«Հելսինկյան Ասոցիացիա» և «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի համատեղ այցը Գյումրի
2017թ. օգոստոսի 18-ին «Հելսինկյան Ասոցիացիա» և «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները համատեղ այց կազմակերպեցին Գյումրի:
«Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ն Գյումրիում ներկայացնում է սպանված Արտյոմ Ադանալյանի իրավահաջորդ Ռուզաննա Ադանալյանի շահերը, ի դեմս փաստաբաններ՝ Նինա Կարապետյանցի և Արայիկ Պապիկյանի:
«Վելես» իրավապաշտպան ՀԿ-ն Գյումրիում ներկայացնում է քաղաքացիներ Թորգոմ Թորոսյանի, Մարիամ Բոյաջյանի, Ամալյա Բոյաջյանի, Վոլոդյա Կիրակոսյանի, Գայանե Կիրակոսյանի, Հովհաննես Կիրակոսյանի, Սեդա Թումասյանի շահերը, որոնք իրենց պնդմամբ դարձել են Գյումրիի բնակիչ Մելադա Սարգսյանի վաշխառության զոհերը: Վերջիններիս շահերը դատարաններում ներկայացրել է «Վելես» իրավապաշտպան ՀԿ–ի հետ համագործակցող փաստաբան՝ Արթուր Սուքիասյանը:
Երկու հասարակական կազմակերպությունների համատեղ այցելությունը նպատակ էր հետապնդում, համատեղ ջանքերով էլ ավելի արդյունավետ դարձնել երկու կազմակերպությունների շահառուների շահերի պաշտպանության գործընթացը և միևնույն ժամանակ ցուցադրել քաղաքացիական հասարակության համախմբվածությունը և հստակ ուղերձը ՀՀ իրավապահ մարմիններին, որ քաղաքացիական հասարակությունը մշտապես իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերելու վերջիններիս կողմից ապօրինությունների կանխման համար:
2017թ. օգոստոսի 18-ին ժամը 12:30 կայացավ Ռուզաննա Ադանալյանի դատական նիստը, որը հետաձգվեց մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը:
Դատական նիստից հետո «Հելսինկյան Ասոցիացիա» և «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպեցին «Վելես» իրավապաշտպան ՀԿ շահառուներ ՝ Թորգոմ Թորոսյանին, Մարիամ Բոյաջյանին, Վոլոդյա Կիրակոսյանին, այցելեցին Ամալյա Բոյաջյանին, որն իր 81- ամյա տարիքում հայտնվել է իր միակ կացարանից վտարման շեմին ի շնորհիվ Մելադա Սարգսյանի:
Համատեղ այցելության ընթացքում տեղի ունեցան քննարկումներ, որից հետո «Հելսինկյան Ասոցիացիա» և «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ղեկավարները այցելեցին Շիրակի մարզի դատախազություն, հանդիպեցին Շիրակի մարզի դատախազի տեղակալ՝ Արտյոմ Ավետիսյանին, ներկայացրին Կիրակոսյանների, Բոյաջյանների, Թումասյանների և Թորոսյանների խնդիրները և փորձեցին հստակ պատասխան ստանալ, թէ նման մեծաքանակ բողոքների դեպքում ինչպես է, որ Մելադա Սարգսյանը մնում է անպատիժ և վերջինիս հանդեպ հարուցված քրեական գործերը շարունակաբար կարճվում են: Զրույցի ընթացքում դատախազ Ա. Ավետիսյանը ևս համաձայնվեց այն մտքին, որ Գյումրիի բազմաթիվ քաղաքացիներ տարիներ շարունակ բողոքներ են ներկայացնում Մելադա Սարգսյանի կողմից վաշխառության վերաբերյալ և իրենք էլ քաջատեղյակ են դրա մասին, սակայն ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային մի շարք որոշումներ թևատում են դատախազությանը և վերջիններս զրկված են Մելադա Սարգսյանին ըստ օրենքի պատժելու հնարավորությունից: