, կոնկրետ մարդիկ են զբաղվում դրանով: Ճիշտ է, չունենք հետաքննող լրագրողներ, բայց մեր ուժերի ներածին չափով կատարում ենք հետաքննություն և արդյունքները ներկայացնում ենք հանրությանը:
Նաև մենք պայքարում ենք վաշխառության դեմ` այն դիտարկելով որպես կոռուպցիայի դրսևորում: Իսկ վաշխառությամբ և փողերի ստվերային շրջանառությամբ զբաղվում են չինովնիկներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Եվ դրանք ժողովրդից գողացված ու թալանված գումարներն են, որոնք վաշխառության միջոցով շահույթ են բերում վերջիններիս: Մեր գործունեության մյուս թիրախն էլ փողերի լվացումն է:

– Ասում եք, որ Ձեր պայքարը թիրախավորված է: Իսկ ինչպիսի՞ բացահայտումներ ունեք:

– Բավականին բացահայտումներ ենք արել, որոնք «հիմք են հանդիսացել», որպեսզի երեք տարի շարունակ ենթարկվենք տարատեսակ հետապնդումների ու ճնշումների: Բազմիցս ենք հրապարակել կոնկրետ անձերի, կոնկրետ կոռուպցիոն գործողությունների վերաբերյալ:
Իսկ ազգ–բանակ կոնցեպցիայի քննարկումների ժամանակ հայտարարեցինք, որ վիճակագրական տվյալների համաձայն մեր երկրում գրանցված է 1,72 մլն աշխատող: Այս գումարը յուրաքանչյուր ամիս կարող է վճարել մի կոռումպացված չինովնիկ, ու այլևս հարկ չի լինի այն հավաքել բնակչությունից:

– Իսկ պետական համապատասխան կառույցներն ինչպիսի՞ վերաբերմունք ունեն Ձեր բացահայտումների վերաբերյալ: Ինչպե՞ս են արձագանքում:

– Ի պատասխան, մեր հանդեպ քրեական շինծու գործեր են հարուցում: Եվ անձամբ ինձ ենթարկում ապօրինի քրեական հետապնդումների:
Որովհետև բոլոր այն մարդկանց անունները, որ հրապարակում ենք, օգտվում են իշխանության նույն կերակրամանից: Իսկ բոլորն իրար հետ կապված են, ստեղծված է բուրգ: Եթե բուրգը փլվի, բոլորը կմնան ավերակների տակ:

– Այժմ ստեղծվում է հակակոռուպցիոն հանձնաժողով, ներդրվում է նաև ազդարարի ինստիտուտը: Դրանց արդյունավետությունն ինչպե՞ս եք գնահատում:

– Որքան ես տեղյակ եմ, տարիներ ի վեր մենք ստեղծել ենք նման հանձնաժողովներ: Բայց մի բան ակնհայտ է` եթե երկրում չկան համակարգային փոփոխություններ, ոչինչ էլ չի լինի: Ի վերջո` ո՞ր կոռուպցիոներին ենք տեսել, որ պատժվի: Եթե չկա պատասխանատվություն, եթե չկա պատիժ , եթե չկա գողացվածի հետվերադարձ, ապա ինչքան հանձնաժողով ուզում ես ստեղծի և ազդարարի ինչպիսի ինստիտուտ ուզում ես հիմնի կամ էլ ապօրինի հարստացման դեմ օրենք ընդունի, ի՞նչը պետք է փոխվի:
Բանն այն է, որ մեր երկրի օրենքները վատը չեն, ուղղակի դրանք չեն գործում կամ գործում են երկակի ստանդարտներով: Այսինքն` մի խավի համար այդ օրենքն այսպես է գործում, մեկ այլ խավի համար` այլ կերպ կամ էլ ընդհանրապես չի գործում:
Եվ այստեղ գիտե՞ք, թե որն է կարևորը. կարևորն այն է, թե ո՞վ է պայքարում կոռուպցիայի դեմ: Ի վերջո ո՞նց կարող է կոռումպացված մեկը պայքարի կոռուպցիայի դեմ:

– Փաստորեն Ձեր կազմակերպությունը ևս ազդարարի գործ է անում, եթե մատնանշում եք, որ այս մարդն այս է անում, այն մարդը` այն: Բայց համապատասխան մարմինները չեն գնում նրանց հետևից: Այդ դեպքում ազդարարի ինստիտուտին և՞ս չհավատանք, որ փորձում են ներդնել մեր երկրում:

– Անշուշտ, մեր կազմակերպությունն աշխատում է փոքրաքանակ աշխատակիցներով, չեմ ասում, որ մեծ է մեր դերը կոռուպցիոն բացահայտումների մեջ: Բայց մի բան հաստատ է, որ մեր բոլոր բողոք–դիմումները` ուղղված դատախազությանը, բոլոր քրեական գործերը, որ ի վերջո հարուցվում են որևէ բարձրաստիճան պաշտոնյա–վաշխառուի դեմ, որը 3 միլիոն, 4 միլիոն դոլար է պտտեցնում, միանշանակ կարճվում են: Եվ ես ուղղակի հայտարարում եմ, որ դատախազությունը հովանավորում է այդ մարդկանց: Քանզի այդտեղ մի մարդու գումար չէ, որ պտտվում է:

Հիմա ինչպե՞ս պատասխանեմ ձեր հարցին: Միգուցե մենք վա՞տ ազդարար ենք, դրա համա՞ր են մեզ ճնշում: Միգուցե մենք օպոզիցիո՞ն ազդարար ենք. այդպես են մեզ համարում ու դրա համա՞ր են այդպես վարվում: Բայց որ պետական հովանավորչության ներքո են այդ փողերը պտտվում, հաստատ է: Իսկ դա չարիք է մեր ազգի համար. մեր ողջ ազգաբնակչությունն այսօր ունեզրկված է:

Անշուշտ ցանկանում եմ սխալված լինել իմ կարծիքի մեջ: Ցանկանում եմ, որ այդ ինստիտուտները` թե հակակոռուպցիոն հանձնաժողովը, թե ազդարարի ինստիտուտը արդյունավետ գործեն:

Միայն ուրախ կլինեմ դրա համար:

Գոհար Սարդարյան

http://nyut.am/?p=138926&l=am

[:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: