Հայհոյող Երիցյանն ու Հայաստանի միջազգային հեղինակությունը

«Այ անասունի մեկը, ես քո մաման հատ-հատ…, ես քո մաման էլ եմ…, քեզ սովորեցնողի մաման էլ…»,- ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանը փորձում է իրագործել անցած տարի հնչեցրած իր սպառնալիքները: Նախկին պաշտոնյան փորձում է ճնշել ու լռեցնել ոչ միայն իրենից տուժած քաղաքացիներին, այլեւ նրանց շահերը ներկայացնող «Վելես» հասարակական կազմակերպությանը: Կազմակերպությունն իրավական աջակցություն է ցուցաբերում վաշխառության եւ խարդախության զոհ դարձած ընտանիքներին:

ՀԿ-ին դիմած երկու ընտանիք օգնություն են խնդրել, քանի որ Հովհաննես Երիցյանի հետ գործարք կնքելու արդյունքում հայտնվել են փողոցում: Անցյալ տարի «Վելես» ՀԿ-ի ջանքերով ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործեր են հարուցվել նախկին պաշտոնյայի դեմ: Երիցյանն էլ իր հերթին փորձել է գործ սարքել ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանի դեմ: Նա հաղորդում է տվել հանցագործության մասին՝ Պողոսյանին մեղադրելով մի շարք հանցագործությունների մեջ: Պատկերացնելու համար, թե Երիցյանի ներկայացրած մեղադրանքները որքան ֆանտաստիկ են եղել, բավական է նշել միայն, որ նա իրավապաշտպան Մարինա Պողոսյանին մեղադրում էր «ղազախական մաֆիա»-ի անդամ լինելու մեջ: Այնուամենայնիվ, քաղավիացիայի նախկին պետին հաջողվել էր հասնել նրան, որ Պողոսյանի դեմ քրեական գործ հարուցվի:

8 ամիս տեւած քննության ժամանակ բոլոր վկաները հերքել էին Երիցյանի հայտնած տեղեկությունները՝ ապացուցելով, որ նախկին պաշտոնյան իրականում կեղծ ու մտացածին փաստեր է հայտնել իրավապահներին: Իսկ Մարինա Պողոսյանը դիմել էր ոստիկանություն՝ տեղեկացնելով, որ Հովհաննես Երիցյանն իր դեմ սուտ մատնություն է կատարել՝ դիտավորյալ կեղծ տեղեկություններ հայտնելով: «Կարծում եմ, որ այսօր արդեն բոլորի համար ակնհայտ է, որ Երիցյանը դիտմամբ էր այդ կեղծ տեղեկությունները հայտնել՝ հույս ունենալով, որ իմ դեմ քրեական գործ հարուցելուց հետո ես կվախենամ ու կլռեմ: Բայց ես ոչ միայն չեմ լռում, այլեւ պահանջում եմ, որ նա պատասխանատվության ենթարկվի իր կատարած սուտ մատնության համար»,- մեզ հետ զրույցում ասաց «Վելես» ՀԿ-ի նախագահը:

Սուտ մատնության գործով անցյալ տարի հարուցվել էր քրեական գործ, սակայն Երիցյանը պատասխանատվության չի ենթարկվել. գործի քննությունն ընդամենը մեկ ամիս է տեւել: Քննիչը կարճել էր քրեական գործի վարույթը՝ եզրակացնելով, թե իբր Հովհաննես Երիցյանը չի գիտակցել, որ Մարինա Պողոսյանի վերաբերյալ իր հայտնած տեղեկությունները կեղծ են: «Ութ ամիս շարունակ Երիցյանը պնդել է, որ ես հանցագործ եմ, որ պիտի անպայման դատվեմ, իսկ քննիչը եզրակացնում է, որ նա չի գիտակցել: Մարդ կարող է չգիտակցված մեկ կամ երկու անգամ կեղծ տեղեկություն հայտնել, բայց նա պնդել է իր ցուցմունքները քննության ողջ ընթացքում: Եվ քննիչն այստեղ դիտավորություն չի տեսել»,- նշում է Մարինա Պողոսյանը: Նա վստահ է՝ քննիչը պարզապես կոծկել է Երիցյանի կատարած հանցագործությունը: Իրավապաշտպանը քրեական գործի կարճման որոշումը բողոքարկել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Դատարանը բավարարել էր բողոքը՝ հաստատելով, որ քննչական մարմինն օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն չի իրագործել:

Դատախազությունը դժգոհ է մնացել այս որոշումից եւ բողոքարկել է այն: Բողոքը քննվելու է հոկտեմբերի 22-ին վերաքննիչ քրեական դատարանում: «Ես հուսով եմ, որ դատավոր Գագիկ Ավետիսյանը գիտակցում է, որ այս գործն ազդելու է Հայաստանի միջազգային հեղինակության վրա: Եթե Հովհաննես Երիցյանը մնա անպատիժ, կստացվի, որ Հայաստանում օրինականացվում են իրավապաշտպանի նկատմամբ ճնշումները: Ցանկացած մեկը կարող է սուտ մատնություն կատարել, եւ հետո քննիչը կգրի, որ նա չի գիտակցել, ու գործը կփակեն»,- նշում է Մարինա Պողոսյանը: Ի դեպ, Պողոսյանի դեմ ճնշումներն այսքանով չեն սահմանափակվում: Քննչական կոմիտեում մեկ այլ քրեական գործ են նախապատրաստել նրա դեմ: Հայաստանում մարդու իրավունքներով զբաղվող տասնյակ հասարակական կազմակերպությունները, մտահոգ լինելով իրավապաշտպանի նկատմամբ շարունակական բնույթ կրող հետապնդումներով, անցյալ շաբաթ հանդես եկան հայտարարությամբ՝ իշխանություններից պահանջելով չխոչընդոտել իրավապաշտպանների գործունեությանը: Պողոսյանի դեմ իրականացվող ճնշումների վերաբերյալ բարձրաձայնվել է նաեւ Ազգային ժողովում: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց էր ուղղել մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ փորձելով պարզել, թե նա ինչ վերաբերմունք ունի իրավապաշտպանների նկատմամբ հարուցվող քրեական գործերի նկատմամբ: «Խնդրին ծանոթ ենք, հետեւում ենք, իմ աշխատակազմի ղեկավարի տեղակալը հանդիպել է տիկին Պողոսյանի հետ, ունեցել է զրույց: Սպասում ենք, թե ինչ խնդիրներ է նա մեր առջեւ դնելու: Նա մեր ուշադրության կենտրոնում է»,- նշել է Անդրեասյանը: Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ Նյութի աղբյուրը ` hraparak.am

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: