[:am]Ինչպես չդառնալ վաշխառության զոհ (անիմացիոն տեսանյութ) www.1in.am[:en]How to Avoid to Become a Victim of Usury (animated video)[:]

[:am]

Այսօր Հոդված 3-ում ակումբում «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը ներկայացրեց «Վաշխառությունը որպես կոռուպցիայի այլասերված դրսևորում» հետազոտությունը:

Վաշխառությունը (տոկոսով փող տալը) բավականին հին երևույթ է, նույնիսկ ավելի հին, քան փողի ծագումը: Դրա վերաբերյալ առկա են բազմաթիվ պատմական տվյալներ: Հետազոտության համաձայն՝ վաշխառությունը Հայաստանում լայն տարածում է գտել հետխորհրդային շրջանում: Վաշխառությունը կոռուպցիայի բաղկացուցիչ մաս է, քանի որ դրա միջոցով կատարվում է անօրինական ճանապարհով ձեռք բերված եկամուտների օրինականացում, որը ուղեկցվում է հասարակության խիստ բևեռացմամբ, մի կողմից քաղաքացիների մեծ մասի ունեզրկմամբ, իսկ մյուս կողմից քաղաքացիների մի փոքր մասի անհիմն հարստացմամբ:

«Մեր հասարակությունում գրեթե չկա մեկը, ով երբևէ տոկոսով գումարի հետ առնչված չլինի: Եվ պետությունը գնալով նվազեցնում է իր դերը՝ թողնելով քաղաքացիներին վաշխառուների հետ դեմ առ դեմ միայնակ»,- հայտարարեց Մարինա Պողոսյանը:

90-ական թվականներին ՀՀ-ում իրենց գոյությունը պահպանելու համար քաղաքացիների մի մասը փորձում էր առևտրով զբաղվելու համար հայթայթել ֆինանսական միջոցներ, քանի որ բանկային համակարգը դեռևս զարգացած չէր, քաղաքացիները դիմում էին մասնավոր անձանց, ովքեր տոկոսով գումար էին տրամադրում: «Ներկայումս տոկոսով փող տվողները կամ բարձրաստիճան պաշտոնյաներն են կամ նրանց հովանավորյալները»,- նշեց բանախոսը:

Հետազոտության համաձայն՝ ներկայիս բանկային համակարգի դրամավարկային քաղաքականությունը ևս նպաստում է, որպեսզի քաղաքացիները դիմեն անհատ վաշխառուներին և դառնան խարդախության զոհ:

Մարինա Պողոսյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիները գիտելիքների պակասի և գումարի կարիք ունենալու պատճառով համաձայնում են վաշխառուների առաջարկած անմարդկային, ի սկզբանե իրենց համար անբարենպաստ պայմաններին: Իսկ վաշխառուները ոչ միայն գումարը տալիս են ՀՀ օրենսդրությամբ սահմանված տոկոսից (տարեկան 24%) բարձր տոկոսադրույքով, այլև քաղաքացիների հետ կնքում են շինծու առքուվաճառքի պայմանագրեր և տիրանում են նրանց անշարժ գույքին՝ մարդկանց թողնելով փողոցում: «Վաշխառությունը արտագաղթի շարժիչ ուժն է»,- եզրահանգում է բանախոսը:

Ի՞նչ է անում ՀՀ ոստիկանությունը

Հետազոտությունում ներկայացված են վաշխառության առիթով հարուցված քրեական գործերի վիճակագրությունը:

2011 թվականին արձանագրվել է 186 հանցագործության դեպք, 136 դեպքով հարուցվել է քրեական գործ, որից 99-ը կարճվել է, իսկ 50 դեպքով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում:

2012 թվականին արձանագրվել է 158 հանցագործության դեպք, 120 դեպքով հարուցվել է քրեական գործ, որից 107-ը կարճվել է, իսկ 38 դեպքով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում:

Տարեցտարի ՀՀ ոստիկանություն դիմող վաշխառուներից տուժած անձանց թիվը նվազել է: Օրինակ, 2015 թվականին հաղորդում է ներկայացրել ընդամենը 55 քաղաքացի, որից 48 դեպքով հարուցվել է քրեական գործ, որից 41-ը կարճվել է, իսկ 7 դեպքով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում:

Մարինա Պողոսյանի համոզմամբ՝ Ոստիկանությունում ստացված հաղորդումների թվի նվազումը պայմանավորված է վստահության պակասով. «Քաղաքացիները տեսնում են, որ Ոստիկանությունում քննված գործերից գրեթե ոչ մեկով որևէ վաշխառու չի դատապարտվել, այդ պատճառով էլ չեն դիմում իրավապահ մարմիններին»:

Քաղաքացիներին վաշխառության վտանգների մասին իրազեկելու նպատակով «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը պատրաստել է անիմացիոն տեսանյութ, որը ցուցադրվել է մի շարք մարզային հեռուստաալիքներով:

http://www.1in.am/2165459.html[:en][:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: