Իրավապաշտպանի նկատմամբ բռնության գործը ուղարկվել է Եվրոպական դատարան

 

Marina-Poghosyan

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը Հայաստանի Հանրապետության դեմ գանգատ է ներկայացրել Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան: Գանգատը վերաբերում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների կողմից Մարինա Պողոսյանի նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնության գործին, որը քննվել է հայաստանյան դատարաններում, սակայն ԴԱՀԿ ծառայակիցները պատասխանատվության չեն ենթարկել:

Մարինա Պողոսյանը «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում ԴԱՀԿ ծառայակիցների կողմից կիրառված ոտնձգությունը գնահատել էր որպես սեռական ոտնձգություն իր նկատմամբ: Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտի 17-ին Երեւանի Աբովյան փողոցում բնակվող ընտանիքին վտարելու ընթացքում ԴԱՀԿ ծառայակիցները բռնություն էին կիրառել ընտանիքի ամենատարեց անդամի՝ 77-ամյա Զինա Գյոզալյանի նկատմամբ: Դեպքի վայր ժամանած իրավապաշտպան Մարինա Պողոսյանը փորձել էր կանխել բռնությունը, սակայն արդյունքում ինքն էլ էր բռնությունների եւ ստորացումների ենթարկվել:

ԴԱՀԿ ծառայակիցները նախ իրավապաշտպանին զրկել էին ազատությունից՝ սենյակներից մեկի դուռը կողպել էին եւ թույլ չէին տվել, որպեսզի նա դուրս գա այդտեղից: Իսկ քիչ անց բացել էին դուռը եւ գրկած դուրս էին բերել Պողոսյանին տարածքից՝ նետելով բետոնե աստիճանների վրա: Պողոսյանը մարմնական վնասվածք էր ստացել:

«Եթե գործը քննող քննիչի, դատախազի եւ դատավորի համար նորմալ է, որ օտար տղամարդիկ կարող են գրկելով տեղափոխել իրենց կանանց, ապա ես դա դիտում եմ որպես սեռական ոտնձգություն»,- «Առաջին լրատվականին» ասել է Մարինա Պողոսյանը:

Դիմելով Եվրոպական դատարան՝ իրավապաշտպանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 3-րդ, 8-րդ եւ 13-րդ հոդվածները: «Դիմումատուն գտնում է, որ ԴԱՀԿ աշխատակիցների կողմից ուժի գործադրումը, իր վստահորդի աչքի առաջ իրեն ճնշումների ենթարկելն ու նսեմացնելը հանգեցրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրված Խոշտանգումների արգելքի, 8-րդ հոդվածով ամրագրված՝ Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի խախտման, իսկ դեպքերի կապակցությամբ արդյունավետ քննության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու բացակայությունը հանգեցրել է Կոնվենցիայի 13-րդ հոդվածի՝ Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտման»,- նշված է գանգատում:

http://www.1in.am/1864471.html

 

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: