Դատավոր Ռաֆիկ Խանդանյանը նույնպես դեմ է «լայքերին»

ՀՀ Վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանի վարույթում է գտնվում «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի հայցն՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ այդ կառույցի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին: Երեկ դատական նիստ էր հրավիրվել:

 

Մի փոքր՝ այս հայցի նախապատմությունը: 2015 թվականի մարտի 17-ին ԴԱՀԿԾ աշխատակիցները Աբովյան փողոցի կտորեղենի խանութում բնակվող ընտանիքին վտարելու ժամանակ, ըստ Մարինա Պողոսյանի, բռնության էին ենթարկել 76-ամյա Զինա Գյոլզալյանին, իսկ երբ իրավապաշտպանը փորձել էր խոչընդոտել նրանց, իրեն կողպել էին փակ սենյակում, իսկ ավելի ուշ՝ դուրս շպրտել տարածքից, նրան նետելով բետոնե աստիճանների վրա: Ապրիլի 14 –ին ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ ՀՀ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով: Սակայն մարմնական վնասվածք պատճառելը ՀՔԾ պետի տեղակալը դիտել էր որպես «նուրբ գրկել եւ տեղափոխել։ Գործը կարճվել էր: Վտարման նույն դեպքի ժամանակ, ըստ հայցվորի, ոստիկանության աշխատակիցներն անգործություն էին դրսեւորել, ինչի կապակցությամբ էլ «Վելես»-ի նախագահը դիմել է ՀՀ Վարչական դատարան:

 

Երեկվա նիստում Մարինա Պողոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Սուքիասյանը ինքնաբացարկ հայտնեց դատավորին: Միջնորդության մեջ նա, ի թիվս այլ պնդումների, նշեց, որ հենց Ռաֆիկ Խանդանյանն է քննել Պողոսյանի մեկ այլ հայց՝ ԴԱՀԿԾ աշխատակիցների կողմից նրա նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, եւ գործի քննության արդյունքում մերժել է հայցը: Հետեւաբար, ըստ Սուքիասյանի, ընթացքում գտնվող վարչական գործի քննության ընթացքում նախագահող դատավորը պետք է իրավական դիրքորոշում հայտնի եւ եզրահանգումներ կատարի այնպիսի փաստի վերաբերյալ, որի վերաբերյալ դատավորի դիրքորոշումն արտահայտված է մեկ այլ վարչական գործով կայացված վճռում եւ արդեն հայտնի է: Բնական է, որ վճռում արտահայտված դիրքորոշումը նույն դատավորի կողմից պետք է լինի անփոփոխ:

 

Ի դեպ, նախորդ գործի շրջանակներում, ԴԱՀԿ ապահովող ծառայության ներկայացուցիչը չի հերքել, որ նման ֆիզիկական ուժ գործադրվել է, պարզապես դա փորձել է հիմնավորել, որ ֆիզիկական ուժի գործադրումը եղել է իրավաչափ: «Ես չեմ կարող վստահ լինել, որ գործը քննող դատավորն անկողմնակալ է: Եվ միջնորում եմ՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանին հայտնել ինքնաբացարկ»,-հայտարարեց փաստաբանը: Նիստն ընդհատվեց, դատավորը միջնորդության վերաբերյալ իր որոշումը կհայտնի այսօր:

Դատական նիստի ընթացքում մի հետաքրքիր բան տեղի ունեցավ. Փաստաբան Արթուր Սուքիասյանը միջնորդեց, որ նիստը լուսանկարահանվի եւ հեռարձակվի: Պատասխանող կողմը՝ ոսստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը, առարկեց, ասելով, թե՝ իր լուսանկարը կարող է հայտնվել սոցցանցերում, «լայքվել», անհեթեթ մեկնաբանությունների արժանանալ եւ այլն: Հայցվորը դատավորին հայտնեց, որ նիստին ներկա լրագրողները կարող են անգամ Սոնա Մելիքյանին դեմքը չլուսանկարել: Բացի այդ, ըստ իրավապաշտպանի, Մելիքյանը դատարանում ներկայացնում է ոստիկանությանը շահերը, հանրային գործառույթ է իրականացնում ու հետեւաբար իրավունք չունի արգելելու իրեն լուսանկարահանել: Այդուհանդերձ, 32-ամյա դատավոր Ռաֆիկ Խանդանյանը մերժեց Արթուր Սուքիասյանի՝ լուսանկարահանելու միջնորդությունը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում:

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: