Եկեք սկզբում մեծ գողերին պատժենք, այս երկրից թալանածը ետ բերենք, հետո ինքներս Հասմիկ Սարգսյանի ձեռքերից բռնած կտանենք:
Նման կոչով ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Մարինա Պողոսյանը` անդրադառնալով 10 000 դրամի գողության համար երեք անչափահաս երեխաների և ներկայումս Մուրացանի հոսպիտալում վիրահատված հայ զինվորի մորը պատիժ նշանակված 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկմանը:
Ըստ Մ. Պողոսյանի, ցանկացած մայր, նույնիսկ կենդանական աշխարհում, չի կարող թույլ տալ, որպեսզի իր երեխանները սոված մնան:
«Մարդիկ կան ասում են` սա առաջին դեպքը չի. Այո’, սա առաջին դեպքը չի, և վերջինն էլ չի լինելու այնքան ժամանակ, մինչև պետությունն իր համար զինվոր ծնած մորն աշխատանքով չապահովի»,- ընդգծեց նա` հավելելով, 10 000 դրամի գողության համար չի կարելի հիվանդ երեխաների մորն ազատազրկել:
Մ. Պողոսյանի խոսքերով` կալանավայրում մեկ օրն արժե 6318 դրամ, իսկ տարվա կտրվածքով` 2 մլն 306 հազար դրամ. «Հարկատուներիցս հարցրե՞լ են, որ այդ 2 մլն 306 հազար դրամը 6 տարվա կտրվածքով ծախսում են 10 000 դրամի գողության համար դատապարտված անձին կալանավայրում ուղղելու համար: Մենք նման կալանավայրեր ունե՞նք, որտեղ ուղղվում են»,- հարց բարձրացրեց իրավապաշտպանը` շեշտելով, որ Հայաստանում արդարադատություն իրականացվում է խտրականության սկզբունքով:
Նաև նաև տեղեկացրեց, որ նախաքննության փուլում Հասմիկ Սարգսյանը գողացած գումարը վերադարձրել է տուժողին, ում հետ բազմիցս քաղհանի են մասնակցել:
Վերջինս Մ. Պողոսյանին փոխանցել է, որ ներել է Հասմիկ Սարգսյանին, քանի որ շատ լավ գիտի, թե ինչպիսի պայմաններում է ապրում անչափահաս երեխաների միայնակ մայրը:
Իր հերթին ամբաստանյալ Հասմիկ Սարգսյանը նշեց, որ այդ քայլին դիմել է ստիպված` ելնելով ծանր սոցիալական պայմաններից:
«Նպաստ չեմ ստանում, թոշակ չեմ ստանում, չեմ աշխատում: Նպաստը կտրել են. Քանի անգամ նպաստի համար դիմել եմ սոցապ նախարարություն և քաղաքապետարան: Մինչ այդ քաղաքապետը խոստացել էր մանկապարտեզում աշխատանքով ապահովել, հետո մերժեց` ասելով, որ վրադ քրեական գործ կա, չենք կարող»,- նշեց Հ. Սարգսյանը` հավելելով, որ ինքը և երեխաներն ունեն առողջական խնդիրներ, մասնավորապես, վիրահատության կարիք ունեն:
Անդրադառնալով Սիսիան քաղաքի ոստիկանության կողմից իր նկատմամբ դրսևորած վերաբերմունքին` ընդգծեց, որ քննիչներն իրեն ստիպելով, խաբելով ու սպառնալով ստիպել են ցուցմունք գրել. «Քանոնը պահել են կոկորդիս, ասում են` կմտցնեմ կգնա, մեկ է չես դատվելու, ասա որ դու ես, մենք էլ պրծնենք, դու էլ»:
Նշենք, որ 2017 թվականի հուլիսի 6-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ոստիկանության Սիսիանի բաժնում Մարիետա Հովհաննիսյանի բնակարանից 10 000 ՀՀ դրամ գումարի գողության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաքննությունն իրականացրել է քննիչ Ն. Ստեփանյանը: Հասմիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, ըստ որի` նա 2017 թվականի հուլիսի 4-ին` ժամը 15-ի սահմաններում, օգտվելով տուժող ճանաչվածի բացակայությունից, դռան փականը վնասելու եղանակով մտել է տուժողի բնակարան, ննջասենյակի պահարանի վրայի պայուսակից հափշտակել 2 հատ 5000 դրամ՝ «պատճառելով զգալի չափերով գույքային վնաս»:
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»