[:am]Իրավապաշտպանները մեր երկրում. մեկին ճնշելով` վախեցնում են մյուսին www.nyut.am[:]

[:am]

Մեր հյուրն է Veles Ngo իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը

1-806-640x427

– Տիկին Պողոսյան, մեր երկրում այսօր ինչպիսի՞ն է իրավապաշտպանների վիճակը:

– Գիտենք ամենքս, որ Ադրբեջանում շատ տխուր է իրավապաշտպանների վիճակը: Թվում է, թե կամաց–կամաց Հայաստանն ուզում է նմանվել այս երկրին: Որովհետև եթե դիտարկենք տարիուկեսվա վերջին դեպքերը, ապա ակնհայտ է, որ իրավապաշտպանների նկատմամբ գնալով ճնշումները սաստկանում են:

Իհարկե, կա նաև հետևյալ հարցը. նայած թե ո՞ր իրավապաշտպանն ինչի՞ դեմ է պայքարում: Եթե ոլորտ է, որն իշխանությունների հետաքրքրությունների մեջ չի մտնում, ապա հնարավոր է, որ ճնշումների չենթարկվեն: Սակայն մյուս ոլորտներում, երբ որևէ փաստաբան կամ իրավապաշտպան ցանկանում է ինչ–որ հարց բարձրացնել, միանշանակ լռեցվում է նրա ձայնը:

Որպեսզի խոսքս մերկապարանոց չհնչի, օրինակներ բերեմ: Արմինե Առաքելյանն ինքնատիպ ակցիա էր արել հրապարակում, նրան տարան հոգեբուժարան, շղթայելով խոշտանգեցին:

Լրագրող Անի Հովհաննիսյանը բարձրաձայնել էր ՎՏԲ բանկի մասին, և առայսօր գտնվում է Աբովյան քրեակատարողական հիմնարկում:
Արգիշտի Կիվիրյանին տեսանք, թե ինչ ձևով բերման ենթարկեցին Հյուսիսային պողոտայից:

Իսկ Արթուր Սաքունցը, ով ամենաճանաչված մեր իրավապաշտպաններից է, մահվան սպառնալիքներ է ստանում:

Հենց անձամբ իմ նկատմամբ տարիներ շարունակ քրեական գործեր են հարուցվում: Մեկը կարճվեց, մեկը դեռ շարունակվում է: Կամ մտնում են համացանց ու իմ անունից սեռական բնույթի պիղծ բաներ են տարածում: Այս ամենն անթույլատրելի է: Իսկ ոստիկանությունն էլ բացարձակապես չի արձագանքում:

Ի վերջո ոստիկանությունը պատժիչ ջոկատ չէ կամ նրա համար չէ, որ իրավապաշտպանների հեռախոսները լսի, թե ով ում հետ ինչ է խոսում: Նրանք նաև նրա համար են, որ պրոֆիլակտիկ միջոցառումներ իրականացնեն:

Բայց մեր երկրում հստակ մեթոդ է գործում` մեկին ճնշելով մյուսին վախեցնեն: Այս վիճակն անթույլատրելի է, որն ուղիղ գծով տանում է դեպի տոտալիտար համակարգ:

– Իսկ դատարաններո՞ւմ ինչպես է վիճակը. մեր փաստաբանները կարողանո՞ւմ են ի վերջո դառնալ դատական պրոցեսի լիիրավ կողմ` հավասար դատախազին:

– Ընդհանրապես դատավարությունը ենթադրում է երկու կողմերի հավասար մասնակցություն: Սակայն մեր երկրում դատապաշտպանը երբևէ մեղադրող կողմի հետ չի լինում հավասար դիրքում: Հիմա չանդրադառնամ, թե ինչ կատարվեց Սասնա ծռերի դատավարության ժամանակ, ինչպես վարվեցին փաստաբանների հետ: Դա եղավ բոլորիս աչքի առջև:

Իսկ դուք այլ բան պատկերացրեք. մենք գնում ենք Արմավիրի մարզ, ու Արմավիրի դատարանում դատախազը կիսապառկած է խոսում դատավորի հետ: Մի բան, որը փաստաբանը երբեք իրեն թույլ չի տա: Ելնելով և՛ օրենքից, և՛ էթիկայի կանոններից:
Այն, ինչ դատախազին թույլատրելի է, փաստաբանին, մանավանդ իրավապաշտպանին, թույլատրելի չէ: Սա խտրականություն է:

Իսկ որպեսզի հասարակություններում լինեն հակակշիռներ` ընդդեմ ապօրինությունների, պետք է ուժեղանա քաղաքացիական հասարակությունը, նաև` իրավապաշտպանների ինստիտուտը:

– Հասարակության վերաբերմունքն ինչպիսի՞ն է փաստաբանի նկատմամբ:

– Նախ ասեմ, որ հասարակության այն մասը, որն ունի փաստաբանի կարիք, սովորաբար սոցիալական առումով ունենում է պրոբլեմներ: Եվ հաճախ փաստաբանի ծառայությունն անհասանելի է լինում այս մարդկանց համար: Ու ստիպված դիմում են իրավապաշտպան կառույցների անվճար ծառայություններին:

Բայց ես մեծ հարգանքով եմ վերաբերվում փաստաբաններին: Մանավանդ այն փաստաբանները, որոնց հետ մենք շփվում ենք, հիմնականում իրավապաշտպան փաստաբաններ են:

Պարզապես Փաստաբանների պալատը մի քիչ ավելի շատ պետք է պաշտպանի իր փաստաբանների իրավունքները և հանդես գա եղած խտրականությունների դեմ, որոնց մասին խոսեցինք:

Իսկ ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ փաստաբանների մեջ էլ, ինչպես ամենուր, կան և՛ լավ մասնագետներ, և՛ վատ մասնագետներ: Բայց մի բան լավ է, որ հիմա ժողովուրդն ունի ընտրություն կատարելու հնարավորություն: Համացանցում նրանք կարող են տեսնել, թե որ փաստաբանն ինչպես է մասնակցում դատական պրոցեսին և ինչպես է պաշտպանում իր պաշտպանյալի շահերը: Եվ ըստ այդմ էլ ընտրի իր փաստաբանին:
Համենայն դեպս, մեր կազմակերպությունը դատական պրոցեսների իր մասնակցության տեսագրությունը մշտապես դնում է համացանցում:

Նաև սա սկզբունքային հարց է. դատական պրոցեսում ցանկացած փաստաբանի աշխատանք ցանկալի է, որ լինի թափանցիկ: Որպեսզի մարդը մթի մեջ խարխափելով փաստաբան չընտրի ու հետո մտածի` սխալվեց:

Գոհար Սարդարյան

http://nyut.am/?p=139174&l=am

[:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: