Հովհաննես Երիցյանը պետք է ներկայանա դատարան 1in.am

 

ՀՀ քաղաքացիական վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանը պետք է հունիսի 30-ին ներկայանա Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը պետք է պարզի, թե արդյոք Երիցյանը չի՞ գիտակցել, որ սուտ մատնություն է անում «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի դեմ:

Հիշեցնենք, որ Կենտրոնի քննիչ Պարույր Աղաբաբյանը եկել է այն եզրակացության, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանը չի գիտակցում սեփական արարքների նշանակությունը, իսկ Մարինա Պողոսյանը պնդում է, որ նախկին պաշտոնյան գիտակցաբար է սուտ մատնություն կատարել, որպեսզի քրեական գործ հարուցեն իր դեմ:

«Մեր կազմակերպությունը զբաղվում է վաշխառության և խարդախության դեմ պայքարով: Այս դահլիճում կան մարդիկ, ովքեր տուժել են Հովհաննես Երիցյանից, մեր կազմակերպության շնորհիվ նրանք համախմբվել են և սկսել են պայքարել իրենց իրավունքների համար, այդ պատճառով էլ Հովհաննես Երիցյանը դիմել է նման քայլի, որպեսզի լռեցնի մեզ»,- դատարանում հայտարարեց «Վելես» կազմակերպության նախագահը:

Հովհաննես Երիցյանը նախորդ տարի դիմել էր ոստիկանություն՝ Մարինա Պողոսյանին մեղադրելով շորթում կատարելու մեջ: Քննությունը պարզել էր, որ իրականում շորթում տեղի չի ունեցել, սակայն նախկին պաշտոնյան պատասխանատվության չի ենթարկվել սուտ մատնության համար, քրեական գործի վարույթը կարճվել էր: Իրավապաշտպանը բողոքարկում է կարճման որոշումը դատարանում:

Մարինա Պողոսյանի շահերը ներկայացնող փաստաբան Ինեսա Պետրոսյանը երեկ դատարանին միջնորդեց վկայակոչել Հովհաննես Երիցյանին՝ պարզելու համար, թե նա ինչու է ակնհայտ կեղծ տեղեկություններ հայտնել նախաքննական մարմնին:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարեց միջնորդությունը՝ նշելով, որ դատարանը սեփական նախաձեռնությամբ պատրաստվում էր վկայակոչել Երիցյանին:

Դատական նիստին ներկա չէին գործը քննած քննիչն ու վերահսկող դատախազը, ում «Վելես» ՀԿ-ի նախագահը մեղադրում է հանցագործության մեջ: «Նրանք կա՛մ անգրագետ են, կա՛մ հանցագործ: Ես չեմ պատկերացնում, որ քննիչը չի հասկացել, թե Երիցյանը ինչպիսի շահագրգռվածություն է ունեցել: Ակնհայտ է, որ այս գործը ձգվել է 8 ամիս, որպեսզի ինձ վրա ճնշումը երկարի»,- հայտարարեց Մարինա Պողոսյանը:

Հեղինակ՝ Արման Ղարիբյան
Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/1640136.html

 

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: