«Երևանից հետո, այսպես կոչված, տոկոսով փող տվողները առավել շատ գործում են Գյումրիում և Վանաձորում,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Վելես» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Մարինա Պողոսյանը:- Խոսքն այստեղ անշուշտ ոչ թե այն մասին է, որ մեկին դրսից փող է գալիս, ու ինքն էլ պարտքով տալիս է հարևանին, այլ կազմակերպված խմբերի կամ ցանցերի մասին է, որոնց կապիտալը Գյումրիում, օրինակ, գերազանցում է մոտավոր հաշվարկներով՝ քաղաքի բյուջեն, իսկ ընդհանուր առմամբ՝ Հայաստանի: Թեև վիճակագրական հստակ տվյալներ չկան, սակայն մոտավոր հաշվարկներով՝ առանց չափազանցելու պետության բյուջեն գերազանցում են երկու անգամ»:
Տիկին Պողոսյանը նշում է, որ երկու տարվա աշխատանքը, որ ծավալել են վաշխառուներից տուժած քաղաքացիների հետ, ցույց է տվել, որ հարցերը հիմնականում չեն լուծվում, իսկ հարուցված գործերն էլ, որպես կանոն, կա՛մ կարճվում են, կա՛մ անհարկի ձգձգվում անհասկանալի պատճառներով:
«Հատկապես Գյումրիում, որտեղ բոլորս էլ գիտենք՝ սոցիալ-տնտեսական վիճակը հանրապետությունում ամենավատն է, և աղետից հետո մարդիկ նույնիսկ այսօր դեռ լիովին չեն կարողացել իրենց կենցաղը կազմակերպել, մենք գործ ունենք աղետից հետո երկրորդ աղետի հետ, երբ մարդիկ, ուղղակի նույնիսկ չգիտակցելով կամ վստահության չարաշահման արդյունքում, գրչի մի հարվածով շինծու գործարքների արդյունքում զրկվում են իրենց տարիների ու տասնամյակների ընթացքում ստեղծած տուն ու տեղից, նույնիսկ տնակից (դոմիկից)»:
Իրավապաշտպանը նշում է, որ հենց Գյումրիում առկա է դեպք, երբ մարդը տոկոսով վերցրել է 1500 դոլար չորս տարի առաջ և այժմ, երբ հաշվում ենք իր վճարած տոկոսները ու դրա պատճառով պարտքերը, պարզվում է, որ ընդհանուր առմամբ վճարումները այս ուղղությամբ կազմում են արդեն 40 հազար դոլար:
«Սա ստվերային բիզնեսների մեջ երևի ամենից շահութաբերն է, որովհետև եթե, ասենք, զենքի վաճառքի կամ թմրաբիզնեսի դեպքում կան որոշակի ռիսկեր, ասենք՝ սահմաններ հատել, մաքսակետերում բացահայտվելու ռիսկեր և այլն, ապա այս դեպքում ռիսկեր գրեթե չկան, մինչդեռ շահույթը գերազանցում է երկու հարյուր տոկոսը: Այնպիսի մեխանիզմներ են ստեղծվել վաշխառուների կողմից, որոնք հետագայում գուցեև դառնան բացահայտումներ ողջ տնտեսագիտության համար: Ու ցավն այն է, որ այդ ցանցում ներգրավված են նաև պաշտոնատար անձինք ոստիկանությունից, քննչական մարմիններից և դատարաններից»,- ամփոփում է իրավապաշտպան Մարինա Պողոսյանը՝ բնակչությանը կոչ անելով զգույշ լինել՝ նման խարդավանքների չտրվելու համար:
Սկզբնաղբյուրը`
http://www.1in.am/1758004.html