Քաղաքացիները չպետք է վճարեն. «Վելեսը» կօգնի Կառավարությանը հավաքագրել անհրաժեշտ գումարները

 

11

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, ծանոթանալով Կառավարության  ներկայացրած նախագծին, որով նախատեսվում է 1000 դրամ հատկացնել հիմնադրամին, որը կոչված է  լինելու ապահովել մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքների կարիքները, ցանկանալով օգտակար լինել Կառավարությանը և ՀՀ քաղաքացիներին, ձեռնամուխ է եղել հիմնադրամի համար անհրաժեշտ գումարների հավաքագրմանը:

Մեր կազմակերպությունը շարունակում է հետաքննել ՀՀ ներկա և նախկին պաշտոնյաների՝  կարողությունների ծագման աղբյուրները և անհայտ և ապօրինի ծագմամբ եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն ունենալու դեպքում այսուհետ իրազեկելու է Կառավարությանը, որպեսզի վերջինս քայլեր ձեռնարկի այդ եկամուտները բռնագանձելու և տրամադրելու զինծառայողների կարիքների համար նախատեսված հիմնադրամին:

Մասնավորապես, սույն հաղորդագրությամբ ՀՀ Կառավարությանը տեղեկացնում ենք, որ ՀՀ  քաղաքացիական  ավիացիայի   վարչության  նախկին պետ  Հովհաննես  Պավելի Երիցյանի  կողմից վերջին  տարիներին  անհայտ ճանապարհով  ձեռք  բերված  և  տոկոսով տրված գումարներն ավելին են, քան ՀՀ աշխատող  քաղաքացիների  ողջ  ծավալի  կողմից մեկ ամսում վճարվելիք 1000ական դրամների  հանրագումարը:

Ըստ 2015թ. պաշտոնական վիճակագրական տվյալների՝ ՀՀ զբաղված բնակչության թիվը  կազմել է  1.072.000 մարդ, այսինքն, եթե նրանցից գանձվի 1000ական դրամ, ապա հիմնադրամ մեկ ամսում մուտք կարվի 1.072.000.000 ՀՀ դրամ:

Այսպես 2014թ-ից Հ. Երիցյանի գումարների  ապօրինի  շրջանառության վերաբերյալ  քաղաքացիների դիմումների կապակցությամբ հարուցվել են  թվով 5 քրեական գործեր, որոնց  շրջանակներում պարզվել է, որ  Հ. Երիցյանը շրջանառել է  ընդհանուր  առմամբ 2.653.000 ԱՄՆ  դոլարին համարժեք 1.273.440.000 դրամ:

Ինչպես տեսնում եք, Հ. Երիցյանի՝ ստվերային շրջանառության մեջ դրած գումարները նույնիսկ գերազանցում են մեկ ամսում ՀՀ զբաղված բնակչության թվից գանձվելիք 1000ական դրամների հանրագումարը:

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը տիրապետում է նաև այլ անձանց՝ անհայտ ծագման եկամուտների մասին տվյալներ և պատրաստ է դրանք տրամադրել Կառավարությունը՝ հիմնադրամի համար անհրաժեշտ գումարների հավաքագրման և ՀՀ քաղաքացիների հարկային պարտավորությունները թեթևացնելու նպատակով:

Հուսով ենք, որ  իրավապահ  մարմինները, ի շահ  բանակի և հասարակության, հետամուտ  կլինեն  մեր մատնանշած գումարների բռնագանձմանը և դրանք պետությանը վերադարձնելուն՝ այսպիսով քաղաքացիներին ազատելով իրենց  գրպանից 1000 դրամը  մուծելու խնդրից: Հիշեցնենք, որ այդ նույն քաղաքացիների վճարած հարկերից է գոյանում իրավապահ մարմինների աշխատավարձը, որոնք տարիներ շարունակ հովանավորում են երիցյաններին:

Հարգանքով՝

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

 

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: