[:am]Այսպիսով, կարծես թե անվիճելի է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնում ենք հին օրենսգրքով, որի մեխանիզմները նախատեսված են քրեաօլիգարխիկ համակարգի մենեջմենթն ու վերարտադրությունն ապահովելու համար։ Հիմա արդյոք սա նշանակում է, որ հին ԸՕ-ն կօգնի, որպեսզի ՀՀԿ-ն կամ որևէ մեկը դեկտեմբերին հասնի ռևանշի. Շատերն են այս տարբերակը բացառում նույնիսկ տեսականորեն։ Խնդիրն այն է, որ ընտրական գործընթացը լինելու է ապաքաղաքական, ինչի հետևանքով Փաշինյանի թիմի հաղթանակը միայն վերապահումով է լինելու հեղափոխության հաղթանակը։ Այլ խոսքով՝ պարտադիր չէ, որ ռևանշն ուղղակի լինի, այն կարող է դրսևորվել հեղափոխության արժեզրկման միջոցով։ Ի՞նչ լուծումներ է ենթադրում նման իրավիճակը. «Առաջին լրատվական»– ի հետ այսօրվա քննարկմանը մասնակցեցին քաղաքագետներ Ստեփան Սաֆարյանը, Արմեն Բաղդասարյանը և իրավապաշտպան Մարինա Պողոսյանը:
Ստեփան Սաֆարյանի դիտարկմամբ՝ ռեյտինգային ընտրակարգը ձեռնտու էր ՀՀԿ-ին: Նրա խոսքով՝ հեղինակություն ունեցող մարդկանց հաշվին քվեներ բերվեցին, բայց հեղինակություններն էլ հենց դաձան ՀՀԿ-ի փոս փորողը և դագաղի վերջին մեխ խփողը՝ լքելով կուսակցությունը:
Քաղաքագետի կարծիքով՝ գործող Ընտրական օրենսգիրքը շատ ռիսկեր է պարունակում: «Այս ընտրական համակարգը ռիսկեր է պարունակում հենց Նիկոլ Փաշինյանի համար… Ապաքաղաքական, անձնավորված քաղաքականության շնորհիվ ՀՀԿ-ն կարող է նորից լեգիտիմացնել իր ներկայությունն ԱԺ-ում… Չեզոք ռեյտինգով մարդիկ, գովազդի վրա մեծ գումարներ ներդնելով, կհաղթեն»:
«Մենք նորից ընտրությունների ենք գնում հին հայաստանյան իրողություններով և անուն ենք դնում, թե նոր Հայաստան ենք կերտում՝ նոր իշխանություններով: Վախենալու է՝ այս պահին այնքան շատ են ռիսկերը, կուսակցական ծրագրեր չկան, լուրջ դիսկուրս չկա… Պարզ չէ՝ Հայաստանի արտաքին ու ներքին գործընկերներն ովքեր են, բոլորը սպասում են հստակությունների»,- ընդգծեց Ս. Սաֆարյանը:
Ա. Բաղդասարյանը հավելեց, որ ՀՀԿ-ն գնաց նոր ԸՕ-ն տապալելու ճանապարհով ոչ միայն նրա համար, որ ռեյտինգային համակարգն իրեն իսկապես ձեռնտու է, այլ նաև գործող իշխանությանը վնաս պատճառելու համար: Քաղաքագետի դիտարկմամբ՝ ՔՊ-ն ընտրատարածքներում չունի հեղինակություն ունեցող, ճանաչված մարդիկ, և ռեյտինգային համակարգը ական է ոչ միայն գործող իշխանության, այլ նաև քաղաքական հետագա համակարգի համար:
«Ազգային ժողովը տարիներ շարունակ չի եղել քաղաքական, գաղափարական մարմին, այլ եղել է «կռիշ» գործարարների համար»,- նշեց Մարինա Պողոսյանը՝ հավելելով, որ հեղափոխության ավարատի համար անհրաժեշտ է մաքրել կոռումպացված համակարգը:
Մանրամասն՝ տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=Uv7E5sqFZ3g[:]