Author: Veles Human Rights NGO

Զինվորի մոր բաց նամակը Հովիկ Աբրահամյանին hraparak.am

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ, ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐ ՍԻՐԱՆՈՒՇ ՉՓԼԱԽՅԱՆԻՑ

Խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել Ձեզ, որ իմ հեռագիր-խնդրանքները անպատասխան չթողեցիք եւ վաշխառությամբ ու խարդախությամբ զբաղվող Ձեր՝ արդեն նախկին աշխատակից Նունե Պլուզյանին ազատեցիք աշխատանքից: Ես իմ և իմ քրոջ ընտանիքի անունից խնդրում էի Ձեզ, որպեսզի բավարարվեր մեր խնդրանքը, որ վաշխառու Նունե Պլուզյանին վերադարձնեինք նրա տված 21000 ԱՄՆ դոլար մայր գումարը, որ չզրկվեինք մեր իսկ հայրական տնից, որը շինծու առուվաճառք էինք արել Նունե Պլուզյանի պնդմամբ:
Մեր խնդիրը վերջնական լուծում չի ստացել դեռ, բայց այնուամենայնիվ, մենք շնորհակալ ենք, որ այդ անձնավորությանը գոնե հեռացրեցիք աշխատանքից: Հուսով ենք, որ իրավապահ մարմինները եւս արդարացի որոշումներ կկայացնեն:
Բազմիցս նշել եմ, որ տղաս ժամկետային զինծառայող է, ծառայում է Հայոց Բանակում, և որ ես աշխատում եմ նրան զերծ պահել այս տհաճ իրավիճակից՝ ցանկանալով բարի ծառայություն և խաղաղ երկինք:
Այս դժվար օրերին մեզ աջակցել է միայն «Վելես» հասարակական կազմակերպությունը եւ փաստորեն, Դուք: Ուստի նորից շնորհակալությունս եմ հայտնում Ձեզ և Ձեր աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գուրգեն Դումանյանից, որ աշխատանքից ազատել եք վաշխառու Նունե Պլուզյանին:
Հուսով եմ, որ նա այլեւս չի կարող ՀՀ Կառավարության անունին խոչընդոտել մեր դատավարության ընթացքը: Հուսով եմ նաեւ, որ պաշտոնանկությունից հետո նրա խարդախությունները կբացահայտվեն եւ նա կկրի իր հասանելիք պատիժը:

Արման Ղարիբյանի ֆեսբուքյան էջՆյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=72076&l=am/

 

Կառավարությունն «ազատվել» է Նունե Պլուզյանից (տեսանյութ) 168.am

 

Այս տարվա սկզբին ՀՀ կառավարությունն «ազատվել» է Դիմումների և բողոքների քննարկման վարչության աշխատակից Նունե Պլուզյանից, ում տևական ժամանակ քաղաքացիները մեղադրում էին վաշխառության և խարդախության մեջ: Պլուզյանն այլևս Կառավարությունում չի աշխատում: Պաշտոնական պատճառաբանությունն այն է, թե նրա զբաղեցրած հաստիքը կրճատել են, սակայն մեր տեղեկություններով՝ Պլուզյանին հեռացրել են անձամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ցուցումով: Պատճառն այն էր, որ փողոցում հայտնվելու վտանգի առաջ կանգնած ընտանիքը որոշել էր վրաններով անժամկետ նստացույց սկսել Հովիկ Աբրահամյանի սեփական տան մոտ: Վարչապետը, թերևս, այս ամենից խուսափելու համար հրահանգել էր լուծել խնդիրը:

Մինչ այդ Չփլախյանների ընտանիքը ամիսներ շարունակ մամուլով և Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցերի միջոցով փորձում էր Կառավարությանը հասկացնել, թե ինչպիսի աշխատակից ունեն նրանք: ԶԼՄ ներկայացուցիչների հետ զրույցներում Սիրանուշ Չփլախյանը պնդում էր, որ Նունե Պլուզյանը վաշխատությամբ է զբաղվում, իր հետ շինծու պայմանագիր է կնքել և տիրացել է իր անշարժ գույքին՝ այն գրանցելով մորաքրոջ տղայի անունով:

«Մեր տունն այժմ համարվում է Հրայր Բաբայանի սեփականությունը, բայց ես այդ մարդու հետ գործարք չեմ կնքել, ես Նունեի հետ եմ պայմանավորվել, իրենից եմ տոկոսով փող վերցրել»,- վստահեցնում է Սիրանուշ Չփլախյանը:

Նրա խոսքով՝ Նունե Պլուզյանը, օգտագործելով իր կապերը, կարողացել է այնպես անել, որ ոստիկանությունում և դատարանում որոշումներն իր օգտին կայացվեն: «Ես հավատում եմ, որ դատարաններն այլևս կողմնապահություն չեն անի, երբ տեսնեն, որ Նունեին հեռացրել են Կառավարությունից»,- Չփլախյանների մոտ հույս է արթնացել, որ իրենց գործն ի վերջո արդար է քննվելու:

Ի դեպ, Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանն օրերս վարույթ է ընդունել Սիրանուշի քրոջ՝ Օֆելյա Չփլախյանի հայցադիմումը, որով նա պահանջում է չեղյալ համարել անշարժ գույքի առուվաճառքի շինծու պայմանագիրը: Դատարանը բավարարել է քաղաքացու միջնորդությունը և այժմ անշարժ գույքի վրա կալանք է դրված, այսինքն՝ Նունե Պլուզյանը չի կարողանա Չփլախյաններին վտարել իրենց տնից: Դատական նիստը նշանակված է փետրվարի 19-ին՝ ժամը 14:00-ին: Այն քննելու է դատավոր Տաթևիկ Ստեփանյանը:

Ինչ վերաբերում է Կառավարության արդեն նախկին աշխատակից Նունե Պլուզյանին, ապա նա պնդում է, թե Չփլախյանները շանտաժ են անում և որ ինքը կապ չի ունեցել այդ տան առուվաճառքի հետ:

Տեսանությում խաբված քաղաքացին դիմում է ՀՀ վարչապետին:
Սկզբնաղբյուրը`

Կառավարությունն «ազատվել» է Նունե Պլուզյանից (տեսանյութ)

 

Դատախազությունը սխալն ուղղելու փոխարեն վիճարկել է դատական ակտը. Վերաքննիչի վճիռը քաղաքացու օգտին է epress.am

 

Վերաքննիչ դատարանը մերժել է Դատախազության բերած բողոքը քաղաքացի Գայանե Թումասյանի օգտին կայացված դատական ակտի դեմ:
Թումասյանը պնդում է, որ ինքը վաշխառության զոհ է: Ոստիկանությունը քննել էր քաղաքացու բողոքը, սակայն գործը կարճել է: Այնուհետև Թումանյանը դիմել էր դատարան՝ նշելով, որ դատախազությունը բողոքի քննությունը պատշաճ չի կատարել:
Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հայցը և մատնանշել՝ ինչ բացթողումներ է թույլ տվել քննիչը: Ինչևէ, նոր քննություն սկսելու փոխարեն, դատախազությունը բողոքարկել էր վճիռը վերաքննիչ դատարանում:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում հայտնել է Թումասյանի պաշտպանությամբ զբաղվող «Վելես» իրավապաշտպանական ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանը (լուսանկարում), Վերաքննիչը, անփոփոխ թողնելով Դատախազության դեմ կայացված վճիռը, ևս հայտարարել է, որ քննիչը բացթողումներ է արել, մասնավորապես, չի հարցաքննել կարևորագույն վկաներից մեկին՝ ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանին, հակասական ցուցմունքներ ունենալով՝ չի կազմակերպել առերեսումներ և այլն: Պողոսյանի խոսքով՝ այժմ, եթե Դատախազությունը Վճռաբեկ դատարան չդիմի, ստիպված է նորից քննել Թումասյանի հայցը:
Հիշեցնենք, որ Թումասյանը պահանջում է քրեական գործ հարուցել վաշխառուների դեմ: Կնոջ խոսքով՝ ամուսինը՝ Լուսաբեկ Սարիբեկյանը, իրենց տունը վաճառելու մասին առքուվաճառքի պայմանագիր է կնքել՝ տոկոսով գումար վերցնելու համար: Տոկոսով գումար տվողը, ըստ Թումասյանի, ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանն է՝ իր խմբով, ով կարողացել է նոտարական գրասենյակի կեղծումով գործարքը կնքել առանց սեփականատեր Լուսաբեկ Սարիբեկյանի կնոջ, այսինքն՝ իր գիտության: Այժմ Թումասյանը մնացել է անտուն:
Գործը քննելուց,սակայն, քննիչը չի հարցաքննել տան սեփականատեր դարձած Հովհաննես Երիցյանին և որոշել է, որ հիմքեր կա գործը կարճելու:
«Դատախազությունը ստանձնում է Երիցյանի պաշտպանի ֆունկցիան: Եթե իրոք Ավանի դատախազությունը վստահ է, որ որևէ սխալ թույլ չի տվել, ինչո՞ւ չի լրացնում բաց թողնված իր գործողությունները և ապացուցում, որ Երիցյանի դեմ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան: Փոխարենը վիճարկում է դատարանների որոշումները»,- մեկնաբանել է Մարինա Պողոսյանը:

Սկզբնաղբյուրը`http://www.epress.am/2015/01/21/261725.html

 

Կառավարության աշխատակիցը վաշխառու է, պնդում են բողոքի ակցիայի մասնակիցները epress.am

 

Քաղաքացի Սիրանույշ Չփլախյանը պնդում է, որ ՀՀ կառավարության աշխատակից Նունե Պլուզյանը վաշխառությամբ է զբաղվում և խաբեությամբ կորզում է պարտատուների անշարժ գույքը։ Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ Չփլախյանն իր քրոջ հետ բողոքի ակցիա է անցկացրել՝ խոստանալով ևս մեկ ակցիա անցկացնել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Հաղթանակի զբոսայգու դիմացի մայթին գտնվող տան մոտ այն դեպքում, եթե իր բողոքներին ընթացք չտրվի։ Epress.am֊ի հետ զրույցում կինը նշել է, որ վարչապետին ուղղված նամակները հասցեատիրոջը չեն հասնում, քանի որ Պլուզյանն աշխատում է դիմումների քննարկման վարչությունում։
Կնոջ ներկայացմամբ՝ Պլուզյանն իրեն 21 հազար ԱՄՆ դոլար է տոկոսով տվել և որպես երաշխիք պահանջել է երկու տների (իր և քրոջ) առքուվաճառքի պայմանագիր կնքել:
Բողոքող կինը Epress.am-ին ասել է, որ ինքը մայր գումարից ավելի շատ տոկոսներ է վճարել (պայմանավորվածության համաձայն՝ ամսական 5 տոկոս), բայց մայր գումարը փակել չի կարողացել: Ըստ մեր զրուցակցի՝ Պլուզյանը տները հետ վերադարձնելու համար 40.000 դոլար գումար է պահանջել, ինչին Չփլախյանը համաձայնել է: Սակայն այժմ Կառավարության աշխատակիցն այդ պահանջից էլ է հետ կանգնել․ նա համաձայն չէ, որպեսզի տներից մեկը վաճառվի և իր պարտքը տրվի, մյուս տունը՝ մնա ընտանիքին:
Չփլախյանի քույրը նշել է, որ ինքն առքուվաճառքի մասին պայմանագիր չի ստորագրել: Քույրերի մոր մահից հետո դատարանը ժամանակ չի տրամադրել ժառանգության հարցը լուծելու համար և միանգամից որոշում է ընդունել Պլուզյանի օգտին: Սիրանույշ Չփլախյանը նշում է, որ դատարանը կարող է ուղղորդված լինել, քանի որ Պլուզյանն իրեն ասել է, թե կապեր ունի բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես, նախարարների հետ։
Բողոքող կինը ևս մեկ խախտման մասին է խոսել՝ նշելով, որ Վճռաբեկ դատարանն իրենց բողոքը սկզբում վարույթ է ընդունել, սակայն օրեր առաջ իրենց համար անսպասելիորեն հայտարարել է, որ գործը վարույթ չի ընդունում: Դա հնարավորություն է տալիս Պլուզյանին դիմել ԴԱՀԿ և քույրերին վտարել տներից։
Նշենք, որ, ՀՀ օրենսդրության համաձայն, վաշխառություն է համարվում պարտք տրված դրամի համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալը, ինչպես նաև անձի հետ նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք կատարելը։ Վաշխառությունը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ մինչև 4 տարի ժամկետով։

Սկզբնաղբյուրը`http://www.epress.am/2014/11/27/260337.html

 

Հովհաննես Երիցյանը պետք է պարտադիր հարցաքննվի forrights.am

 

«Հազիվ մի արդար որոշում էր եղել, էն էլ նորից բողոքարկման փուլ սկսվեց, հիմա Երիցյանը նորից կկաշառի դատավորներին ու էլի իր օգտին կլինի որոշումը»,- Գայանե Թումասյանը մտավախություն ունի, որ Վերաքննիչ դատարանը կբեկանի իր օգտին կայացված դատական ակտը:

Հիշեցնենք, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել հօգուտ Գայանե Թումասյանի, ում առանձնատունը այժմ պատկանում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանին:

Գայանեն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Ոստիկանություն՝ նշելով, որ Հովհաննես Երիցյանն ու իր սանիկը փաստաթղթերի կեղծումով են տիրացել իր սեփականությանը: Ոստիկանությունում քրեական գործ էր հարուցվել, որի վարույթը, սակայն, կարճվել էր:

Կինը բողոքարկել էր վարույթը կարճելու մասին որոշումը եւ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ուզունյանը բավարարել էր Գայանե Թումասյանի հայցապահանջը:

Դատարանի որոշումը փաստում էր, որ քննչական մարմինները շահագրգռված չեն բացահայտելու ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանի ապօրինի գործարքների ողջ ճշմարտությունը, որի արդյունքում նա տիրացել է Թումասյանի սեփականությանը:

Դատախազությունը, սակայն, չի հաշտվել քաղաքացու օգտին կայացրած որոշման հետ: Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ն. Թոփուզյանը բողոք է ներակացրել Ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման դեմ:

Բողոքում դատախազը նշել է, որ Գայանե Թումասյանը, ով հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, չի տրամադրել ապացույցներ եւ իրենց ուշադրությունը չի հրավիրել նոր տեղեկություններ ձեռք բերելու վրա:

«Կարդալով բողոքաբերի վերոնշյալ փաստարկները, կարելի է ապշել նման դիրքորոշման վրա: Ըստ դատախազ Թոփուզյանի՝ ստացվում է, որ Հայաստանում քրեական գործերով այլեւս ապացույցները ներկայացվում են հաղորդում տված քաղաքացիները եւ եթե նրանք չեն կարող ներկայացնել ապացույցներ, ուրեմն հանցագործությունը պետք է մնա չբացահայտված: Այնինչ քրեական գործերով ապացույցների ձեռքբերման պարտավորությունը դրված է նախաքննական մարմնի վրա»,- «ForRights.am»-ին ասաց Գայանե Թումասյանի շահերը ներկայացնող փաստաբան Մկրտիչ Դավթյանը:

Փաստաբանի պնդմամբ՝ ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը փաստում է, որ քննիչն օբյեկտիվ, բազմակողմանի քննություն չի կատարել եւ շահագրգռված չի եղել բացահայտելու ճշմարտությունը:

«Այս գործով Հովհաննես Երիցյանը պետք է պարտադիր հարցաքննվի, նա պետք է բացատրի, թե ինչու ինքն անմիջական գործարքի արդյունքում ձեռք չի բերել Գայանե Թումասյանի գույքը, այլ իր սանիկի միջոցով՝ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու միջոցով է կնքել գործարք, որով եւ տիրացել է նրա անշարժ գույքին: Մենք համոզված ենք, որ լիարժեք քննության դեպքում հանցագործությունը կբացահայտվի»,- վստահ է Մկրտիչ Դավթյանը:

Վերաքննիչ դատարանը դատախազության ներկայացրած բողոքը քննելու է նոյեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ին:

Արման Ղարիբյան

Սկզբնաղբյուրը`http://forrights.am/?ln=1&id_=18&page_id=18

 

«Վաշխառությունը գողացած փողերն օրինականացնելու ձև է»․ զրույց epress.am

 

Քաղաքացի Գայանե Թումասյանը պնդում է, որ ինքը վաշխառության զոհ է դարձել։ Կնոջ խոսքով՝ ամուսինն իրենց տունը վաճառել է առանց իր գիտության, իսկ ապօրինությունները կատարվել են վաշխառությամբ զբաղվող խմբի կողմից։ Epress.am֊ի ստուդիայում Թումասյանը պատմել է, որ առքուվաճառքի կեղծ պայմանագրի կնքման վերաբերյալ քրեական գործը կարճվել է։ Կինը դիմել է առաջին ատյանի դատարան, որը բեկանել է քրեական գործը կարճելու մասին քննիչի որոշումը, սակայն խմբի անդամները առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել են Վերաքննիչ դատարանում։
Epress.am֊ի լրագրող Քնար Խուդոյանի երկրորդ զրուցակիցը՝ «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանը, պատմել է, որ վաշխառության զոհերը շատ են։ Նա պնդում է, որ վաշխառուների խումբը ղեկավարում է Քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանը, ով հարյուր հազարավոր դոլարներ է տոկոսով տալիս, իսկ հետո, երբ մարդիկ չեն կարողանում գումաները «փակվել», տիրանում է նրանց գույքին։
Պողոսյանը նշում է, որ առանց համապատասխան լիցենզիայի տոկոսով գումար տալը հակաօրինական է, բացի դա, հարց է բարձրացնում՝ որտեղի՞ց նախկին չինովնիկին այդքան գումար։ Իրավապաշտպանի խոսքով՝ ոստիկանությունը թերանում է նման գործերը քննելիս, իսկ վաշխառուները հաճախ կարողանում են իրենց հարցերը լուծել քննչական մարմիններում և դատարաններում։ Պողոսյանի դիտարկմամբ՝ եթե նախկինում գումարներ գողացած չինովնիկները դրանք օրինականացնում էին օֆշորային ընկերությունների միջոցով, ապա այժմ գործում է վաշխառության սխեման՝ գումարը տոկոսով տալ, իսկ հետո դրա դիմաց անշարժ գույք վերցնել։
Մանրամասները՝ տեսանյութում․

Սկզբնաղբյուրը`http://www.epress.am/2014/11/24/260174.html

 

Զինվորի ընտանիքը կհայտնվի փողոցում (տեսանյութ) forrights.am

 

«Ամեն օր մեզ կարող են վտարել մեր տնից, մենք չենք կարող վարձով ապրել, ուրիշ տարբերակ չեմ տեսնում, պիտի հրաժարվեմ էս երկրից ու հեռանամ, բայց տղաս դեռ մեկ տարի պիտի ծառայի բանակում…»,- հիասթափված ու հուսալքված զինվորի մայրը այժմ ուղիներ է փնտրում Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու եւ այլ երկրում կացություն ստանալու համար:

Արցախում ծառայող նրա որդին մեկ տարի անց պետք է վերադառնա բանակից, սակայն այդ ժամանակ ոչ տուն կունենա, ոչ էլ գրանցման հասցե: Հայրենիքի հանդեպ պարտքը կատարած զինվորը եւս ստիպված կլինի հեռանալ Հայաստանից:

Սիրանուշ Չփլախյանը, գործարքի գնալով Կառավարության աշխատակից Նունե Պլուզյանի հետ, կորցրել է իր եւ քրոջ ընտանիքին պատկանող տունը: Սիրանուշի խոսքով՝ Պլուզյանն իրեն տոկոսով փող է տվել, որի դիմաց ստիպել է տան առքուվաճառքի շինծու պայմանագիր կնքել եւ Չփլախյանների տունը ձեւականորեն գրանցվել է Նունե Պլուզյանի մորաքրոջ որդու՝ Հրանտ Բաբայանի անունով:

Վերջինս էլ Չփլախյաններին տնից վտարելու հայց էր ներկայացրել դատարան: Ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր վտարման պահանջը, իսկ Վերաքննիչ դատարանը որոշումն ուժի մեջ էր թողել: Չփլախյանները բողոք էին ներկայացրել Վճռաբեկ դատարան, բողոքը վարույթ էր ընդունվել սեպտեմբերի 16-ին, սակայն օրեր առաջ վարույթը մերժվել է:

«Դարձյալ Նունեն իր կապերով նենց է արել, որ Վճռաբեկ դատարանն էլ մեզ մերժի, ամեն տեղ Նունեի մատն է խառը: Մենք շատ փաստեր ունեինք, բայց դատարանները դա հաշվի չեն առնում»,- ասում է Սիրանուշը:

Հիշեցնենք, որ Սիրանուշ Չփլախյանը Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել հանցագործության մասին, որտեղ նշել է, որ ՀՀ կառավարության Դիմումների եւ բողոքների քննարկման վարչության աշխատակից Նունե Պլուզյանը խարդախության միջոցով տիրացել է իր գույքին` այն գրանցելով իր մորաքրոջ տղայի անունով:

Նշենք, որ Նունե Պլուզյանը հրաժարվում է հարցազրույց տալ այս թեմայով՝ հայատարելով, թե ինքը որեւէ կապ չունի Չփլախյանների տան գործարքի հետ: Չփլախյաններն ամեն հինգշաբթի դուրս են գալիս բողոքի ցույցի, որպեսզի իրենց ձայնը լսելի լինի իշխանության համար, նրանք նաեւ վիդեոուղերձով դիմել էին ՀՀ վարչապետին, սակայն մինչ օրս որեւէ արձագանք չեն ստացել կառավարությունից:

Արման Ղարիբյան

Սկզբնաղբյուրը`http://forrights.am/?ln=1&page_id=17&id_=18

 

Հայաստանում «կեղտոտ ձեւով» կողոպտել են ռուս գործարարներին forrights.am

 

«Ես ու Վիկտորը 12 տարվա ընկերներ ենք եղել, նա նույնիսկ իմ մոր թաղման արարողության ժամանակ խաչն էր տանում առջեւից…ես չէի կարող պատկերացնել, որ նա ինձ այսքան կեղտոտ ձեւով «կքցի»»,- ռուս գործարար Ալեքսեյ Կորեպանովը մինչ օրս ցավով ու հուզմունքով է խոսում իր նախկին ընկերոջ մասին:

Վիկտոր Տեր-Հովսեփյանը Սովետական Հայաստանի գլխավոր դատախազ Սուրեն Օսիպովի որդին է: Երբ Ալեքսեյը հասկացել է, որ ընկերը յուրացրել է իր ունեցվածքը, խոսել է Վիկտորի եւ նրա հոր հետ: «Մեր առաջին խոսակցության ժամանակ Սուրեն Օսիպովը հստակ հասկացրեց, որ եթե ես փորձեմ պայքարել իր որդու դեմ, ինքը ինձ կոչնչացնի»,- «ForRights.am»-ին ասաց Կորեպանովը:

Վիկտոր Տեր-Հովսեփյանը Ալեքսեյ Կորեպանովի հետ ընկերություն է արել ավելի քան 10 տարի, տեսել է, որ վերջինս մեծ գումարներ ունի, բարեգործությամբ է զբաղվում նաեւ Հայաստանում, որոշել է նրան ներքաշել հայաստանյան բիզնեսի մեջ:

«Վիկտորն ինձ ասաց, թե մայրս Արամի 38 հասցեում տուն եւ հողամաս ունի եւ առաջարկեց միասին այդ տարածքում բարձրահարկ շենք կառուցել: Ես համաձայնեցի եւ այդ նպատակով ստեղծեցինք «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ն, որի բաժնեմասերի 50%-ը պատկանում էր ինձ, իսկ մյուս 50%-ը Վիկտորը մորը, քանի որ նա պետք է իր անշարժ գույքը ներդներ բիզնեսում եւ ես գումար»,- պատմում է Ալեքսեյ Կորեպանովը:

Երբ վերջինս 2005 թվականին այցելում է Երեւան, պարզվում է, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանի մորը «պատկանող» տարածքի սեփականության իրավունքը վիճարկվում է դատական կարգով եւ այն չի կարող ներդրվել բիզնեսում:

Վիկտոր Տեր-Հովսեփյանը Կորեպանովին համոզում է Արամի 38-ի փոխարեն տարածքներ ձեռք բերել Կասկադի հարեւանությամբ եւ դրա համար Կորեպանովից եւ մեկ այլ ռուս ներդրողից՝ Դմիտրի Կոտովից վերցնում է գրեթե 230 միլիոն դրամ գումար: Ներդրված գումարների դիմաց Կոտովը դառնում է «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ի բաժնետեր:

Հետագա բոլոր գործարքները կնքվել են առանց Ալեքսեյ Կորեպանովի անմիջական մասնակցության, քանի որ վերջինիս մայրը քաղցկեղով հիվանդ է եղել եւ ռուս գործարարը չի կարողացել հաճախակի այցելել Երեւան, անգամ փաստաթղթերն է ստորագրել առանց մանրամասն ծանոթանալու եւ պայմանագրերի բովանդակության մեջ խորանալու:

«Ես վստահել եմ Վիկտորին, քանի որ վաղեմի ընկերներ էինք: Բացի այդ, գործով զբաղվում էր նաեւ փաստաբանական գրասենյակը, որը եւս լրացուցիչ հանգամանք էր իմ վստահությունը շահելու համար»,- ասում է Ալեքսեյ Կորեպանովը:

Վիկտոր Տեր-Հովսեփյանը, օգտագործելով այն փաստը, որ նախկին օրենսդրության համաձայն Հայաստանում օտարերկրացիները չեն կարող հողատարածքներ ձեռք բերել, Կորեպանովին համոզել է, որ ձեռք բերված տարածքները գրանցեն Հայաստանի քաղաքացիների անունով:

«Բացի այդ, Վիկտորը միշտ ասում էր, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք կխլեն ինձնից իմ ունեցվածքը, դրա համար ավելի լավ է գրանցել դա ՀՀ քաղաքացու անունով»,- հիշում է Ալեքսեյը: «Խաբեությունը հենց այստեղ է բացահայտ դառնում: Եթե անհնար էր տարածքները գրանցել ռուս գործարարի անունով, ինչու Վիկտորը դրանք չի գրանցում

«Անսուր Ինվեստի» վրա, չէ որ իրենք արդեն ՍՊԸ էին բացել Հայաստանում,- բացատրում է փաստաբան Մկրտիչ Դավթյանը: – Պարզ է, որ կողմնակի անձանց վրա սեփականություն գրանցելը ունեցել է մեկ նպատակ, որպեսզի Տեր-Հովսեփյանը հետագայում յուրացնի այդ սեփականությունը»: Եվ հենց այդպես էլ եղել է:

Վիկտոր Տեր-Հովսեփյանը կողմնակի անձանց «խաղից դուրս թողնելու համար» Ալեքսեյ Կորեպանովին համոզել է գնել նրանցից՝ Կասկադի հարակից տարածքի նկատմամբ ունեցած իրավունքները: Գնումն իրականացնելու համար գործի մեջ է մտել մեկ այլ ռուս գործարար՝ Դմիտրի Աֆոնինը, ով Վիկտոր Տեր-Հովսեփյանին է վճարել 410 միլիոն դրամ՝ ապագայում կառուցվելիք շենքի 21% մասնաբաժինը ձեռք բերելու համար:

Վիկտոր Տեր-Հովսեփյանը Աֆոնինից ստացած գումարից 272 միլիոն դրամը փոխառություն է տվել «Անսուր Ինվեստին»: Այդ գումարը Աֆոնինի կողմից ներդրումն էր բիզնեսում, սակայն Տեր-Հովսեփյանը գրանցել է փոխառության պայմանագիր եւ այժմ դատարանի միջոցով ՍՊԸ-ից պահանջում է իբր իր «տված» գումարը: Տեր-Հովսեփյանը հաջողության է հասել հայաստանյան դատարաններում: Այժմ «Անսուր Ինվեստ»-ին պարտավորեցրել են վճարել Տեր-Հովսեփյանին ավելի քան 900 հազար դոլար:

Ուշագրավ է, որ թեեւ պայմանագիրը կնքված է եղել ՀՀ դրամով, այնուամենայնիվ, թե հայցադիմումը եւ թե դատավճիռները կայացվել են այլ արժույթով: Նշենք, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանն էլ ՍՊԸ-ի նկատմամբ է ունեցել ավելի քան 8 միլիոն դրամի փոխառության պարտավորություն, սակայն Վերաքննիչ քաղաքացիական դատարանը չեղյալ է համարել նրա պարտավորությունը՝ հիմք ընդունելով ՍՊԸ-ի մասնակիցների ընդհանուր ժողովի այն արձանագրությունը, որտեղ նշված է որ Տեր-Հովսեփյանն ու «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ի մասնակիցների միջեւ չկան պարտավորություններ:

Սակայն նույն ժողովի արձանագրությունը հիմք չի հանդիսացել հայաստանյան դատարանների համար, որպեսզի չեղյալ հայտարարվեր նաեւ «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ի փոխառության պարտավորությունը՝ Տեր-Հովսեփյանի նկատմամբ: Փոխառության գործով «Անսուր Ինվեստը» դիմել է Եվրոպական դատարան՝ նշելով, որ հայաստանյան դատարանները խտրական մոտեցում են ցուցաբերել փոխառության գործերը քննելիս՝ մի դեպքում ժողովի արձանագրությունը ընդունելով որպես հիմք, իսկ մյուս դեպքում՝ ոչ:

«Արդյունքում Վիկտոր Տեր-Հովսեփյանը առանց մի կոպեկ ներդնելու տիրացել է եւ ռուս բարերարների գումարով ձեռք բերված անշարժ գույքին եւ գումարներին, դեռ մի բան էլ դատարանով պարտավորեցնում է իրեն վճարել այն գումարը, որը Դմիտրի Աֆոնինն էր ներդրել բիզնեսում»,- Տեր-Հովսեփյանի հնարամտությունն է ամփոփում է փաստաբան Մկրտիչ Դավթյանը:

Ալեքսեյ Կորեպանովն ու Դմիտրի Աֆոնինն այսօր կրկին Երեւանում են: Նրանք եկել են, որպեսզի ՀՀ իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնեն Վիկտոր Տեր-Հովսեփյանի կատարած հանցագործությունների մասին: Մենք փորձեցինք գործի շուրջ բացատրություններ ստանալ նաեւ Վիկտոր Տեր-Հովսեփյանից: Նա սակայն հրաժարվեց խոսել մեզ հետ՝ ասելով, որ ոչ ինքը, ոչ իր փաստաբանը որեւէ ասելիք չունեն գործի վերաբերյալ:

Արման Ղարբյան

Սկզբնաղբյուրը`http://www.forrights.am/?ln=1&id_=18&page_id=15

 

ՀԽՍՀ գլխավոր դատախազի որդին ռուս գործարարներից 5 մլն դոլար է գրպանել. ռուս գործարար tert.am

 

Ռուս գործարարներ Ալեքսեյ Կորեպանովը պնդում է, որ խորհրդային շրջանի նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպովի որդին՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանը, իրեն և Դմիտրի Աֆոնին խաբելով տիրացել է հսկայական գումարների: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ռուս գործարարը:

Նա պատմեց, որ 2005 թվականին իր ընկեր Վիկտոր Տեր-Հովսեփյան իրեն հրավիրել է Հայաստան՝ շինարարական ոլորտում համատեղ բիզնես ձեռնարկելու և արդյունքում իրենից վերցրել է 5 միլիոն դոլար: Այսպիսով՝ Ալեքսեյ Կորեպանովը իր ներդրումը կատարել է «Անսուր ինվեստ» շինարարական ընկերությունում, որի բաժնեմասերի 50 տոկոսը պատկանել է իրեն, մյուս մասն էլ՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանին, թերևս վերջինս ներդրումներ չի կատարել: Հետագայում նոր ներդրողների ի հայտ գալուց հետո՝ Ալեքսեյ Կորեպանովի բաժնետոմսերը կազմել է 33 տոկոս:

«Վիկտոր Տեր-Հովսեփյանը վստահեցրել է, թե իբր իր մայրը Արամի 38 հասցեում գտնվող տան և հողամասի սեփականատերն է և առաջարկել է գումար ներդնել՝ այդ տարածքում բարձրահարկ շենք կառուցելու համար»,- ասաց գործարարը և նշեց, որ իրականում իր ընկերը ոչ մի ներդրում չի կատարել:

Ասուլիսին ներկա էին նաև իրավապաշտպաններ Ժաննա Ալեքսանյանը, Մարինա Պողոսյանը և փաստաբան Մկրտիչ Դավթյանը: Մկրտիչ Դավթյանն ասաց, որ ռուս գործարարը դատարան հայց ներկայացնելու բավարար հիմքեր ունի և դիմել են իրավապահ մարմիններին: «Ի սկզբանե Վիկտոր Տեր-Հովսեփյանը մոլորության մեջ գցելու ու գումարներին տիրանալու նպատակ է ունեցել»,- ասաց նա:

Սկզբնաղբյուրը`http://www.tert.am/am/news/2014/11/19/armenia-osipov/1251567

 

«Դու գիտես՝ ես ով եմ. Բեգլարյանն ընկերս ա, Դավիթ Հարությունյանն էլ». կառավարության աշխատակիցը «քցել» է քաղաքացուն 1in.am

 

«Առաջին լրատվական»-ը ներկայացնում է «Բողոք երկրի սրտից» հաղորդաշարի հերթական թողարկումը: Երկրի սրտում՝ Հանրապետության հրապարակում, իր բողոքն է հայտնում կառավարության աշխատակցից խաբված բնակիչ Սիրանույշ Չփլախյանը:

Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/1481306.html

 

դատարանը քայլ է արել բացահայտելու Երիցյանի կեղծ գործարքները forrights.am

 

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանի կայացրած որոշումը փաստում է, որ քննչական մարմինները շահագրգռված չեն բացահայտելու ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանի ապօրինի գործարքների ողջ ճշմարտությունը, որի արդյունքում նա տիրացել է մի քանի ընտանիքների սեփականությանը:

Դատարանը արձանագրել է բոլոր բացթողումները եւ բավարարել Երիցյանի զոհերից մեկի՝ Գայանե Թումասյանի հայցը` քննչական մարմնին պարտավորեցնելով վերացնել «Քրեական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը: Եթե քննչական մարմինը չբողոքարկի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ապա կվերսկսվի կեղծ գործարքի գործով նախաքննությունը, որի ընթացքում կարող է բացահայտվել ողջ ճշմարտությունը:

«Դատարանը փաստում է, որ քննիչն օբյեկտիվ եւ լրիվ քննություն իրականացնելու համար պետք է պարզեր Հովհաննես Երիցյանի գտնվելու իրական վայրը», այնինչ «անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել հայտնաբերելու վերջինիս եւ կանչելու հարցաքննության»:

Քննչական մարմնում նյութեր են նախապատրաստվել, սակայն Երիցյանը նույնիսկ չի հարցաքննվել, քննիչն, իբր, չի կարողացել պարզել Երիցյանի փաստացի բնակության հասցեն, եւ վարույթը կարճվել է:

Ակնհայտ է, որ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ավագ քննիչ Ս. Պողոսյանը շահագրգռված չի եղել Երիցյանին հայտնաբերելու մեջ, ինչը հնարավոր էր անել ընդամենը տուժողներից մեկի հետ կապվելու դեպքում: Քննության ընթացքում տուժողի ներկայացուցիչներին հայտնի է եղել Երիցյանի փաստացի բնակության հասցեն, սակայն քննչական մարմինը երբեք չի դիմել նրանց:

Ավելին, քննիչ Ս. Պողոսյանը չի կատարել այս գործով անցնող բոլոր անձանց հարցաքննությունները, իսկ հայտնաբերված հակասությունների առումով չի կատարել առերեսումներ, մասնավորապես Գայանե Թումասյանի եւ Երիցյանի սանիկ Վահե Վարդանյանի միջեւ, ում անմիջական մասնակցությամբ էլ կնքվել է տան առքուվաճառքի շինծու պայմանագիրը:

Հիշեցնենք, տուժող Գայանե Թումասյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Ոստիկանության Նորքի բաժին` պնդելով, որ Երիցյանը շինծու գործարքի շնորհիվ է տիրացել իր սեփականությանը, կատարել է խարդախություն, կեղծել է փաստաթղթեր:

ինչ է եղել իրականում

Գայանե Թումասյանի ամուսինը` Սուսաբեկ Լամվելյանը, դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը տարիներ շարունակ տոկոսով գումար է վերցրել ՀՀ քաղավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանից, որ ինքն իր առանձնատունը վաճառելու մտադրություն չի ունեցել, սակայն ստիպված է եղել տունը գրավ դնել` որպես վերցված գումարի երաշխիք:

Լուսաբեկի խոսքով` Երիցյանը իրեն ստիպել է կնքել ոչ թե գրավի պայմանագիր, այլ սեփականության առքուվաճառքի, որով տունն անցել է Երիցյանին, սակայն անշարժ գույքը վերադարձնելու պայմանով, երբ Լուսաբեկը կվճարեր վերցրած 400 հազար դոլար մայր գումարն ու ամսեկան տոկոսները:

Հովհաննես Երիցյանը «ForRights.am»-ի հետ զրույցում պնդել է, թե ինքը տոկոսով գումար չի տվել Լուսաբեկին, այլ ընդամենը գնել է նրա առանձնատունը: Սակայն եթե Երիցյանն իրականում պարզապես գնել էր տունը, ինչու է Գայանե Թումասյանին այդ տնից վտարելու պահանջ ներկայացրել մեկ տարի անց, ինչու ամիսներ շարունակ չի տիրապետել իր ձեռք բերված անշարժ գույքը:

Այս հանգամանքները պետք է պարզեր նախաքննությունը, որը, ինչպես պարզ դարձավ դատարանի որոշումից, օբյեկտիվ եւ բազմակողմանի չի իրականացվել: Մյուս կողմից էլ, Լուսաբեկ Սամվելյանի կինը` Գայանե Թումասյանը, տան ½ սեփականատերն է եղել այն պահին, երբ ամուսինը կնքել է առքուվաճառքի պայմանագիրն՝ առանց Գայանեի իմացության եւ համաձայնության:

Փոխարենը Երիցյանի սանիկ Վահե Վարդանյանը, նոտարում կեղծ հայտարարություն է տվել այն մասին, որ Լուսաբեկ Սամվելյանը ամուսնացած չէ, որպեսզի կարողանար գործարք կնքել առանց կնոջ համաձայնության: Գայանե Թումասյանը դիմել էր դատարան` պահանջելով առքուվաճառքի պայմանագիրը ½ մասով չեղյալ համարել:

Ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Գայանեի դիմումը, սակայն Վերաքննիչ դատարանը բեկանել է այդ դատավճիռը` փաստելով, որ դատարանը ոչ օբյեկտիվ քննություն է կատարել:

Հովհաննես Երիցյանը բողոքարկել է Վերաքննիչ դատարանի որոշումը և զարմանալին այն է, որ Վճռաբեկ դատարանը մեկ անգամ բողոքը հետ վերադարձնելուց հետո, այս անգամ այն վարույթ է ընդունել:

Նշենք, որ Գայանե Թումասյանը «ForRights.am» -ին տված հարցազրույցում ասել է, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան կաշառում է քննչական մարմիններին եւ դատարաններին`ցանկալի որոշումներ եւ դատավճիռների ստանալու համար:

ՀԳ – Երիցյանի «թիմի» մասին ամբողջական պատկերացում կազմելու համար պետք է նշել, որ նրա գործընկերնեից մեկը` Արտակ Մարտիրոսյանը, ներկայումս դատապարտված է խարդախության համար, իսկ Երիցյանի սանիկը`Վահե Վարդանյանը, դատապարտվել է վաշխառության համար, սակայն համաներման շնորհիվ խուսափել է պատժի կրումից:

Արման Ղարիբյան

Սկզբնաղբյուրը`http://forrights.am/?ln=1&id_=18&page_id=14

 

«Ես քեզնից պատիվ եմ պահանջում, արի քաղմաս»․ կանանց թեժ կռիվ կառավարության շենքի դիմաց 1in.am

 

Կառավարության շենքի դիմաց ամեն հինգշաբթի նիստից առաջ հավաքվում են տարբեր խնդիրներ ունեցող քաղաքացիներ: Այս անգամ վաղ առավոտից այստեղ էր քաղաքացի Սիրանույշ Չփլախյանը՝ կառավարության դիմումների և բողոքների քննարկման վարչության աշխատակից Նունե Պլուզյանից տուժած մի քանի այլ քաղաքացիների հետ։

Վերջիններս Պլուզյանից տոկոսով գումար են վերցրել, ապա վերադարձրել, իսկ Նունե Պլուզյանը, Ս․Չփլախյանի խոսքով, դատարանի միջոցով ավելին է պահանջել:

Բողոքի ակցիայի մասնակցիներին մոտեցավ ոմն ազատ լրագրող Սոնա Մաղաքյան, որը նրանց վիրավորեց և հայտարարեց, թե նրանք են վաշխառությամբ զբաղվում և ո՛չ Նունե Պլուզյանը:

Կանանց միջև թեժ վիճաբանություն տեղի ունեցավ
Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/1473791.html

Վաշխառուները քաղաքացիներին դրդում են ինքնասպանության 1in.am

 

«Առաջին լրատվական»-ի հարցերին է պատասխանում «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը

– Մեկ տարուց ավելի է՝ Դուք բարձրաձայնում եք վաշխառության և խարդախության դեպքերի մասին: Բազմաթիվ գործեր քննվում են դատարանում, մի մասն էլ նախաքննության փուլում են: Ի՞նչ զարգացումներ կան այս գործերում:

-Մեր պայքարը կարող էր ավելի լավ արդյունքներ տալ, եթե իրավապահ համակարգն այսչափ կոռումպացված չլիներ: Վաշխառուների և խարդախների դեմ պայքարում մենք բախվեցինք պաշտոնյաների անտարբերությանը, ամենաթողությանն ու անգրագիտությանը: Հանդիպեցինք ոչինչ չընկալող ուղեղով մի շարք կամակատարների, որոնք միայն թե հաճոյանան և պատվերը ճիշտ ժամանակին կատարեն, պատրաստ են խաղալ մարդկային ճակատագրերի հետ, կայացնել անհեթեթ ու նույնիսկ զավեշտալի որոշումներ, կարճեն ակնհայտ հիմնավոր քրեական գործերը և դա կատարեն հատուկ ցինիզմով: Իմ բոլոր ասածները կարող եմ հատ-հատ ապացուցել փաստաթղթերով, միայն թե մեր Ոստիկանությունը, Դատախազությունն ու դատական համակարգը անտեսում են այդ փաստերը:

-Կարող եք հստակ ներկայացնել, թե ինչպես են գործում վաշխառուների խմբավորումները:

-Նախ ասեմ, որ վաշխառուն հիմնականում նախկին կամ ներկա պաշտոնյա է, որը հարստացել է անհայտ և հավանաբար ապօրինի եղանակներով: Նրանց ձեռագիրը նույնն է գրեթե բոլոր գործերում: Վաշխառուն իր գործակալների միջոցով գտնում է նեղության մեջ հայտնված քաղաքացիների, որոնց շտապ մեծ գումար է պետք և որոնք ունեն սեփականություն, որը կարող են գրավ դնել: Սակայն վաշխառուները չեն կնքում գրավի պայմանագիր, այլ շինծու առքուվաճառքի պայմանագիր են ձևակերպում, որով քաղաքացու սեփականությունը անցնում է վաշխառուին, և բանավոր պայմանավորվում են, որ գումարը վերադարձնելուց հետո սեփականությունը հետ կտան տվյալ քաղաքացուն: Սակայն ամիսներ անց այդ վաշխառուն դիմում է դատարան՝ քաղաքացիներին իրենց տնից վտարելու պահանջով և հիմնականում հասնում է իր ուզածին, քանի որ նախօրոք շինծու պայմանագիր են կնքած լինում: Փաստորեն, քաղաքացու սեփականությանը վաշխառուն տիրանում է վճարելով ընդամենը դրա իրական արժեքի 1/3-ը: Այստեղ է, որ բացահայտվում է նրանց խարդախությունը: Տոկոսով փող տվողները իրականում հենց սկզբից էլ կանխամտածված քաղաքացուն ստիպում են կնքել առքուվաճառի պայմանագիր՝ հետագայում նրա ունեցվածքը խլելու մտադրությամբ:

– Իսկ ի՞նչ է լինում այն քաղաքացիների հետ, որոնք, խարդախության զոհ դառնալով, կորցնում են իրենց տները:

-Ձեր հարցի պատասխանը ես չէ, որ պետք է տամ: Դուք դա տեսնում եք ամեն օր: Այդ մարդիկ համալրում են մուրացիկների, անօթևանների, ինքնասպանների, հանցագործների բանակը: Կամ պարզապես արտագաղթում են այս երկրից: Ամեն ինչ կորցրած մարդիկ հերթ են կանգնել ՌԴ դեսպանատան շեմին, որ գնան Ռուսաստանի նախքին աքսորավայրերը ու իրենց քրտինքով շենացնեն օտար ամայի տարածքները, վաշխառուներն էլ եկեղեցիներ են կառուցում ու լուրջ դեմքերով հայրենասիրությունից խոսում:

– Դուք բազմաթիվ բաց նամակներ եք հղել բարձրաստիճան պաշտոնյաներին՝ այս գործերի նկատմամբ ուշադրություն գրավելու նպատակով: Արդյո՞ք պաշտոնյաները արձագանքում են Ձեր նամակներին:

– Կամ մեր նամակները տեղ չեն հասնում կամ էլ մեր նշած խնդիրները: Հիմնականում ստանում ենք ստանդարտ, ոչինչ չասող պատասխաններ: Փաստորեն, մեր հասարակության մի ստվար բազմություն պետական և իրավական ռադիոծածկույթից դուրս են: Հենց բարձրաստիճան պաշտոնյաների անտարբերությունն էլ ոգևորում է վաշխառուներին և նրանք անարգել շարունակում են իրենց թալանը:

– Իսկ քննչական մարմինները և դատարանները արդյո՞ք կաշկանդված չեն նախկին և ներկա պաշտոնյաների դեմ գործեր հարուցելիս և քննելիս:

-Ոչ միայն կաշկանդված են, այլև հաճախ հենց նրանց հանցակիցներն են: Ցավոք սրտի, մեր երկրում դեռ չի վերացել քավոր-սանիկ հարաբերություններով հարց լուծելու պրակտիկան: Բացի այդ, վաշխառության գործերում միշտ գործ ունենք շատ մեծ փողերի հետ, իսկ այդպիսի ունեցվածքի տիրացած մարդու համար դժվար չէ կաշառել թե ոստիկաններին, թե դատախազներին և թե դատավորներին: Իհարկե, խոսքը ոչ բոլորի մասին է և շատ հազվադեպ լինում են նաև արդարացի դատավճիռներ, սակայն դրանք չնչին տոկոս են կազմում և մեծ հաշվով իրավիճակը չեն փոխում:

-Տիկին Պողոսյան, «1in.am»-ի տեղեկություններով՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանը փորձում է ճնշել և լռեցնել Ձեզ:

-Այո, ձեր տեղեկությունները հավաստի են, ավելին, Հովհաննես Երիցյանի ջանքերով քրեական գործ է հարուցվել իմ դեմ, թե իբր ես շորթմամբ եմ զբավում: Դա ակնհայտորեն սուտ մատնություն է և ես հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին, որը թեև կցել են գործին, բայց արդեն երկու ամիս է՝ ոչ մի քննչական գործողություններ չեն կատարում այդ ուղղությամբ: Մենք զբաղվում ենք Հովհաննես Երիցյանից տուժած ընտանիքների շահերի պաշտպանությամբ և բնական է, որ դա դուր չի գալիս նախկին պաշտոնյային: Ասեմ, որ անձամբ ինձ և մեր կազմակերպության մյուս անդամներին անհնար է վախեցնելը: Ճնշումներ, իհարկե, լինում են, որովհետև մենք պայքարում ենք հանցավոր կապերով միմյանց հետ կապված վաշխառուների խմբավորումների դեմ, սակայն մենք վստահ ենք, որ արդար գործ ենք անում և պայքարելու ենք մինչև վերջ:

Հեղինակ՝ Անահիտ Սվաճյան

Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/1473007.html

 

Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին lragir.am

 

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի բաց նամակը ՀՀ գլխավոր դատախազին
Հարգելի պր–ն Կոստանյան
Խորապես ողջունում ենք Հատուկ քննչական ծառայությունում կատարվող անօրինականությունների նկատմամբ Ձեր ուշադրությունն ու կատարած քայլերը: Բազմիցս փորձել ենք արժանանալ Ձեր ընդունելությանը, որպեսզի ներկայացնենք այն ամենաթողության և ապօրինության մթնոլորտը, որ տիրում է ՀՔԾ–ում։
Հուսով ենք, որ այս նամակում տեղ գտած փաստերը եւս կարժանանան Ձեր ուշադրությանը:
Եվ այսպես, ս.թ ապրիլի 14 –ին ՀՔԾ-ում հարուցվել էր թիվ 62207914 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը», քանի որ ԴԱՀԿԾ մի քանի աշխատակիցներ գործադրել էին բռնություն 76 ամյա Զինա Գյոզալյանի և իմ՝ «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանի նկատմամբ:
Ս.թ. մարտի 17-ին ԴԱՀԿԾ աշխատակիցները Աբովյան փողոցի կտորեղենի խանութում բնակվող ընտանիքին վտարելու ժամանակ նախ բռնությունների ենթարկեցին տարեց կնոջը, իսկ երբ ես փորձեցի խոչընդոտել նրանց, ինձ կողպեցին փակ սենյակում: Ավելի ուշ, երբ Զինա Գյոզալյանին դուրս էին շպրտել իր տնից, ինձ ազատություն «պարգեւեցին» եւ պատճառելով մարմնական վնասվածքներ, բառի բուն իմաստով դուրս շպրտեցին տարածքից՝ ինձ նետելով բետոնե աստիճանների վրա:
Մարմնական վնասվածք պատճառելը ՀՔԾ պետի տեղակալը դիտեց որպես «նուրբ գրկել և տեղափոխել», որը երևի թե բնորոշ է իր ՀՔԾ-ական մտածելակերպին և ապրելաոճին, սակայն անընդունելի ցանկացած արժանապատիվ քաղաքացու համար։
Ի սկզբանե ՀՔԾ –ում տվյալ քր.գործը հարուցելը կրել է զուտ ձևական բնույթ, քանի որ չի անցկացվել բազմակողմանի և օբյեկտիվ քննություն և ի վերջո գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
ՀԿԳ քննիչ Սարգսյանը 27.08.2014թ կայացրել է քրեական գործի կարճման որոշում, որը նույնիսկ հարկ չի համարել ուղարկել տուժողին: Քննիչի կայացրած որոշումը ստացվել է միայն երկու ամիս անց՝ հոկտեմբերի 17- ին, այն էլ ՀՔԾ պետին ուղված դիմումին ի պատասխան։
«Հո՞ ամեն տուժողի չեմ զանգի կանչեմ ու քր.գործի կարճման որոշում տամ։ Տուժողներից մարդ էր եկել երկու ամիս առաջ, Ձեր որոշումը իրան տվի, չվերցրեց, հո՞ առանձին չէի տալու»,- սա է ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ս.Վ. Սարգսյանի բացատրությունը:
Սա ի՞նչ է ՝ թղթի, ժամանակի, պրոֆեսիոնալիզմի պակա՞ս, թե՞ ցինիզմի ավելցուկ։
Հետեւելով քննիչի տրամաբանությանը՝ կարող ենք եզրակացնել, որ մի քանի մեղադրյալներ ունենալու պարագայում եւս մեղադրական եզրակացությունը մեկին են տալիս եւ մյուսներին չեն տեղեկացնում։
Քննիչի կայացրած որոշման վերաբերյալ բողոք ենք ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն եւ այժմ ակնկալում ենք, որ Դուք անձամբ կստանձնեք այս գործի վերահսկողությունը՝ Ձեր բացահայտումներին ավելացնելով ՀՔԾ-ում կատարված այլ ապօրինություններ եւս:

Սկզբնաղբյուրը`http://www.lragir.am/index/arm/0/right/view/105957

 

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.