Քաղհասարակությունը մեկնարկել է բողոքի ակցիա, ֆլեշմոբ․ «Միացի՛ր, ասա՛ ՈՉ «Ընդերքի մասին» հակասահմանադրական օրինագծին»

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ֆեյսբուքում «Միացի՛ր, ասա՛ ՈՉ «Ընդերքի մասին» հակասահմանադրական օրինագծին» կոչով ֆլեշմոբ են սկսել։ Բնապահպանները դա իրենց առաջին քայլն են համարում  «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի դեմ, որի վերաբերյալ քաղաքացիական հասարակությունը բազմաթիվ հանդիպումների ժամանակ, ինչպես նաև հայտարարությունների միջոցով արտահայտեց իր մտահոգությունները, օրինագիծը որակելով հակասահմանադրական և հակաժողովրդավարական։ Ֆլեշմոբի մեկնարկը տվել են «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը, «ԷկոԼուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը, «ԷկոԼուր»-ի լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանը։ Ֆլեշմոբը ակտիվ ընթացքի մեջ է․ մարդիկ լուսանկարվում են կոչով և տեղադրում իրենց սոցիալական էջերում։
2022թ․ ապրիլի 12-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից  «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը հայտարարեց, որ քաղաքացիական անհնազանդություն (տերմինն ընդգրկված է վերը նշված օրինագծում, որպես անհաղթահարելի ուժի դրսևորում, որոնց առկայության դեպքում հանքարդյունահանողը կարող է դիմել լիազոր մարմնին գործունեության ժամկետները երկարացնելու համար) է դրսևորելու այս օրինագծի դեմ, իսկ այն պնդումները, թե օրինագիծը երկար ժամանակ եղել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական՝ e-draft.am կայքում, և այդ ժամանակ պետք էր հանդես գալ առաջարկություններով, ըստ նրա՝ անհիմն են, որովհետև վերոնշյալ հարթակում օրինագծի լրիվ այլ տարբերակ էր ներկայացված։
Հիշեցնենք, որ 2022թ․ փետրվարի 10-ին չզեկուցվող հարցերի շարքում ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին։ Քաղհասարակության մասնակցությամբ բազմաթիվ քննարկումներից հետո այնուամենայնիվ օրինագիծը առանց որևէ փոփոխության ներառվեց ԱԺ-ի 2022թ․ ապրիլի 12-ի հերթական նիստի օրակարգ, որին օրեսդիրը առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց։

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: