Մենք գրել էինք http://www.lragir.am/index/arm/0/right/view/137526, որ Գայանե Թումասյանը դատարանում հաղթանակ է տարել ՀՀ դատախազության նկատմամբ: Նա վիճարկում էր դատախազության անգործությունը, որը քաղաքացուց հանցագործության մասին հաղորդում ստանալուց հետո չէր կատարել օրենքով սահմանված պարտավորությունը՝ որեւէ որոշում չէր կայացրել:
Հիշեցնենք, որ Գայանե Թումասյանը պնդում է, որ կորցրել է իրեն պատկանող անշարժ գույքը՝ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանի կատարած խարդախության արդյունքում: Մասնավորապես, հաղորդման համաձայն, Հովհաննես Երիցյանը տոկոսով գումար է պարտքով տվել Գայանեի ամուսնուն՝ Լուսաբեկ Սամվելյանին եւ պարտքի դիմաց խլել է նրանց պատկանող առանձնատունը:
Դատական երկու ատյաններում հաղթանակ տանելուց հետո քաղաքացին պարտադրել է դատախազությանը որոշում կայացնել ստացված հաղորդման վերաբերյալ: Դատախազությունը որոշել է քաղաքացու հաղորդումը հանձնել ըստ ենթակայության եւ այն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ վերջապես քրեական գործ է հարուցվել, սակայն ոչ թե խարդախության, այլ փաստաթղթային կեղծիք կատարելու փաստի առթիվ:
Գայանե Թումասյանը թեեւ տուժող է ճանաչվել, սակայն շարունակում է պնդել, որ իրավապահ մարմինները պատշաճ գնահատականի չեն արժանացնում նախկին պաշտոնյայի արարքը: «Ես ասում եմ, որ նա խարդախություն է արել, որի միջոցով խլել է իմ տունը, իսկ իրենք ուզում են փաստաթղթերի կեղծիքով Երիցյանին ազատել պատասխանատվությունից»,- մեզ հետ զրույցում ասաց տուժող քաղաքացին:
Գայանե Թումասյանի փաստաբան Արթուր Սուքիասյանը եւս գտնում է, որ Երիցյանի արարքը ճիշտ չի որակվել քննչական մարմնի կողմից: «Այս գործով ոչ թե կեղծիք է կատարվել, այսինքն՝ ոչ թե ստորագրություն է կեղծվել կամ գոյություն չունեցող փաստաթուղթ է ստեղծել, այլ դիտավորությամբ սուտ տեղեկատվություն է օգտագործվել: Գործով վկա անցնող Վահե Վարդանյանը, ով Հովհաննես Երիցյանի սանիկն է, իմանանալով, որ Գայանե Թումասյանն ու Լուսաբեկ Սամվելյանը ամուսիններ են, այլ բովանդակության հայտարարություն է տվել, որպեսզի կարողանա վաճառել նրանց պատկանող անշարժ գույքը»,- բացատրում է փաստաբանը:
Քաղաքացու շահերը պաշտպանող «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանն էլ կարծում է, որ քննչական մարմինը հատուկ է գործը փաստաթղթերի կեղծիքով հարուցել, որպեսզի վաղեմության ժամկետի կիրառությամբ այն փակի: «Մենք տարիներ շարունակ ահազանգում ենք, որ Հովհաննես Երիցյանը լուրջ հովանավորներ ունի իրավապահ մարմիններում: Եվ իրենք ամեն անգամ ապացուցում են մեր խոսքերը: Այս դեպքում եւս թեեւ ստիպված են եղել քրեական գործ հարուցել, բայց այնպիսի հոդվածով են դա արել, որ Երիցյանին հաջողվի խուսափել պատասխանատվությունից»,- ասում է իրավապաշտպանը:
Մարինա Պողոսյանը ճանաչվել է Գայանե Թումասյանի օրինական ներկայացուցիչը եւ իր խոսքով, ամեն ինչ անելու է, որպեսզի նախկին պաշտոնյան պատասխանատվության ենթարկվի:
Ի դեպ, Հովհաննես Երիցյանը երբեք չի ներկայացել դատարան, երբ քննվում էր Գայանե Թումասյանի բողոքն ընդդեմ դատախազության անգործության: Նախկին պաշտոնյան հերքում է իր հասցեին հնչով մեղադրանքները՝ նշելով, թե օրինական ճանապարհով է տիրացել Թումասյանին եւ նրա ամուսնուն պատկանող առանձնատանը, որտեղ էլ ներկայումս բնակվում է:
Նշենք, որ նախկին պաշտոնյային վաշխառության մեջ են մեղադրում նաեւ երկու այլ ընտանիքներ, որոնք եւս պնդում են, որ միլիոնատեր Երիցյանը խլել է իրենց անշարժ գույքը:
ԱՐՇԱԿ ԴԱՎԹՅԱՆ
Սկզբնաղբյուրը`http://www.lragir.am/index/arm/0/right/view/140417