Author: Veles Human Rights NGO

Նրանք պարզապես գոյատևում են՝ արդարության սպասումով 168.am

 

Այսօր մարտի 17-ն է, շատերիս համար հերթական օրացույցային օր, սակայն մեր կողքին ապրում է մի ընտանիք, ում համար այս օրը սևով է ներկված: Ուղղեմ սխալս՝ այդ ընտանիքը ոչ թե ապրում, այլ գոյատևում է, քանի որ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը այդ ընտանիքը ոչնչացվել է: Մելիքյանների ընտանիքում չորս կին էին ապրում, տան տղամարդը մահացել էր, մնացել էին տատիկը, մայրը և երկու դուստրերը:

Դուստրերից մեկը տոկոսով գումար էր վերցրել, որպես գրավ իրենց տան վերաբերյալ շինծու առուվաճառքի պայմանագիր էր կնքել, պայմանավորվել էին, որ գումարը վերադարձնելուց հետո տունը պետք է հետ վերադարձնեին: Սակայն դատարանից ստացված ծանուցագրից տեղեկացան, որ իրենց տան նոր տերը ցանկանում է վտարել իրենց: Դատարանը ընտանիքի դեմ էր որոշում կայացրել:
2014 թվականի մարտի 17-ն էր: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայակիցները բառիս բուն իմաստով ներխուժեցին տարածք և սկսեցին բռնությամբ դուրս շպրտել տան տատիկին՝ ում վտարման վերաբերյալ դատարանը որոշում չէր կայացրել:

Այսօր այս ընտանիքի անդամները իրարից հեռու են ապրում, պաշտոնյաներին հասցեագրած նամակները ստորագրում են անհասցե, քանի որ չունեն հասցե, չունեն գրանցում: 2014 թ. մարտի 17-ից սկսած այս ընտանիքն այլևս չկա, նրանք պարզապես գոյատևում են, գոյատևում՝ արդարության սպասումով:
Սկզբնաղբյուրը`

Նրանք պարզապես գոյատևում են՝ արդարության սպասումով

 

Արդարադատությունը կսպասի… դատավորը «վռազ էր» 168.am

 

«Ակնհայտ էր, որ դատավորին ընդհանրապես չէր հետաքրքրում գործի նյութերը, մենք բազմաթիվ իրավախախտումներ էինք վկայակոչում, սակայն նա չէր ցանկանում լսել, անընդհատ մեզ հորդորում էր, որ կարճ կապեինք»,- «168.am»-ին է պատմում «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը:

Նրա կարծիքով, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանը նախօրոք գիտեր, թե ինչ որոշում է կայացնելու, դրա համար էլ շտապել է ավարտել բողոքի քննությունը: «Ժոողովրդական խոսքով ասած՝ դատավորը «վռազ էր», երևի մտածել է, որ արդարադատությունը կսպասի… հավանաբար շտապում էր «վերևներին» զեկուցել, որ ամեն ինչ իրենց սրտով է արել»,- ասում է Մարինա Պողոսյանը:

Հիշեցնենք, որ 2014 թ. մարտի 17-ին Երևանի կենտրոնում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայակիցները բռնություն էին գործադրել 75-ամյա կնոջ և նրա շահերը պաշտպանող Մարինա Պողոսյանի նկատմամբ: Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ, որը կարճ ժամանակ անց կարճվել էր:

Մարինա Պողոսյանը գտնում է, որ կարճման որոշումն անօրինական է և այն բողոքարկում է դատական կարգով:

«168.am»-ն անդրադարձել է քրեական գործում առկա բացթողումներին , իսկ երեկ կայացած դատական նիստում Մարինա Պողոսյանի փաստաբան Արթուր Սուքիասյանը ներկայացրել է նախաքննական մարմնի թույլ տված այլ թերացումները:
«Այնպիսի տպավորություն է, որ նախաքննական մարմինը նույնիսկ չի գիտակցել, թե ինչ իրավունքների խախտման մասին է խոսքը, և գործի քննությունը տարել է այլ ուղղությամբ: Այստեղ քննարկվում է Մարինա Պողոսյանի՝ տվյալ տարածքում գտնվելու օրինական լինելու հարցը, այնինչ Մարինա Պողոսյանը որևէ հավակնություններ չի ունեցել այդ տարածքի նկատմամբ, նա այդտեղ է ժամանել քաղաքացիների ահազանգով, գործել է որպես իրավապաշտպան, փոխարենն արժանացել է բռնության»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ ԴԱՀԿ ծառայակիցները խախտել են Մարինա Պողոսյանի ազատ տեղաշարժվելու իրավունքը՝ նրան փակելով սենյակներից մեկում, վնաս են հասցրել նրա արժանապատվությունը՝ նրան գրկելով և բետոնե աստիճանների վրա շպրտելով, ինչպես նաև հասցրել են մարմնական վնասվածք, ինչն արձանագրվել է դատաբժշկական փորձաքննությամբ:

Քրեական գործի կարճման օրինականությունը հաստատած դատախազ Արթուր Երիցյանը, թեև ընդունում է, որ ԴԱՀԿ ծառայակիցները վնաս են հասցրել թե՛ Մարինա Պողոսյանին, թե՛ տարեց կնոջը, այնուամենայնիվ, այդ վնասը էական չի համարում:
«Մարինա Պողոսյանը խոչընդոտել է ԴԱՀԿ ծառայակիցների աշխատանքը, այդ պատճառով էլ նրան հեռացրել են տարածքից»,- հայտարարեց դատախազը:

«ԴԱՀԿ ծառայակիցները ժամանել էին այդ հասցե, որպեսզի վտարեին Կարինե և Զինաիդա Մելիքյաններին: Վերջիններս իմ հորդորով ինքնակամ լքել էին տարածքը, և ԴԱՀԿ ծառայակիցներն այլևս այնտեղ անելիք չպետք է ունենային, այնպես որ ես չէի կարող խոչընդոտել նրանց օրինական գործողություններին»,- ասում է Մարինա Պողոսյանը:

Երեկ հապճեպորեն քննված գործից հետո դատավոր Լևոն Ավետիսյանը մերժեց իրավապաշտպանի բողոքը: «Ես չեմ էլ զարմանում, որ մերժեց, որովհետև դատավորի վերաբերմունքից զգացվում էր, որ իրեն գործն ընդհանրապես չի հետաքրքրում, նա մի քանի անգամ ինձ ընդհատեց՝ թույլ չտալով ներկայացնել գործում առկա կարևոր բացթողումները»,- ասում է իրավապաշտպանը:

«Վելես» հասարակական կազմակերպության նախագահը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը. «Հուսով եմ, որ Վերաքննիչ դատարանի դատավորները նույնքան անհաղորդ չեն լինի ու արդար որոշում կկայացնեն՝ հանուն Հայաստանի Հանրապետության, այլ ոչ թե ինչ-որ ուժերի…»:

Սկզբնաղբյուրը`

Արդարադատությունը կսպասի… դատավորը «վռազ էր»

 

Իրավապաշտպանին «նուրբ գրկած» հարկադիր կատարողները չեն պատժվի azatutyun.am

 

Մարինա Պողոսյանը պնդում է, որ մեկ տարի առաջ, երբ փորձել է իր տարածքից վտարվող տարեց կնոջ շահերը պաշտպանել, բռնության է ենթարկվել ԴԱՀԿ աշխատակիցների կողմից։
Դատարանը այսօր մերժեց իրավապաշտպան Մարինա Պողոսյանի բողոքը, որով նա պահանջում էր վերսկսել մեկ տարի առաջ կարճված քրեական գործի քննությունը և պատասխանատվության ենթարկել իր դեմ բռնություն գործադրած դատական ակտերի հարկադիր կատարողներին։

Իրավապաշտպանը պնդում է, որ հարկադիր կատաողները մեկ տարի առաջ ուժի գործադրմամբ սեփական տարածքից վտարել են տարեց մի կնոջ, և երբ ինքը փորձել է կնոջ շահերը պաշտպանել, բռնության զոհ է դարձել։ Դատավորը մերժեց բողոքը, թեև դատախազ Արթուր Երիցյանն ընդունել էր, որ հարկադիր կատարողների կողմից ուժ գործադրվել է։

«Գտնվելով այնտեղ, խոչընդոտել են հարկադիր կատարման գործողություններին և այդ պայմաններում նրանք ստիպված են եղել ուժ գործադրելու և էդ մարդկանց հանելու, հակառակ դեպքում վտարման գործընթացը չէր կատարվի։ Ճիշտ է՝ Մարինա Պողոսյանի վնաս պատճառվել է, բայց վնասը էական չէ, օրենքն ասում է, որ էական վնաս պետք է լինի»,- ասաց դատախազը։

Իրավապաշտպանն իր հերթին այս դատաքննությունը զավեշտ է որակում։ Մատնանշում է քննության ընթացքում հարկադիր կատարողների՝ մեծամասամբ նույն տեքստով տրված ցուցմունքները։

«Դուրս է գալիս, որ Դատական ակտերի հարկադիր ծառայության չորս աշխատակիցները բառերով և ստորակետներով տալիս են նույն ցուցմունքը։ Այսինքն՝ copy paste են արել։ Սա նշանակում է, որ քննություն չի իրականացվել»,- ասաց իրավապաշտպանը։

Հարկադիր ծառայության չորս աշխատակիցներն էլ իրենց ցուցմունքներում նշել են, որ դեպքի օրը, երբ տարեց կնոջը հարկադրաբար հանում էին տարածքից, Մարինա Պողոսյանը խանգարում էր իրենց։ «Նա անընդհատ հորդորում էր Զինա տատիկին խանութից դուրս չգալ։ Ես Մարինայից պահանջեցի սպասել կողքի սենյակում և չխոչընդոտել մեր աշխատանքին։ Վերջինս մտավ կողքի սենյակ»,- նշված է ծառայության աշխատակից Հովհաննիսյանի ցուցմունքի մեջ։ Մինչդեռ Մարինա Պողոսյանը պնդում է, որ իրեն ուժով են փակել հարևան սենյակում, իսկ դրանից հետո բռնությամբ հեռացրել տարածքից։

«Վերջում տեսնելով, որ ես նորից եմ ուզում զանգել ոստիկանություն, ինձնից վերցրել են հեռախոսը, շպրտել են, կողպել են ինձ մի դատարկ սենյակում և զրկել են ազատությունից։ Ես սկսեցի բղավել, որ ինձ բաց թողնեն, դուռը բացել են և էնտեղից կիսաքաշելով, կիսաշալակած վիճակում տարել են, գցել բետոնե աստիճանների վրա, ու ես մարմնական վնասվածք եմ ստացել»,- պատմեց Պողոսյանը։

Հարկադիր կատարողները, սակայն, ցուցմունքներում հերքել են բռնության մասին պնդումները։ «Պարզապես կիսագրկած վիճակում դուրս եմ հանել խանութի տարածքից»,- ասված է Հովհաննիսյանի նկարագրության մեջ։ Ցուցմունքը նույնությամբ կրկնել են նաև նրա գործընկերները։

«Ես կին եմ, և ես համարում եմ, որ սա սեռական բնույթի բռնություն է իմ նկատմամբ, որովհետև հարկադիր կատարողը տղամարդ է, և ես նրան չէի լիազորել ինձ ուրիշ տղամարդկանց ներկայությամբ գրկել։ Ես չգիտեմ, երևի գրկելը նոր իրավական կատեգորիա է Հայաստանում։ Եվ իրենք ասում են՝ հա ինչ ա եղել, որ, գրկել դուրս ենք հանել, նուրբ գրկել ենք։ Ու էսօր դատավորը գտավ, որ նորմալ է, որ ինձ նուրբ գրկում, դուրս են շպրտում։ Դուրս է գալիս, որ բռնությունը և մարդուն ազատությունից զրկելը խրախուսվում է մեր երկրում»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Այլոց պաշտպանող Պողոսյանը այժմ ստիպված է պայքարել իր իր իրավունքների համար։ Ասում է՝ պատրաստ է անգամ Եվրոպական դատարան դիմել՝ կանխելու հարկադիր ծառայողների ոտնձգությունները։

Սկզբնաղբյուրը`http://www.azatutyun.am/a/26885849.html

 

Բռնության մասին իրավապաշտպանի բողոքը մերժվել է․ դատարանը համաձայն է, որ նրան «նուրբ գրկել են» epress.am

 

76-ամյա Զինաիդա Գյոզալյանի և «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի նկատմամբ բռնություն գործադրելու առթիվ ՀՔԾ-ն քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում էր ընդունել, ինչից հետո Մարինա Պողոսյանը բողոքարկել է որոշումը։ Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ հանձին դատավոր Լևոն Ավետիսյանի, մերժել է բողոքը՝ այն համարելով անհիմն:
Ըստ Պողոսյանի՝ 2014 թվականի մարտի 17-ին ԴԱՀԿԾ աշխատակիցներն Աբովյան փողոցի կտորեղենի խանութում բնակվող ընտանիքին վտարելու ժամանակ նախ բռնություններ են կիրառել 75-ամյա Զինաիդա Գյոզալյանի նկատմամբ, ապա, երբ ինքը փորձել է միջամտել, իրեն կողպել են սենյակում: Այնուհետև ԴԱՀԿԾ աշախատակիցները բռնություն են կիրառել նաև Պողոսյանի նկատմամբ՝ նրան կացարանից դուրս հանելով և աստիճաններին նետելով: Քննիչը համարել էր, որ ԴԱՀԿԾ աշխատակիցները «նուրբ գրկել են իրավապաշտպանին»:
Դատարանում բողոքը ներկայացնելով՝ Մարինա Պողոսյանը նշել է, որ քննիչ Սարգսյանը ոչ միայն անգործություն է ցուցաբերել, օրինակ՝ առերեսում չանելով, հաշվի չառնելով այն, որ իրենք այդ օրը մի քանի անգամ զանգահարել են ոստիկանություն և այլն, այլև կատարել է պաշտոնական կեղծիք. հրապարակել է չորս վկաների կողմից ստորագրված նույնական ցուցմունքներ:
Պողոսյանը նշել է նաև, որ ինքն այդ տանը գտնվում էր որպես իրավապաշտպան, իր անունը չկար դատական որոշման մեջ, և ԴԱՀԿԾ աշխատողներն իրավունք չունեին իրեն դուրս հանել։
Դատարանում ՀՔԾ որոշումը պաշտպանում էր դատախազ Երիցյանը: Վերջինս հակադարձել է, որ Մարինա Պողոսյանը խոչընդոտել է ԴԱՀԿԾ ներկայացուցիչների աշխատանքը, այդ պատճառով էին նրա նկատմամբ «ստիպված» ուժ կիրառել:
Մարինա Պողոսյանը դիմելու է Վերաքննիչ դատարան:
Սկզբնաղբյուրը`http://www.epress.am/2015/03/06/263175.html

 

Սեռական ոտնձգություն կին իրավապաշտպանի նկատմամբ 1in.am

 

«Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը ԴԱՀԿ ծառայակիցների գործողություններն իր նկատմամբ որակում է որպես սեռական ոտնձգություն: Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր դատական ակտերի հարկադիր կատարողների կողմից Մարինա Պողոսյանին «գրկած դուրս հանելու» գործով դատական նիստը:

«Եթե գործը քննող քննիչի և դատախազի համար նորմալ է, որ օտար տղամարդիկ կարող են գրկելով տեղափոխել իրենց կանանց, ապա ես դա դիտում եմ որպես սեռական ոտնձգություն: Թող դատարանը բացատրի, թե կանանց «նուրբ գրկելը» ինչ իրավական կատեգորիա է»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Մարինա Պողոսյանը:

Հիշեցնենք, որ անցած տարվա մարտի 17-ին Երևանի կենտրոնում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայակիցները բռնություն էին կիրառել իրավապաշտպան Մարինա Պողոսյանի նկատմամբ: Դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ, որը հետագայում կարճվել էր: Իրավապաշտպանը կարճման որոշումը բողոքարկում է դատարանում:

Պողոսյանի փաստաբան Արթուր Սուքիասյանն այսօր դատարանին ներկայացրեց ՀՔԾ-ում քննված քրեական գործում առկա բացթողումները: «Խախտվել են Մարինա Պողոսյանի ազատ տեղաշարժվելու իրավունքը, վնաս է հասցվել նրա արժանապատվությանն ու առողջությանը, հասցվել է մարմնական վնասվածք»:

Քրեական գործի կարճումը հաստատած դատախազ Երիցյանը հայտարարեց, թե դատարան բերված բողոքն անհիմն է և ենթակա է մերժման: Դատավոր Ավետիսյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակից և հրապարակեց որոշումը, համաձայն որի՝ իրավապաշտպանի բողոքը մերժվել է: Մարինա Պողոսյանը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը:

Հեղինակ՝ Արման Ղարիբյան

Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/1566204.html

Դատախազությանը խնդրում են չհովանավորել վաշխառուներին․ բաց նամակ epress.am

 

«Վելես» հասարակական կազմակերպությունն ամիսներ շարունակ իրականում պայքարել է ոչ թե վաշխառուների և խարդախների խմբի, այլ նրանց հովանավորող դատախազության ներկայացուցիչների դեմ: Այս մասին ասված է վաշխառուների գործողություններից տուժած անձանց խնդիրներով զբաղվող «Վելես» ՀԿ֊ի նախագահ Մարինա Պողոսյանի (լուսանկարում) բաց նամակում, որը հղված է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին։
«Ավելին՝ առկա խնդիրների մասին փորձել ենք տեղեկացնել նաև անձամբ Ձեզ, սակայն Ձեր անտարբեր և անհաղորդ կեցվածքը մեզ մոտ կասկածներ առաջացրեց, որ վերոնշյալ խումբն իր հանցավոր գործունեությունը ծավալում է ՀՀ գլխավոր դատախազության հովանավորությամբ կամ անգործության շնորհիվ», ֊ նշում է Պողոսյանը:
Նա ընդգծում է, որ խոսքը վերաբերում է Հովհաննես Երիցյանի և Արտավազդ Այվազյանի մասին մի շարք քաղաքացիների բողոքներին, որոնց հիման վրա հարուցվել են քրեական գործեր, սակայն կարճ ժամանակ անց կարճվել են, իսկ գործը վերահսկող դատախազները հաստատել են քրեական գործերի կարճման օրինականությունը:
«Սակայն հետագայում, երբ այդ կարճման որոշումներից մեկը բողոքարկվել է դատարաններում, պարզվել է, որ քննիչը չի կատարել օբյեկտիվ և բազմակողմանի քննություն: Տվյալ գործը վերադարձել է նախաքննության փուլ, և մենք լիահույս ենք, որ գոնե այս նամակի հրապարակումից հետո դատախազությունը չի շարունակի աչք փակել կամ գուցե և հովանավորել մի քանի ընտանիքների կողմից վաշխառության մեջ մեղադրվող անձանց և պատշաճ կերպով վերահսկողություն կսահմանի նախաքննական մարմնի նկատմամբ», ֊ ընդգծում է ՀԿ֊ի ղեկավարը:
Նամակում նշվում է, որ մեկ այլ գործով դատախազությունը դարձյալ աչք է փակել ոչ օբյեկտիվ և բազմակողմանի իրականացված քրեական գործի նկատմամբ, որը դարձյալ վերաբերում է Երիցյանին և Այվազյանին:
«Այս պարագայում վերջիններիս կամքը իրականացնող (ամենևին ոչ դատական ակտը, քանի որ նման ակտ գոյություն չունի) Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները բռնության էին ենթարկել անձամբ ինձ և 75-ամյա տարեց կնոջը՝ չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որը ևս կարճվել է և կարճման օրինականությունը կրկին հաստատվել է դատախազության կողմից:
Ավելի քան զարմանալի է, որ գործը ստուգող դատախազը չի նկատել, որ Հատուկ քննչական ծառայության քննիչը գործը կարճել է առանց որևէ առերես հարցաքննություն իրականացնելու, թեև գործում բազմաթիվ են հակասությունները: Ավելին, դատախազն իբր չի նկատել, որ մի քանի անձանց տրված բացատրություններն ու ցուցմունքները գրված են մեկ անձի կողմից, ում թեթև ձեռքով էլ այս գործը փակվել է: Կարճման որոշումը ևս բողոքարկվում է դատարանում: Համոզված ենք, որ առաջիկայում այս գործով ևս կապացուցվի դատախազության անգործությունը», ֊ ընդգծում է Պողոսյանը:
Նամակում վերջինս հույս է հայտնում, որ Գևորգ Կոստանյանի կարողություններն ու հեղինակությունը կբավականացնեն, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազն անձամբ բացահայտի, թե նրա գլխավորած կառույցում ովքեր են հովանավորում վերոնշյալ զույգին և «ստվերում առանց այդ էլ վստահություն չներշնչող ՀՀ գլխավոր դատախազության համբավը»:
Պողոսյանը նաև պատրաստակամություն է հայտնում Կոստանյանին ներկայացնել ինչպես վերոնշյալ գործերի մասով, այնպես էլ բազմաթիվ այլ դրվագներով դատախազության անգործությունն ապացուցող փաստեր և փաստաթղթեր:

Սկզբնաղբյուրը`http://www.epress.am/2015/02/23/262744.html

 

Գլխավոր դատախազությո՞ւնն է հովանավորում վաշխառուների խմբին

 

ՀՀ գլխավոր դատախազ
Գեւորգ Կոստանյանին

«Վելես» իրավապաշտպան
հասարակական կազմակերպության
նախագահ Մարինա Պողոսյանից

Բաց նամակ

Հարգելի պարոն Կոստանյան, «Վելես» հասարակական կազմակերպությունը վերջերս ամփոփեց իր գործունեության մեկ տարին եւ հետ հայացք գցելով մեր կատարած աշխատանքին, մենք եկանք այն եզրակացման, որ ամիսներ շարունակ մենք պայքարել ենք իրականում ոչ թե վաշխառուների եւ խարդախների խմբի, այլ նրանց հովանավորող դատախազության ներկայացուցիչների դեմ: Ավելին, առկա խնդիրների մասին փորձել ենք տեղեկացնել նաեւ անձամբ Ձեզ, սակայն Ձեր անտարբեր եւ անհաղորդ կեցվածքը մեզ մոտ կասկածներ առաջացրեց, որ վերոնշյալ խումբն իր հանցավոր գործունեությունը ծավալում է ՀՀ գլխավոր դատախազության հովանավորությամբ կամ անգործության շնորհիվ:
Եվ որպեսզի մեր հայտարարությունը մերկապարանոց չհնչի, ներկայացնենք մանրամասներ: Խոսքը վերաբերում է Հովհաննես Երիցյանի եւ Արտավազդ Այվազյանի մասին մի շարք քաղաքացիների բողոքներին, որոնց վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր, սակայն կարճ ժամանակ անց կարճվել են, իսկ գործը վերահսկող դատախազները հաստատել են քրեական գործերի կարճման օրինականությունը:
Սակայն հետագայում, երբ այդ կարճման որոշումներից մեկը բողոքարկվել է դատարաններում, պարզվել է, որ քննիչը չի կատարել օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն: Տվյալ գործը վերադարձել է նախաքննության փուլ եւ մենք լիահույս ենք, որ գոնե այս նամակի հրապարակումից հետո դատախազությունը չի շարունակի աչք փակել կամ գուցե եւ հովանավորել մի քանի ընտանիքների կողից վաշխառության մեջ մեղադրվող անձանց եւ պատշաճ կերպով վերահսկողություն կսահմանի նախաքննական մարմնի նկատմամբ:

Մեկ այլ գործով, դատախազությունը դարձյալ աչք է փակել ոչ օբյեկտիվ եւ բազմակողմանի իրականացված քրեական գործի նկատմամբ, որը դարձյալ վերաբերում է վերոնշյալ զույգին: Այս պարագայում վերջիններիս կամքը իրականացնող (ամենեւին ոչ դատական ակտը, քանի որ նման ակտ գոյություն չունի) Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները բռնության էին ենթարկել անձամբ ինձ եւ 75-ամյա տարեց կնոջը՝ չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որը եւս կարճվել է եւ կարճման օրինականությունը կրկին հաստատվել է դատախազության կողմից:

Ավելի քան զարմանալի է, որ գործը ստուգող դատախազը չի նկատել, որ Հատուկ քննչական ծառայության քննիչը գործը կարճել է առանց որեւէ առերես հարցաքննություն իրականացնելու, թեեւ գործում բազմաթիվ են հակասությունները: Ավելին, դատախազն իբր չի նկատել, որ մի քանի անձանց տրված բացատրություններն ու ցուցմունքները գրված են մեկ անձի կողմից, ում թեթեւ ձեռքով էլ այս գործը փակվել է: Կարճման որոշումը եւս բողոքարկվում է դատարանում: Համոզված ենք, որ առաջիկայում այս գործով եւս կապացուցվի դատախազության անգործությունը:
Եվս մեկ փաստ. Հովհաննես Երիցյաննն ու նրա շայկան սուտ մատնություն էին կատարել՝ ինձ կեղծ մեղադրանքներ առաջադրելով առանձնապես ծանր հանցագործության մեջ: Գործի քննության ընթացքում Հովհաննես Երիցյանը բառիս բուն իմաստով փախել է ինձ հետ առերես հարցաքննությունից եւ փաստորեն, առանց առերես հարցաքննությունն ավարտելու քննիչը գործը կարճել է եւ արդեն երրորդ անգամ կարճման օրինականությունը հաստատվել է դատախազության կողմից: Այս գործով եւս ընթանում է դատաքննություն:

Անկախ նրանից, թե դատարանում ինչ որոշումներ կկայացվեն, մեզ համար ակնհայտ է, որ դատախազությունը շահագրգռված չէ Հովհաննես Երիցյան-Արտավազդ Այվազյան զույգին վերաբերող գործերով օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն անցկացնելու մեջ, որի ընթացքում գուցե կբացահայտվեր նաեւ, թե նախկին պաշտոնյան ինչ ճանապարհով է կուտակել մի քանի միլիոն դոլարի հասնող կարողությունը:
Հարգելի պարոն Կոստանյան, հուսով ենք, որ Ձեր կարողություններն ու հեղինակությունը կբավականացնեն, որպեսզի Դուք անձամբ բացահայտեք, թե Ձեր գլխավորած կառույցում ովքեր են հովանավորում վերոնշյալ տխրահռչակ զույգին եւ ստվերում առանց այդ էլ վստահություն չներշնչող ՀՀ գլխավոր դատախազության համբավը: Հակառակ դեպքում մենք կարող ենք օգնել Ձեզ այդ հարցում՝ տալով նաեւ կոնկրետ անձանց անուններ, ովքեր հնարավոր է, որ գործում են Ձեր թիկունքում:

Հ.Գ. – Պատրաստ ենք անձամբ Ձեզ ներկայացնել ինչպես վերոնշյալ գործերի մասով, այնպես էլ բազմաթիվ այլ դրվագներով դատախազության անգործությունն ապացուցող փաստեր եւ փաստաթղթեր:

«Վելես» իրավապաշտպան կազմակերպություն

Սկզբնաղբյուրը`

Գլխավոր դատախազությո՞ւնն է հովանավորում վաշխառուների խմբին

Բաց նամակ`ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին

http://armtimes.com/hy/read/60087

http://www.1in.am/1555997.html

http://galatv.am/hy/news/glxavor-dataxazutyuny-vashxaruneri-ew-xardaxneri-xmbi-hovanavor-ravapashtpan-kazmakerputyun/

http://168.am/2015/02/23/459779.html

 

Միհրան Պողոսյանը որոշել է ժամանակ տրամադրել զինվորի ընտանիքին 1in.am

 

Քիչ առաջ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց Օֆելյա Չփլախյանի միջնորդության վերաբերյալ դատավոր Տաթևիկ Ստեփանյանի կայացրած որոշումը: Դատավորը մերժեց քաղաքացու խնդրանքը և չկասեցրեց վտարման մասին դատական ակտերի հարկադիր կատարողների որոշումը:

Հիշեցնենք, որ ըստ վտարման թերթի՝ Չփլախյաններին պետք է վտարեին վաղը՝ փետրվարի 12-ին: Սակայն «Առաջին լրատվական»-ի նախորդ հրապարակումից հետո ԴԱՀԿ ծառայության դիրքորոշումը փոխվել է: Սիրանուշ Չփլախյանը դիմել էր ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին, որը երեկ որոշել է ժամանակ տրամադրել ընտանիքին:

«Ամեն դեպքում, մեր ճակատագիրը մնում է անորոշ, քանի որ մեր վտարումը ոչ թե կասեցվել է, այլ հետաձգվել երկու շաբաթով: Եթե Վարչական դատարանից էլ մերժում ստացանք, փողոցում ենք հայտնվելու»,- ասում է Սիրանուշ Չփլախյանը:

Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/1546370.html

 

ՀՔԾ-ի Copy-Past-ը 168.am

 

Հատուկ քննչական ծառայությունում, պարզվում է, լավ են յուրացրել համակարգչային հմտությունները, մասնավորապես՝ Copy-Past անելը: Օրինակ, ավագ քննիչ Սամվել Սարգսյանը ԴԱՀԿ ծառայակիցների գործը քննելիս պարզապես Copy-Past է արել նույն ցուցմունքը՝ գրեթե աննշան փոփոխություններ կատարելով: Քննիչի թեթև ձեռքով ԴԱՀԿ երեք ծառայակիցների ցուցմունքները բառ առ բառ համընկնում են: Սա փաստում է, որ ՀՔԾ-ում, ըստ էության, լիարժեք քննություն չի իրականացվել ԴԱՀԿ ծառայակիցների կողմից տարեց կնոջ և իրավապաշտպանի նկատմամբ կիրառված բռնության գործով:

Հիշեցնենք, որ անցած տարվա մարտի 17-ին Երևանի Աբովյան փողոցում գործող կտորեղենի խանութից վտարում իրականացնելիս Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայակիցները բռնություն էին կիրառել 75-ամյա կնոջ և «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի նկատմամբ: Դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով) :

«Երբ ես ծանոթացա քրեական գործի նյութերին, պարզապես ապշել էի. ԴԱՀԿ բոլոր ծառայակիցները ոչ թե միանման, այլ բառացի նույն ցուցմունքն էին տվել: Աշխարհում դեռ չի եղել նման բան, որ երեք տարբեր մարդիկ միանգամայն նույն բառերով և նույն հաջորդականությամբ ցուցմունք տան: Ակնհայտ է, որ քննիչն ինքն է գրել բոլորի ցուցմունքները, իսկ ավելի ճիշտ՝ չի գրել, այլ կրկնօրինակել է տեքստը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարինա Պողոսյանը:
marina-1

Իրավապաշտպանը ցույց է տալիս քրեական գործի նյութերը՝ առանձնացնելով բոլոր այն էջերը, որոնք չեն տարբերվում ոչ միայն բովանդակությամբ, այլև նախադասությունների ու բառերի շարվածքով:

Copy-Past-ը քննիչ Սամվել Սարգսյանի միակ նորարարությունը չէ. նա քրեական գործի վարույթը կարճել է՝ չնայած առկա բազմաթիվ հակասությունների: Քննիչը որևէ առերես հարցաքննություն չի արել՝ ի սկզբանե վստահ լինելով, որ ԴԱՀԿ ծառայակիցները չեն չարաշահել իրենց պաշտոնեական լիազորությունները, որ վերջիններս ոչ թե բռնություն են կիրառել, այլ պարզապես «գրկած դուրս են բերել կանանց»՝ ինչպես իրենք են նշել իրենց ցուցմունքներում:

Մարինա Պողոսյանը բռնության արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել, գործով տուժող է ճանաչվել, սակայն նորարար քննիչ Սամվել Սարգսյանը նրան չի ծանոթացրել ոչ գործի նյութերի, ոչ էլ վարույթը կարճելու որոշման հետ:

Տուժող Մարինա Պողոսյանը բողոքարկել է քրեական գործը կարճելու մասին որոշումը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը նշանակված է փետրվարի 11-ին՝ ժամը 10:00-ին: «Մենք չենք բավարարվելու միայն քրեական գործի կարճման որոշումը բողոքարկելով, կդիմենք նաև Ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի նրանք պարզեն, թե արդյոք այս խայտառակ թերի գործը քննիչի անգրագիտությա՞ն, թե՞ կաշառակերության արդյունքն է»,- ասում է «Վելես» հ/կ-ի նախագահը:

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ քրեական գործի վարույթի իրականացման օրերին Սամվել Սարգսյանը բնակարան է ձեռք բերել էլիտար շենքում:

Իզաբելլա Թորոսյան

Սկզբնաղբյուրը`

ՀՔԾ-ի Copy-Past-ը

 

Զինվորի ընտանիքը վտանգված է (տեսանյութ) hraparak.am

 

Զինվորի ընտանիքը փողոցում հայտնվելու վտանգի առջեւ է կանգնած։ Փետրվարի 12-ին դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողները այցելելու են Չփլախյաններին՝ նրանց հարկադրաբար տնից վտարելու համար: Սիրանուշ Չփլախյանը, ում որդին ժամկետային զինծառայող է, խաբեության զոհ էր դարձել, տոկոսով գումար էր վերցրել, փոխարենը իր ու քրոջ ընտանիքին պատկանող անշարժ գույքի վերաբերյալ կեղծ առքուվաճառքի պայմանագիր էր կնքել, որով էլ երկու սեփական տներն անցել են կառավարության արդեն նախկին աշխատակից Նունե Պլուզյանի մորաքրոջ որդուն:
Չփլախյանները բազմիցս դիմել էին ՀՀ կառավարությանը՝ կոչ անելով զսպել իրենց աշխատակցի ախորժակը և իրենց չզրկել վերջին կացարանից: Թեև այս տարվա սկզբից նա այլևս չի աշխատում կառավարությունում, դա չօգնեց Չփլախյաններին՝ խուսափելու սեփական տնից վտարվելու վտանգից:
Եթե փետրվարի 11-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը չբավարարի քաղաքացու միջնորդությունը և չկասեցնի վտարման գործընթացը, երկու ընտանիք կզրկվի իրենց վերջին կացարանից, իսկ հայրենիքի նկատմամբ պարտքը կատարած զինվորը զորացրվելուց հետո պարզապես գրանցման հասցե չի ունենա իր երկրում։
«Պատկերացնո՞ւմ եք այն զինվորի հոգեվիճակը, որը գնացել է իր հայրենիքը պաշտպանելու և տեղեկանում է, որ իր ընտանիքին շպրտել են փողոց… Այսպիսով թուլացնում են մեր բանակի թիկունքը, որովհետև Սիրանուշի որդին ունի բազմաթիվ զինակից ընկերներ, որոնք ևս տեղեկանալու են, թե Հայաստանում զինվորի ընտանիքի հետ ինչպես են վարվում… Այսքանից հետո այդ զինվորներն ի՞նչ սրտով են կռիվ տալու հակառակորդի դեմ»,- հռետորական հարց է հնչեցնում «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը, ով ներկայացնում է Չփլախյանների ընտանիքի շահերը:
Երկու ընտանիքների վերջին հույսը առաջիկա դատական նիստն է և դատավար Տաթևիկ Ստեփանյանի կայացրած որոշումը:
Մանրամասները՝ տեսանյութումՆյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=72693&l=am/

 

Թե ինչպես են հարկադիր կատարողները «գրկած դուրս հանել կանանց» 1in.am

 

Անցած տարվա մարտի 17-ին Երևանի կենտրոնում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայակիցները բռնություն էին կիրառել 75-ամյա կնոջ և իրավապաշտպան Մարինա Պողոսյանի նկատմամբ: Դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ, որը հետագայում կարճվել էր:

Մեր ձեռքի տակ են քրեական գործով անցնող տուժողների և վկաների ցուցմունքները, որոնք բացահայտում են հարկադիր կատարողների ցինիզմն ու «հնարամտությունը»: Պարզվում է, որ նրանք ոչ թե բռնություն են գործադել, այլ ընդամենը «տարածքից գրկած դուրս են հանել կանանց»:

«Նախ՝ ոչ թե դուրս են հանել, այլ շպրտել են բետոնե աստիճանների վրա, որի արդյունքում ես ստացել եմ մարմնական վնասվածքներ, որի վերաբերյալ առկա է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը,- «Առաջին լրատվական»-ին հայտնեց «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը՝ շարունակելով:- Եվ երկրորդ՝ եթե գործը քննող քննիչի և դատախազի համար նորմալ է, որ օտար տղամարդիկ կարող են գրկելով տեղափոխել իրենց կանանց, ապա մենք դա դիտում ենք որպես բռնություն և ոտնձգություն»:

Դեպքը տեղի է ունեցել Աբովյան փողոցի կտորեղենի խանութում, որտեղից ԴԱՀԿ ծառայակիցները, ըստ դատավճռի, պետք է վտարեին Զինաիդա Մելիքյանին և Կարինե Թումանյանին: Դեպքի վայր ժամանած իրավապաշտպանը վերջիններիս խնդրել է առանց դիմադրության դուրս գալ տարածքից, քանի որ նրանց մասով եղել է օրինական կատարողական թերթիկ:

«Ինչ վերաբերում է Զինա Գյոզալյանին, ապա ԴԱՀԿ ծառայողները որևէ իրավունք չունեին նրան վտարելու այդ տարածքից, քանի որ նրա անունը կատարողական թերթիկում չկար: Ես և փաստաբանը դա էինք փորձում բացատրել նրանց, սակայն արժանացանք բռնության»,- հիշում է Մարինա Պողոսյանը:

Տարեց կնոջ առողջական վիճակը վատացել է տեղում, երկու անգամ շտապօգնություն են կանչել: Երկրորդ կանչով ժամանած բժիշկ Գոհար Տրդատյանը հետագայում իր տված բացատրության մեջ նշել է, որ Զինա Գյոզալյանի մարմնի վրա նկատել է բռնության հետքեր. «…Տատիկն ասաց, որ իրեն ստիպում են դուրս գալ իր բնակելի տարածքից՝ քաշելով ձեռքերից, և ցույց տվեց նաև բազուկների շրջանում առաջացած հեմատոմաներ՝ կապտուկներ, ասելով, որ իրեն քաշքշելու արդյունքում են այդ կապտուկներն առաջացել»:

Զինա Գյոզալյանը և Մարինա Պողոսյանն իրենց ցուցմունքներում նշել են, որ հարկադիր կատարողները բառի բուն իմաստով իրենց դուրս են շպրտել խանութի տարածքից, մինչդեռ վերջիններս բոլորովին այլ կերպ են մեկնաբանում իրենց արարքը. «Զինա Գյոզալյանը դիմադրում էր մեզ՝ քաշքշելով, իր ֆիզիկական ուժով փորձում էր թույլ չտալ, որ տարածքից դուրս բերենք իրենց իրերը»,- գրել է հարկադիր կատարողներից մեկը՝ Արամ Իսրայելյանը:

«Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ 75-ամյա կինը, ում համար երկու անգամ շտապօգնություն է ժամանել, քաշքշի այդ հաղթանդամ տղամարդկանց: Այդ ինչ ուժ պետք է նա ունենար, որ կարողանար խոչընդոտել նրանց»,- ասում է Մարինա Պողոսյանը:

Բռնությունը, սակայն, չի սահմանափակվել կանանց «գրկելով տարածքից հեռացնելով»: Երբ իրավապաշտպանը դեպքի վայրից փորձել է հերթական անգամ ոստիկանություն զանգել, նրան պարզապես զրկել են ազատությունից՝ փակելով առանձին սենյակում: Այս դրվագի վերաբերյալ վկաների ցուցմունքները թերևս ամենազավեշտալին են: ԴԱՀԿ ծառայակիցները պնդում են, որ իրենք են փորձել մեկուսացնել Մարինա Պողոսյանին, իսկ ոստիկանների ցուցմունքներում նշված է, որ Մարինան ինքնակամ է մտել սենյակ և հայտարարել է, որ այնտեղից դուրս չի գալու:

«Մարինան մտավ ներսի սենյակ և ասաց, որ դուրս չի գալիս: ԴԱՀԿ ծառայության աշխատակիցը հարցրեց՝ «որ դռները փակենք, գնանք՝ մնալո՞ւ եք ներսում», Մարինան ասաց, որ մնալու է, դուրս չի գալու»,- սա ոստիկան Գ. Գրիգորյանի բացատրությունն է: Վերջինս, սակայն, հարցաքննության ժամանակ «սայթաքել է»՝ խոստովանելով, որ լսել է, թե Մարինա Պողոսյանն ինչպես է ներսի սենյակից բղավում. «Դուք հանցագործություն եք անում, ինձ ազատությունից զրկում եք»:

«Եթե ես ինքնակամ էի մտել այդ սենյակ, ապա ինչո՞ւ պետք է բղավեի, որ ինձ ազատությունից զրկել են. պարզ է, որ ոստիկանները կեղծ ցուցմունքներ են տվել, սակայն պատասխանատվության չեն կանչվել դրա համար»,- ասում է Մարինա Պողոսյանը:

Այնինչ՝ հարկադիր կատարող Գագիկ Հովհաննիսյանը խոստովանել է, որ հենց ինքն է մեկուսացրել Մարինա Պողոսյանին. «Ես փորձել եմ Մարինա Պողոսյանին մեկուսացնել, որպեսզի առանց խնդրի կարողանանք խանութից դուրս բերել Զինա տատիկին, դուռը մի պահ ձեռքով պահել եմ ուղղակի նրան մեկուսացնելու համար»:

Սա քրեական գործում առկա տասնյակ հակասություններից ընդամենը մեկն է, սակայն Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Սամվել Սարգսյանը չի արել որևէ առերես հարցաքննություն՝ այդ հակասությունները պարզաբանելու համար, այլ կարճել է գործի վարույթը: Ավելի ուշ գործը վերահսկող դատախազը կարճել է քննիչի որոշումը՝ գտնելով, որ ԴԱՀԿ չորս ծառայակիցների արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով) նախատեսված հանցակազմ:

Քրեական գործի վարույթը վերսկսվել է, սակայն քննիչ Սամվել Սարգսյանն էլ այս անգամ բավարարվել է ընդամենը հավելյալ երկու բացատրություն վերցնելով և փակել է գործը:

Տուժող Մարինա Պողոսյանը բողոքարկել է քրեական գործը կարճելու մասին որոշումը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Դատական նիստը նշանակված է փետրվարի 11-ին՝ ժամը 10:00-ին. «Եթե դատարանն էլ գտնի, որ ԴԱՀԿ ծառայակիցներն անմեղ են, ապա մնում է միայն ինքնադատաստանի միջոցով պատժել նրանց, քանի որ ես չեմ պատրաստվում հանդուրժել, որ իմ հանդեպ բռնություն կիրառած մարդիկ անպատիժ մնան»,- վստահեցնում է «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը:

Հեղինակ՝ Արման Ղարիբյան

Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/1541123.html

 

Զինվորի մոր բաց նամակը Հովիկ Աբրահամյանին hraparak.am

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ, ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐ ՍԻՐԱՆՈՒՇ ՉՓԼԱԽՅԱՆԻՑ

Խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել Ձեզ, որ իմ հեռագիր-խնդրանքները անպատասխան չթողեցիք եւ վաշխառությամբ ու խարդախությամբ զբաղվող Ձեր՝ արդեն նախկին աշխատակից Նունե Պլուզյանին ազատեցիք աշխատանքից: Ես իմ և իմ քրոջ ընտանիքի անունից խնդրում էի Ձեզ, որպեսզի բավարարվեր մեր խնդրանքը, որ վաշխառու Նունե Պլուզյանին վերադարձնեինք նրա տված 21000 ԱՄՆ դոլար մայր գումարը, որ չզրկվեինք մեր իսկ հայրական տնից, որը շինծու առուվաճառք էինք արել Նունե Պլուզյանի պնդմամբ:
Մեր խնդիրը վերջնական լուծում չի ստացել դեռ, բայց այնուամենայնիվ, մենք շնորհակալ ենք, որ այդ անձնավորությանը գոնե հեռացրեցիք աշխատանքից: Հուսով ենք, որ իրավապահ մարմինները եւս արդարացի որոշումներ կկայացնեն:
Բազմիցս նշել եմ, որ տղաս ժամկետային զինծառայող է, ծառայում է Հայոց Բանակում, և որ ես աշխատում եմ նրան զերծ պահել այս տհաճ իրավիճակից՝ ցանկանալով բարի ծառայություն և խաղաղ երկինք:
Այս դժվար օրերին մեզ աջակցել է միայն «Վելես» հասարակական կազմակերպությունը եւ փաստորեն, Դուք: Ուստի նորից շնորհակալությունս եմ հայտնում Ձեզ և Ձեր աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գուրգեն Դումանյանից, որ աշխատանքից ազատել եք վաշխառու Նունե Պլուզյանին:
Հուսով եմ, որ նա այլեւս չի կարող ՀՀ Կառավարության անունին խոչընդոտել մեր դատավարության ընթացքը: Հուսով եմ նաեւ, որ պաշտոնանկությունից հետո նրա խարդախությունները կբացահայտվեն եւ նա կկրի իր հասանելիք պատիժը:

Արման Ղարիբյանի ֆեսբուքյան էջՆյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=72076&l=am/

 

Կառավարությունն «ազատվել» է Նունե Պլուզյանից (տեսանյութ) 168.am

 

Այս տարվա սկզբին ՀՀ կառավարությունն «ազատվել» է Դիմումների և բողոքների քննարկման վարչության աշխատակից Նունե Պլուզյանից, ում տևական ժամանակ քաղաքացիները մեղադրում էին վաշխառության և խարդախության մեջ: Պլուզյանն այլևս Կառավարությունում չի աշխատում: Պաշտոնական պատճառաբանությունն այն է, թե նրա զբաղեցրած հաստիքը կրճատել են, սակայն մեր տեղեկություններով՝ Պլուզյանին հեռացրել են անձամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ցուցումով: Պատճառն այն էր, որ փողոցում հայտնվելու վտանգի առաջ կանգնած ընտանիքը որոշել էր վրաններով անժամկետ նստացույց սկսել Հովիկ Աբրահամյանի սեփական տան մոտ: Վարչապետը, թերևս, այս ամենից խուսափելու համար հրահանգել էր լուծել խնդիրը:

Մինչ այդ Չփլախյանների ընտանիքը ամիսներ շարունակ մամուլով և Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցերի միջոցով փորձում էր Կառավարությանը հասկացնել, թե ինչպիսի աշխատակից ունեն նրանք: ԶԼՄ ներկայացուցիչների հետ զրույցներում Սիրանուշ Չփլախյանը պնդում էր, որ Նունե Պլուզյանը վաշխատությամբ է զբաղվում, իր հետ շինծու պայմանագիր է կնքել և տիրացել է իր անշարժ գույքին՝ այն գրանցելով մորաքրոջ տղայի անունով:

«Մեր տունն այժմ համարվում է Հրայր Բաբայանի սեփականությունը, բայց ես այդ մարդու հետ գործարք չեմ կնքել, ես Նունեի հետ եմ պայմանավորվել, իրենից եմ տոկոսով փող վերցրել»,- վստահեցնում է Սիրանուշ Չփլախյանը:

Նրա խոսքով՝ Նունե Պլուզյանը, օգտագործելով իր կապերը, կարողացել է այնպես անել, որ ոստիկանությունում և դատարանում որոշումներն իր օգտին կայացվեն: «Ես հավատում եմ, որ դատարաններն այլևս կողմնապահություն չեն անի, երբ տեսնեն, որ Նունեին հեռացրել են Կառավարությունից»,- Չփլախյանների մոտ հույս է արթնացել, որ իրենց գործն ի վերջո արդար է քննվելու:

Ի դեպ, Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանն օրերս վարույթ է ընդունել Սիրանուշի քրոջ՝ Օֆելյա Չփլախյանի հայցադիմումը, որով նա պահանջում է չեղյալ համարել անշարժ գույքի առուվաճառքի շինծու պայմանագիրը: Դատարանը բավարարել է քաղաքացու միջնորդությունը և այժմ անշարժ գույքի վրա կալանք է դրված, այսինքն՝ Նունե Պլուզյանը չի կարողանա Չփլախյաններին վտարել իրենց տնից: Դատական նիստը նշանակված է փետրվարի 19-ին՝ ժամը 14:00-ին: Այն քննելու է դատավոր Տաթևիկ Ստեփանյանը:

Ինչ վերաբերում է Կառավարության արդեն նախկին աշխատակից Նունե Պլուզյանին, ապա նա պնդում է, թե Չփլախյանները շանտաժ են անում և որ ինքը կապ չի ունեցել այդ տան առուվաճառքի հետ:

Տեսանությում խաբված քաղաքացին դիմում է ՀՀ վարչապետին:
Սկզբնաղբյուրը`

Կառավարությունն «ազատվել» է Նունե Պլուզյանից (տեսանյութ)

 

Դատախազությունը սխալն ուղղելու փոխարեն վիճարկել է դատական ակտը. Վերաքննիչի վճիռը քաղաքացու օգտին է epress.am

 

Վերաքննիչ դատարանը մերժել է Դատախազության բերած բողոքը քաղաքացի Գայանե Թումասյանի օգտին կայացված դատական ակտի դեմ:
Թումասյանը պնդում է, որ ինքը վաշխառության զոհ է: Ոստիկանությունը քննել էր քաղաքացու բողոքը, սակայն գործը կարճել է: Այնուհետև Թումանյանը դիմել էր դատարան՝ նշելով, որ դատախազությունը բողոքի քննությունը պատշաճ չի կատարել:
Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հայցը և մատնանշել՝ ինչ բացթողումներ է թույլ տվել քննիչը: Ինչևէ, նոր քննություն սկսելու փոխարեն, դատախազությունը բողոքարկել էր վճիռը վերաքննիչ դատարանում:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում հայտնել է Թումասյանի պաշտպանությամբ զբաղվող «Վելես» իրավապաշտպանական ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանը (լուսանկարում), Վերաքննիչը, անփոփոխ թողնելով Դատախազության դեմ կայացված վճիռը, ևս հայտարարել է, որ քննիչը բացթողումներ է արել, մասնավորապես, չի հարցաքննել կարևորագույն վկաներից մեկին՝ ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանին, հակասական ցուցմունքներ ունենալով՝ չի կազմակերպել առերեսումներ և այլն: Պողոսյանի խոսքով՝ այժմ, եթե Դատախազությունը Վճռաբեկ դատարան չդիմի, ստիպված է նորից քննել Թումասյանի հայցը:
Հիշեցնենք, որ Թումասյանը պահանջում է քրեական գործ հարուցել վաշխառուների դեմ: Կնոջ խոսքով՝ ամուսինը՝ Լուսաբեկ Սարիբեկյանը, իրենց տունը վաճառելու մասին առքուվաճառքի պայմանագիր է կնքել՝ տոկոսով գումար վերցնելու համար: Տոկոսով գումար տվողը, ըստ Թումասյանի, ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանն է՝ իր խմբով, ով կարողացել է նոտարական գրասենյակի կեղծումով գործարքը կնքել առանց սեփականատեր Լուսաբեկ Սարիբեկյանի կնոջ, այսինքն՝ իր գիտության: Այժմ Թումասյանը մնացել է անտուն:
Գործը քննելուց,սակայն, քննիչը չի հարցաքննել տան սեփականատեր դարձած Հովհաննես Երիցյանին և որոշել է, որ հիմքեր կա գործը կարճելու:
«Դատախազությունը ստանձնում է Երիցյանի պաշտպանի ֆունկցիան: Եթե իրոք Ավանի դատախազությունը վստահ է, որ որևէ սխալ թույլ չի տվել, ինչո՞ւ չի լրացնում բաց թողնված իր գործողությունները և ապացուցում, որ Երիցյանի դեմ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան: Փոխարենը վիճարկում է դատարանների որոշումները»,- մեկնաբանել է Մարինա Պողոսյանը:

Սկզբնաղբյուրը`http://www.epress.am/2015/01/21/261725.html

 

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.