[:am]
Հայաստանը ցնցված է Մանվել Գրիգորյանի դեմ ԱԱԾ հատուկ գործողությունից և բացահայտումներից: Ամնեղության կանխավարկածը պետք է խստորեն պահպանվի, սակայն մի բան հստակ է՝ չափազանց քիչ են մարդիկ, ովքեր կասկածում են ԱԱԾ տեղեկատվության իսկությանը: Խնդիրը խորքային առումով առավել, քան պարզ է. Հայաստանը փոքր երկիր է, և այն, ինչ այսօր անում է ԱԱԾ-ն, ըստ էության, գիտեին Հայաստանի շատ քաղաքացիներ, անշուշտ, գիտեր նաև իրավապահ համակարգը, բայց քանի որ այդ համակարգը գտնվում էր ոչ թե պետական, այլ իշխանական ծառայության մեջ, բոլորը գիտեն, թե ինչ էր կատարվում, բայց ոչ ոք պատասխան չէր տալիս դրա համար: Մանվել Գրիգորյանն իր արաքների համար, անշուշտ, պետք է տա իրավական պատասխան, բայց դա խնդրի միայն մի կողմն է. խնդրի մյուս կողմը բարոյականն ու արժեքայինն է, մտածողությունն ու մշակույթը, որի համար պիտի համարժեք պատասխան տան բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են Հայաստանի երիտասարադ պետականության կառավարման համակարգում Գրիգորյանների առանցքային դերակատարում ունենալու համար:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին իրավապաշտպան Մարինա Պողոսյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Այն, որ Մանվել Գրիգորյանը կարող է յուրացնել զինվորի հասանելիքը, չի զարմացրել ինձ: Այն, ինչ տեսել ենք վերջին քսան տարիներին, դա մեզ համար գաղտնիք չէր, ժողովուրդն անընդհատ խոսել է այդ մասին, բայց ավելի շատ թարմ էր ապրիլյան պատերազմի վերքը, և մանուկների՝ զինվորներին չհասած նամակների ֆոնի վրա, այս ամենն ավելի ազդեցիկ էր, ասում եմ այդ մասին ու փշաքաղվում: Ամենաշատը բարոյական կողմն է ազդեցություն թողել: Ինձ վրա հատկապես կադրերի մեջ ցուցադրված այն հատվածն է ազդել, որտեղ մեկը հարցնում է՝ ի՞նչ ես նկարում որ, արջերի կերն է դա, ու ցուցադրվում է զինվորի համար նախատեսված սնունդը, որը վաճառքի ենթակա չէ: Մարդ պետք է վերջին անասունը լինի, որ էդպես վարվի ու էդպես խոսի»,- նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը շարունակեց. «Այն, որ մանվել գրիգորյաններ շատ կան, ինքը միակը չէ, դա արտառոց չէ: Նոր բան չէ, որ վերջինս դարձել էր ֆեոդալ, սեփականաշնորհել էր Արմավիրի մարզի մի մասը և ապրում էր: Ինձ համար շատ արտառոց է այլ բան. ինչպե՞ս կարելի է այդքան քանակի խտացրած կաթ, սանտավիկ, բինտ, զուգարանի թուղթ յուրացնել, սա ավելի շատ դիվերսիայի է նման՝ ապրիլյան պատերազմի ժամանակ:
Մենք նոր իրողության մեջ ենք ապրում, և չենք կարող ասել, որ ԱԱԾ-ն տարավ սանտավիկ կամ խտացրած կաթ գցեց գեներալ Մանվելի տուն: Ինձ հետաքրքիր է, թե բանակից այդ ամեն ինչը ինչի՞ համար է բերել, սանտավիկը, բինտը, էրեխեքի հագուստները, շտապօգնության մեքենան ի՞նչ պիտի աներ»:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ չկա որևէ օրինական ճանապարհ, որով այդ ամենը կարող էր հասնել Մանվել Գրիգորյանին: «Բայց տեսանյութերին պետք է մի քիչ զգույշ վերաբերվել, ընդամենը 10 տարի առաջ՝ Մարտի 2-ին Հայաստանը տեսավ շատ տեսանյութեր, բայց բոլորը ֆեյք էին: Ես չեմ ասում՝ այդ բաները չեն եղել, բայց տեսանյութերին զգույշ պիտի վերաբերվենք և անմեղության կանխավարկածը պահենք: Եթե սա քննչական նյութ է, պետք է լինի գաղտնի, ինչո՞ւ է հրապարակվում, ուրեմն գործընթացը քաղաքական է, իրավական չէ… Պետք է թավշյա հեղափոխությունից հետո տարբերվենք նախորդներից:
Եթե որևէ մեկը Մանվել Գրիգորյանի վրա քար է նետում, պետք է ունենա առնվազն 10 հազար քար, որովհետև պետք է նետել բոլոր այն դպրոցների տնօրենների վրա, ովքեր չեն սովորեցրել, ունեցել են մեռած հոգիներ, որոնց համար վճար են ստացել, մանկատան երեխու սնունդն ուտող ու երեխուն բռնաբարողի վրա, զինվոր սպանող սպայի կամ ուրիշ զինվորի վրա, դա ծածկող գեներալի կամ դատախազի վրա, վերջապես մեր կրթությունն ու մշակույթն այս անդունդին գլորողն ավելի մեծ մեղք է իր վրա կրում, քան «զգուշյոնկա» գողացողը»:
Անդրադառնալով դիտարկմանը՝ նրբությունն այն է, որ այդ «զգուշյոնկային» զինվորն է սպասել, Ա. Մարտիրոսյանը նշեց. «Չստացած կրթությունը շատ ավելի սարսափելի է, քան ազնիվ զինվորի սոված մնալը»: Մարտիրոսյանի խոսքով՝ Ղարաբաղ կոմիտեի բոլոր անդամները հերոսներ են, նույն Մանվել Գրիգորյանը:
Կարեն Քոչարյանն ընդգծեց, որ Մ. Գրիգրյանի անմեղության կանխավարկածին չհավատաց անգամ իր տղան և հրաժարական տվեց:
Մանրամասն՝ տեսանյութում: