«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի նկատմամբ ճնշումներն ավելի են սաստկացել: Նախ օրեր առաջ անհայտ անձինք փորձել են հրդեհել կազմակերպության գրասենյակի հոսանքալարերը, իսկ օգոստոսի 11-ին ուշ երեկոյան Մոսկովյան փողոցում պետավտոտեսուչները առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու փորձել են առգրավել Մարինա Պողոսյանի անձնական ավտոմեքենան՝ հայտարարելով, թե մեքենայի նկատմամբ հետախուզում է հայտարարված:
Վերջիններս ստիպել են Մարինա Պողոսյանին իջնել ավտոմոքենայից, իրենց հանձնել ավտոմեքենայի բանալիները որպեսզի մեքենան իրենք տեղափոխեն հատուկ պահպանվող տարածք: Մարինա Պողոսյանը պահանջել է ներկայացնել փաստաթուղթ մեքենայի հետախուզման վերաբերյալ և հրաժարվել է մինչ հիմնավոր իրավական հիմք ներկայացնելը տրամադրել մեքենայի բանալիները:
Պետավտոտեսուչները Պողոսյանին ակնկարկել են, որ եթե բանալին չհանձնի իրեն, գիշերը կարող է հրդեհ լինել եւ իրենք չեն կարողանա մեքենան դուրս բերել հրդեհի միջից: «Իրենք բավականին բաց տեքստով ակնարկեցին, որ մեքենան կարող են պարզապես այլել, եթե ես իրենց չհանձնեմ բանալիները: Բայց ես լուրջ կասկածներ ունեի, որ եթե բանալիները վերցնեն, մեքենայի մեջ կարող են այնպիսի նյութեր գցել, որոնց հիման վրա իմ դեմ կարող էին գործ սարքել»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում իր մտահոգությունն է հայտնում Մարինա Պողոսյանը:
Ըստ պետավտոտեսուչների, Պողոսյանին պատկանող ավտոմեքենայի նկատմամբ իբրեւ ամիսներ առաջ հետախուզում է հայտարարվել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից: «Զավեշտականն այն է, որ ես իմ ավտոմեքենայով օրեր առաջ եղել էի պետավտոտեսչությունում՝ ներկայացնելով մեքենայի փաստաթղթերը, մեքենաս իրենց մոտ անցել է վնասվածքի զննություն, եւ եթե այն հետախուզման մեջ լիներ, ապա տեղում կարող էին առգրավել»,- ասում է Մարինա Պողոսյանը:
Պողոսյանի նկատմամբ ճնշումներն այսքանով չեն սահամափակվում: Երեկ նա բացահայտել է, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը իրեն սնանկ է ճանաչել: «Ես Կենտրոնի բնակիչ եմ, բայց ինձ վերաբերող գործերը քննում են Արաբկիրի դատարանում՝ առանց ինձ ծանուցելու: Այսինքն, առանց իմ մասնակցության իմ վերաբերյալ ինչ որոշում ուզել են, դա էլ գրել են տվել դատարանին»,- ասում է «Վելես» ՀԿ-ի նախագահը:
Մարինա Պողոսյանը կասկած չունի, որ իր նկատմամբ ճնշումները կապված են իրավապաշտպան գործունեության հետ: «ԴԱՀԿ ծառայությունում ինձ բաց տեքստով հարցրեցին՝ «Երիցյանը ո՞նց ա»: Փաստորեն, իրենք ակնկարկում են, թե ում պատվերով կարող են լինել այս հետապնդումները»,- նշում է Պողոսյանը:
Հեղինակ՝ Սոնա Հարությունյան
Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/1696287.html