[:am]https://www.youtube.com/watch?v=O6cxiFdsESA
Ինչպես արդեն գիտեք, հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն ընտրելու վերաբերյալ: Այս որոշումը հաջորդել է Հայաստանից ժամանակավորապես հեռանալու մասին Ռոբերտ Քոչարյանի մտադրությանը, որի փաստաբանները դա պայմանավորել էին Գերմանիայում բժշկական հետազոտություն անցնելու մտադրությամբ: Ավելի վաղ նախկին նախագահի գրասենյակի ղեկավարն էր հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանը մի քանի օրով կհեռանա Հայաստանից, ասելով, որ քննությունը չի սահմանում նրա համար հեռանալու արգելք: Հետո պարզ դարձավ, որ Քոչարյանը հեռանալ չի կարող, քանի որ նրա անձնագրերը, այսպես ասած՝ քաղաքացիական և դիվանագիտական, գտնվում են ՀՔԾ տրամադրության տակ: Ռոբերտ Քոչարյանը մինչ այդ հայտարարել է, որ բացարձակապես չի պատրաստվում հեռանալ կամ խուսափել քննությունից և ավելին՝ վերադարձել է քաղաքականություն իր արժանապատվությունը պաշտպանելու համար: Սակայն ստացվում է, որ ՀՔԾ-ն չի վստահել նրա այդ խոսքերին, և չհեռանալու մասին ստորագրությամբ խափանման միջոցի ընտրությունը ուղղակի վկայում է, որ քննչական ծառայությունը մտավախություն է ունեցել, որ Ռոբերտ Քոչարյանը կխուսափի քննությունից և չի վերադառնա Հայաստան: Կայի՞ն այդպիսի հիմքեր, թե՞ եղել են նույնիսկ որոշակի տեղեկություններ, որոնք քննությանը ստիպել են կիրառել այդ խափանման միջոցը:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»– ի հետ քննարկմանը մասնակցեցին «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, իրավապաշտպան Մարինա Պողոսյանը և քրեագետ, հոգեբան Արշակ Գասպարյանը:
Արա Պապյանի խոսքով՝ ՀՔԾ-ն գնաց այդ քայլին, որովհետև մտավախություն կար, որ Ռ. Քոչարյանը բուժզննման պատրվակով երկրից կհեռանա և կմնա ավելի երկար ժամանակ՝ ներկայացնելով համապատասխան թղթեր: Նրա դիտարկմամբ՝ Քոչարյանը խուսափում է կալանավայր գնալուց: «Քոչարյանը նախագահ է եղել և պետք է ստեղծեր այնպիսի առողջապահական համակարգ, որ առիթ չլիներ բուժզննման համար երկրից գնալու»,- նշեց Ա.Պապյանը:
Մ. Պողոսյանի դիտարկմամբ՝ արժանահավատ չէ բժշկական հետազոտության նպատակով երկրից հեռանալու՝ Քոչարյանի մտադրությունը: «Կարծում եմ՝ խափանման միջոցը փոխելու համար նոր հիմքեր են առաջացել, բայց քանի որ կա նախաքննության գաղտնիք, մեզնից որևէ մեկը չի կարող իմանալ այդ հիմքերի մասին: Քոչարյանի խափանման միջոցը ընտրել է ժողովուրդը, որովհետև ժողովուրդն ուզում է նրա դատաստանը տեսնել այստեղ»,- ընդգծեց իրավապաշտպանը: «Անհասկանալի է, որ Քոչարյանը, չունենալով անձնագիր, քանի որ նրա անձնագիրը արդեն իսկ քննիչի մոտ էր, և իմանալով, որ երկրից հեռանալու իրավունք չունի, այժմ փիար ակցիա է անում՝ խոսելով երկրից գնալու մասին: Փորձում են կոտրել ժողովրդի մեջքը, խժդժություններ առաջացնել՝ ասելով, որ Քոչարյանն ազատ է և կարող է գնալ երկրից»,- նշեց Մ. Պողոսյանը:
Արա Պապյանի խոսքով՝ Մարտի 1-ին տեղի է ունեցել բազմաբաղադրիչ հանցագործություն, խախտվել են բազմաթիվ իրավունքներ: Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստանը ցանկանում է, որ փակվի Մարտի 1-ի էջը՝ ինչ եղել եղել է:
Մոսկվան Ն. Փաշինյանի մեկնումից առաջ ուղերձներ է հղում: «Ենթադրվում է, որ Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի գործերում կա ռուսական հետք, և դա անհանգստացնում է Ռուսաստանին»,- նշեց Ա. Պապյանը: Մ. Պողոսյանը հավելեց. «Քոչարյանի օրոք Հայաստանը վերածվել էր կրիմինալ փողերի լվացքատան և ռուսների հիստերիան կապված է դրա հետ:
Մոսկվայում Փաշինյանին հեշտ զրույց չի սպասվում: «Մոսկվան ունի իր հետաքրքրությունները, բայց, վստահ եմ, մեր վարչապետն ունի հմտություն և պաշտպանելու է մեր պետության, մեր պետականության շահերը»:
https://www.1in.am/2419522.html
[:]