[:am]
«Նշանակման տրամաբանության մասին խոսք չկա, չեմ ուզում քննարկել լավագույն, վատագույն նշանակումը: Հունան Պողոսյանը հանցագործ է, և ես դա հայտարարում եմ բացահայտ, ունեմ նաև փաստեր»,- հոկտեմբերի 18-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը:
Մարինա Պողոսյանը հիշեցրեց, որ երբ Հունան Պողոսյանը ոստիկանապետ էր, Արմավիրում խոշտանգվեց Գրիշա Վիրաբյանը: Գործը հասավ մինչև Եվրադատարան, հիշեցրեց նաև Շանթ Հարությունյանի մասին և հարց ուղղեց՝ արդյո՞ք վարչապետը, ով ևս Հունան Պողոսյանի դեմ Շանթ Հարությունյանին խոշտանգելու համար հաղորդագրություն էր տվել, հիմա կոմֆո՞րտ, թե՞ դիսկոմֆորտ կապրի:
«Նույն լրագրողներին չմոռանանք, որոնց մասնագիտական գործունեությունը խոչընդոտվել է: Վարչապետն էլ է լրագրող եղել, տեսել, որ լրագրողի ձեռքից վերցնում են կամերան, և Հունան Պողոսյանն ասում է՝ կգա´ս, վաղը չիպը մաքուր կտանես»,- ընդգծեց Մարինա Պողոսյանը:
Անդրադառնալով բոլորին ներառելու մասին Արարատ Միրզոյանի գրառմանը՝ իրավապաշտպանը նշեց, որ այո´, պետք է կառավարումը լինի ներառական, բայց ո´չ հանցագործներ ներառելով, ուրեմն գնանք ՔԿՀ-ներ և հանցագործներին էլ ներառենք դաշինքների ու կուսակցությունների մեջ:
«Նա բազմաթիվ մարդկանց խոշտանգել է: Գնացե՛ք Մալաթիայի շուկա, կաշվի, ցիտրուսների ներկրման տեղը և հարցրե՛ք, թե Հունան Պողոսյանն ու նրա եղբայրը քանի՞ առևտրականների են ունեզրկել, ծեծելով ոնց են հանել երկրից: Մեզ այսօր էլ դիմում են արտերկրից, ասում են, որ հույս ունեին վերադառնալ, բայց հիմա վախը մտել ա իրենց մեջ»,- նշեց Մարինա Պողոսյանը:
Մարինա Պողոսյանը նաև առաջարկ արեց. «Փակե´ք բոլոր քրեակատարողական հիմնարկները, բերեք բոլորս սիրենք ու հանդուրժենք: Ի՞նչ քաղաքական ռասիզմի մասին է խոսքը»:
https://www.shantnews.am/news/view/182617.html
[:]