Դերասանուհի Մարջան Ավետիսյանը մեղադրում է իր փաստաբան Մասիս Մելքոնյանին, որ վերջինս յուրացրել է իրեն պատկանող գումարները և հրաժարվում է վերադարձնել։ Tert.am-ի հետ զրույցում դերասանուհու փաստաբան Մարինա Պողոսյանը մանրամասներ է ներկայացրել տեղի ունեցածից։
«Դեռևս 2021թ-ին, երբ Մարջան Ավետիսյանը գտնվում էր Հայաստանում, հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին, որ ոմն Արմեն Գևորգյան խարդախությամբ տիրացել էր իր գումարներին։ Այն ժամանակ, երբ Մարջան Ավետիսյանը պետք է գնար Հայաստանից, այդ տղան կապի է դուրս եկել նրա հետ և ասել, որ ցանկանում է գումարը մաս-մաս վերադարձնել և Մարջանը որոշում է դիմել որևէ իրավաբանի իր շահերը այդ հարցում պաշտպանելու համար։ Մարջանի մտերիմնեից մեկը նրան ծանոթացնում է փաստաբան Մասիս Մելքոնյանի հետ»,- ասաց Մարինա Պողոսյանը՝ ընդգծելով, որ Մարջան Ավետիսյանի և Մասիս Մելքոնյանի միջև որևէ փաստաթուղթ չի ստորագրվել։
Ըստ Պողոսյանի՝ Մարջան Ավետիսյանն ընդամենը մի թղթի վրա դիմում է գրել առ այն, որ ցանիանում է, որպեսզի Մասիս Մելքոնյանը ներկայացնի իր շահերը, դա ոչ լիազորագիր է եղել, ոչ պայմանագիր։
«Սովորաբար, ըստ կարգի, եթե տուժողը ցանկանում է, որ քրեական գործի շրջանակներում որևէ մեկը լինի իր ներկայացուցիչը , գնում է քննչական բաժին և քննիչի մոտ համապատասխան գրություն է թողնում։ Այդ դիմումից հետո Մասիս Մելքոնյանը Արմեն Գևորգյանից ստացել է մեղադրյալի՝ Մարջան Ավետիսյանի գումարի մի մասը, պահել իրեն և առ այսօր չի վերադարձրել։ Երբ Մարջան Ավետիսյանը վերադարձել է Հայաստան, մոտ երկու ամիս շարունակ փորձել է կապի դուրս գալ Մասիս Մելքոնյանի հետ, նրանից խնդրել է մեղադրյալ Արմեն Գևորգյանի կոնտակտները, որպեսզի հասկանա՝ ինչքան գումար է տվել, ինչքանն է պարտք մնացել և խնդրել է նաև այն գումարը, որը մեղադրյալը փոխանցել է փաստաբանին։ Սակայն, Մասիս Մելքոնյանը շատ կոպիտ պատասխան է տվել և ասել, որ չի պատրասվում այդ գումարը վերադարձնել Մարջան Ավետիսյանին։ Եթե Մասիս Մելքոնյանը որոշել է, որ դա իր ծառայությունների գումարն է, ապա ծառայութունների գումարի փոխանցման համար մարդիկ պայմանագիր են կնքում, դա նաև որոշակի հարկային պարտավորություն է ենթադրում։ Հիմա ինչո՞վ է Մասիս Մելքոնյանը տարբերվում մեղադրյալ Արմեն Գևորգյանից»,- ասաց Մարինա Պողոսյանը։
Վերջինս հավելեց, որ որ Մարջան Ավետիսյանը պատրաստվում է առաջիկայում հրապարակայնորեն խոսել սրա մասին և մանրամասներ հայտնել։
Tert.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Մասիս Մելքոնյանից, սակայն վերջինս հրաժարվեց։