[:am]Փաշինյանից «վիրավորված» նախկին պաշտոնյան վիրավորել է իրավապաշտպանին http://www.1in.am[:]

[:am]

Untitled-4241

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել ընդդեմ Քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի՝ պարտավորեցնելով նրան հանդես գալ հերքումով: Երիցյանը «epress.am» լրատվական կայքում ռուսալեզու հոդված էր հրապարակել, որում բազմաթիվ վիրավորական արտահայտություններ էր գործածել իրավապաշտպան Մարինա Պողոսյանի վերաբերյալ:

Պողոսյանը դիմել էր դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Երիցյանին հրապարակային ներողություն խնդրել: Ու թեև դատարանն ընդունել է, որ Երիցյանը վիրավորական արտահայտություններ է գործածել, այնուամենայնիվ, որոշել է պարտավորեցնել ոչ թե ներողություն խնդրել, այլ հերքել այդ արտահայտությունները: Մասնավորապես, Երիցյանը հերքման տեքստում պետք է գրի, որ մի շարք արտահայտություններ, որոնք գործածել է Պողոսյանի մասին, նպատակ չեն հետապնդել վիրավորելու նրա պատիվն ու արժանապատվությունը:

Հետաքրքրական է, որ Հովհաննես Երիցյանն իր պաշտոնավարման ընթացքում խիստ վիրավորվել էր Նիկոլ Փաշինյանից՝ 2001 թվականին «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված «դեգեներատ» արտահայտության համար և հաղորդում էր ներկայացրել, որի արդյունքում թերթի գլխավոր խմբագրի դեմ քրեական հետապնդում էր սկսվել:

Այնինչ թերթում «դեգեներատ» արտահայտությունն ուղղակիորեն հասցեագրված չէր Երիցյանին: Եվ եթե Երիցյանի հաղորդման հիման վրա դատախազությունն անմիջապես գործ էր հարուցել լրագրողի դեմ, ապա իրավապաշտպանին ուղղակիորեն հասցեագրված վիրավորանքներով լի հրապարակման համար դատարանը նախկին պաշտոնյային պարտավորեցրել է ընդամենը հանդես գալ հերքումով:

«Առաջին լրատվական»-ը բազմիցս է անդրադարձել այն փաստին, որ Հովհաննես Երիցյանը հայաստանյան իրականությունում պարզապես անպատժելի է, չնայած որ մի քանի ընտանիքներ հաղորդումներ են ներկայացել այն մասին, որ նախկին պաշտոնյան հսկայական փողեր է տոկոսով տալիս և կյանքի սպառնալիքներ է հնչեցնում

տոկոսները ժամանակին չվերադարձնելու համար:

Հիշեցնենք, որ Մարինա Պողոսյանի ղեկավարած «Վելես» հասարակական կազմակերպությունն իրավական աջակցություն է տրամադրում վաշխառության զոհ դարձած քաղաքացիներին, այդ թվում և Հովհաննես Երիցյանից տուժած ընտանիքներին: Պողոսյանը բազմիցս է հանդես եկել հանրային հայտարարություններով՝ նախկին պաշտոնյաների վաշխառությամբ զբաղվելու վերաբերյալ:

Ի պատասխան Հովհաննես Երիցյանը նախ կեղծ հաղորդում էր ներկայացրել Մարինա Պողոսյանի դեմ՝ պնդելով, թե նա հանցագործություն է կատարել, իսկ երբ քննությամբ պարզվել էր, որ նա կեղծ տեղեկություններ է տրամադրել նախաքննական մարմնին, քննիչ Պարույր Աղաբաբյանը եզրակացրել էր, որ Երիցյանը ոչ թե սուտ մատնություն է կատարել, այլ պարզապես չէր գիտակցել սեփական արարքների նշանակությունը:

Սա թերևս հնարավորություն տվեց նախկին պաշտոնյային հանդես գալու հանրային վիրավորանքներով մամուլում: Այս անգամ Մարինա Պողոսյանը փորձել էր դատարանի միջոցով պատասխանատվության ենթարկել նրան, սակայն դատարանը մասնակի էր բավարարել նրա դիմումը:

«Հովհաննես Երիցյանը տարիներ շարունակ փորձում է մեր իրավապաշտպան գործունեությունը բերել անձնական դաշտ՝ ներկայացնելով, թե իբր իր անձի դեմ ես որևէ բան ունեմ: Այնինչ փաստն այն է, որ նա պարզապես փորձում է ճնշում գործադրել իմ նկատմամբ, որպեսզի ես լռեմ և չբարձրաձայնեմ հանցագործությունների մասին: Բայց ինձ համար միևնույնն է, լինի դա Երիցյան թե մեկ այլ պաշտոնյա, եթե տուժող քաղաքացին դիմում է մեզ, մենք մինչև վերջ պայքարում ենք նրա իրավունքների համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարինա Պողոսյանը:

Հեղինակ՝ Արման Ղարիբյան

http://www.1in.am/2124449.html

[:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: