Author: Veles Human Rights NGO

Իրավապաշտպանի հանդեպ հարուցված քրեական գործը կարճվել է iravaban.net

Իրավապաշտպանի հանդեպ հարուցված քրեական գործում չեն հայտնաբերվել խարդախության տարրեր. գործը կարճվել է.

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանն հայտնել է, որ իր հանդեպ խարդախության հատկանիշներով ակնհայտ, անհիմն քրեական գործեր են հարուցվում: Իրավապաշտպանը Օմբուդսմենին հասցեագրված դիմումում դժգոհություններ է հայտնել մասնավորապես իր հանդեպ հարուցված վերջին քրգործից:

Իրավապաշտպանի դիմումի հիման վրա Օմբուդսմենը գրություններ է ուղարկել Դատախազություն և Քննչական կոմիտե:

Այսօր Քննչական կոմիտեից Օմբուդսմենին տեղեկացրել են, որ կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մարինա Պողոսյանի գործողություններում չեն եղել խարդախության տարրեր, և արդյունքում գործի վարույթը կարճվել է:

Օմբուդսմենի տեղակալն այսօր զրուցել է Մարինա Պողոսյանի հետ և տեղեկացրել նրան գործի կարճման մասին:

http://iravaban.net/105340.html

Քննիչ Աղաբաբյանը միայն միլիոնատիրոջն է հավատում 1in.am

ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի գործը  որքան երկար է քննվում դատարանում, այնքան ավելի հետաքրքիր բացահայտումներ են տեղի ունենում: Նախորդ դատական նիստի ժամանակ քննիչ Պարույր Աղաբաբյանը դատարանում գրեթե խոստովանեց, որ իր համար արժանահավատ են միայն մեծահարուստ նախկին պաշտոնյայի ցուցմունքները, իսկ նրա դեմ վկայություն տվող անձանց քննիչը չի հավատացել:

Հիշեցնենք, որ Երիցյանի դեմ բողոք էր ներկայացրել «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը, ով պնդում է, որ Քաղավիացիայի նախկին պետը սուտ մատնություն է կատարել՝ իր մասին կեղծ տեղեկություններ հայտնելով իրավապահներին: Երիցյանը հաղորդում էր ներկայացրել իրավապաշտպանի դեմ՝ նրան մեղադրելով «ղազախական մաֆիայի» անդամ լինելու և շորթում կատարելու մեջ:

Երիցյանի հայտնած տեղեկությունները հերքել էին իր իսկ վկայակոչած անձինք: Նա 4 անձի անուն էր տվել, որոնք իբրև թե պիտի ապացուցեին, որ Մարինա Պողոսյանը սպառնալով ու վախեցնելով փորձել է շորթում կատարել: Վկաները, որոնցից երեքը Երիցյանի մտերիմներն են, հերքել են Երիցյանի կեղծ ցուցմունքները՝ պնդելով, որ իրենք երբեք Մարինա Պողոսյանի մասին նման տեղեկություններ չեն հայտնել նրան:

Վկաները պնդել են իրենց ցուցմունքները նաև Երիցյանի հետ առերես հարցաքննության ժամանակ: Սակայն այդքանից հետո դարձյալ քննիչ Պարույր Աղաբաբյանը նախընտրել է հավատալ նախկին պաշտոնյային: «Եթե այդ 4-ը հերքում են դա, իսկ ինքը (Երիցյանը) պնդում է, չի նշանակում, որ նման բան չի եղել»,- դատարանում իր դիրքորոշումը պնդեց երիտասարդ քննիչը:

Հիշեցնենք, որ Մարինա Պողոսյանը նախորդ դատական նիստին հայտարարել էր, որ քննիչ Աղաբաբյանը հանցագործ է. «Հանցագործության մոտիվները կոնկրետ չեմ կարող ասել՝ կամ նա կաշառք է վերցրել, կամ ունի գիտելիքների պակաս, դա պետք է պարզվի քննությամբ»,- նշել էր «Վելես» ՀԿ-ի նախագահը:

Մարինա Պողոսյանը շարունակում է պնդել, որ Երիցյանը դիտավորությամբ է իր մասին կեղծ տեղեկություններ հայտնել իրավապահներին՝ ցանկանալով ճնշում գործադրել իր նկատմամբ, քանի որ «Վելեսը» իրավաբանական օգնություն է ցուցաբերում նախկին պաշտոնյայից տուժած անձանց, ովքեր պնդում են, որ Հովհաննես Երիցյանը վաշխառությամբ է զբաղվում:

«Մենք բոլոր հիմքերը ներկայացրել ենք քննության ժամանակ, քննիչին բացատրել ենք, թե ինչն է Երիցյանին դրդում սուտ մատնություն կատարել իմ դեմ, սակայն քննիչն անդրդվելի է, նա միայն Երիցյանին է հավատում: Երևի նրա կարողությունը կուրացրել է բոլորին թե քննչական մարմնում, թե դատախազությունում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարինա Պողոսյանը:

Հիշեցնենք, որ քննիչ Պարույր Աղաբաբյանը Երիցյանի դեմ հարուցած քրեական գործը կարճել էր՝ եզրակացնելով, որ նա առանց գիտակցելու է կեղծ տեղեկություններ տրամադրել Պողոսյանի դեմ:

Իրավապաշտպանը բողոքարկել էր կարճման որոշումը: Բողոքը բավարարվել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Այժմ դատախազությունը բողոք է ներկայացրել դատարանի կայացրած որոշման դեմ: Բողոքի քննությունը կշարունակվի Վերաքննիչ քրեական դատարանում նոյեմբերի 3-ին՝ ժամը 13:00-ին:

Հ.Գ. Հովհաննես Երիցյանի հսկայական կարողությանը կանդրադառնանք առաջիկայում:

Սկզբնաղբյուրը`
http://www.1in.am/1758517.html

Լուսանկարում՝ քննիչ Պարույր Աղաբաբյանը

Տոկոսով փող տվողների ընդհանուր կապիտալը Հայաստանում գերազանցում է պետական բյուջեն 1in.am

 

«Երևանից հետո, այսպես կոչված, տոկոսով փող տվողները առավել շատ գործում են Գյումրիում և Վանաձորում,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Վելես» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Մարինա Պողոսյանը:- Խոսքն այստեղ անշուշտ ոչ թե այն մասին է, որ մեկին դրսից փող է գալիս, ու ինքն էլ պարտքով տալիս է հարևանին, այլ կազմակերպված խմբերի կամ ցանցերի մասին է, որոնց կապիտալը Գյումրիում, օրինակ, գերազանցում է մոտավոր հաշվարկներով՝ քաղաքի բյուջեն, իսկ ընդհանուր առմամբ՝ Հայաստանի: Թեև վիճակագրական հստակ տվյալներ չկան, սակայն մոտավոր հաշվարկներով՝ առանց չափազանցելու պետության բյուջեն գերազանցում են երկու անգամ»:

Տիկին Պողոսյանը նշում է, որ երկու տարվա աշխատանքը, որ ծավալել են վաշխառուներից տուժած քաղաքացիների հետ, ցույց է տվել, որ հարցերը հիմնականում չեն լուծվում, իսկ հարուցված գործերն էլ, որպես կանոն, կա՛մ կարճվում են, կա՛մ անհարկի ձգձգվում անհասկանալի պատճառներով:

«Հատկապես Գյումրիում, որտեղ բոլորս էլ գիտենք՝ սոցիալ-տնտեսական վիճակը հանրապետությունում ամենավատն է, և աղետից հետո մարդիկ նույնիսկ այսօր դեռ լիովին չեն կարողացել իրենց կենցաղը կազմակերպել, մենք գործ ունենք աղետից հետո երկրորդ աղետի հետ, երբ մարդիկ, ուղղակի նույնիսկ չգիտակցելով կամ վստահության չարաշահման արդյունքում, գրչի մի հարվածով շինծու գործարքների արդյունքում զրկվում են իրենց տարիների ու տասնամյակների ընթացքում ստեղծած տուն ու տեղից, նույնիսկ տնակից (դոմիկից)»:

Իրավապաշտպանը նշում է, որ հենց Գյումրիում առկա է դեպք, երբ մարդը տոկոսով վերցրել է 1500 դոլար չորս տարի առաջ և այժմ, երբ հաշվում ենք իր վճարած տոկոսները ու դրա պատճառով պարտքերը, պարզվում է, որ ընդհանուր առմամբ վճարումները այս ուղղությամբ կազմում են արդեն 40 հազար դոլար:

«Սա ստվերային բիզնեսների մեջ երևի ամենից շահութաբերն է, որովհետև եթե, ասենք, զենքի վաճառքի կամ թմրաբիզնեսի դեպքում կան որոշակի ռիսկեր, ասենք՝ սահմաններ հատել, մաքսակետերում բացահայտվելու ռիսկեր և այլն, ապա այս դեպքում ռիսկեր գրեթե չկան, մինչդեռ շահույթը գերազանցում է երկու հարյուր տոկոսը: Այնպիսի մեխանիզմներ են ստեղծվել վաշխառուների կողմից, որոնք հետագայում գուցեև դառնան բացահայտումներ ողջ տնտեսագիտության համար: Ու ցավն այն է, որ այդ ցանցում ներգրավված են նաև պաշտոնատար անձինք ոստիկանությունից, քննչական մարմիններից և դատարաններից»,- ամփոփում է իրավապաշտպան Մարինա Պողոսյանը՝ բնակչությանը կոչ անելով զգույշ լինել՝ նման խարդավանքների չտրվելու համար:

Սկզբնաղբյուրը`
http://www.1in.am/1758004.html

 

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի ելույթը Գյումրիում

«Վելես» Իրավապաշտպան Կազմակերպություն 2015թ հոկտեմբերի 30-ին Գյումրիի «Ասպարեզ» ակումբում կազմակերպեց մամլո ասուլիս որտեղ ներկայացրեց Գյումրի քաղաքում վաշխառու Մելադա Սարգսյանի գործնեության արդյունքում տուժած անձանց իրավիճակը: Կազմակերպությունը տրամադրում է իրավաբանական օգնություն: Այցը նաև նպատակ ունի բացահայտել մյուս զոհերին, ովքեր վախենում են պայքարել վաշխառուների դեմ և լռությամբ արդեն հանձնել են կամ պատրաստվում են հանձնել իրենց բնակարանները:

Ասուլիս Գյումրիում ի պաշտպանություն վաշխառուների գործունեություններից տուժածների

Նկարում պատկերված է վաշխառու Մելադա Սարգսյանը

Վաղը, հոկտեմբերի 30-ին, Գյումրիի «Ասպարեզ» ակումբում տեղի կունենա մամլո ասուլիս «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի մասնակցությամբ, ով կներկայացնի Գյումրի քաղաքում վաշխառու Մելադա Սարգսյանի գործնեության արդյունքում տուժած անձանց, կմանրամասնի նրանց  առկա իրավիճակը: Կազմակերպությունը պատրաստվում է տրամադրել  իրավաբանական օգնություն: Այցը նաև նպատակ ունի բացահայտել մյուս զոհերին, ովքեր վախենում են պայքարել վաշխառուների դեմ և լռությամբ արդեն հանձնել են կամ պատրաստվում են հանձնել իրենց բնակարանները:

Ռեպորտաժում ներկայացնում ենք զոհերից մեկին. Թորգոմ Թորոսյանին, ով «Վելես» իրավապաշտպան կազմակերպության շահառուն է և չի պատրաստվում հանձնվել:

Ընդդեմ ԴԱՀԿ-Բանկեր ապօրինությունների

Բոլոր այն քաղաքացիները, ում աշխատավարձը կալանքի տակ է դրված ԴԱՀԿ ծառայության կողմից, կարող են դիմել «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը՝ 08000-13-13 անվճար հեռախոսահամարով: Մենք պատրաստվում ենք խմբակային հայց ներկայացնել դատարան՝ բողոքարկելով ԴԱՀԿ ծառայության գործողությունները: Միացեք մեզ:

 

Էլինար Վարդանյանը փաստաբանների նկատմամբ քրեական գործեր հարուցելու մասին

…մեր երկրում խախտվում են այն մարդկանց իրավունքները, ընդ որում իրենց գործունեության հետ կապված, ովքեր կոչված են պաշտպանելու այլ քաղաքացիների իրավունքները: Այս երևույթը սրվել հատկապես վերջին ամիսներին: 2014թ. զեկույցում մասնավորապես նշվում էր, որ կրկին ԶԼՄ-ներով եղել են բազմաթիվ հրապարակումներ լրագրողների, իրավապաշտպանների և ընդհանրապես քաղաքացիների նկատմամբ պաշտոնատար անձանց կողմից տարբեր տեսակի հակաիրավական արարքներ կատարելու կապակցությամբ, սակայն ոչ բոլոր դեպքերում են դրանք դիտարկվել որպես քրեական գործ հարուցելու առիթ, ինչի հետևանքով այդ դեպքերն ընդհանրապես չեն ուսումնասիրվել: Արվել էր առաջարկ՝ յուրաքանչյուր դեպքում օրենքով սահմանված կարգով քննության առնել և ստուգել մամուլում առկա տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերի վերաբերյալ: Եվ էլի էսպես մատների արաքով խնդրին նայելու արդյունքում, օրինակ, քրեական գործեր են հարուցվել փաստաբանների նկատմամբ՝ ինչ-որ անիմաստ մեղադրանքներով: Քրեական գործ էր հարուցվել Տիգրան Հայրապետյանի նկատմամբ՝ սադրիչ հարցեր տալու համար, որը գոնե կարճվեց, հիմա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի և մեկ այլ փաստաբանի նկատմամբ կա հարուցված քրեական գործ, մեկ այլ գործ կա հարուցված իրավապաշտպան «Վելես» կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի նկատմամբ: Սա շատ վտանգավոր գործընթաց է և իրավունքների պաշտպանության ոլորտում կարող է շատ բացասական և անվերադարձ հետևանքներ ունենալ, էլ չեմ ասում, որ ևս մեկ անգամ կասկածի տակ է դնում համպատասխան կառույցների կողմից հարուցվող և վարվող գործերի որակը և հիմնավորվածությունը…

Էլինար Վարդանյան

Սկզբնաղբյուրը`http://zham.am/am/news/55663.html

«Քննիչը հանցագործ է». իրավապաշտպանի հայտարարությունը հունից հանեց դատավորին

«Ես, գիտակցելով իմ արած հայտարության պատասխանատվությունը, պնդում եմ, որ քննիչ Պարույր Աղաբաբյանը հանցագործ է: Հանցագործության մոտիվները կոնկրետ չեմ կարող ասել, կամ նա կաշառք է վերցրել կամ ունի գիտելիքների պակաս, դա պետք է պարզվի քննությամբ»,- իրավապաշտպան Մարինա Պողոսյանը այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Վերաքննիչ քրեական դատարանում:

Նրա կարծիքով՝ քննիչ Պարույր Աղաբաբյանը վնաս է հասցրել ոչ միայն անձամբ իրեն, այլեւ Հայաստանի Հանրապետությանը: «Նա կոծկել է տնտեսական լուրջ հանցագործություն, որը բացահայտվելու դեպքում ոչ միայն հանցագործները կպատժվեին, այլեւ ՀՀ պետական բյուջեն կհամալրվեր մեծ գումարով»,- նշեց «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը:

Հիշեցնենք, որ խոսքը նախկինում Մաշտոցի պողոտայում գործող գրավատան գործարքի մասին է, որի վերաբերյալ «Առաջին լրատվականը» բացահայտումներ է հրապարակել դեռեւս հունիսին:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանը ոչ միայն ընթացք չտվեց հանցագործության վերաբերյալ իրավապաշտպանի հայտարարությանը, այլեւ բարկացավ՝ հերթական անգամ զգուշացնելով, որ կարող է սանկցիա կիրառել Մարինա Պողոսյանի նկատմամբ:

Ի դեպ, դատավոր Ավետիսյանը նաեւ դեմ էր, որպեսզի նիստին մասնակցող լրագրողները նկարահաներ ընթացքը: Մարինա Պողոսյանի շահերը ներկայացնող փաստաբանները նիստի սկզբում դատարանին միջնորդեցին թույլատրել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տեսանկարահանել նիստը: Դատավոր Ավետիսյանը մերժեց միջնորդությունը նույնիսկ առանց կողմերի կարծիքները լսելու:

Նիստին ներկա քննիչն ու դատախազը դեմ չեն արտահայտվել տեսանկարահանմանը, փաստորեն, լրագրողները միայն դատավոր Ավետիսյանին էին խանգարում:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է դատախազության ներկայացրած բողոքն ընդդեմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման, որով բավարարվել էր Մարինա Պողոսյանի բողոքը: Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 22-ին:

http://www.1in.am/1738684.html

«Երիցյանը քննիչի մոտ առերեսման է ներկայացել զենքով»

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանն այս տարվա հունիսի 30-ին բավարարել էր վաշխառուների դեմ գործունեություն ծավալած «Վելես» հասարակական իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի բողոքը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնի ավագ քննիչ Պարույր Աղաբաբյանի որոշման դեմ: Հիշեցենք, որ քննիչը կարճել էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը, դադարեցրել էր քրեական հետապնդումը: Դատարանը պարտավորեցրել էր այս նույն քննիչին վերականգնել Մարինա Պողոսյանի խախտված իրավունքները:

Սակայն քննիչը դատարանի որոշումը ստանալով՝ ժամանակին չի ներկայացրել դատախազին, գործողություններ չի ձեռնարկել, եւ ըստ իրավապաշտպանի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանի. «Ստացել, տեսել է եւ չի վերսկսել գործի քննությունը»: Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում Մարինա Պողոսյանը եւ նրա ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ինեսսա Պետրոսյանը ներկայացրեցին իրենց առարկություններն ու բացատրությունները: Նրանք գտնում էին, որ առաջին ատյանի որոշումը ենթակա չէ բեկանման, օրինական է եւ հիմնավորված, իսկ դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն էլ միանշանակ պետք է մերժվի: «Հարգելի դատարան, քանի որ ես անցյալ դատական նիստն ավարտվելուց առաջ հայտարարություն արեցի, ուստի հիմնավորեմ այն: Այս մեջբերումները, որոնք կատարում եմ, քննիչի որոշումից են, որոնք վկայում են նրա կողմից հանցավոր անգործության կամ միտումնավոր կատարված հանցագործության մասին:

Նախ, քննիչի, քաղաքացիական ավիացիայի նախկին վարչության պետ Հովհաննես Երիցյանի ներկայացուցիչ պարոն Մարգարյանի, վերահսկող դատախազ պարոն Նալբանդյանի բերած բողոքներում իրենք հաստատված են համարում, որ ես «միջնորդավորված» եմ իմացել: Պարոն Երիցյանը նշել է, որ իբր ես ներկայացել եմ որպես տան առքուվաճառքով զբաղվող անձ, եւ իրենից վերցրել եմ հատակագծի պատճենը, գոնե այս փաստը չի կարող միջնորդավորված լինել: Որովհետեւ նա նշում է մի գործողություն, որը կատարվել է իբր իմ եւ իր մեջ: Այս դեպքում ո՞վ է միջնորդավորված եղել: Քննիչն ուշադրություն չի դարձրել, որ Երիցյանը սուտ է ասել, իբր ես հատակագիծը վերցրել եմ իրենից: Հետագայում, երբ քննիչը գնահատական է տալիս, իբր Երիցյանը միջնորդավորված է ասել, այդ դեպքում պետք է պարզել, քանի որ այս դրվագն ընդհանրապես չի քննվել, թե եթե երկուսով ենք եղել, ապա ով է միջնորդավորվածը»,-ասաց Մ. Պողոսյանը: Թե Ինեսսա Պետրոսյանի, թե Մարինա Պողոսյանի գնահատմամբ, Հովհաննես Երիցյանը սուտ մատնություն է արել, եւ չի ենթարկվել քրեական պատասխանատվության: Այս դեպքը, ըստ իրավապաշտպանի, կարող է դառնալ նախադեպ մանր ու մեծ չինովնիկների համար, որոնք նման մատնությամբ կարող են իրավապաշտպան գործունեություն ծավալող ցանկացած մեկի դեմ հանդես գալ: Ինեսսա Պետրոսյանը հղում կատարեց կարճված քրեական գործով հանդես եկած վկաների ցուցմունքներին. «Մարինա Պողոսյանը ոչ սպառնացել է, ոչ բռնություն կիրառել, ոչ էլ կատարել է այլ գործողություններ, ինչի մասին ցուցմունք էր տվել Հովհաննես Երիցյանը: Նույն Հովհաննես Երիցյանն իր ցուցմունքներում անընդհատ մատնանշել է այն անձանց, որոնք առերեսվել են իր հետ, եւ իր մատնանշած ցուցմունքները հերքել: Դա Երիցյանի ուղղակի սուտ ասելու եւ Մարինա Պողոսյանի դեմ փորձելով ինչ-որ քրեական հետապնդումներ իրականացնելու շարժառիթն է եղել»: Ճանաչված փաստաբանն ուշադրություն դարձրեց «սուտ մատնություն» հանցակազմին:

Ըստ նրա, տվյալ գործով, Երիցյանի կողմից նախաքննության մարմնին Մ. Պողոսյանի կողմից «հանցագործության մասին» հայտնելիս Երիցյանը գիտակցել է իր հայտնած տեղեկության սուտ լինելու մասին. «Նախաքննության ընթացքում թե վկաներ Վ.Գինոսյանը, թե Բ.Պողոսյանը ինչպես իրենց ցուցմունքներում, այնպես էլ առերես հարցաքննության ժամանակ հերքել են Երիցյանի կողմից ասված տեղեկությունները: Այսինքն, եթե վարույթ իրականացնող մարմինը գրում է, որ նա միջնորդավորված տեղեկություններ է հայտնել, դա սուտ է: Այդ անձինք հերքել են, թե տեղեկություն են տվել Երիցյանին»: Նշենք, որ քննիչը իր որոշման մեջ նշել էր, թե Երիցյանը չի կարող ենթարկվել սուտ մատնության համար քրեական պատասխանատվության, որովհետեւ նրա ասած տեղեկությունները միջնորդավորված են եղել: «Ոչ, նա ակնհայտ գնացել եւ սուտ մատնություն է կատարել անձի դեմ»,- ասաց Ի. Պետրոսյանը: Իրավապաշտպանի ներկայացուցիչն անդրադարձավ նաեւ Երիցյանի ներկայացուցիչ պարոն Մարգարյանի բողոքին: Վերջինը նշել էր, որ բողոքն անհիմն էր, քանի որ դրա պահանջը քրեական գործով վարույթը կարճելու մասին քննիչի որոշման վերացումը հանդիսանում է դատախազի բացառիկ լիազորությունը եւ դատարանն իրավասու չէ բավարարել նման պահանջը: Ի. Պետրոսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ առաջին ատյանի դատարանն արձանագրել է Մ. Պողոսյանի իրավունքի խախտումը: «Հետեւապես, բողոքաբերի այն փաստարկը, թե որոշումը վերացնելու բացառիկ իրավասությունը պատկանում է դատախազին, սույն գործի քննության հետ կապ չունի»,- ասաց Ի. Պետրոսյանը: Մ. Պողոսյանի ներկայացուցիչը նշեց, որ երբ Մարինա Պողոսյանը ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ «Վելեսի» ծավալած գործունեության շրջանակներում Հովհաննես Երիցյանը որպես վաշխառու ակնհայտ սուտ մատնություն է կատարել վեցերորդ վարչությունում, մեղադրելով իրավապաշտպանին շորթում կատարելու մեջ: Քննչական կոմիտեում ստացվել է այդ հաղորդումը, բացատրություն է տվել Մ. Պողոսյանը հետաքննիչի մոտ, Մարաշի բաժանմունքում: Պողոսյանին հաղորդվել է, որ իր հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը ստացվել են: Սակայն որեւէ տեղեկատվություն չկա, թե Մարինա Պողոսյանի գործով որեւէ քննչական գործողություն հետագայում կատարվել է: Նշվեց, մի շարք խախտումների մասին էլ: Ըստ Ի.Պետրոսյանի, Մ. Պողոսյանը պետք է ճանաչվեր տուժող: «Հովհաննես Երիցյանն ինչ ուզել՝ արել է ողջ նախաքննության ընթացքում: Առերես հարցաքննությունը չի էլ փակվել, արձանագրությունը մնացել է անավարտ, Մ. Պողոսյանը բազմիցս նշել է, որ Երիցյանը եկել է հարցաքննության զենքով, զենքը դրել է սեղանին, եւ ըստ էության, ինքն է թելադրել հարցաքննության պայմանները: Եվ վարույթն իրականացնող մարմինը փոխանակ զեկուցագիր գրեր այդ կապակցությամբ, ուղղակի անավարտ է թողել այդ քննչական գործողությունը»,- ավարտելով իր խոսքը՝ ասաց Ի. Պետրոսյանը: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ «Առավոտ» օրաթերթ 23.10..2015

«Երիցյանը քննիչի մոտ առերեսման է ներկայացել զենքով»

 

Օսիպովի որդու դեմ ցուցմունք տալու համար Երեւան է ժամանել նաեւ երկրորդ ռուս գործարարը

Այս օրերին Հայաստանում է ՀԽՍՀ նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպովի որդու գործողություններից մեծ վնաս կրած երեք ռուս գործընկերներից եւս մեկը՝ Դմիտրի Կոտովը: Նա այսօր Քննչական կոմիտեում ցուցմունք է տալու Օսիպովի որդի Վիկտոր Տեր-Հովսեփյանի կողմից կատարված խարդախությունների վերաբերյալ:

Այս մասին մեզ հայտնեց օտարերկրյա գործարարների շահերը Հայաստանում ներկայացնող «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը: Հիշեցնենք, որ Հայաստանում է գործարարներից եւս մեկը՝ Ալեքսեյ Կորապենովը: Օրեր առաջ Armtimes.com-ի հետ զրույցում նա ասել էր, որ Կոտովին խնդրելու է գալ եւ ցուցմունք տալ, չնայած վերջինս նույնպես ցանկանում է դա անել:

ՀՀ Քննչական կոմիտեի Կենտրոնի բաժնում օտարերկրյա ներդրողներին խարդախության զոհ դարձնելու դեպքերի առիթով հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու փաստի առթիվ (ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Հիշեցնենք, որ Հայաստանում մեծ գումարներ ներդրած ռուս գործարարներ Ալեքսեյ Կորեպանովը, Դմիտրի Աֆոնինը եւ Դմիտրի Կոտովը փորձում են իրավական պատասխանատվության ենթարկել Վիկտոր Տեր-Հովսեփյանին, պնդելով, որ նա իրենցից յուրացրել է 5 միլիոն դոլարի չափով գումար:

Կորեպանովը եւ Կոտովը Հայաստանից մթերք են արտահանում Եվրոպա, իսկ Աֆոնինը բժշկական կենտրոնների ցանց ունի: Նրանք ցանկացել են բազմաբնակարան շենք կառուցել Երեւանում եւ դարձել են խարդախության զոհ: Վիկտոր Տեր-Հովսեփյանը Կորեպանովին համոզել էր բիզնես սկսել Հայաստանում՝ վստահեցնելով, թե իբր իր մայրը Երեւանի Արամի փողոցի 38 հասցեում գտնվող տան եւ հողամասի սեփականատերն է, եւ Կորեպանովին առաջարկել էր գումար ներդնել այդ տարածքում բարձրահարկ շենք կառուցելու համար: Կորեպանովի առաջարկով՝ ներդրումներ են կատարել նաեւ Աֆոնինն ու Կոտովը:

Սակայն հետո պարզվել էր, որ Լյուբով Փիլոյանին «պատկանող» անշարժ գույքի սեփականության իրավունքը վիճարկվում է դատարանում: Իսկ ավելի ուշ պարզվել էր, որ հողամասը իրականում չի էլ պատկանում Վիկտորի մորը:

Ցուցմունք տալու նխատակով ավելի ուշ Երեւան կժամանի նաեւ Դմիտրի Աֆոնինը: Վիկտոր Տեր-Հովսեփյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել: Սակայն մեղավոր ճանաչվելու եւ դատապարտվելու դեպքում նրան սպառնում է 4-8 տարի ազատազրկում:

Սկզբնաղբյուրը`http://armtimes.com/hy/article/72336

Երիցյանն անպատժելի՞ է

«Վելես» հասարակական կազմակերպությունը տարեսկզբին դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն` խնդրելով չհովանավորել վաշխառուներին: Խոսքը, մասնավորապես, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի և նրա մտերիմների մասին էր:

Դատախազության գործելաոճը, սակայն, նույնն է մնացել: «Բացահայտ հովանավորչությունը շարունակվում է: Երիցյանն արտոնյալի կարգավիճակում է, նրա դեմ հարուցված ցանկացած քրեական գործ կարճվում է»,- մեզ հետ զրույցում ասաց «Վելես» հ/կ-ի նախագահ Մարինա Պողոսյանը:

Վերջինս թեև պաշտպանում է Երիցյանից տուժած քաղաքացիների շահերը, սակայն ինքն էր հայտնվել տուժողների շարքում: Նախկին պաշտոնյան կարողացել էր կեղծ տեղեկությունների միջոցով «գործ սարքել» իրավապաշտպանի դեմ:

Հովհաննես Երիցյանը քննչական մարմիններին հայտնել էր, թե Մարինա Պողոսյանը «ղազախական մաֆիայի» անդամ է, սպառնում է մարդկանց, թե կառևանգի նրանց երեխաներին, վրաերթի կենթարկի ծնողներին, և այլն: Այս անհավանական թվացող «փաստերի» հիման վրա հարուցվել էր քրեական գործ: Մարինա Պողոսյանն 8 ամիս մասնակցել է իր դեմ հարուցված գործի քննությանը:

Պողոսյանի անմեղությունն ապացուցվել էր հենց Երիցյանի մտերիմների ցուցմունքների հիման վրա, քանի որ վերջիններս քննչական մարմին հայտնել են, որ Երիցյանի մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը: Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել էր:

Այս ընթացքում «Վելես» հ/կ-ի նախագահը ևս դիմել էր քննչական մարմին՝ հայտնելով, որ Երիցյանը սուտ մատնություն է կատարել իր դեմ՝ ցանկանալով վախեցնել ու ճնշել իրեն: Հարուցվել էր քրեական գործը, որը կարճ ժամանակ անց կարճվել էր:

Իրավապաշտպանը բողոքարկել էր կարճման որոշումը, և այս տարվա հուլիսի 29-ին Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր նրա բողոքը: Թվում էր, թե գործը հետ կվերադառնա նախաքննություն, և Երիցյանը պատասխանատվության կենթարկվի իր հայտնած կեղծ տեղեկությունների համար, սակայն. «Դատախազության համար անընդունելի է այն միտքը, որ իրենց հովանավորչության տակ գտնվող Երիցյանը կարող է պատժվել: Նրանք բողոքարկել են դատարանի որոշումը, և մենք վստահ ենք, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի կոծկեն այս գործը»:

Հաշվի առնելով Երիցյանը ֆինանսական հնարավորությունն ու տարատեսակ իշխանական կապերը՝ իրավապաշտպանը մտավախություն ունի, որ Վերաքննիչ դատարանի որոշումը կլինի ի օգուտ Երիցյանի: «Ես հուսով եմ, որ դատավորը կկարողանա դիմակայել Դատախազության ճնշմանը և օբյեկտիվ որոշում կայացնել՝ գիտակցելով, իր որոշման հետևանքները»,- ասում է «Վելես» հ/կ-ի նախագահը:

Դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 22-ին:

Երիցյանն անպատժելի՞ է

 

Հայհոյող Երիցյանն ու Հայաստանի միջազգային հեղինակությունը

«Այ անասունի մեկը, ես քո մաման հատ-հատ…, ես քո մաման էլ եմ…, քեզ սովորեցնողի մաման էլ…»,- ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանը փորձում է իրագործել անցած տարի հնչեցրած իր սպառնալիքները: Նախկին պաշտոնյան փորձում է ճնշել ու լռեցնել ոչ միայն իրենից տուժած քաղաքացիներին, այլեւ նրանց շահերը ներկայացնող «Վելես» հասարակական կազմակերպությանը: Կազմակերպությունն իրավական աջակցություն է ցուցաբերում վաշխառության եւ խարդախության զոհ դարձած ընտանիքներին:

ՀԿ-ին դիմած երկու ընտանիք օգնություն են խնդրել, քանի որ Հովհաննես Երիցյանի հետ գործարք կնքելու արդյունքում հայտնվել են փողոցում: Անցյալ տարի «Վելես» ՀԿ-ի ջանքերով ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործեր են հարուցվել նախկին պաշտոնյայի դեմ: Երիցյանն էլ իր հերթին փորձել է գործ սարքել ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանի դեմ: Նա հաղորդում է տվել հանցագործության մասին՝ Պողոսյանին մեղադրելով մի շարք հանցագործությունների մեջ: Պատկերացնելու համար, թե Երիցյանի ներկայացրած մեղադրանքները որքան ֆանտաստիկ են եղել, բավական է նշել միայն, որ նա իրավապաշտպան Մարինա Պողոսյանին մեղադրում էր «ղազախական մաֆիա»-ի անդամ լինելու մեջ: Այնուամենայնիվ, քաղավիացիայի նախկին պետին հաջողվել էր հասնել նրան, որ Պողոսյանի դեմ քրեական գործ հարուցվի:

8 ամիս տեւած քննության ժամանակ բոլոր վկաները հերքել էին Երիցյանի հայտնած տեղեկությունները՝ ապացուցելով, որ նախկին պաշտոնյան իրականում կեղծ ու մտացածին փաստեր է հայտնել իրավապահներին: Իսկ Մարինա Պողոսյանը դիմել էր ոստիկանություն՝ տեղեկացնելով, որ Հովհաննես Երիցյանն իր դեմ սուտ մատնություն է կատարել՝ դիտավորյալ կեղծ տեղեկություններ հայտնելով: «Կարծում եմ, որ այսօր արդեն բոլորի համար ակնհայտ է, որ Երիցյանը դիտմամբ էր այդ կեղծ տեղեկությունները հայտնել՝ հույս ունենալով, որ իմ դեմ քրեական գործ հարուցելուց հետո ես կվախենամ ու կլռեմ: Բայց ես ոչ միայն չեմ լռում, այլեւ պահանջում եմ, որ նա պատասխանատվության ենթարկվի իր կատարած սուտ մատնության համար»,- մեզ հետ զրույցում ասաց «Վելես» ՀԿ-ի նախագահը:

Սուտ մատնության գործով անցյալ տարի հարուցվել էր քրեական գործ, սակայն Երիցյանը պատասխանատվության չի ենթարկվել. գործի քննությունն ընդամենը մեկ ամիս է տեւել: Քննիչը կարճել էր քրեական գործի վարույթը՝ եզրակացնելով, թե իբր Հովհաննես Երիցյանը չի գիտակցել, որ Մարինա Պողոսյանի վերաբերյալ իր հայտնած տեղեկությունները կեղծ են: «Ութ ամիս շարունակ Երիցյանը պնդել է, որ ես հանցագործ եմ, որ պիտի անպայման դատվեմ, իսկ քննիչը եզրակացնում է, որ նա չի գիտակցել: Մարդ կարող է չգիտակցված մեկ կամ երկու անգամ կեղծ տեղեկություն հայտնել, բայց նա պնդել է իր ցուցմունքները քննության ողջ ընթացքում: Եվ քննիչն այստեղ դիտավորություն չի տեսել»,- նշում է Մարինա Պողոսյանը: Նա վստահ է՝ քննիչը պարզապես կոծկել է Երիցյանի կատարած հանցագործությունը: Իրավապաշտպանը քրեական գործի կարճման որոշումը բողոքարկել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Դատարանը բավարարել էր բողոքը՝ հաստատելով, որ քննչական մարմինն օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն չի իրագործել:

Դատախազությունը դժգոհ է մնացել այս որոշումից եւ բողոքարկել է այն: Բողոքը քննվելու է հոկտեմբերի 22-ին վերաքննիչ քրեական դատարանում: «Ես հուսով եմ, որ դատավոր Գագիկ Ավետիսյանը գիտակցում է, որ այս գործն ազդելու է Հայաստանի միջազգային հեղինակության վրա: Եթե Հովհաննես Երիցյանը մնա անպատիժ, կստացվի, որ Հայաստանում օրինականացվում են իրավապաշտպանի նկատմամբ ճնշումները: Ցանկացած մեկը կարող է սուտ մատնություն կատարել, եւ հետո քննիչը կգրի, որ նա չի գիտակցել, ու գործը կփակեն»,- նշում է Մարինա Պողոսյանը: Ի դեպ, Պողոսյանի դեմ ճնշումներն այսքանով չեն սահմանափակվում: Քննչական կոմիտեում մեկ այլ քրեական գործ են նախապատրաստել նրա դեմ: Հայաստանում մարդու իրավունքներով զբաղվող տասնյակ հասարակական կազմակերպությունները, մտահոգ լինելով իրավապաշտպանի նկատմամբ շարունակական բնույթ կրող հետապնդումներով, անցյալ շաբաթ հանդես եկան հայտարարությամբ՝ իշխանություններից պահանջելով չխոչընդոտել իրավապաշտպանների գործունեությանը: Պողոսյանի դեմ իրականացվող ճնշումների վերաբերյալ բարձրաձայնվել է նաեւ Ազգային ժողովում: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց էր ուղղել մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ փորձելով պարզել, թե նա ինչ վերաբերմունք ունի իրավապաշտպանների նկատմամբ հարուցվող քրեական գործերի նկատմամբ: «Խնդրին ծանոթ ենք, հետեւում ենք, իմ աշխատակազմի ղեկավարի տեղակալը հանդիպել է տիկին Պողոսյանի հետ, ունեցել է զրույց: Սպասում ենք, թե ինչ խնդիրներ է նա մեր առջեւ դնելու: Նա մեր ուշադրության կենտրոնում է»,- նշել է Անդրեասյանը: Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ Նյութի աղբյուրը ` hraparak.am

Արթուր Սուքիասյան. Հովհաննես Երիցյանը սանիկը սուտ հայտարարություն է արել Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

 

Արթուր Սուքիասյանի կարծիքով՝ խախտվել է Գայանե Թումասյանի սեփականության իրավունքը Ավան եւ Նոր-Նորք համայնքների  ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Հարությունյանի նախագահությամբ շարունակվում էր քննվել ՀՀ քաղ. ավիացիայի  վարչության նախկին  պետ Հովհաննես Երիցյանի գործողություններից տուժած եւ իր սեփականությունից զրկված Գայանե Թումասյանի բողոքը ընդդեմ Ավան եւ Նոր-Նորք համայնքների քննչական կոմիտեի քննիչ  Սպարտակ Պողոսյանի կայացրած  թիվ 17112714 քր. գործի  կարճման որոշման: Դատական նիստի ընթացքում Գայանե Թումասյանի պաշտպան Արթուր Սուքիասյանը ներկայացրեց բողոքը: Նա նշեց, որ Լուսաբեկ Սամվելյանը եւ Գայանե Թումասյանը ամուսնացել են 1974 թվականին եւ համատեղ կյանքի ընթացքում գնել են առանձնատուն Արմավիրի մարզի Փարաքար գյուղում:

Այնուհետեւ Լուսաբեկ Սամվելյանը փոխառությամբ գումարներ է վերցրել Միջազգային բիզնես կենտրոն համատեղ ձեռնարկությունից, եւ առանձնատան սեփականության իրավունքը փոխանցվել է կազմակերպությանը՝ պայմանով, որ պարտքի գումարը վերադարձնելու պահին առանձնատան նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվի Գայանե Թումասյանին եւ Լուսաբեկ Սամվելյանին: 2008 թվականին Լուսաբեկ Սամվելյանը զբաղվել է շինարարությամբ, եւ վերջինիս մոտ առաջացել են ֆինանսական խնդիրներ, այդ ժամանակ Արտակ Մարտիրոսյանի միջոցով նա ծանոթացել է Վահե Վարդանյանի հետ, վերջինից էլ Լուսաբեկ Սամվելյանը 10 տոկոս տոկոսադրույքով գումար է վերցրել, որի տոկոսները սկզբնական շրջանում կարողացել է վճարել, իսկ որոշ ժամանակ անց ֆինանսական խնդիրներ են առաջացել, եւ նա չի կարողացել վճարել:

Այդ ժամանակ Վահե Վարդանյանի միջոցով Լուսաբեկ Սարիբեկյանը ծանոթացել է նրա կնքահայր Հովհաննես Երիցյանի հետ, վերջինս էլ առաջարկել է փոխառությամբ տրամադրել մեծ գումար եւ որպես պարտքի վերադարձման երաշխիք պահանջելով առանձնատունը: Արթուր Սուքիասյանը նշեց, որ Լուսաբեկ Սամվելյանը համաձայնել է միայն առանձնատան իր բաժնեմասի մասով, եւ Հովհաննես Երիցյանին հայտնել է, որ կինը չի համաձայնի գործարքին: «2009 թվականի հոկտեմբերի 26-ին Վահե Վարդանյանի եւ Լուսաբեկ Սամվելյանի միջեւ կնքվել է նպատակային փոխառության պայմանագիր, որի համաձայն Վահե Վարդանյանը եւ Լուսաբեկ Սամվելյանին տրամադրել է 156 միլիոն դրամ, որպես փոխառության պայմանագրի նպատակ պայմանագրում նշվել է, որ Լուսաբեկ Սամվելյանը գումարը վերցրել է առանձնատունը վաճառելու նպատակով: Նպատակային փոխառության պայմանագրով հստակ երեւում է, որ փոխառությունով տրամադրվող գումարի եւ առանձնատան առուվաճառքի միջեւ գոյություն ունեցող կապը, մասնավորապես՝ այն, որ իրականում ոչ թե տեղի է ունեցել առանձնատան առուվաճառք, այլ որ առանձնատունը փոխանցվել է

Հովհաննես Երիցյանին որպես փոխառության պայմանագրով ստանձնած պարտականության կատարման երաշխիք: Այսինքն՝ առանձնատան եւ այնտեղ գտնվող գույքի արժեքը Հովհաննես Երիցյանը չի վճարել»,- ասաց նա: Արթուր Սուքիասյանը հավելեց, որ նույն  օրը Լուսաբեկ Սամվելյանը Վահե Վարդանյանին տվել է լիազորագիր, որով նա կարող է Միջազգային բիզնես կենտրոն համատեղ ձեռնարկատիրությունից գնել եւ վաճառել առանձնատունը: Օրեր անց Միջազգային բիզնես կենտրոն համատեղ ձեռնարկատիրության եւ Լուսաբեկ Սամվելյանի միջեւ կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, իսկ նոյեմբերի 6-ին կնքվել է մեկ այլ առուվաճառքի պայմանագիր այս անգամ Լուսաբեկ Սամվելյանի եւ Հովհաննես Երիցյանի միջեւ: Գործարքում որպես Լուսաբեկ Սամվելյանի ներկայացուցիչ հանդես է եկել Վահե Վարդանյանը. «Վահե Վարդանյանը քաջ տեղյակ լինելով առանձնատան ձեռքբերման գործընթացից, մասնավորապես՝ իմանալով, որ առանձնատունը ձեռք է բերվել Լուսաբեկ Սամվելյանի եւ Գայանե Թումասյանի համատեղ ամուսնության ընթացքում եւ հանդիսանում է նրանց համատեղ սեփականությունը նոտարական գրասենյակում սուտ հայտարարություն է տվել այն մասին, թե Լուսաբեկ Սամվելյանը ամուսնացած չէ»: Փաստաբանը ընդգծեց, որ Գայանե Թումասյանը զրկվել է իր գույքից եւ գույքը վաճառելու համաձայնություն չի տվել, այսինքն՝ խախտվել է սեփականության իրավունքը: Անդրադառնալով քննիչի սխալներին՝ Արթուր Սուքիասյանն ասաց, որ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որը սահմանել է գործողությունների շրջանակ, որը պետք է վարույթ իրականացնող մարմինը կատարեր, սակայն այդ գործողություններից ոչ մեկը չի կատարվել: Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/10/09/617365/

© 1998 – 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Մարինա Պողոսյան. Քննիչը մի ամբողջ արդարադատության մարմնի վիրավորեց՝ ասելով ձեւական գործարք aravot.am

 

«Եթե Գայանե Թումասյանը ունենար տուժողի կարգավիճակ, այդ դեպքում բացարկը չէր անտեսվի» Ավան եւ Նոր-Նորք համայնքների  ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Հարությունյանի նախագահությամբ շարունակվում էր քննվել ՀՀ քաղ. ավիացիայի  վարչության նախկին  պետ Հովհաննես Երիցյանի գործողություններից տուժած եւ իր սեփականությունից զրկված Գայանե Թումասյանի բողոքը ընդդեմ Ավան եւ Նոր-Նորք համայնքների քննչական կոմիտեի քննիչ  Սպարտակ Պողոսյանի կայացրած  թիվ 17112714 քր. գործի  կարճման որոշման: Դատական նիստի ընթացքում քննիչ

Սպարտակ Պողոսյանը ներկայացրեց իր դիրքորոշումը: Նա նշեց, որ կատարվել է օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն, մասնավորապես՝ կատարվել է Ավան եւ Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը. «Դատաքննությամբ հիմնավորվել է, որ Լուսաբեկ Սամվելյանի եւ Հովհաննես Երիցյանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի տունը Լուսաբեկ Սամվելյանը 156 միլիոն դրամով առքուվաճառքի պայմանագրով վաճառելու է Հովհաննես Երիցյանին»: Նա հայտարարեց, որ նպատակային փոխառության պայմանագիրը կրել է ձեւական բնույթ, քանի որ այդ ժամանակահատվածում առանձնատունը եղել է գրավադրված, իսկ այն գրավից հանելու համար Լուսաբեկ Սամվելյանը չի ունեցել 34 միլիոն դրամը, իսկ Վահե Վարդանյանը, գումարը վճարելով, հանել է առանձնատունը գրավից: Դրանից հետո է միայն Վահե Վարդանյանը Լուսաբեկ Սամվելյանի տված լիազորագրով վաճառել առանձնատունը Հովհաննես Երիցյանին, իսկ փոխառության պայմանագիրը կնքել է որպես երաշխիք:

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, Գայանե Թումասյանի ներկայացուցիչ Մարինա Պողոսյանը հետաքրքրվեց, թե ինչ է նշանակում նոտարի մոտ ստորագրված փաստաթուղթը կրել է ձեւական բնույթ արտահայտությունը. «Այսինքն՝ մենք կարող ենք հասկանալ, որ Հայաստանի Հանրապետության նոտարները կրում են ձեւական բնույթի գործարքներ: Եթե մի գործարքը եղել է ձեւական բնույթի, այսինքն՝ ինչպե՞ս է Սպարտակ Պողոսյանը որոշել նպատակային փոխառությունն էր ձեւակա՞ն, թե՞ առքուվաճառքը, որն իրեն ձեռք է տալիս դա է որոշե՞լ: Եթե ընդհանրապես մենք կարող ենք պատկերացնել, որ նոտարական կնքված որեւէ գործարք ձեւական բնույթ է կրում, ես չեմ պատկերացնում, որ դատարանում կարելի է նման բան բարձրաձայնել: Այսինքն՝ նոտարն է իր տեղում չէ, ի՞նչ է նշանակում ձեւական բնույթ, եթե ձեւական է, ես անում եմ հետեւություն, որ առքուվաճառքն էլ ձեւական: Ո՞րն է փաստը, որ առքուվաճառքը իրական է, փոխառությունը՝ ձեւական է»:

Դատավոր Հարությունյանը այս հարցը անթույլատրելի համարեց: Մարինա Պողոսյանը չպնդեց իր հարցը: Նա նշեց, որ եթե Գայանե Թումասյանը տուժողի կարգավիճակ ստանար, ապա հնարավորություն կունենար որոշ առերես հարցաքննությունների համար միջնորդություն ներկայացնել. «Մենք կոնկրետ դիտարկում ենք սա, որ կեղծ փաստաթղթի միջոցով, այսինքն՝ փաստաթղթային կեղծիքը նպատակ չէ, ընդամենը միջոց է՝ խարդախությամբ այլ անձի գույքին տիրանալու, իսկ քանի որ Գայանե Թումասյանը ընդհանրապես կարգավիճակ չի ունեցել, ու եթե բացարկ հայտներ, վստահ եղեք մենք այսօր այս դատարանում չէինք լինի. գործը օբյեկտիվ եւ բազմակողմանի կքննվեր: Որովհետեւ Սպարտակ Պողոսյանը, ես փորձում եմ կոռեկտ գտնվել, բայց ասում եմ այն, ինչ որ կա, չի կատարել քննություն, կատարել է փաստահավաք: Այսօր ինքը իր առարկությունների մեջ թվեց, թե ինչ փաստաթղթեր կան գործում, մենք բոլորս դա գիտենք, պետք չէ մեր ժամանակը խլել կրկնել: Բայց թե ինչո՞ւ են այդ փաստաթղթերը կազմվել, մենք այդ պատասխանը չստացանք»: Մարինա Պողոսյանը հայտնեց, որ իրենք 2015 թվականի փետրվարին բացարկ են ներկայացրել, սակայն մինչեւ այսօր անպատասխան է մնացել. «Եթե Գայանե Թումասյանը ունենար տուժողի կարգավիճակ, այդ դեպքում բացարկը չէր անտեսվի»:

Ըստ նրա՝ տալով Գայանե Թումասյանին վկայի կարգավիճակ քննիչը միացել է Հովհաննես Երիցյանին եւ արդյունքում Թումասյանը փողոցում է հայտնվել. «Փողոցում է բառիս բուն իմաստով ապրում՝ առանց վաճառելու, առանց գումար ստանալու: Ի՞նչ քննության մասին է խոսքը, երբ քննությունը միայն մի բան է պարզել՝ ձեւական պայմանագիր նոտարական: Եթե մի բան ձեւական է ինչո՞ւ ենք պետտուրք վճարում պետությանը, երեւի թե իրեն է պետք տուժող ճանաչել»: Դատավոր Հարությունյանը Մարինա Պողոսյանին նախազգուշացրեց, ի պատասխան Մարինա Պողոսյանը պատրաստակամություն հայտնեց իր միտքն արտահայտելուց հետո լքել դահլիճը. «Մենք բոլորս մեր տներում ենք քնում, Գայանե Թումասյանը փողոցում է հայտնվել այսպիսի քննիչների պատճառով»: Դատավորը պատասխանեց, որ Գայանե Թումասյանի նկատմամբ սրտացավությունը իրավունք չի տալից վիրավորել դատավարության մյուս կողմին, Մարինա Պողոսյանը պատասխանեց, որ ինքը չի վիրավորում, դատավոր Հարությունյանն էլ ասաց, որ դա ակնհայտ վիրավորանք է: «Հարգելի՛ դատարան, եթե ես վիրավորել եմ ներողություն եմ խնդրում, բայց կարծում եմ պարոն Սպարտակ Պողոսյանը մի ամբողջ արդարադատության մարմնի վիրավորեց՝ ասելով ձեւական գործարք: Ես կարող եմ արդարադատության նախարարություն հարցում կատարել, թե նոտարական գրասենյակը ձեւական գործարք չի կրում, դա էլ կոռեկտության մեջ չէ»,- ասաց Մարինա Պողոսյանը: Նա հավելեց. «Այստեղ սրտացավության խնդիրը չէ, եթե քննիչը, դատավորը, իրավապաշտպանը՝ մենք բոլորս ապրում ենք ապահով, երեք տարին ոչինչ է, երեք տարին 900 օրից ավել է, երբ մարդ բաց երկնքի տակ է անցկացնում: Երեւի թե Դուք դա պետք է հասկանաք, քննիչը գործը քննեց կգնա իր փափուկ անկողնում կքնի, այս տիկինը մնացել է փողոցում, այստեղ սրտացավություն չէ, մենք բոլորս մարդ ենք: Տեսնենք քննիչը կարո՞ղ է 900 օր դրսում ապրել»: Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/10/09/617384/

 

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.