Author: Veles Human Rights NGO

Հովհաննես Երիցյանը պետք է ներկայանա դատարան 1in.am

 

ՀՀ քաղաքացիական վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանը պետք է հունիսի 30-ին ներկայանա Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը պետք է պարզի, թե արդյոք Երիցյանը չի՞ գիտակցել, որ սուտ մատնություն է անում «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի դեմ:

Հիշեցնենք, որ Կենտրոնի քննիչ Պարույր Աղաբաբյանը եկել է այն եզրակացության, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանը չի գիտակցում սեփական արարքների նշանակությունը, իսկ Մարինա Պողոսյանը պնդում է, որ նախկին պաշտոնյան գիտակցաբար է սուտ մատնություն կատարել, որպեսզի քրեական գործ հարուցեն իր դեմ:

«Մեր կազմակերպությունը զբաղվում է վաշխառության և խարդախության դեմ պայքարով: Այս դահլիճում կան մարդիկ, ովքեր տուժել են Հովհաննես Երիցյանից, մեր կազմակերպության շնորհիվ նրանք համախմբվել են և սկսել են պայքարել իրենց իրավունքների համար, այդ պատճառով էլ Հովհաննես Երիցյանը դիմել է նման քայլի, որպեսզի լռեցնի մեզ»,- դատարանում հայտարարեց «Վելես» կազմակերպության նախագահը:

Հովհաննես Երիցյանը նախորդ տարի դիմել էր ոստիկանություն՝ Մարինա Պողոսյանին մեղադրելով շորթում կատարելու մեջ: Քննությունը պարզել էր, որ իրականում շորթում տեղի չի ունեցել, սակայն նախկին պաշտոնյան պատասխանատվության չի ենթարկվել սուտ մատնության համար, քրեական գործի վարույթը կարճվել էր: Իրավապաշտպանը բողոքարկում է կարճման որոշումը դատարանում:

Մարինա Պողոսյանի շահերը ներկայացնող փաստաբան Ինեսա Պետրոսյանը երեկ դատարանին միջնորդեց վկայակոչել Հովհաննես Երիցյանին՝ պարզելու համար, թե նա ինչու է ակնհայտ կեղծ տեղեկություններ հայտնել նախաքննական մարմնին:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարեց միջնորդությունը՝ նշելով, որ դատարանը սեփական նախաձեռնությամբ պատրաստվում էր վկայակոչել Երիցյանին:

Դատական նիստին ներկա չէին գործը քննած քննիչն ու վերահսկող դատախազը, ում «Վելես» ՀԿ-ի նախագահը մեղադրում է հանցագործության մեջ: «Նրանք կա՛մ անգրագետ են, կա՛մ հանցագործ: Ես չեմ պատկերացնում, որ քննիչը չի հասկացել, թե Երիցյանը ինչպիսի շահագրգռվածություն է ունեցել: Ակնհայտ է, որ այս գործը ձգվել է 8 ամիս, որպեսզի ինձ վրա ճնշումը երկարի»,- հայտարարեց Մարինա Պողոսյանը:

Հեղինակ՝ Արման Ղարիբյան
Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/1640136.html

 

«Հովհաննես Երիցյանը առերեսումներին ներկայացել է զենքով եւ նախագահի նկարով». Մարինա Պողոսյան aravot.am

 

datavor-armen-bektashyan
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ հունիսի 5-ին շարունակվում էր «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի բողոքի քննությունն ընդդեմ Կենտրոնի քննչական վարչության քննիչ Պարույր Աղաբաբյանի կայացրած որոշման:
Քաղաքական Իրավական լուրեր Հասարակություն Երեվանից դուրս Մշակույթ Կրթություն Սպորտ Տնտեսական լուրեր Մամուլ «Առավոտ» օրաթերթ Այլ ENG | РУС Եղանակը Երևանում Ցերեկ +16 Գիշեր +6 Փոխարժեք USD475.26 EUR518.08 RUB7.63 GBP581.24 Կարդացվել է 792 անգամ0 ՄեկնաբանությունՏարածելՏպել19:30 | Հունիս 5 2015 «Հովհաննես Երիցյանը առերեսումներին ներկայացել է զենքով եւ նախագահի նկարով». Մարինա Պողոսյան Մարինա Պողոսյանի խոսքերով՝ քննիչ Պարույր Աղաբաբյանը ընդհանրապես քննություն չի կատարել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ հունիսի 5-ին շարունակվում էր «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի բողոքի քննությունն ընդդեմ Կենտրոնի քննչական վարչության քննիչ Պարույր Աղաբաբյանի կայացրած որոշման: Պարույր Աղաբաբյանը չէր ներկայացել դատարան եւ նիստը շարունակվեց առանց նրա: Մարինա Պողոսյանը դատական նիստի ընթացքում ասաց, որ Քաղավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանը, հասկանալով, որ իր կատարած հանցագործությունները պետք է պարզվեն, շահադիտական նպատակներով կատարել է սուտ մատնություն. «Նրա շահադիտական նպատակը իրավապաշտպանների վրա ճնշում գործադրելն է, որպեսզի ես հասկանամ, որ իմ ցանկացած քայլ կարող է որոշակի պետական մարմինների կողմից ճնշման ենթարկվել, եւ շորթումով գործ է հարուցվել: Ես իմ ամեն ասած կարող եմ փաստել»: Նա նշեց, որ Հովհաննես Երիցյանը, առնչություն չունենալով Նար-Դոս փողոցում գտնվող տան հետ, հայտարարություն է տվել ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության թրաֆիքինգի բաժին: Նա հավելեց, որ Հովհաննես Երիցյանը երեւի թե թրաֆիքինգի բաժին է դիմել, քանի որ դրանից մի քանի օր առաջ վերջիններս սեղանակիցներ են եղել եւ որոշել են ճնշում գործադրել իր վրա. «Ցավոք սրտի, թրաֆիքինգի բաժնում ընդհանրապես բացատրություն տալու չեն կանչում ո՛չ ինձ, ո՛չ Տիգրան Լեւոնյանին: Տրված բացատրություններից արդեն երեւում է, որ ընդհանրապես շորթման մասին խոսք չի կարող լինել, որովհետեւ Երիցյանի մատնանշած անձինք գալիս եւ հերքում էին, որ իմ կողմից եղել է սպառնալիք, որ ես ղազախական մաֆիայի ներկայացուցիչ եմ, որ վախեցրել եմ տղաների, որ իրենց մայրերին վրաերթի կենթարկեմ, որ իրենց կգողանամ, եւ այդ սպառնալիքների տակ փորձել եմ տիրանալ Նար-Դոսում գտնվող գույքին, որն ի դեպ Երիցյանին չէր պատկանել»: Մարինա Պողոսյանը ընդգծեց, որ քրեական գործն անհիմն է հարուցվել. «Գործը քննող քննիչ Պարույր Աղաբաբյանը կոնկրետ հանցագործ է, հասկանում եմ, որ հանցագործության մասին հաղորդում եմ տալիս, որովհետեւ վերջինս կա՛մ անգրագետ է, որը նույնպես հանցագործություն է, կա՛մ կաշառված է, որովհետեւ վերջինս ընդհանրապես քննություն չի արել: Գործում եղել են ցուցմունքներ, որոնք չեն գնահատվել քննիչի կողմից, ընդհանրապես շորթման գործը Պարույր Աղաբաբյանը չի քննել, այսինքն՝ վերջինս ոչ թե քննիչի դեր է ստանձնել, այլ՝ քարտուղարուհու. հավաքագրել է ցուցմունքներ»: Նա հավելեց, որ Հովհաննես Երիցյանի հետ առերեսման ընթացքում հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է վերջինս դիմել թրաֆիքինգի բաժին, վերջինս հրաժարվել է առերեսվել եւ փախել է. «Ավելին՝ Երիցյանը առերեսումներին ներկայացել է զենքով, որը դնում էր սեղանին, եւ նախագահի նկարով: Եվ առերեսում չի եղել. այն վերածվել է շուկայի, որովհետեւ ով ասես մտնում էր, եւ առերես հարցաքննության ժամանակ որեւէ ասած բառ չի գրանցվել»: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 30-ին: «Վելես» հասարակական կազմակերպությունը զբաղվում է վաշխառուներից տուժած քաղաքացիների շահերի պաշտպանությամբ: Մարինա Պողոսյանը բազմիցս հայտարարել է, որ Քաղավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանը վաշխառու է, եւ նրա գործունեությունից շատերն են տուժել: Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/06/05/579044/

 

Փողը Երիցյանն է տվել. գրավատան սեփականատերը բացահայտում է գործարքի գաղտնիքները (ձայնագրություն) 1in.am

 

«Առաջին լրատվական»-ը շարունակում է հետաքննել Քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի ներգրավվածությամբ կատարված գործարքների «մութ էջերը»: Վերջինս անցել և անցնում է մի քանի քրեական գործերով, որի շրջանակներում քաղաքացիները նախկին պաշտոնյային մեղադրում են վաշխառության և խարդախության, ինչպես նաև կյանքին և առողջությանը սպառնալիքներ ներկայացնելու մեջ: Քննիչները, սակայն, Երիցյանին մինչ օրս մեղադրանք չեն ներկայացրել, թեև նրա դեմ ցուցմունքներ են տվել նույնիսկ իր հարազատները:

Հովհաննես Երիցյանին վաշխառության և խարդախության մեջ է մեղադրում նաև «Վելես» հասարակական կազմակերպությունը, որի նախագահի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել Հովհաննես Երիցյանի դիմումի հիման վրա:

Քրեական գործի շրջանակներում Հովհաննես Երիցյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իր մտերիմ Հակոբ Եղիազարյանին պատկանող անշարժ գույքը գրավադրվել է Մաշտոցի պողոտայում գործող գրավատանը, որի սեփականատերն է եղել Երիցյանի ընկեր Դավիթ Ստեփանյանը: Այս հանգամանքը ուշագրավ է նրանով, որ ՀՀ օրենսդրությունը թույլ չի տալիս գրավատներում գրավադրել անշարժ գույք:

Հակոբ Եղիազարյանը ևս իր ցուցմունքներով, ինչպես նաև «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատել է, որ իր տունը գրավադրված է եղել գրավատանը: Քրեական գործի շրջանակներում, սակայն, չի հարցաքննվել Դավիթ Ստեփանյանը, որի գրավատանն էլ, ըստ Երիցյանի և Եղիազարյանի ցուցմունքների, տեղի է ունեցել ապօրինի գործարքը:

Մեզ հաջողվեց կապվել վերջինիս հետ: Ստեփանյանը պնդում է, որ իրեն պատկանող գրավատունը երբեք գործարք չի կնքել Հակոբ Եղիազարյանի հետ:

«Գումարը Երիցյանն է տվել Հակոբին, ինքը Մոսկվայում էր, փողը ես եմ փոխանցել Հակոբին, բայց դա գրավատան հետ բացարձակ կապ չի ունեցել»,- վստահեցնում է Դավիթ Ստեփանյանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք քաղաքացիներ Երիցյանին մեղադրում են բարձր տոկոսով գումարներ տալու մեջ, Ստեփանյանին հարցրինք՝ արդյոք նախկին պաշտոնյան Եղիազարյանին տոկոսո՞վ էր գումար տվել: Պատասխանը բացասական էր, սակայն նույն Հակոբ Եղիազարյանը պնդում է, որ ինքը տոկոսով է գումար վերցրել և չի կարողացել տոկոսները փակել, այդ պատճառով էլ ստիպված է եղել իր տունը վաճառել: «Երիցյանը ծախեց, ինքն իր փողը վերցրեց, իմն էլ տվեց ինձ»:

Հետաքրքրականն այն է, որ քրեական գործը կարճվել է առանց Դավիթ Ստեփանյանին հարցաքննելու և հատկապես Ստեփանյան-Երիցյան և Ստեփանյան-Եղիազարյան առերես հարցաքննությունների: «Ես մի քանի անգամ միջնորդել եմ, որպեսզի քննիչը հարցաքննի գրավատան սեփականատիրոջը, սակայն իմ միջնորդությունները մերժվել են, և գործը չբացահայտված՝ կարճվել է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը: Նա բողոքարկել է քրեական գործի կարճման որոշումը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

«Մեր փաստերն աղաղակող են, Երիցյանն ու Եղիազարյանը կեղծ ցուցմունքներ են տվել այս քրեական գործի շրջանակներում, և եթե դատարանը աչք փակի այս փաստի վրա, ուրեմն ես կասկած չեմ ունենա, որ դատավորը կաշառված է»,- ասում է Մարինա Պողոսյանը:
Հեղինակ՝ Արման Ղարիբյան

Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/1636385.html?fb_action_ids=1592649154341103&fb_actihttp://www.1in.am/1636385.html?fb_action_ids=1592649154341103&fb_action_types=og.commentson_types=og.comments

 

«Ղազախական մաֆիա» և «սև մամուլ». Հովհաննես Երիցյանի «հարազատ թշնամիները» 1in.am

 

Կենտրոնի քննիչ Պարույր Աղաբաբյանը եկել է այն եզրակացության, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանը չի գիտակցում սեփական արարքների նշանակությունը, մասնավորապես՝ Երիցյանը 8 ամիս շարունակ պնդել է, թե «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը հանցագործ է՝ «չգիտակցելով, որ իր արարքները կեղծ են»:

Մասնավորապես, Երիցյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, թե Մարինա Պողոսյանը, հանդիսանալով «ղազախական մաֆիայի անդամ», փորձել է շորթում կատարել իր սանիկից, զարմիկից և ընկերոջ փեսայից՝ սպառնալով, թե վրաերթի կենթարկի նրանց և կառևանգի երեխաներին: Երիցյանի հարազատները ներկայանալով ոստիկանություն՝ հերքել են Երիցյանի պնդումները՝ հայտնելով, որ Մարինա Պողոսյանը չի սպառնացել իրենց և շորթման փորձ չի կատարել: Այսքանից հետո Կենտրոնի բաժնում քրեական գործ է հարուցվել Երիցյանի հաղորդման հիման վրա, որի շրջանակներում «շորթվածները» կրկին հերքել են Երիցյանի տված ցուցմունքները, սակայն նախկին պաշտոնյան չի դադարել քննիչներին համոզել, թե իբր իրավապաշտպանն իսկապես հանցագործություններ է կատարել:

Մարինա Պողոսյանը քրեական գործի ընթացքում հաղորդում է տվել հանցագործության մասին՝ պնդելով, որ Հովհաննես Երիցյանը սուտ մատնություն է արել իր նկատմամբ՝ շահադիտական նպատակներով: Նշենք, որ Մարինա Պողոսյանի հիմնադրած «Վելես» հասարակական կազմակերպությունը պայքարում է վաշխառուության և խարդախության դեմ, այդ թվում՝ Հովհաննես Երիցյանից տուժած անձանց շահերի պաշտպանությամբ:

«Վելես» ՀԿ-ն 2013 թվականից սկսած բարձրաձայնել է Հովհաննես Երիցյանի գլխավորությամբ գործող հանցախմբի արարքները, արդյունքում նախկին պաշտոնյան փորձել է ճնշում գործադրել իրավապաշտպանի նկատմամբ՝ նրա դեմ քրեական գործ հարուցելու ճանապարհով:

«Հովհաննես Երիցյանը օգտագործել է իր կապերը ոստիկանությունում և դատախազությունում և կարողացել է հասնել նրան, որ քրեական գործ հարուցվի: Այդ գործն այնքան աբսուրդ է, որ նույնիսկ Երիցյանի հանցակիցներն են ցուցմունքներ տվել իր դեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարինա Պողոսյանը:

Ներկայացնենք քրեական գործից մի դրվագ. Հովհաննես Երիցյանը պնդում է, որ Մարինա Պողոսյանը սպառնալիքների միջոցով փորձել է շորթել իր ընկերոջ փեսայի՝ Վարդան Գինոսյանի անունով ձևակերպված անշարժ գույքը: Գինոսյանը, սակայն, իր ցուցմունքներում հայտնում է, որ նման բան չի եղել, ավելին՝ նա պնդում է իր ցուցմունքը Երիցյանի հետ առերես հարցաքննության ժամանակ.

Վարդան Գինոսյան. «Մարինան ինձանից չի պահանջել, որ գույքն իր անունով անեմ: Իմ կամ իմ մերձավորների հասցեին սպառնալիքներ չեն եղել»:

Այսքանից հետո ևս Երիցյանը չի դադարում պնդել, որ Մարինա Պողոսյանը հանցագործ է, և որ նա «պետք է դատվի շանտաժի, շորթման, խաբեության, ինձ վաշխառուի դերում հանդես բերելու, սև մամուլի միջոցներով իմ անունը արատավորելու համար…»: Երիցյանի շարադրած ցանկը բավականին երկար է:

«Եվ այսքանից հետո քննիչն ու դատախազը այնքան ցինիկ են գտնվել, որ նշում են, թե Երիցյանը չի գիտակցել, թե ինչ է անում: Ենթադրենք, թե հաղորդում տալու պահին չի գիտակցել, որ կեղծ տեղեկություններ է տալիս իմ մասին, բայց երբ իր իսկ վկայակոչած մարդիկ ցուցմունք են տալիս և ասում, որ նման բան չի եղել, նա չի հանգստանում, շարունակում է պնդել, թե ես հանցագործ եմ: Մի՞թե Հովհաննես Երիցյանը անմեղսունակ է: Եթե նա ընկալման խնդիրներ ունի, ինչպե՞ս է տարիներ շարունակ այդքան պատասխանատու պաշտոն զբաղեցրել և ինչպես է դիզել իր միլիոնները: Անմեղսունակ մարդը չէր կարող հարյուրավոր գործարքներ կնքել և ունեզրկել տասնյակ քաղաքացիների»,- ասում է Մարինա Պողոսյանը:

«Վելես» ՀԿ-ի նախագահը շարունակում է պնդել, որ ոստիկանությունը և դատախազությունը հովանավորում են Երիցյանին. «Եթե ընդունենք, որ Երիցյանը իսկապես անմեղսունակ է, ապա իրավապահ մարմիններն ինչի՞ համար են: Թե՞ նրանք էլ են անմեղսունակ, որ չեն հասկանում՝ ինչ է կատարվում: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ ընկալման հետ խնդիրներ ունի ոչ թե Հովհաննես Երիցյանը, այլ նրա ցնդաբանությունների հիման վրա գործ հարուցած ու քննած պաշտոնյաները»:

Կենտրոնի քննչական բաժնում կարճել են Հովհաննես Երիցյանի դեմ հարուցված «սուտ մատնության» գործը: Մարինա Պողոսյանը կարճման որոշումը բողոքարկել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Բողոքը քննվելու է հունիսի 8-ին:
Հեղինակ՝ Արման Ղարիբյան

Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/1633450.html

 

Վճռաբեկ դատարանը վճիռ է կայացրել հօգուտ նախկին պաշտոնյայի 1in.am

 

Օրերս Վճռաբեկ դատարանը վճիռ է կայացրել հօգուտ ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի: Այս վճռի արդյունքում Երիցյանը տիրացել է հսկայական առանձնատանը, որի մեկ երկրորդի սեփականատերը Գայանե Թումասյանն էր:

Գայանեն Փարաքար գյուղում մեծ առանձնատուն էր կառուցել ամուսնու հետ: Տարիներ շարունակ ընտանիքը մշտապես բնակվել է այս հասցեում: «Ամուսինս գործարար է, տներ էր կառուցում, սակայն մեծ գումարներ չունեինք, և նա շենքի շինարարության համար պարտքով գումարներ է վերցրել: Ամուսնուս տոկոսով գումար է տվել Հովհաննես Երիցյանը, որը գրավի պայմանագրի փոխարեն պնդել է, որ կնքեն շինծու առուվաճառքի պայմանագիր, համաձայն որի՝ իբր, մեր առանձնատունը մենք վաճառել ենք իրեն, սակայն պայմանը եղել է, որ երբ ամուսինս վերադարձնի գումարը, Երիցյանը տունը հետ կվաճառի մեզ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց Գայանե Թումասյանը:

Թումասյանի խոսքով՝ ինքն իրականում տեղյակ չի եղել այս ամբողջ գործարքից, քանի որ դրանից ամիսներ առաջ մահացած է եղել իր 19-ամյա որդին, և սգի մեջ գտնվող կինն ընդհանրապես չի միջամտել ամուսնու գործերին:

«Ամուսինս շատ լավ գիտեր, որ ես ոչ մի դեպքում չէի համաձայնի, որ մեր տունը թեկուզ շինծու վաճառեր Երիցյանին, դրա համար ինձնից գաղտնի են պահել ամբողջ գործընթացը: Երիցյանի սանիկը նոտարում կեղծ հայտարարություն է տվել, թե ամուսինս, իբր, ամուսնացած չէ՝ տեղյակ լինելով, որ ես նրա օրինական կինն եմ, քանի որ թե՛ Երիցյանը, թե՛ նրա սանիկը բազմիցս հյուրընկալվել են մեր տանը»,- վստահեցնում է Գայանե Թումասյանը:

Շինծու գործարքից երկու տարի անց Հովհաննես Երիցյանը Թումասյանին նորածին թոռնիկի և հարսի հետ միասին վտարում է տնից, քանի որ, ըստ փաստաթղթերի, առանձնատունը վաճառված էր Երիցյանին:

Քաղավիացիայի նախկին պետը, սակայն, պնդում է, որ ինքը տոկոսով գումար չի տվել, և առուվաճառքի պայմանագիրը իրական է եղել: Գայանե Թումասյանը դիմել էր դատարան՝ պահանջելով շինծու առուվաճառքի պայմանագիրը մեկ երկրորդ մասով չեղյալ համարել և ճանաչել իր սեփականության իրավունքը: Ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Գայանեի հայցը, սակայն Վերաքննիչ դատարանը 2 անգամ բեկանել էր դատարանի վճիռը` հաստատելով, որ Ընդհանուր իրավասության դատարանը «չի բացահայտել գործով ձեռք բերված ապացույցներով հաստատված փաստերը»:

Երիցյանը, սակայն, չի հաշտվել կրած պարտության հետ և անցած տարի բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ: Վճռաբեկ դատարանը նախ վերադարձրել է Երիցյանի բողոքը, սակայն ամիսներ անց ոչ միայն վարույթ է ընդունել, այլև վճիռ է կայացրել հօգուտ նախկին պաշտոնյայի:

«Պարզ է, որ Երիցյանը կաշառել է դատավորներին, ինքը փողով ամեն հարց լուծում է էս երկրում, ինքն է ամեն տեղ ասում, թե ինչ ուզեմ՝ էդ էլ կանեմ: Ես շատ էի զարմացել, որ Վերաքննիչ դատարանը երկու անգամ արդար որոշում էր կայացրել, արդեն սկսել էի հավատալ, որ արդարություն գոյություն ունի, բայց Վճռաբեկ դատարանի վճռից հետո հասկացա, որ էս երկրում արդարությունը նրանն է, ով շատ փող ունի»,- արցունքները սրբելով ասում է Գայանե Թումասյանը:

Վաշխառության և խարդախության դեմ պայքարող «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Հովհաննես Երիցյանի դեմ նմանատիպ բողոքներով իրենց են դիմել մի քանի ընտանիքներ: «Եթե Երիցյանը պարզապես գնում է այդ տները, նախ անհասկանալի է, թե որտեղից ներկայումս թոշակառու նախկին պաշտոնյային այդպիսի մեծ գումարներ, երկրորդն էլ՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ իրար չճանաչող մարդիկ ներկայացնում են նույնատիպ բողոքներ Երիցյանի և նրա գլխավորած խմբի մասին»:

Մարինա Պողոսյանը հիշեցնում է, որ ներկայումս ոստիկանությունում երկու քրեական գործ է քննվում Հովհաննես Երիցյանի դեմ, երկուսն էլ վաշխառության և խարդախության փաստով: «Երիցյանին թվում է, թե ինքն իրոք անպատժելի է: Նա ամենուր հայտարարում է, թե բոլոր պաշտոնյաներն իր տանը հաց են ուտում, նրանց միջոցով էլ երևի լուծում է իր հարցերը,- ասում է Մարինա Պողոսյանը և ավելացնում,- մեզ համար ակնհայտ է, որ Վճռաբեկ դատարանը շահագրգռված էր, որ Երիցյանի օգտին վճիռ կայացնի, քանի որ դատարանն անտեսեց այն հանգամանքը, որ այս առանձնատան առուվաճառքի վերաբերյալ ներկայումս քրեական գործ է քննվում»:

Հեղինակ՝ Արման Ղարիբյան

Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/1619527.html

 

«Դուք հիշում եւ պահանջում եք թուրքերից, իսկ մենք՝ Ձեզնից». Բաց նամակ galatv.am

 

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը ԳԱԼԱ-ի էլեկտրոնայաին փոստին է ուղարկել Բաց նամակ՝ հասցեագրված Ս. Սարգսյանին՝ հրապարակման խնդրանքով:

Ներկայացնում ենք իրավապաշտպան կազմակերպության ղեկավարի նամակը՝ առանց կրճատումների.

Պարոն Սերժ Սարգսյան, այս օրերին երբ ազգովի սգում ենք Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ոճրագործության 100-րդ տարելիցը, անձամբ ես սգում եմ ոչ միայն մեկդարյա հնության վայրագությունների առթիվ, այլեւ ներկայիս Հայաստանում հայերի կողմից իրականացվող ջարդի եւ մարդկանց տարհանման կապակցությամբ:

Մեր դատաիրավական համակարգը, ըստ էության, վարում է նույն քաղաքականությունը, ինչ ժամանակին երիտթուրքերը: Տարիներ շարունակ ՀՀ քաղաքացիները ծեծուջարդի միջոցով տարհանվում են իրենց տներից, եւ այդ ծեծուջարդը արվում է դատական ակտերի միջոցով, արվում է անկախ Հայաստանի Հանրապետությունում, արվում է այն պաշտոնյաների միջոցով, որոնք ապրում են մեր վճարած հարկերի հաշվին եւ կոչված են պաշտպանելու մեր երկրի Սահմանադրությունն ու քաղաքացիների իրավունքները:

Այսօր, երբ ես ականատես եմ լինում այս ամենին, ի՞նչը պետք է հիշեմ եւ պահանջեմ: Մոռանալու հարց չի առաջանում, քանի որ ես գրեթե ամեն օր եմ ականատես լինում մեր խղճուկ դատական համակարգի կողմից իրականացվող ոճրագործություններին: Ես չեմ հիշում, այլ հիշեցնում եմ Ձեզ, որ մենք փորձում ենք կառուցել իրավական պետություն՝ ստանձնելով ընչազուրկ եւ անօթեւան քաղաքացիների շահերի պաշտպանությունը, որոնք զրկվել են իրենց ունեցվածքից ներկա եւ նախկին պաշտոնյաների, քննիչների, դատախազների եւ դատավորների հանցավոր համագործակցության արդյունքում:

Ես հիշեցնում եմ եւ պահանջում, որպեսզի Դուք անտարբեր չմնաք հայաթափության այս ծրագրի նկատմամբ եւ Ձեր թողտվությամբ չդառնաք այդ ոճիրի հովանավորը: Այսօր, երբ Հայաստանը գրեթե դատարկվել է, երբ մարդիկ հիասթափված ու զզված իրենց հայրենիքից հեռանում են, Ձեզ պետք է հուզի յուրաքանչյուր քաղաքացու ճակատագիրը:

Ո՞ւմ նախագահն եք Դուք. հանցագործ դատավորների՞, դատախազների՞, ոստիկանների՞: Ո՞ւմ: Ի՞նչ շահեր եք Դուք հետապնդում, ի՞նչն է Ձեր հույսը: Հայոց ցեղասպանությանը միջազգային կարեւորություն տալով՝ մի՞թե չեք ամաչում, որ մեր երկրում ակնհայտ հանցագործություններ են կատարվում ամեն օր:

Ո՞րն է Ձեր նպատակը. մարդկանց այնքան ունեզրկե՞լ, որ 5000 դրամի փոխարեն պատրաստ լինեն 500 դրամով վաճառել իրենց ձայնը: Ուզո՞ւմ եք դառնալ 500 դրամանոցների նախագահ: Մինչեւ ե՞րբ է շարունակվելու այս ցինիզմն ու ամենաթողությունը, ե՞րբ է Ձեր մեջ արթնանալու երկրի ղեկավարի գիտակցությունը, մինչեւ ե՞րբ եք անհաղորդ մնալու ՀՀ քաղաքացիների խնդիրներին, մինչեւ ե՞րբ եք թույլ տալու, որ մանր ու միջին պաշտոնյաները հեղինակազրկեն ու պղծեն այն երկիրը, որի նախագահն եք Դուք:

Մի՞թե Դուք տեղյակ չեք, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանը Ձեր անձնական լուսանկարը ձեռքին գնում է ոստիկանություն՝ հայտարարելով, թե դուք «զեմլյակներ եք», եւ որ ինքն ինչ կուզի կանի այս երկրում: Մի՞թե Դուք տեղյակ չեք, որ այս նախկին պաշտոնյան իբրեւ Ձեզնից եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ստացած զենքերով վախեցնում եւ սպառնում է ՀՀ քաղաքացիներին՝ ունեզրկելով նրանց:

Եվ եթե նախկինում Երիցյանի հայտարարությունները մենք ընդունում էինք որպես տարեց մարդու զառանցանքներ, ապա վերջին տարիների իրադարձությունները մեզ ստիպեցին համոզվել, որ նրա հայտարարություններն իր բարձր հովանավորների մասին անհիմն չեն, քանի որ վերջինիս պատվերով կայացվում են ապօրինի դատական ակտեր, անհիմն հարուցվում եւ կարճվում են քրեական գործեր, բազմաթիվ ընտանիքներ հայտնվում են փողոցում:

Պարոն Սերժ Սարգսյան, մենք հիշեցնում եւ պահանջում ենք, քանի որ այս խնդրով դիմել ենք Ձեզ դեռ անցած տարի, սակայն Ձեր անտարբեր կեցվածքը հավանաբար ավելի է ոգեշնչել հանցագործներին, որոնք էլ ավելի են համոզվել իրենց անպատժելիության մեջ: Սակայն այս երկիրը ոչ նրանցն է, ոչ էլ Ձերը, սա մեր երկիրն է եւ մենք կառուցելու ենք օրենքի պետություն: Միացեք մեզ, քանի դեռ ունեք այդ հնարավորությունը:

ՀԳ – Մայրիկիս պապիկը, ով մի կերպ է փրկվել թուրքական յաթաղանից, հաստատվել է Հայաստանում եւ եղել է Արաբկիր թաղամասի հիմնադիրներից: Նա, սակայն, չէր կարող պատկերացնել, որ մի օր իր կառուցած երկիրը վերածվելու է սպանդի դաշտի, սպանդ, որն իրականացվում է հայերի կողմից հայերի հանդեպ:

Դուք հիշում եւ պահանջում եք թուրքերից, իսկ մենք հիշեցնում եւ պահանջում ենք Ձեզնից:

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյան

Սկզբնաղբյուրը`http://galatv.am/hy/your-voice/108196/

Հիշեցնում ենք եւ պահանջում. Բաց նամակ ՀՀ նախագահին

 

«Դատավորները օրենքով պաշտպանված հանցագործներ են». ՀԿ նախագահ www.1in.am

 

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի բողոքը: Վերջինս բողոքարկում էր Ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը, որով մերժվել էր իրավապաշտպանի բողոքը: Մարինա Պողոսյանը 2014թ. մարտի 17-ին բռնության էր ենթարկվել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների կողմից, դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ, որը հետագայում կարճվել էր: «Վելես» հասարակական կազմակերպության նախագահը բողոքարկում է կարճման որոշումը, սակայն դատական երկու ատյաններն էլ մերժել են նրա բողոքը:

«Մեզ համար անակնկալ չէր նման որոշումը, հատկապես հաշվի առնելով առաջին ատյանի դատավոր Լևոն Ավետիսյանի դիրքորոշումը այս գործի նկատմամբ և այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանն ու դատավոր Լևոն Ավետիսյանը նախկինում միասին աշխատել են նույն մարզում: Հասկանալի է, որ Բարսեղյանը պետք է կոծկեր Ավետիսյանի կողմից ապօրինի կայացված դատական ակտը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարինա Պողոսյանը:

Նրա խոսքով՝ վերոնշյալ երկյակը բացարձակ անհաղորդ է մնացել այն փաստի նկատմամբ, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայակիցները բռնություն են կիրառել ինչպես իր, այնպես էլ 75-ամյա կնոջ նկատմամբ:

«Նրանց համար միևնույն է, թե ինչ է կատարվում Հայաստանում, թե ինչպես են ոտնահարվում մարդու իրավունքները, ինչպես են ստորացվում ՀՀ քաղաքացիները. նրանք միայն իրենց պատվիրատուի շահերն են պաշտպանում: Դատավորները պարզապես թքած ունեն Հայաստանի Սահմանադրության և մյուս օրենքների վրա: Դե յուրե դատավորները անկախ են, սակայն դե ֆակտո նրանք հաճախ ստանձնում են հանցագործների պաշտպանի դերը՝ ելնելով իրենց նեղ անձնական շահերից: Փաստորեն, դատավորներն էլ օրենքով պաշտպանված հանցագործներ են»,- նշում է «Վելես» ՀԿ-ի նախագահը:

Մարինա Պողոսյանին զարմացրել է հատկապես այն, որ դատավոր Ռուզաննա Բարսեղյանը փորձել է պարզել, թե որքան ժամանակով են ԴԱՀԿ ծառայակիցները փակի տակ պահել իրավապաշտպանին: «Քննիչն ու դատախազը միաձայն պնդում էին, թե իբր ինձ ընդամենը մի քանի վայրկյան են փակի տակ պահել, և դա փաստորեն հիմք տվեց դատավորին որոշելու համար, որ իմ նկատմամբ կիրառված ուժն ու ազատության սահմանափակումը իրավաչափ են եղել: Հետաքրքիր է, թե ո՞ր օրենքում է դատավորը կարդացել, որ անձին առանց դատարանի որոշման ազատությունից զրկելը՝ թեկուզ կարճ ժամանակով, իրավաչափ է»,- հռետորական հարց է հնչեցնում Մարինա Պողոսյանը:

Իրավապաշտպանը շեշտում է, որ երկու դատարաններում էլ ինքը հաղորդում է տվել հանցագործության մասին, սակայն դատավորները կրկին անհաղորդ են մնացել: «Ես շատ հստակ հայտարարել եմ, որ սույն քրեական գործից կորել են ցուցմունքներ, սակայն այս տխրահռչակ երկյակին դա բնականաբար չի հետաքրքրել: Ընդհանրապես, ես այն տպավորությունն ունեի, որ թե՛ դատավոր Ավետիսյանը, թե՛ Բարսեղյանը նիստի հենց սկզբում իրենց որոշումներն արդեն գրել-բերել էին, այդ պատճառով էլ գործը պարզապես չքննեցին»,- ասում է «Վելես» ՀԿ-ի նախագահը:

Մարինա Պողոսյանը կարծում է, որ նման դատական ակտերը ապտակ են ՀՀ հեղինակությանը և մեր երկիրը հավասարեցնում են Ադրբեջանի մակարդակին: «Մենք Ադրբեջանին քննադատելու տեղ չունենք, քանի որ մեր երկրում իրավապաշտպանների նկատմամբ նույն վերաբերմունքն են դրսևորում, ինչ հարևան երկրում: Սրանք ադրբեջանցիներից ոչնչով չեն տարբերվում»:

Ներկայումս «Վելես» ՀԿ-ն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ներկայացնելով հաղորդում ՀՔԾ քննիչի կողմից սույն քրեական գործով կատարված հանցագործության մասին. «Եթե Հայաստանի դատարաններն այս որակի են, դատախազությունից ևս մեծ ակնկալիքներ չունենք, սակայն մենք մեր պարտքն ենք համարում բարձրաձայնել իրավապահ համակարգում տիրող ապօրինությունների մասին»,- ասում է Մարինա Պողոսյանը:
Հեղինակ՝ Արման Ղարիբյան

Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/1614811.html

 

Հիշեցնում ենք եւ պահանջում. Բաց նամակ ՀՀ նախագահին

 

Veles Blank.cdr

Պարոն Սերժ Սարգսյան, այս օրերին երբ ազգովի սգում ենք Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ոճրագործության 100-րդ տարելիցը, անձամբ ես սգում եմ ոչ միայն մեկդարյա հնության վայրագությունների առթիվ, այլեւ ներկայիս Հայաստանում հայերի կողմից իրականացվող ջարդի եւ մարդկանց տարհանման կապակցությամբ:

Մեր դատաիրավական համակարգը, ըստ էության, վարում է նույն քաղաքականությունը, ինչ ժամանակին երիտթուրքերը: Տարիներ շարունակ ՀՀ քաղաքացիները ծեծուջարդի միջոցով տարհանվում են իրենց տներից, եւ այդ ծեծուջարդը արվում է դատական ակտերի միջոցով, արվում է անկախ Հայաստանի Հանրապետությունում, արվում է այն պաշտոնյաների միջոցով, որոնք ապրում են մեր վճարած հարկերի հաշվին եւ կոչված են պաշտպանելու մեր երկրի Սահմանադրությունն ու քաղաքացիների իրավունքները:

Այսօր, երբ ես ականատես եմ լինում այս ամենին, ի՞նչը պետք է հիշեմ եւ պահանջեմ: Մոռանալու հարց չի առաջանում, քանի որ ես գրեթե ամեն օր եմ ականատես լինում մեր խղճուկ դատական համակարգի կողմից իրականացվող ոճրագործություններին:

Ես չեմ հիշում, այլ հիշեցնում եմ Ձեզ, որ մենք փորձում ենք կառուցել իրավական պետություն՝ ստանձնելով ընչազուրկ եւ անօթեւան քաղաքացիների շահերի պաշտպանությունը, որոնք զրկվել են իրենց ունեցվածքից ներկա եւ նախկին պաշտոնյաների, քննիչների, դատախազների եւ դատավորների հանցավոր համագործակցության արդյունքում: Ես հիշեցնում եմ եւ պահանջում, որպեսզի Դուք անտարբեր չմնաք հայաթափության այս ծրագրի նկատմամբ եւ Ձեր թողտվությամբ չդառնաք այդ ոճիրի հովանավորը: Այսօր, երբ Հայաստանը գրեթե դատարկվել է, երբ մարդիկ հիասթափված ու զզված իրենց հայրենիքից հեռանում են, Ձեզ պետք է հուզի յուրաքանչյուր քաղաքացու ճակատագիրը:

Ո՞ւմ նախագահն եք Դուք. հանցագործ դատավորների՞, դատախազների՞, ոստիկանների՞: Ո՞ւմ: Ի՞նչ շահեր եք Դուք հետապնդում, ի՞նչն է Ձեր հույսը: Հայոց ցեղասպանությանը միջազգային կարեւորություն տալով՝ մի՞թե չեք ամաչում, որ մեր երկրում ակնհայտ հանցագործություններ են կատարվում ամեն օր:

Ո՞րն է Ձեր նպատակը. մարդկանց այնքան ունեզրկե՞լ, որ 5000 դրամի փոխարեն պատրաստ լինեն 500 դրամով վաճառել իրենց ձայնը: Ուզո՞ւմ եք դառնալ 500 դրամանոցների նախագահ: Մինչեւ ե՞րբ է շարունակվելու այս ցինիզմն ու ամենաթողությունը, ե՞րբ է Ձեր մեջ արթնանալու երկրի ղեկավարի գիտակցությունը, մինչեւ ե՞րբ եք անհաղորդ մնալու ՀՀ քաղաքացիների խնդիրներին, մինչեւ ե՞րբ եք թույլ տալու, որ մանր ու միջին պաշտոնյաները հեղինակազրկեն ու պղծեն այն երկիրը, որի նախագահն եք Դուք:

Մի՞թե Դուք տեղյակ  չեք, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանը Ձեր անձնական լուսանկարը ձեռքին գնում է ոստիկանություն՝ հայտարարելով, թե դուք «զեմլյակներ եք», եւ որ ինքն ինչ կուզի կանի այս երկրում: Մի՞թե Դուք տեղյակ չեք, որ այս նախկին պաշտոնյան իբրեւ Ձեզնից եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ստացած զենքերով վախեցնում եւ սպառնում է ՀՀ քաղաքացիներին՝ ունեզրկելով նրանց:

Եվ եթե նախկինում Երիցյանի հայտարարությունները մենք ընդունում էինք որպես տարեց մարդու զառանցանքներ, ապա վերջին տարիների իրադարձությունները մեզ ստիպեցին համոզվել, որ նրա հայտարարությունները իր բարձր հովանավորների մասին անհիմն չեն, քանի որ վերջինիս պատվերով կայացվում են ապօրինի դատական ակտեր, անհիմն հարուցվում եւ կարճվում են քրեական գործեր, բազմաթիվ ընտանիքներ հայտնվում են փողոցում:

Պարոն Սերժ Սարգսյան, մենք հիշեցնում եւ պահանջում ենք, քանի որ այս խնդրով դիմել ենք Ձեզ դեռ անցած տարի, սակայն Ձեր անտարբեր կեցվածքը հավանաբար ավելի է ոգեշնչել հանցագործներին, որոնք էլ ավելի են համոզվել իրենց անպատժելիության մեջ: Սակայն այս երկիրը ոչ նրանցն է, ոչ էլ Ձերը, սա մեր երկիրն է եւ մենք կառուցելու ենք օրենքի պետություն: Միացեք մեզ, քանի դեռ ունեք այդ հնարավորությունը:

ՀԳ – Մայրիկիս պապիկը, ով մի կերպ է փրկվել թուրքական յաթաղանից, հաստատվել է Հայաստանում եւ եղել է Արաբկիր թաղամասի հիմնադիրներից: Նա, սակայն, չէր կարող պատկերացնել, որ մի օր իր կառուցած երկիրը վերածվելու է սպանդի դաշտի, սպանդ, որն իրականացվում է հայերի կողմից հայերի հանդեպ:

Դուք հիշում եւ պահանջում եք թուրքերից, իսկ մենք հիշեցնում եւ պահանջում ենք Ձեզնից:  

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության

նախագահ Մարինա Պողոսյան

24.04.2015

http://www.aravot.am/2015/05/07/569034/

 

Տունը «գնել» է 50.000-ով, վաճառել 40.000-ով. բարեգո՞րծ է, թե՞ խարդախ 1in.am

 

«Առաջին լրատվական»-ն անդրադարձել է փողոցում հայտնվելու վտանգի տակ գտնվող զինվորի ընտանիքի պատմությանը: Ներկայումս Օֆելյա Չփլախյանը փորձում է դատարանի միջոցով փրկել սեփականության՝ իրեն պատկանող հատվածը, իսկ քրոջ՝ Սիրանուշ Չփլախյանի տունը հավանաբար վերադարձնել չի լինի, քանի որ արդեն կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, համաձայն որի՝ այդ տունը պատկանում է Հրայր Բաբայանին, ով կառավարության նախկին աշխատակից Նունե Պլուզյանի մորեղբոր որդին է:

2013թ. ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվել, Նունե Պլուզյանն ու նրա եղբայրը կասկածվում էին վաշխառության և խարդախության մեջ, սակայն քրեական գործ չի հարուցվել: Մեր ձեռքի տակ են նախապատրաստված նյութերն ամբողջությամբ, որոնց ուսումնասիրությունից պարզ է դառնում մի բան. Հրայր Բաբայանը կամ բարեգործ է, կամ խարդախ:

Սիրանուշ Չփլախյանը հայտարարում է, որ ինքը տուն վաճառելու մտադրություն երբեք չի ունեցել, այլ տունը գրավ է դրել՝ տոկոսով գումար վերցնելու համար: «Վերցրել եմ 25.000 ԱՄՆ դոլար՝ ամսական 5 տոկոս տոկոսադրույքով, Նունեն ստիպել է, որ որպես երաշխիք տան շինծու առուվաճառք անենք, տունը ձևակերպել ենք Նունեի եղբոր՝ Հրայր Բաբայանի անունով, երբ պարտքը փակեի, պիտի տունը նորից դարձնեինք իմ անունով»:

Նունեն և Հրայրը այլ բան են պնդում. նրանք ոստիկանությունում բացատրություն են տվել և հայտնել են, թե իբր Հրայր Բաբայանը գնել է անշարժ գույքը 50.000 ԱՄՆ դոլարով: Սակայն նոտարական գրասենյակում անշարժ գույքի վաճառքի գինը նշված է 25.000 ԱՄՆ դոլար՝ այն թիվը, որը նշում է Սիրանուշը որպես պարտքով վերցված գումար: Հրայրն ու Նունեն, սակայն, պնդում են, թե Սիրանուշի ցանկությամբ է նոտարում կեղծ թիվ նշվել, որ տան իրական արժեքը 50.000 ԱՄՆ դոլար է եղել, և որ Հրայրը հենց այդքան է վճարել:

Եթե ընդունենք, որ Հրայր Բաբայանը իսկապես 50.000 ԱՄՆ դոլար է վճարել տան դիմաց, ապա առնվազն զարմանալի է, թե ինչպես է նա տունը գնելուց 2 տարի անց դատարանում պայմանագիր կնքել Սիրանուշ Չփլախյանի հետ՝ համաձայնելով տունը հետ վաճառել նրան 40.000 ԱՄՆ դոլարով:

«Դուք ճանաչո՞ւմ եք Հրայր Բաբայան անունով բարեգործի, ես չեմ ճանաչում և դժվար թե որևէ մեկը ճանաչի: Անհնար է, որ մարդ գնի տունը 50.000-ով և վաճառի 40.000-ով: Հանուն ինչի՞ նա պետք է զիջեր 10.000 ԱՄՆ դոլար»,- հարցնում է «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը, ով ներկայացնում է Չփլախյանների շահերը:

Պողոսյանը վստահ է, որ տեղի է ունեցել խարդախություն, և որ փաստաթղթերը կեղծվել են հենց Նունե-Հրայր զույգի պահանջով:

Հրայր Բաբայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չկարողացավ բացատրել, թե ինչպես է պատահել, որ 50.000-ով գնված տունը համաձայնել է հետ վաճառել Չփլախյաններին 40.000-ով: «Ճիշտն ասած, այդ գործից արդեն երեք տարի է՝ գլուխս գնաց, ես ոչ թվերից եմ կարում բան հասկանամ, ոչ էլ կարում եմ պրծնեմ էդ գործից»:

Հրայր Բաբայանը նշեց, որ ինքը գնել է տունը և կրակն է ընկել. «Ես հասկանում եմ, որ ձեզ համար էս գործը զարմանալի ա, ինձ համար ավելի զարմանալի բաներ կան…»

Իսկ Սիրանուշ Չփլախյանը բացատրում է, թե որտեղից է գոյացել 40.000 ԱՄՆ դոլար գումարը: «Նունեն 25.000 էր տվել, այդ ամիսների տոկոսներն էլ գումարեց ու ասաց՝ կտաք 40.000, տունը հետ կտանք, թե չէ՝ դուրս կշպրտենք, ես ստիպված էի պայմանագիր կնքել: Եթե Հրայրը իսկապես գնած լիներ տունը, թույլ չէր տա, որ մենք 2 տարի ապրենք այստեղ, հետո դիմեր դատարան: Պարզ է, որ նրանք մեզնից տոկոս են ստացել, դրա համար էլ թողել են, որ ապրենք»:

Այս գործում առկա են նաև այլ հետաքրքրաշարժ ու զարմանալի փաստեր, օրինակ՝ Նունե Պլուզյանի հեռախոսահամարից ուղարկված sms հաղորդագրությունները, որոնց կանդրադառնանք առաջիկայում:
Հեղինակ՝ Արման Ղարիբյան

Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/1575551.html

 

«Թող ապացուցեն, որ տարբերվում են Ադրբեջանից» 1in.am

 

«Եթե մեր բողոքը չբավարարվի, ապա կստեղծվի մի նախադեպ, համաձայն որի՝ իրավապաշտպանի նկատմամբ բռնություն գործադրելը, նրան գետնին գցելը օրինական են, այսինքն՝ մենք ոչնչով չենք տարբերվում հարևան Ադրբեջանից, որտեղ համատարած են իրավապաշտպանների նկատմամբ բռնությունները, և որի նկատմամբ սանկցիաներ են կիրառվում»,- Վերաքննիչ դատարանում հայտարարեց «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը:

Նա Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկում է Ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը, որով մերժվել էր իրավապաշտպանի բողոքը: Մարինա Պողոսյանը 2014թ. մարտի 17-ին բռնության էր ենթարկվել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների կողմից, դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ, որը հետագայում կարճվել էր: «Վելես» հասարակական կազմակերպության նախագահը բողոքարկում է կարճման որոշումը:

«Այժմ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի ուսերին է ընկնում պատասխանատվությունը, թող ապացուցեն, որ տարբերվում են Ադրբեջանից, որ իրավապաշտպանը և առհասարակ յուրաքանչյուր քաղաքացի այս երկրում արժեք է և ոչ թե բռնության օբյեկտ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարինա Պողոսյանը:

Նա դատարանում հայտարարեց, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանը պարզապես անտարբերության է մատնել հանցագործության մասին իր հայտարարությունները:

«Ես երկու հայտարարություն եմ արել հանցագործության մասին. նախ՝ հայտնել եմ, որ քրեական գործում 4 տարբեր անձանց տված ցուցմունքները տառ առ տառ համընկնում են, այսինքն՝ կեղծված են: Երկրորդ հայտարարությունս վերաբերել է նրան, որ քրեական գործից անհետացել է Զինա Մելիքյանի տված ցուցմունքը: Դատավոր Ավետիսյանին, սակայն, դրանք ընդհանրապես չէին հետաքրքրում, նա ամբողջ նիստի ընթացքում ինչ-որ տեղ էր շտապում»:

Մարինա Պողոսյանը Վերաքննիչ դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանին հռետորական հարց ուղղեց. «Դուք էլ կին եք, եթե ինչ-որ տղամարդ Ձեզ գրկի ու տանի շպրտի, դա իրավաչա՞փ կհամարեք… Դա սեռական ոտնձգություն է կնոջ նկատմամբ, և հարցը իմ ոտքի վնասվածքը չէ, որ ես ստացել եմ այդ օրը, այլ խնդիրն այն է, որ պարզապես չի կարելի մարդկանց ստորացնել»:

Իրավապաշտպանի շահերը ներկայացնող փաստաբան Արթուր Սուքիասյանն էլ հայտարարեց, որ դատավոր Լևոն Ավետիսյանը մերժել է բողոքը առանց պատճառաբանություն ներկայացնելու, ինչը նրա՝ օրենքով սահմանված պարտականությունն էր: «Դատարանն ինձ տրամադրել է դատական ակտի վերաբերյալ իմ պատկերացումների հետ որևէ կապ չունեցող որոշում, որն առհասարակ զուրկ է որևէ պատճառաբանությունից»:

Փաստաբանը վստահ է, որ Ընդհանուր իրավասության դատարանը թույլ է տվել դատական սխալ, խախտել է մի շարք օրենքներ, չի կատարել լիարժեք և համակողմանի դատաքննություն:

Մարինա Պողոսյանը Վերաքննիչ քրեական դատարանին խնդրում է բեկանել Ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը և վերացնել քրեական գործի կարճման որոշումը:

Դատական հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 28-ին՝ ժամը 12:00-ին:
Հեղինակ՝ Արման Ղարիբյան

Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/1599400.html

 

Հայտարարություն. նախկին դատախազ Լեւոն Ավետիսյանն այդպես էլ դատավոր չդարձավ aravot.am

 

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների եւ նախաձեռնության ներկայացուցիչներս, հայտարարում ենք, որ Արաբիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանը իր՝ դատավորին ոչ հարիր վարքագծով եւ դատավարությունների ընթացքում դրսեւորած ցինիկ եւ ոչ կոռեկտ պահվածքով եւս մեկ անգամ հեղինակազրկում է առանց այդ էլ վստահություն չներշնչող դատական համակարգը եւ Հայաստանի Հանրապետությունն առհասարակ: Մենք պնդում ենք, որ նման անձնավորությունը չպետք է տեղ ունենա ՀՀ դատական համակարգում, նա արդեն բազմիցս ապացուցել է, որ ի վիճակի չէ օբյեկտիվ եւ համակողմանի դատաքննություն իրականացնել, ավելին՝ նա իր տհաճ եւ գռեհիկ պահվածքով միայն հակակրանք է առաջացնում ոչ միայն իր անձի, այլեւ արդարադատության նկատմամբ: Դատավորի կոչումը կրող այս մարդու մասին պատկերացում կազմելու համար բավական է հիշատակել ընդամենը 3 դեպք: 1.2014 թ. ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատավարության ընթացքում դատավոր Լեոն Ավետիսյանը ոչ միայն ուղղորդել է վկաներին եւ դատախազին, այլեւ իրեն թույլ է տվել անձնական վիրավորանք հասցնել դատավարությանը ներկա գտնված ազատամարտիկներից մեկին՝ հայտարարելով, թե նա «պախկվում է կնգա փեշերի տակ»: 2.Այս տարվա մարտին քննելով հանրությանը հայտնի դարձած երեխայի գողության գործը՝ դատավոր Լեւոն Ավետիսյանն իրեն թույլ է տվել հեգնական տոնով եւ բացահայտ ցինիզմով հարցեր և մեկնաբանություններ ուղղել իր երեխայից զրկված Նարինե Նիկողոսյանին: Դատավորը դատաքննության ընթացքում հայտարարել է, թե ինքը չի հավատում վկային՝ այսպիսով չթաքցնելով իր ակնհայտ կողմնակալ վերաբերմունքը: Ավելին, դատավորն իր որոշման մեջ հիմք է ընդունել իրականությանը չհամապատասխանող փաստեր և հակասել է այդ գործով քննիչի որոշմանը։ Բացի այդ, իր դատական որոշման մեջ նա ոչ մի դիրքորոշում և գնահատական չի տվել բողոքի հիմքերի հետ կապված՝ պարզապես նշելով, թե «բողոքն անհիմն է»։ 3. Դարձյալ մարտ ամսին քննելով «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի նկատմամբ ԴԱՀԿ ծառայակիցների կողմից կիրառված բռնության առթիվ հարուցված քրեական գործը, այս տխրահռչակ դատավորը ոչ միայն հնարավորություն չտվեց իրավապաշտպանին ներկայացնելու իր նկատմամբ կիրառված բռնության գործով տեղի ունեցած ապօրինությունները, այլեւ անտարբերության մատնեց հայտարարությունն այն մասին, որ քրեական գործից կորել է վկաներից մեկի ցուցմունքը: Այսպիսով, վերոշարադրյալից կարելի է եզրակացնել, որ նախկին դատախազ Լեւոն Ավետիսյանն այդպես էլ դատավոր չդարձավ՝ վերոնշյալ երեք գործերով հոգով եւ սրտով պաշտպանելով դատախազության առաջ քաշած վարկածները: Լեւոն Ավետիսյանի համար արդարադատությունն արժեք չէ, նա արհամարհում է ՀՀ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, իսկ դատական համակարգը օգտագործում է որպես գռեհիկ հեգնանքի եւ ցինիզմի դրսեւորման թատերաբեմ: Հաշվի առնելով վերոնշյալը կոչ ենք անում ՀՀ այն քաղաքացիներին, ում գործով դատավոր կնշանակվի Լեւոն Ավետիսյանը, անհապաղ բացարկ հայտարարել նրան՝ հիմք ընդունելով վերոնշյալ փաստերը։ «Ի Պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի հանձնախումբ» «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպություն «Վելես» հասարակական կազմակերպության

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/04/09/559264/

 

Կորել է քրեական գործը. գտնողին պարգև են խոստանում hraparak.am

 

Երբ Երեւանի կենտրոնում նման հայտարարություն հանդիպեցինք, սկզբում կարծեցինք, թե կատակ է, սակայն երբ կապվեցինք «Վելես» հասարակական կազմակերպության հետ, պարզվեց, որ քրեական գործի նյութերն իսկապես կորել են: «Անցյալ տարի Կենտրոնի քննչականում Հովհաննես Երիցյանի դիմումի հիման վրա քրեական գործ էին հարուցել, սակայն չկարողացան ապացուցել իմ մեղավորությունը, եւ գործը կարճվեց: Ես բողոքարկել եմ կարճման որոշումը, քանի որ գտնում եմ, որ մեղադրանք պետք է առաջադրվեր հենց Հովհաննես Երիցյանին՝ սուտ մատնություն անելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանը:

Նրա խոսքով, Հովհաննես Երիցյանը, ով Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում զբաղեցրել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետի պաշտոնը, դիտավորությամբ սուտ մատնություն է կատարել իր դեմ: «Թեեւ գործով ապացուցվել է, որ Երիցյանը կեղծ տեղեկություններ է հայտնել իմ մասին, քննիչը քրեական գործ չի հարուցել նրա դեմ, քանի որ գտել է, թե իբր Երիցյանը չի գիտակցել, որ սուտ մատնություն է կատարում: Սա ակնհայտ կեղծիք է, քանի որ Հովհաննես Երիցյանը վաղուց է փորձում վնասել ինձ, որովհետեւ մենք պաշտպանում ենք նրանից տուժած անձանց շահերը: Երիցյանը քաջ գիտակցել է, որ կեղծ տեղեկություններ է տարածում, եւ նա դա դիտավորյալ է արել, որպեսզի ճնշում գործադրի ինձ վրա»,- վստահ է Մարինա Պողոսյանը:

Իրավապաշտպանի խոսքով, Հովհաննես Երիցյանը գլխավորում է վաշխառությամբ եւ խարդախությամբ զբաղվող հանցախումբը, որի գործունեության արդյունքում բազմաթիվ ընտանիքներ հայտնվել են փողոցում. «Միայն մեր կազմակերպությանը դիմել են երեք ընտանիքներ, որոնք պնդում են, որ տոկոսով գումար են վերցրել Երիցյանից եւ զրկվել են իրենց տնից: Մենք բազմիցս բարձրաձայնել ենք այս հարցը, սակայն մեր իրավապահներն ուշադրություն չեն դարձնում, փոխարենը Երիցյանի կեղծ ցուցմունքների հիման վրա քրեական գործ էին հարուցել իմ դեմ»:

«Վելես» ՀԿ նախագահը վստահ է, որ քրեական գործի ընթացքում Երիցյանն այնպիսի ցուցմունքներ է տվել, որոնցով հնարավոր է հեշտությամբ ապացուցել, որ նախկին պաշտոնյան սուտ մատնություն է արել: «Գործն արդեն դատարանում է քննվում, իսկ քրեական գործի նյութերը պարզապես չկան, դուք պատկերացնո՞ւմ եք նման իրավիճակ: Ես լուրջ մտահոգություն ունեմ, որ այս ընթացքում քրեական գործի նյութերը փոփոխության են ենթարկվում, որպեսզի չբացահայտվեն իրենց կատարած հանցագործությունները»,- ասում է Մարինա Պողոսյանը:

Անի  ԱՌԱՔԵԼՅԱՆՆյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=75317&l=am/

 

Իրավապաշտպանը խոստանում է դրամական պարգև168.am

 

«Վելես» հասարակական կազմակերպության անդամները Երևանի կենտրոնում պաստառներ են փակցրել հետևյալ բովանդակությամբ. «Փնտրվում է Կենտրոնի քննչական բաժնում իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ սարքված քրեական գործի նյութերը։ Գտնողին, խնդրում ենք, ներկայացնել Կենտրոնի դատարան։ Խոստանում ենք դրամական պարգև»։

Մարինա Պողոսյանը «168 Ժամի» հետ զրույցում մանրամասնեց, թե որ քրեական գործի մասին է խոսքը, և, թե ինչու են իրենք փնտրում գործի նյութերը։

«Սա այն քրեական գործն է, որով փորձել են ճնշում գործադրել մեր կազմակերպության և անձամբ իմ նկատմամբ, քանի որ մենք զբաղվում ենք վաշխառության դեմ պայքարով, իսկ վաշխառուների պարագլուխ Հովհաննես Երիցյանին, բնականաբար, դուր չի եկել մեր գործունեությունը, և նա պարզապես սուտ մատնություն էր արել իմ դեմ»։ Քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանը Ոստիկանություն հաղորդում էր տվել այն մասին, թե իբր Մարինա Պողոսյանը շորթում է կատարել մի քանի անձանցից` սպառնալով և վախեցնելով նրանց։ Քրեական գործ հարուցվել էր, սակայն Մարինա Պողոսյանին մեղադրանք չէր առաջադրվել, քանի որ բոլոր 4 անձինք, ումից, ըստ Երիցյանի, Պողոսյանը «շորթում» էր կատարել, իրենց ցուցմունքներում հերքել են Երիցյանի հայտնած տեղեկությունները։

Մարինա Պողոսյանն իր հերթին` հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին` հայտնելով, որ Հովհաննես Երիցյանը սուտ մատնություն է կատարել։ Երիցյանի դեմ, սակայն, գործ չի հարուցվել, քննիչը գտել է, որ նախկին պաշտոնյան դիտավորությամբ չի մեղադրել Պողոսյանին հանցագործության մեջ։
«Պատկերացնո՞ւմ եք, որ Հովհաննես Երիցյանն իբր սխալ է ընկալել չորս հոգուց լսած տեղեկությունը և ենթադրել է, որ ես շորթում եմ կատարել, և դիմել է Ոստիկանություն։ Նման բան չի կարող լինել, նա դիտավորությամբ է դա արել, որպեսզի ճնշում գործադրի մեզ վրա։ Եթե ես չորս անձից շորթում կատարած լինեի, նրանք կդիմեին Ոստիկանություն, Երիցյանն ինչո՞ւ է նրանց փոխարեն դա արել»,- ասում է «Վելես» հ/կ-ի նախագահը։

Վերջինս, ի դեպ, մինչ օրս հնարավորություն չի ունեցել ծանոթանալու քրեական գործի նյութերին, քանի որ, թեև գործն արդեն դատական փուլում է, գործի նյութերը դեռևս չեն փոխանցվել դատարան։ «Ես լուրջ մտավախություն ունեմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունում կփոխվեն գործի նյութերը, քանի որ Հովհաննես Երիցյանը խայտառակ ցուցմունքներ է տվել, և նման ցուցմունքները հրապարակվելուց հետո նա չի կարող խուսափել պատասխանատվությունից»,- վստահ է իրավապաշտպանը։

Մարինա Պողոսյանը նշում է, որ իրենք արդեն համոզվել են` հենց Դատախազությունն է հովանավորում Երիցյանին։ «Մենք այս մասին բաց նամակ գրեցինք, տեղեկացրեցինք ՀՀ գլխավոր դատախազին, սակայն նա այդպես էլ անհաղորդ մնաց։ Գործի նյութերը մինչև հիմա Դատախազությունում են, և ես խիստ կասկածում եմ, որ այնտեղ հիմա կեղծիքներ են արվում։ Ինչո՞ւ է Դատախազությունը պահում գործի նյութերն իր մոտ, եթե վաղուց հաստատել է քրեական գործի կարճման վերաբերյալ որոշման օրինականությունը»,- հարցնում է իրավապաշտպանը։

Սկզբնաղբյուրը`

Իրավապաշտպանը խոստանում է դրամական պարգև

 

Գտնողին խոստանում են դրամական պարգև 1in.am

 

ae2bda80f96b553c1e3702670b49c59a
«Վելես» հասարակական կազմակերպության անդամները ստիպված են եղել հայտարարություն տալ կորած քրեական գործի նյութերի մասին՝ գտնողին խոստանալով դրամական պարգև: Կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը պնդում է, որ Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում նախ իր դեմ գործ են սարքել, ապա կարճել են քրեական գործը, իսկ գործի նյութերն «անհետացել են»:

«Ամիսներ շարունակ ես չեմ կարողանում ծանոթանալ քրեական գործի նյութերին, դատախազությունում լավ են հասկանում, որ երբ մենք ծանոթանանք դրանց, այնքան ապօրինություններ կբացահայտենք, դրա համար էլ գործի նյութերը պարզապես թաքցնում են ինձնից»,- «Ժամանակի» հետ զրույցում ասաց Մարինա Պողոսյանը:

«Վելես» ՀԿ-ն ակտիվ պայքար է մղում վաշխառուների և խարդախների դեմ, պաշտպանում է նրանց զոհ դարձած անձանց շահերը: Կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը բազմիցս դիմել է իրավապահ մարմիններին՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել վաշխառուներին, փոխարենը ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել հենց իր դեմ: «Մենք մշտապես հայտարարել ենք, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանը տարիներ շարունակ զբաղվել է վաշխառությամբ, բազմաթիվ տուժած մարդիկ են մեզ դիմել: Երիցյանն էլ իր հերթին փորձեց ինձ վախեցնել՝ քրեական գործ հարուցելով»,- ասաց Մարինա Պողոսյանը:

Նրա խոսքով՝ Երիցյանը սուտ մատնություն է արել իր դեմ և պետք է դրա համար ևս պատասխանատվության ենթարկվի: «Նա հայտարարել էր, թե ես շորթում եմ արել, և որպես իր ասածի ապացույց տվել էր չորս անձանց անուն, ովքեր իբր պետք է հաստատեին նրա ասածները, սակայն այդ չորսն էլ եկել և միանգամայն այլ ցուցմունքներ են տվել, նույնիսկ իր սանիկը իր դեմ է ցուցմունք տվել, այսքանից հետո քննիչը քրեական գործ չի հարուցել Երիցյանի նկատմամբ, քանի որ գտել է, որ նա դիտավորությամբ չի կատարել սուտ մատնությունը»,- նշեց իրավապաշտպանը:

Երիցյանի դիմումի հիման վրա հարուցված քրեական գործը կարճվել է, քանի որ չի հաջողվել ապացուցել շորթում կատարելու փաստը: Իրավապաշտպանը, սակայն, բողոքարկում է քրեական գործի կարճման որոշումը դատարանում: «Ես գործի ընթացքում հայտնել եմ, որ սուտ մատնություն է կատարվել, և պնդում եմ, որ քրեական գործ պետք է հարուցվի այդ հիմքով, դրա համար էլ մենք բողոքարկում ենք այդ որոշումը և պայքարելու ենք մինչև վերջ»,- ասաց նա:

Քրեական գործը կարճելու որոշման դեմ բերված բողոքը քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Քրեական գործի նյութերը, սակայն, դեռևս դատարանին չեն փոխանցվել: «Քանի որ դատարանն էլ չի կարողանում ստանալ գործի նյութերը, մենք հայտարարություն ենք տարածել, որ գտնողին տալու ենք դրամական պարգև»,- ասաց «Վելես» ՀԿ-ի նախագահը:

Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/1576440.html

 

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.