Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բարձրագույն դատական խորհրդի նոր նախագահի՝ Ռուբեն Վարդազարյանի ընտրության վերաբերյալ քննարկման ժամանակ «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանը հայտարարեց, որ ավելի անհաջող ընտրություն չէր կարող լինել: Իրավապաշտպանն ընդգծեց՝ պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Ռուբեն Վարդազարյանի կատարածների վերաբերյալ և ունի դրանք ապացուցող փաստաթղթերի մեծ տրցակ:
Երեկ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ ընտրվելուց ի վեր որոշ լրատվամիջոցների և հանրային գործիչների կողմից իր անձի և գործունեության վերաբերյալ տարածվում են տարաբնույթ մեկնաբանություններ, քննադատություն և բացասական գնահատականներ:
«Մշտապես ընդունել եմ առողջ քննադատությունը, ողջունել եմ թափանցիկությունը և հաշվետվողականությունը, սակայն չեմ կարող ընդունել անհիմն, երբեմն զրպարտության վերածվող մեղադրանքները»,-մասնավորապես, նշված էր Վարդազարյանի հայտարարությունում:
Politik.am-ի հետ զրույցում Մարինա Պողոսյանը նշեց, որ Ռուբեն Վարդազարյանի որևէ հայտարարություն իրեն չի հետաքրքրում: «Եթե մարդն ինձ վստահություն չի ներշնչում, ապա նրա ասածները ևս չեն կարող վստահություն ներշնչել»,-ասաց նա:
Ըստ Մարինա Պողոսյանի՝ եթե Վարդազարյանը զրպարտություն է տեսնում, կարող է դատարան դիմել.«Ռուբեն Վարդազարյանը, բացի ապօրինի որոշումներ կայացնելուց, ունի նաև գոնե այնքան բավարար գիտելիքներ, որ եթե կարծում է՝ ինչ-որ մեկն իրեն զրպարտում է, կարողանա դիմել դատարան, դատարանում էլ, ԲԴԽ նախագահ լինելով, բավականին լծակներ ունի, որպեսզի իրեն զրպարտող անձը պատասխանատվության ենթարկվի»:
«Վելես» ՀԿ-ի ղեկավարն ընդգծեց՝ իր ասածների տերն է ու հետևողական է լինելու: «Այո, ես պնդում եմ, որ Ռուբեն Վարդազարյանը հանցագործություն է կատարել, կա որոշում. միգուցե, պարզապես նրա ստորագրությունն է փաստաթղթի տակ, բայց դա կպարզի նախաքննությունը»,-ընդգծեց Պողոսյանը:
Իրավապաշտպանն ընդգծեց՝ զրպարտելու որևէ խնդիր չկա. «Ասածներս ապացուցող փաստաթղթերն ինձ մոտ առկա են, և ես պատրաստ էի և եմ հանրային քննարկման, որպեսզի, եթե ինքը կարծում է, որ զրպարտություն է, հանրային կերպով ապացուցի դա: Պատրաստ եմ նաև այդ փաստաթղթերը հանրայնորեն իրեն տրամադրել և ստանալ հանրային պատասխան: Քրեական պատասխանատվության ենթարկելն ինքնանպատակ չէ: Ես՝ ի տարբերություն իրեն, համարձակություն ունեմ հստակորեն տալ իր անունը: Եթե կարողանում է, թող ինքն էլ նշի իմ անունը և ասի, որ իմ ունեցած փաստաթղթերն իրեն զրպարտող են»:
Մարինա Պողոսյանը մեզ տեղեկացրեց նաև, որ առջիկա օրերի ընթացքում հանցագործության մասին հաղորդում կներկայացնի՝ իր ունեցած փաստաթղթերի հիման վրա:
http://politik.am/es-pndum-em-bdkh-noryntir-nakhagahy-hancagortsutyun-e-katarel-marina-poxosyan[:]