[:am]Սա իրենց վախերի պատճառով է․ իրավապաշտպանը՝ իշխանության ներկայացուցիչներին վիրավորելն ու զրպարտելը քրեականացնելու մասին 365news.am[:]

[:am]Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դատախազության հեղինակած նախագիծը,

ըստ որի՝ զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, կպատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

Հիշեցնենք, որ նման առաջարկ 2019 թվականին ներկայացրել է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Մասնագետների կողմից դատախազության հեղինակած առաջարկը միանշանակ չի ընդունվել և լայն քննարկման առարկա է դարձել։ Կասկածի տակ է դրվում  նախագծի ռացիոնալությունը։

Հարցի շուրջ 365news.am-ը զրուցել է իրավապաշտպան Մարինա Պողոսյանի և իրավաբան Դավիթ Գևորգյանի հետ։

Մարինա Պողոսյանն ասաց, որ նախագիծն ընդհանրապես ռացիոնալ չէ և իր մոտ տպավորություն է, որ Բերիան չի մահացել ու վերադարձել է դատախազություն: Իրավապաշտպանը նախագիծը գնահատեց որպես խոսքի ազատության ճնշում։

«Ինչի՞ց են իրենք վախենում, եթե ինչ-որ մեկը կարող է ինչ-որ բան ասել պաշտոնատար անձի մասին, որն իրականությանը չի համապատասխանում, ապա մենք Քաղաքացիական օրենսգիրք ունենք, կարող են պատիվ, արժանապատվությունով, զրպարտանքով, վիրավորանքով մտնեն դատարան: Եթե իրենք անում են հանցագործություններ, որոնց մասին մարդն ուզում է բարձրաձայնել, այս նախագծով ուզում են մարդկանց բերանը փակել:

Ես գտնում եմ, որ սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, և մի իշխանություն, որն անում է «թավշյա հեղափոխության» և ժողովրդավարական ճանապարհով է գնում, նման մեթոդներ կիրառելը անթույլատրելի է: Վարչապետն ասում է, որ մեզանից մեկն է, այդ դեպքում՝ սա ի՞նչ խտրական վերաբերմունք է: Ես նորից եմ ասում, որ սա իրենց վախերի պատճառով է»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Իրավաբանը նույնպես կողմ չէ քրեականացմանը:

«Կապ չունի՝ իշխանությանը վիրավորել են, թե՝ չէ, առհասարակ այդ երևույթը եթե կարգավորվի, շատ ավելի լավ կլինի, քրեականացմանը ես այդքան էլ կողմնակից չեմ, պարզապես կարելի է վարչական պատասխանատվությունների և որպես այդպիսին եթե կան, ավելի խստացնել՝ սահմանել վարչական տուգանք ու ավելի հետևողական լինել, որպեսզի վարչական հարուցված վարույթները հասնեն իրենց նպատակին»,- եզրափակեց Գևորգյանը

https://www.365news.am/2021/02/18/%d5%bd%d5%a1-%d5%ab%d6%80%d5%a5%d5%b6%d6%81-%d5%be%d5%a1%d5%ad%d5%a5%d6%80%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b3%d5%a1%d5%bc%d5%b8%d5%be-%d5%a7%e2%80%a4-%d5%ab%d6%80%d5%a1%d5%be%d5%a1%d5%ba%d5%a1%d5%b7%d5%bf/[:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: