«Ես, գիտակցելով իմ արած հայտարության պատասխանատվությունը, պնդում եմ, որ քննիչ Պարույր Աղաբաբյանը հանցագործ է: Հանցագործության մոտիվները կոնկրետ չեմ կարող ասել, կամ նա կաշառք է վերցրել կամ ունի գիտելիքների պակաս, դա պետք է պարզվի քննությամբ»,- իրավապաշտպան Մարինա Պողոսյանը այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Վերաքննիչ քրեական դատարանում:
Նրա կարծիքով՝ քննիչ Պարույր Աղաբաբյանը վնաս է հասցրել ոչ միայն անձամբ իրեն, այլեւ Հայաստանի Հանրապետությանը: «Նա կոծկել է տնտեսական լուրջ հանցագործություն, որը բացահայտվելու դեպքում ոչ միայն հանցագործները կպատժվեին, այլեւ ՀՀ պետական բյուջեն կհամալրվեր մեծ գումարով»,- նշեց «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը:
Հիշեցնենք, որ խոսքը նախկինում Մաշտոցի պողոտայում գործող գրավատան գործարքի մասին է, որի վերաբերյալ «Առաջին լրատվականը» բացահայտումներ է հրապարակել դեռեւս հունիսին:
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանը ոչ միայն ընթացք չտվեց հանցագործության վերաբերյալ իրավապաշտպանի հայտարարությանը, այլեւ բարկացավ՝ հերթական անգամ զգուշացնելով, որ կարող է սանկցիա կիրառել Մարինա Պողոսյանի նկատմամբ:
Ի դեպ, դատավոր Ավետիսյանը նաեւ դեմ էր, որպեսզի նիստին մասնակցող լրագրողները նկարահաներ ընթացքը: Մարինա Պողոսյանի շահերը ներկայացնող փաստաբանները նիստի սկզբում դատարանին միջնորդեցին թույլատրել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տեսանկարահանել նիստը: Դատավոր Ավետիսյանը մերժեց միջնորդությունը նույնիսկ առանց կողմերի կարծիքները լսելու:
Նիստին ներկա քննիչն ու դատախազը դեմ չեն արտահայտվել տեսանկարահանմանը, փաստորեն, լրագրողները միայն դատավոր Ավետիսյանին էին խանգարում:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է դատախազության ներկայացրած բողոքն ընդդեմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման, որով բավարարվել էր Մարինա Պողոսյանի բողոքը: Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 22-ին:
Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/1738684.html