Օսիպովի որդու դեմ ցուցմունք տալու համար Երեւան է ժամանել նաեւ երկրորդ ռուս գործարարը

Այս օրերին Հայաստանում է ՀԽՍՀ նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպովի որդու գործողություններից մեծ վնաս կրած երեք ռուս գործընկերներից եւս մեկը՝ Դմիտրի Կոտովը: Նա այսօր Քննչական կոմիտեում ցուցմունք է տալու Օսիպովի որդի Վիկտոր Տեր-Հովսեփյանի կողմից կատարված խարդախությունների վերաբերյալ:

Այս մասին մեզ հայտնեց օտարերկրյա գործարարների շահերը Հայաստանում ներկայացնող «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը: Հիշեցնենք, որ Հայաստանում է գործարարներից եւս մեկը՝ Ալեքսեյ Կորապենովը: Օրեր առաջ Armtimes.com-ի հետ զրույցում նա ասել էր, որ Կոտովին խնդրելու է գալ եւ ցուցմունք տալ, չնայած վերջինս նույնպես ցանկանում է դա անել:

ՀՀ Քննչական կոմիտեի Կենտրոնի բաժնում օտարերկրյա ներդրողներին խարդախության զոհ դարձնելու դեպքերի առիթով հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու փաստի առթիվ (ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Հիշեցնենք, որ Հայաստանում մեծ գումարներ ներդրած ռուս գործարարներ Ալեքսեյ Կորեպանովը, Դմիտրի Աֆոնինը եւ Դմիտրի Կոտովը փորձում են իրավական պատասխանատվության ենթարկել Վիկտոր Տեր-Հովսեփյանին, պնդելով, որ նա իրենցից յուրացրել է 5 միլիոն դոլարի չափով գումար:

Կորեպանովը եւ Կոտովը Հայաստանից մթերք են արտահանում Եվրոպա, իսկ Աֆոնինը բժշկական կենտրոնների ցանց ունի: Նրանք ցանկացել են բազմաբնակարան շենք կառուցել Երեւանում եւ դարձել են խարդախության զոհ: Վիկտոր Տեր-Հովսեփյանը Կորեպանովին համոզել էր բիզնես սկսել Հայաստանում՝ վստահեցնելով, թե իբր իր մայրը Երեւանի Արամի փողոցի 38 հասցեում գտնվող տան եւ հողամասի սեփականատերն է, եւ Կորեպանովին առաջարկել էր գումար ներդնել այդ տարածքում բարձրահարկ շենք կառուցելու համար: Կորեպանովի առաջարկով՝ ներդրումներ են կատարել նաեւ Աֆոնինն ու Կոտովը:

Սակայն հետո պարզվել էր, որ Լյուբով Փիլոյանին «պատկանող» անշարժ գույքի սեփականության իրավունքը վիճարկվում է դատարանում: Իսկ ավելի ուշ պարզվել էր, որ հողամասը իրականում չի էլ պատկանում Վիկտորի մորը:

Ցուցմունք տալու նխատակով ավելի ուշ Երեւան կժամանի նաեւ Դմիտրի Աֆոնինը: Վիկտոր Տեր-Հովսեփյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել: Սակայն մեղավոր ճանաչվելու եւ դատապարտվելու դեպքում նրան սպառնում է 4-8 տարի ազատազրկում:

Սկզբնաղբյուրը`http://armtimes.com/hy/article/72336

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: