Author: Veles Human Rights NGO

Օգնեք վերադարձնել մեր տունը 168.am

 

Այսօր «168 Ժամ» թերթի խմբագրությունը նամակ է ստացել քաղաքացի Գայանե Բորիսի Թումասյանից, ով ահազանգում է ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանի «վաշխառուական գործելակերպի» մասին, որի զոհն է դարձել իր Profileընտանիքը: Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ:

* * *
Հուսահատությունից ելնելով՝ հանրության դատին եմ հանձնում իմ ընտանիքի հետ տեղի ունեցած անարդարության մասին իրողությունը, ակնկալելով ձեր աջակցությունը մի կնոջ, որը 2007 թ.-ից ի վեր բացել է դառնությունների դուռը, և որի համար փակվել են դատաիրավական և մարդկային խղճի բոլոր դռները:
2007 թ.-ի փետրվարի 18-ին մահացել է 19-ամյա որդիս՝ ժամկետային զինծառայող Էդգար Սամվելյանը: Որդիս ամուսնացած էր և ուրախությամբ սպասում էր իր առաջնեկի ծնվելուն:
2010 թ.-ից առայսօր, ես՝ 82-ամյա սկեսուրս, հարսս, հորը չտեսած երեքամյա թոռս, որն այժմ 6 տարեկան է, դարձել ենք անօթևան և տնավեր՝ շնորհիվ մի խումբ խարդախ և անբարեխիղճ մարդկանց, որոնք մեզնից խլեցին 1994թ.-ից սեփականության իրավունքով մեր ընտանիքին պատկանող տունը:
Այդ հանցախմբի ղեկավարն է ՀՀ «պատվավոր քաղաքացի», ինչպես ինքն է ներկայանում, Հովհաննես Պավելի Երիցյանը: Տղայիս կորստյան վշտից դեռ չսթափված, ելնելով ֆինանսական ծանր վիճակից, ամուսինս 2009թ.-ին Հովհաննես Պավելի Երիցյանից ամսական 10 տոկոսով փոխառության կարգով վերցրել է գումար:
Վերցրած գումարի դիմաց Երիցյանը պարտադրել է ամուսնուս ոչ թե գրավադնել, այլ ձևակերպել անշարժ գույքի առք ու վաճառք իր անունով՝ վստահեցնելով, որ տան առք ու վաճառքը կրում է զուտ ձևական բնույթ:

Ամուսինս, ելնելով վերջինիս պատկառելի տարիքից, արտաքինից և նախկինում նրա զբաղեցրած բարձր պաշտոնից (Քաղավիացիայի պետ), վստահել է, սակայն մտավախություն է հայտնել, որ ես չեմ համաձայնվի տան առուծախին:
Պարոն Երիցյանը վստահեցրել է ամուսնուս, որ ինքը, օգտագործելով իր կապերը, կհաջողացնի ձևակերպել գործարքն առանց իմ համաձայնության՝ նշելով, որ սա իր պրակտիկայում առաջին դեպքը չէ: Հակառակ դեպքում Երիցյանը հրաժարվել է որևէ գումար տրամադրել: Միևնույն ժամանակ, Երիցյանը, որպես իր մշտական գործարքներ կատարող, ներկայացրել է իր սանիկ Վահե Վարդանյանին, որը բազմիցս եղել է մեր տանը, քաջատեղյակ է եղել, որ ես և Լյովան ամուսիններ ենք:
Երիցյանը պարտադրել է ամուսնուս՝ լիազորագիր տալ Վահե Վարդանյանի անունով, որն առանց ավելորդ քաշքշուկի՝ նոտարում կկատարի այս գործարքը՝ առանց իմ տեղեկության և համաձայնության: 2010թ.-ին Երիցյանը, պատճառաբանելով, որ ամուսինս երկու ամիս չի կարողացել վճարել իր կողմից սահմանված տոկոսները, ձմեռվա շեմին վռնդեց մեզ մեր իսկ տնից: Քանի որ այլ օթևան չունեինք, չկարողացանք տարիների ընթացքում մեր քրտինքով ձեռք բերած որևէ գույք վերցնել տնից՝ հատկապես, որ Երիցյանը վստահեցնում էր, որ ինքը ունի բազմաթիվ տներ, այդ տնից չի օգտվելու և, տոկոսները վերադարձնելուց հետո, մենք կվերադառնանք մեր օջախ:
Հասկանալով, որ խախտվել է իմ սեփականության իրավունքը՝ թե տան, թե նրանում գտնվող գույքի նկատմամբ, դիմել եմ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ կայացվեց մի ակնհայտ անհիմն և անմարդկային վճիռ, որի շնորհիվ առայսօր մենք մնացինք անօթևան, իսկ վաշխառու Երիցյանը՝ անպատժելի:
Հետագայում ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանեց այդ վճիռը: Սակայն 2013 թ. դեկտեմբերի 5-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կրկնեց իր վճիռը: Այս վճռով կրկին խախտվեցին իմ՝ որպես որդի կորցրած մոր, կնոջ և ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքը:
Իր վաշխառուական գործելակերպը քողարկելու նպատակով՝ Երիցյանը տոկոսով տրված գումարի հետ վերադարձման և տոկոսների վճարման երաշխիքի ապահովման պատրվակով ամեն անգամ կնքել է առուվաճառքի պայմանագիր, որով՝ ինձ և այլ ինձ նման տուժած քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը խաբեությամբ անվանափոխվել է մի դեպքում՝ իր, մեկ այլ դեպքում՝ իր կողմից ղեկավարվող այլ անձանց անունով:
Մասնավորապես, իմ դեպքում անշարժ գույքը ձևակերպվել է սկզբում իր անվամբ, իսկ հետագայում գործած ապօրինությունը վերջնականապես մաքրելու, բարեխիղճ ձեռքբերման իմիտացիա ստեղծելու նկատառումով՝ անվանափոխել է իր բարեկամի՝ Բադալ Պողոսյանի անվամբ: Մեկ այլ դեպքում, որպես բարեխիղճ ձեռքբերող է հանդիսացել Արտավազդ Այվազյանը, որը, ի դեպ, հանդիսանում Երիցյանի և Բադալ Պողոսյանի շահերի ներկայացուցիչը վերը հիշատակված դատական գործով:
Նշեմ նաև, որ նույն գործելաոճով ձեռք են բերվել նաև Նար-Դոսի, Աբովյան փողոցի, Ազատության պողոտայի, Նորք-Մարաշի և այլ հասցեներում գտնվող սեփականություններ, որոնք գրանցվել են մի դեպքում՝ «Կոնվերս Բանկի» աշխատակից Վարդան Գինոսյանի, իսկ բազմաթիվ այլ դեպքերում՝ Երիցյանի սանիկ Վահե Վարդանյանի, ինչպես նաև՝ Վահե Վարդանյանի քեռու՝ ոմն Գագոյի անուններով: Այս ցուցակը շարունակելի է:
Ապավինում եմ ոչ միայն Աստծուն, այլև հանրության օգնությանը, որպեսզի մերօրյա կորեյկոները չբազմանան, ստանան իրենց արժանի պատիժը և, վստահ եմ, որ ի վերջո արդարությունը կհաղթի:

Գայանե Բորիսի Թումասյան

Սկզբնաղբյուրը՝ http://168.am/2014/01/22/320756.html

 

Ռուս գործարար. «Վճռաբեկ դատարանի նախագահի գործունեությունը թանկ է արժենում Հայաստանի քաղաքացիների համար» www.times.am

Վերջերս Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ռուս գործարար Ալեքսեյ Կորեպանովը մեղադրել էր Հայաստանի նախկին գլխավոր դատախազի որդուն՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանին խարդախության մեջ: Գործարարի խոսքերով՝ մի քանի տարի առաջ Տեր-Հովսեփյանը հրավիրել է Կորեպանովին Հայաստանում շինարարական գործունեւոթյամբ զբաղվելու, սակայն յուրացրել է Կորեպանովի կողմից կատարած ներդրումների զգալի մասը, որի ընդհանուր չափը հասնում է մոտ 5մլն դոլլարի:
Տուժողի խոսքերի համաձայն, Հայաստանում իր գործունեության 7 տարիների ընթացքում նա աշխատավարձ է վճարել ավելի քան 90.000$-ի չափով, ըստ օրենքի պահանջի վճարել է բոլոր հարկերը (ավելի քան 240 հազար դոլար), մոտ 84.000$ տրամադրել է բարեգործությանը (ներկայում պատրաստվում է բարեգործական նոր ծրագրեր ֆինանսավորել) և այլ բարի գործերի, դատական ծախսերի համար վճարել է մոտ 57.000$ (ևս 77.731.00$ դեռ անհրաժեշտ է վճարել), սակայն որևէ եկամուտ դեռ չի ստացել, իսկ նախկին գլխավոր դատախազի որդին դատարանի միջոցով իրենից ևս 900,000$ է պահանջում:
Տես նաև՝ http://times.am/?l=am&p=15758
յժմ Ալեքսեյ Կորեպանովի գործը շարունակվում է քննվել Հայաստանի դատական համակարգի տարբեր ատյաններում: Times.am-ի թղթակցի հետ զրույցում ռուս գործարարը վստահեցրել է, որ պատրաստվում է շարունակել պայքարը մինչև հաղթական ավարտ, նույնիսկ եթե դրա համար անհրաժեշտ լինի դիմեl Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:
«Ցավոք, Հայաստանում ինձ դեռ չի հաջողվում արդարության հասնել, քանի որ այս երկրի Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը հովանավորում է իմ հակառակորդին: Ես փորձել եմ ներգրավել լայն հասարակության ուշադրությունն այս դեպքի շուրջ, և նույնիսկ բաց նամակով դիմել եմ պարոն Մկրտումյանին: Սակայն նա անհրաժեշտ չհամարեց պատասխանել իմ հարցերին: Այդպիսին են իր բարքերը: Փողն ամեն ինչից կարևոր է: Անձնական համբավը և արդարություն Մկրտումյանին իսպառ չեն հետաքրքրում», – ասում է Կորեպանովը՝ պատասխանելով նաև մեր մյուս հարցին.
Դուք ասացիք, որ նպատակ ունեք դիմել միջազգային դատական ատյաններին: Գտնում եք, որ Հայաստանում այլևս հնարավո՞ր չէ արդարադատության հասնել:
Երևանում մենք լավ փաստաբաններ ունենք: Նրանք անում են հնարավորը՝ իմ և բոլոր այն մարդկանց շահերը պաշտպանելու համար, ովքեր տուժել են Տեր-Հովսեփյանների ընտանիքի խարդախություններից: Սակայն եթե բոլոր հնարավորությունները սպառվեն, իսկ ըստ էության ամեն ինչ հենց դրան է գնում, ապա ես կգնամ այդ ուղով: Անցյալ տարի հայկական դատարանների ինքնակամ որոշումների պատճառով Եվրոպական դատարանի որոշմամբ Հայաստանը ստիպված էր քաղաքացիներին վճարել մոտ 5 մլն եվրո փոխհատուցում: Բնականաբար, այդ գումարները վճարվելու են ոչ Մկրտումյանի գրպանից կամ մեկ այլ դատավորի: Եվ ստացվում է, որ ինչ-որ չինովնիկների պատճառով տուժում են պետական բյուջեն և Հայաստանի բնակչությունը: Եվ ես չեի ցանկանա, որ իմ կորուստները նունպես փոխհատուցվեին այս երկրի քաղաքացիների հաշվին:
Սկզբնաղբյուրը` http://times.am/?p=18598&l=am

 

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.