Փողը Երիցյանն է տվել. գրավատան սեփականատերը բացահայտում է գործարքի գաղտնիքները (ձայնագրություն) 1in.am

 

«Առաջին լրատվական»-ը շարունակում է հետաքննել Քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի ներգրավվածությամբ կատարված գործարքների «մութ էջերը»: Վերջինս անցել և անցնում է մի քանի քրեական գործերով, որի շրջանակներում քաղաքացիները նախկին պաշտոնյային մեղադրում են վաշխառության և խարդախության, ինչպես նաև կյանքին և առողջությանը սպառնալիքներ ներկայացնելու մեջ: Քննիչները, սակայն, Երիցյանին մինչ օրս մեղադրանք չեն ներկայացրել, թեև նրա դեմ ցուցմունքներ են տվել նույնիսկ իր հարազատները:

Հովհաննես Երիցյանին վաշխառության և խարդախության մեջ է մեղադրում նաև «Վելես» հասարակական կազմակերպությունը, որի նախագահի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել Հովհաննես Երիցյանի դիմումի հիման վրա:

Քրեական գործի շրջանակներում Հովհաննես Երիցյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իր մտերիմ Հակոբ Եղիազարյանին պատկանող անշարժ գույքը գրավադրվել է Մաշտոցի պողոտայում գործող գրավատանը, որի սեփականատերն է եղել Երիցյանի ընկեր Դավիթ Ստեփանյանը: Այս հանգամանքը ուշագրավ է նրանով, որ ՀՀ օրենսդրությունը թույլ չի տալիս գրավատներում գրավադրել անշարժ գույք:

Հակոբ Եղիազարյանը ևս իր ցուցմունքներով, ինչպես նաև «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատել է, որ իր տունը գրավադրված է եղել գրավատանը: Քրեական գործի շրջանակներում, սակայն, չի հարցաքննվել Դավիթ Ստեփանյանը, որի գրավատանն էլ, ըստ Երիցյանի և Եղիազարյանի ցուցմունքների, տեղի է ունեցել ապօրինի գործարքը:

Մեզ հաջողվեց կապվել վերջինիս հետ: Ստեփանյանը պնդում է, որ իրեն պատկանող գրավատունը երբեք գործարք չի կնքել Հակոբ Եղիազարյանի հետ:

«Գումարը Երիցյանն է տվել Հակոբին, ինքը Մոսկվայում էր, փողը ես եմ փոխանցել Հակոբին, բայց դա գրավատան հետ բացարձակ կապ չի ունեցել»,- վստահեցնում է Դավիթ Ստեփանյանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք քաղաքացիներ Երիցյանին մեղադրում են բարձր տոկոսով գումարներ տալու մեջ, Ստեփանյանին հարցրինք՝ արդյոք նախկին պաշտոնյան Եղիազարյանին տոկոսո՞վ էր գումար տվել: Պատասխանը բացասական էր, սակայն նույն Հակոբ Եղիազարյանը պնդում է, որ ինքը տոկոսով է գումար վերցրել և չի կարողացել տոկոսները փակել, այդ պատճառով էլ ստիպված է եղել իր տունը վաճառել: «Երիցյանը ծախեց, ինքն իր փողը վերցրեց, իմն էլ տվեց ինձ»:

Հետաքրքրականն այն է, որ քրեական գործը կարճվել է առանց Դավիթ Ստեփանյանին հարցաքննելու և հատկապես Ստեփանյան-Երիցյան և Ստեփանյան-Եղիազարյան առերես հարցաքննությունների: «Ես մի քանի անգամ միջնորդել եմ, որպեսզի քննիչը հարցաքննի գրավատան սեփականատիրոջը, սակայն իմ միջնորդությունները մերժվել են, և գործը չբացահայտված՝ կարճվել է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը: Նա բողոքարկել է քրեական գործի կարճման որոշումը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

«Մեր փաստերն աղաղակող են, Երիցյանն ու Եղիազարյանը կեղծ ցուցմունքներ են տվել այս քրեական գործի շրջանակներում, և եթե դատարանը աչք փակի այս փաստի վրա, ուրեմն ես կասկած չեմ ունենա, որ դատավորը կաշառված է»,- ասում է Մարինա Պողոսյանը:
Հեղինակ՝ Արման Ղարիբյան

Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/1636385.html?fb_action_ids=1592649154341103&fb_actihttp://www.1in.am/1636385.html?fb_action_ids=1592649154341103&fb_action_types=og.commentson_types=og.comments

 

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: