Այս տարվա փետրվարին «Վելես» հասարակական կազմակերպությունը բաց նամակ էր հղել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ հույս հայտնելով, որ նրա «կարողություններն ու հեղինակությունը կբավականացնեն, որպեսզի անձամբ բացահայտի, թե իր գլխավորած կառույցում ովքեր են հովանավորում ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանին», ով մեղադրվում է վաշխառության մեջ:Նամակից գրեթե 8 ամիս անց կազմակերպությունը համոզվել է, որ Կոստանյանը կամ չկարողացավ, կամ էլ չցանկացավ բացահայտել ճշմարտությունը: «Մենք ականատես ենք լինում, թե դատախազությունը ինչպես է շարունակաբար հովանավորում նախկին պաշտոնյային: Վերջերս երկու դատական որոշումներ էին եղել Երիցյանի դեմ, դատախազությունը սակայն ամեն ինչ անում է, որպեսզի Երիցյանն անպատիժ մնա»,- մեզ հետ զրույցում ասաց կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը:
«Վելես» հասարակական կազմակերպությունն իրավաբանական աջակցություն է ցուցաբերում վաշխառության զոհ դարձած քաղաքացիներին: Նրանցից մեկն էլ Գայանե Թումասյանն է, ով կորցրել է սեփական տունը: Գայանեի խոսքով՝ Հովհաննես Երիցյանը տոկոսով գումար է տվել ամուսնուն եւ շինծու գործարքի միջոցով տիրացել իրենց անշարժ գույքին:«Ես բոլոր փաստերը ներկայացրել եմ քննչական մարմնին, բայց Երիցյանը անձեռնմխելի անձ է իրենց համար: Երեւի, որ ես էլ նրա պես միլիոններ ունենայի, իմ բողոքը տեղ կհասներ»,- մեզ հետ զրույցում ասաց Գայանեն: Քննչական մարմինը Գայանեի բողոքի հիման վրա քրեական գործ էր հարուցել: Թեեւ Գայանեն Երիցյանին մեղադրում էր վաշխառության մեջ, գործը կարճվել էր նույնիսկ առանց վերջինիս հարցաքննելու:Կարճման որոշումը տնից զրկված կինը բողոքարկել էր դատարանում: Դատարանը բավարարել էր նրա բողոքը՝ գործն ուղարկելով նախաքննության փուլ: Քննչական մարմինը, սակայն կրկին չի հարցաքննել Երիցյանին եւ գործը երկրորդ անգամ է կարճել: Կարճման որոշումը հաստատվել է դատախազության կողմից:«Պարզապես ապշեցուցիչ է, թե դատախազներն ինչպես են անտեսում դատարանի որոշումը: Կարճման որոշման դեմ բողոքը բավարարվել էր հենց այն հիմքով, որ նախորդ քննության ժամանակ Երիցյանը չէր հարցաքննվել: Քննչական մարմինը, սակայն, որեւէ հետեւություն չի արել այս որոշումից եւ Երիցյանին դարձյալ չի հարցաքննել»,- ասում է իրավապաշտպան Մարինա Պողոսյանը:
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Երիցյանը հովանավորվում է դատախազության կողմից: «Այստեղ այլ տարբերակ չկա: Մենք գիտենք, որ մեր դատական համակարգն էլ ազատ ու անկախ չէ, բայց նույնիսկ այս պայմաններում Երիցյանի դեմ երկու դատական ակտ է կայացվել, քանի որ նրա դեմ փաստերը չափազանց ակնհայտ են»,- նշում է «Վելես» ՀԿ-ի նախագահը:Հիշեցնենք, որ Հովհաննես Երիցյանի բողոքի հիման վրա անցյալ տարի քրեական գործ էր հարուցվել «Վելես» ՀԿ-ի նախագահի դեմ: Երիցյանը իրավապաշտպանին մեղադրում էր շորթում կատարելու մեջ: Շորթման մեղադրանքը չի ապացուցվել, իսկ Երիցյանի հայտնած տեղեկությունները կեղծ են ճանաչվել:«Երիցյանը սուտ մատնություն է կատարել իմ դեմ՝ ցանկանալով լռեցնել ինձ:
Ես այս մասին հայտնել էի քննչական մարմիններին, հարուցվել էր քրեական գործ, որը, բնականաբար, կարճվել էր, քանի որ Երիցյանն այս երկրում անպատժելի է»,- տեղեկացնում է Մարինա Պողոսյանը:Նա բողոքարկել էր կարճման որոշումը, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր բողոքը: Դատախազությունը, սակայն, բողոքարկել է դատարանի որոշումը:«Դատախազությունը չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ իրենց սիրելի Երիցյանը կարող է պատասխանատվության ենթարկել: Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի նախկին պաշտոնյան անձեռնմխելի մնա»,- կարծում է իրավապաշտպանը:Նշենք, որ Երիցյանը չի ներկայանում դատական նիստերին, հարցազրույցներ չի տալիս ԶԼՄ-ներին, իսկ նրա շահերը ներկայացնող փաստաբանը չի պատասխանում լրագրողների հարցերին՝ հայտարարելով, որ ինքը լիազորված չէ Երիցյանի փոխարեն պատասխանելու մեր հարցերին:
ԱՐՇԱԿ ԴԱՎԹՅԱՆ – See more at: http://www.lragir.am/index/arm/0/right/view/121340#sthash.9B6g0qT1.dpuf