Եթե Հայաստանում չստացվի, կփորձեն Ռուսաստանում lragir.am

 

Երեկ Երեւան է ժամանել ռուս գործարար Դմիտրի Աֆոնինը՝ իր հետ բերելով փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ օտարերկրյա ներդրողներին «քցել» են Հայաստանում: Աֆոնինը ներդրել է 1.350.000 ԱՄՆ դոլար՝ Կասկադում կառուցվող շենքի նախագիծն ավարտին հասցնելու նպատակով: Փոխարենը նրան խոստացել են նախագծի 21 % բաժնեմասը: Արդյունքում գործարարը ոչ բաժնեմաս է ստացել, ոչ տարածք, ոչ էլ կարողացել է իր գումարները հետ վերցնել:
Դմիտրի Աֆոնինը Ռուսաստանում բժշկական բիզնես ունի, իր խոսքով՝ օգնում են առողջական խնդիրներ ունեցող կանանց: Մեզ հետ զրույցում ռուս գործարարը պատմում է, թե նա ինչպես է հայտնվել Հայաստանում եւ ինչու է որոշել միանալ բիզնես նախագծին:
«Ես շատ լավ ընկեր ունեմ՝ Ալեքսեյ Կորեպանովը, ով Հայաստանի ու Ղարաբաղի նկատմամբ առանձնակի ջերմությամբ է լցված: Ալեքսեյն ուներ մի ընկեր, ով հետո պարզվեց, որ սովորական խաբեբա է: Խոսքը Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպովի որդու՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանի մասին է: Նա արդեն Ալեքսեյին համոզել էր, որ բիզնես սկսեն: Գումար էր անհրաժեշտ նախագիծը շարունակելու համար, եւ նրանք ինձ առաջարկեցին ներդրում կատարել»:
Դմիտրի Աֆոնինը Հայաստանում գումար ներդնելու նպատակով 2012 թվականին վաճառել է իր մորը պատկանող տունը: «Պատկերացնում եք, թե որքան վիրավորական է այժմ ինձ համար, որ ինձ Հայաստանում այսքան ստոր ձեւով «քցել» են»,- ասում է գործարարը:
Աֆոնինը հանդիպել է նախկին դատախազ Սուրեն Օսիպովին եւ պատմել նրան, թե Վիկտորը ինչպես է վարվել իրենց հետ: «Հայրն ինձ ոչինչ չասաց, բայց հաջորդ օրը զանգահարեց Վիկտորը, եւ մենք հանդիպեցինք: Նա ինձ առաջարկեց միանալ իրեն եւ երկուսով խաբել Կորեպանովին: Բնականաբար, ես մերժեցի: Արդյունքում Վիկտորը «քցեց» բոլորիս»:
Բացի Աֆոնինից եւս երկու գործարարներ պնդում են, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանի խարդախության զոհն են դարձել: Դմիտրի Կոտովը, Ալեքսեյ Կորեպանովը եւ Դմիտրի Աֆոնինը հանցագործության մասին հաղորդում են տվել ՀՀ գլխավոր դատախազություն, որի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու փաստի առթիվ (ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):
Կենտրոնի քննչական բաժնի քննիչ Ռուբեն Նազարյանը երեկ հարցաքննել է Դմիտրի Աֆոնինին: «Ես շատ վատ տպավորություն ստացա հարցաքննության ընթացքից: Քննիչը պարզապես հերքում է, որ խարդախություն է եղել: Բայց ես եկել եմ փաստերով, բերել եմ ինձ հետ փաստաթղթեր՝ Վիկտորի հետ կնքված պայմանագրի օրիգինալը եւ գումարի փոխանցումը հաստատող փաստաթղթերը: Քննիչն առանձնապես ուշադրություն էլ չդարձրեց, ակնհայտ էր, որ քննիչի նկատմամբ ճնշում կա: Նա հարցաքննության վերջում խոստովանեց, որ նախորդ օրը Վիկտորն էր եկել…»,- պատմում է գործարարը:
Նշենք, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանը կարծում է, որ քրեական գործն անհիմն է հարուցվել: Նա բողոք է ներկայացրել դատախազություն, որը մերժվել է: Այժմ Տեր-Հովսեփյանը քրեական գործի հարուցումը բողոքարկում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
«Ես չեմ հասկանում, թե քննիչը ինչու մեղադրանք չի առաջադրում Վիկտորին: Ես իրեն բացատրում եմ, ցույց եմ տալիս փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ ես կատարել եմ ներդրում, բայց բացարձակ ոչինչ չեմ ստացել դրա դիմաց»,- վրդովված նշում է Դմիտրի Աֆոնինը:
Նա ավելացնում է, որ Հայաստանի իրավապահ համակարգում հաջողության չհասնելու դեպքում փորձելու են գործի քննությունը տեղափոխել Ռուսաստան: «Ես հուսով եմ, որ իմ հայրենիքը ինձ կպաշտպանի: Ես կարող եմ այդ գումարը ներդնել իմ երկրում եւ նոր աշխատատեղեր ստեղծել: Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի այս գործի արդարացի ավարտով»,- կարծում է Աֆոնինը:
Նշենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն հարցաքննվել են նաեւ մյուս ներդրողները: Ալեքսեյ Կորեպանովի եւ Դմիտրի Կոտովի դիրքորոշումներին կանդրադառնանք առաջիկայում:
ԱՐՇԱԿ ԴԱՎԹՅԱՆ

Սկզբնաղբյուրը`http://www.lragir.am/index/arm/0/right/view/124337

 

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: