ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանին մինչ օրս հաջողվել է խուսափել արդարադատությունից, սակայն օրեր առաջ ուժի մեջ է մտել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը, համաձայն որի պետք է վերսկսվի Երիցյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Զարմանալիորեն, Երիցյանը չի բողոքարկել դատարանի որոշումը, և այժմ գործի քննությունն ընթանալու է Կենտրոնի քննչական բաժնում, որտեղ նախորդ քննության ընթացքում նախկին պաշտոնյայի նկատմամբ դրսևորվել է չափազանց բարեհաճ վերաբերմունք:
Մասնավորապես, դատարանը պարզել է, որ Երիցյանը նախաքննության ընթացքում իրեն թույլ է տվել կիսատ թողնել առերես հարցաքննությունը և անդարձ հեռանալ, իսկ քննիչ Պարույր Աղաբաբյանը որևէ իրավական գնահատական չի տվել այդ քայլին:
Հիշեցնենք, որ Հովհաննես Երիցյանը կեղծ տեղեկություններ էր հայտնել իրավապահներին՝ «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահին մեղադրելով շորթում կատարելու մեջ, սակայն պատասխանատվության չէր ենթարկվել սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ: «Առաջին լրատվականը» բազմիցս է անդրադարձել այս գործում առկա իրավական բացթողումներին այժմ ներկայացնենք գործի «ստվերային» մասին:
Հովհաննես Երիցյանը շուրջ մեկ տարի է հանդես չի եկել հանրային որևէ ելույթով, հարցազրույց չի տվել լրատվամիջոցներին: Նախկին պաշտոնյան թեև կանչվել էր դատարան, սակայն խուսափեց ներկայանալ դռնբաց դատական նիստերին՝ գիտակցելով, որ այն լուսաբանվում է լրատվամիջոցների կողմից:
Սակայն դեռևս 2014 թվականի ամռանը Երիցյանը չէր խուսափում ԶԼՄ-ներից, ավելին, նա սեփական նախաձեռնությամբ գնացել էր «Արմենիա» հեռուստաընկերություն և պահանջել էր իրեն եթեր տրամադրել, որի ընթացքում դարձյալ կեղծ տեղեկություններ էր հաղորդել «Վելես» ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանի վերաբերյալ:
Երիցյանը իր հարցազրույցներից մեկում վստահեցնում է, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձամբ է իրեն խնդրել Մոսկվայից վերադառնալ Հայաստան՝ ՀՀ քաղաքացիական ավիացիան ղեկավարելու համար:
Նախկին պաշտոնյան մշտապես հպարտանում է իր կապերով և իր մասին՝ Արտաշես Գեղամյանի հեղինակած գրքերում հիշատակումներով: Մասնավորապես, նա հայտարարում է, որ զենքեր է նվեր ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, ՀՀ և ԼՂՀ նախագահներից:
Թերևս հենց այդ կապերի շնորհիվ է, որ մինչ օրս Երիցյանն ազատության մեջ է, թեև մի քանի ընտանիքներ նրան մեղադրում են վաշխառությամբ և խարդախությամբ իրենց տնից զրկելու մեջ:
Իսկ «Վելես» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է վաշխառությունից տուժած ընտանիքների շահերի պաշտպանությամբ, մշտապես ճնշումների է ենթարկվում իրավապահ մարմինների կողմից:
Այժմ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը փաստել է, որ Երիցյանը գիտակցաբար է կեղծ տեղեկություններ հայտնել Մարինա Պողոսյանի վերաբերյալ, ինչը նշանակում է, որ գրեթե ապացուցված է սուտ մատնություն կատարելու փաստը:
Առաջիկա նախաքննության ընթացքը, սակայն, ցույց կտա՝ արդյոք դատարանի եզրահանգումները որոշիչ են Կենտրոնի քննչական բաժնի համար, թե Երիցյանը դարձյալ արտոնյալի կարգավիճակում է լինելու:
Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/1707566.html