«Դատախազությունն ամեն ինչ անում է, որ Երիցյանը չպատժվի» 1in.am

[:am]

«Գլխավոր դատախազությունն ապացուցում է այն, ինչ մենք հայտարարել ենք դեռ փետրվարին: Իրենք են հովանավորում նախկին պաշտոնյա Հովհաննես Երիցյանին, դա այլևս կասկածից վեր է»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը:

Նա ապշած է, թե դատախազներն ինչ ջանասիրությամբ են աշխատում հօգուտ ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի: «Առաջին լրատվականի» գրել էր, որ երկարատև պայքարից հետո «Վելես»-ին հաջողվել էր հաղթանակ տանել ընդհանուր իրավասության դատարանում սակայն դատախազությունը, պարզվում է, չի հաշտվել Երիցյանի կրած պարտության հետ և բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան:

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 15:30-ին, Վերաքննիչ դատարանը քննության է առնելու դատախազության և Երիցյանի ներկայացրած բողոքը: Հիշեցնենք, որ ըստ գործի նյութերի՝ Երիցյանը կեղծ տեղեկություններ էր հայտնել ոստիկանությանը իրավապաշտպան Մարինա Պողոսյանի վերաբերյալ: Վերջինս էլ իր հերթին հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին առ այն, որ նախկին պաշտոնյան սուտ մատնություն է կատարել իր նկատմամբ: Կենտրոնի քննչականում հարուցվել էր քրեական գործ, որը շուտով կարճվել էր:

Քննիչը եզրակացրել էր, թե Հովհաննես Երիցյանը չի գիտակցել սեփական արարքների նշանակությունը և փակել էր գործել՝ չնայած այն հանգամանքին, որ Երիցյանը պարզապես փախել էր առերես հարցաքննությունից:

«Գուցե դատախազությունն արդեն իսկ պայմանավորվածություններ ունի Վերաքննիչ դատարանի հետ այս գործը վերջնականապես կոծկելու վերաբերյալ, հակառակ դեպքում անհասկանալի է, թե իրենք ինչու են բողոքարկել: Ընդհանուր իրավասության դատարանը ամբողջությամբ բավարարել էր իմ բողոքը՝ հաստատելով, որ Երիցյանի դեմ հարուցված քրեական գործն օբյեկտիվորեն չի քննվել»,- ասում է Մարինա Պողոսյանը:

«Վելես» ՀԿ-ի նախագահի խոսքով՝ եթե Վերաքննիչ դատարանը բավարարի դատախազության բերած բողոքը, ապա Հայաստանում կստեղծվի մի նախադեպ, որով յուրաքանչյուրը կարող է սուտ տեղեկություններով «գործ սարքել» մեկ այլ քաղաքացու դեմ ու նմալ անպատիժ:

«Մենք վերադառնում ենք սովետական հասարակարգ, որտեղ «անոնիմկա»-ով մարդկանց տանում-փակում էին: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ձեր դեմ կեղծ գործ են հարուցում, ամիսներ շարունակ ձեզ հետապնդում են, հետո պարզվում է, որ կեղծ տեղեկությունների վրա են գործ հարուցել, իսկ այդ տեղեկություններ հայտնողը ընդամենը հայտարարում է, որ ինքը չի գիտակցել, թե ինչ է արել և այսքանով պատմությունն ավարտվում է»,- ասում է Մարինա Պողոսյանը:

Նա իր զարմանքն է արտահայտում, թե ինչպես է «սեփական արարքների նշանակությունը չգիտակցող» անձը տարիներ շարունակ լուրջ պաշտոն զբաղեցրել Հայաստանում և միլիոններ դիզել:

Իրավապաշտպանը հիշեցնում է, որ Երիցյանի դեմ մեկ այլ քրեական գործ էր հարուցվել «վաշխատության» համար, որը դարձյալ կարճվել էր: Տուժող Գայանե Թումասյանը բողոքարկել էր կարճման որոշումը և թե ընդհանուր իրավասության, թե Վերաքննիչ դատարանները բավարարել էին բողոքը՝ գործը վերադարձնելով նախաքննության փուլ: Քննչական մարմինը, սակայն, դարձյալ կարճել էր գործը:

«Քննչական մարմիններին ու դատախազությանը չի հետաքրքրում, թե դատարանները ինչ որոշումներ են կայացնում. նրանք ունեն մի նպատակ՝ Երիցյանը պետք է մնա անպատիժ, և ամեն ինչի պատրաստ են հանուն այդ նպատակի լիակատար իրագործման»,- կարծում է Մարինա Պողոսյանը:

Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/1736164.html

 

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: