Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիր է ստորագրել։
Գրեթե մեկ տարի առաջ դուք պահանջել էիք Արթուր Վանեցյանի հրաժարականը։ Ձեզ համար հիմա պարզ է, թե ԱԱԾ տնօրենն ինչու է ազատվում պաշտոնից․ «Առաջին լրատվական»-ի հարցին իրավապաշտպան Մարինա Պողոսյանը պատասխանեց․ «Գիտեք, շատ հետաքրքիր է՝ անցած տարվա կանխատեսումներս հերթով իրականանում են։ Մեկը քրեական հեղինակությունների վերաբերյալ օրենքն է։ Մյուսը հաջորդեց Սասուն Խաչատրյան-Արթուր Վանեցյան զրույցին։ Ինձ համար դա շոկ էր և նաև նվաստացուցիչ, որովհետև երկրի ԱԱԾ տնօրենը չի կարողանում ինքն իրեն պաշտպանել գաղտնալսումներից։ Խոսակցություն եղավ, որ էդտեղ ռուսական հետք կա։ Էստեղ հետքը չի կարևոր, իսկ եթե նույնիսկ ռուսական՝ էլ ավելի տխուր։ Այսինքն՝ դուրս է գալիս, որ մեր երկրի ազգային անվտանգությունը չի կարողանում ապահովել այդ ծառայությունը։ Մենք էլ էս ազգի մի մասնիկն ենք, այսինքն՝ մեր անվտանգությունը ևս պետք է վտանգված լիներ։
Ինձ համար նորմալ չի, որ իրավունքի և օրենքի գերակայության երկրում դատարանի վրա ճնշում է գործադրվում․ խնդրում եմ Քոչարյանի պաշտպաններին այս բառերիցս հետո չակտիվանալ։ Բայց իրականում սա ինձ համար անընդունելի էր։ Ճիշտն ասած՝ ես Վանեցյանի դեմ անձամբ ոչինչ չունեմ․ շատ հաճելի, համակրելի արտաքինով երիտասարդ է։ Վանեցյանն արեց բավականին գործընթացներ, որը վերաբերվում էր ոչ ազգային անվտանգության ծառայությանը, այլ 6-րդ վարչության՝ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության գործընթացին։ Այսինքն՝ այդ աղմկահարույց շոուները, որ եղան, մեծ մասը չհասան իրենց տրամաբանական ավարտին։
Դավիթ Սանասարյանի գործին էլ կուզենայի անդրադառնալ։ Ամեն մարդ ունի իր ենթադրությունները։ Դավիթին ես ճանաչում եմ որպես պայքարող տեսակ, և երբեք չեմ հավատացել, որ նա կարող է նման գործառույթների մեջ խառնված լիներ։ Ես սա հակամարտություն եմ միշտ դիտարկել, և ասել եմ, որ կամ Դավիթը կմնա, կամ Վանեցյանը։ Ես հավատում եմ, որ Դավիթն արդարացվելու է»։
«Հակակոռուպցիոն բլոգը» ամիսներ շարունակ սեփական հետաքննություն է անցկացրել Ալավերդի քաղաքում և դրանից դուրս տեղի ունեցած հանցագործություններում շահագրգիռ անձանց բացահայտելու ուղղությամբ։ 2015 թվականին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններից հետո Ալավերդիում, Ախթալայում և Երևանում կրակոցներ են հնչել, որոնց արդյունքում սպանվել է չորս մարդ, Ալավերդին, իսկ հետագայում Հայաստանը լքել է առնվազն երկու անձ, խոշտանգվել են չորս քաղաքացիներ, իսկ Ալավերդի քաղաքում շարունակել են տիրել հանցավոր մթնոլորտն ու գողական բարքերը։ Ստորև ներկայացնում ենք իրադարձությունների ժամանակագրությունն ու փաստերը, որոնք ապացուցում են Ալավերդիի «Լալվար» քարի արտադրամասի տնօրեն Տարոն Աբգարյանի առնչությունը դրանց հետ։
Ամեն ինչ սկսվել է 2015 թվականի Ալավերդիի քաղաքապետի ընտրություններից․ առաջին հայացքից սովորական տեղական ընտրությունները իրականում արտառոց հանցագործությունների շղթայի սկիզբը դարձան։ Ընտրություններին պայքար է ընթացել երկու ազդեցիկ թեկնածուների միջև, մեկը «Լալվար» քարի արտադրամասի տնօրեն Տարոն Աբգարյանի եղբայրն էր՝ Արթուր Աբգարյանը, մյուսը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից աջակցություն վայելող թեկնածուն՝ Կարեն Փարեմուզյանը։ Վերջինիս թեկնածությունը մեծապես աջակցել էր Ալավերդիում որոշակի հեղինակություն վայելող Վահագն Աբգարյանը (ազգանունների նույնությունը պատահական է, Վահագն և Տարոն Աբգարյանների միջև ազգակցական կապ չկա)։
Արդյունքում Տարոն Աբգարյանի եղբայրը պարտվել էր, դրան հետևել էին մի շարք հանցագործություններ։ Արյունալի իրադարձությունները՝ նախ համառոտ․ ընտրություններից ամիսներ անց Տարոն Աբգարյանի մտերիմ աշխատակից Վարդան Անտոնյանը կրակահերթ էր բացել Վահագն Աբգարյանին և նրա ընկերոջը պատկանող ավտոմեքենաների վրա։ Վահագն Աբգարյանը մեքենայի մեջ չի եղել, մեքենայի մեջ են եղել նրա ընկերները, սակայն որևէ մեկը չի տուժել մեքենայի զրահապատ լինելու շնորհիվ։ Այդ օրը մեքենայում գտնված Էդուարդ Պողոսյանին հետագայում սպանել են ընկերոջ՝ Վարդան Ավագյանի հետ միասին։ Ըստ ոստիկանության տվյալները՝ նրանց սպանել է Վարդան Փիրուզյանը, ով հետախուզման մեջ է։ Վարդանի եղբայրը՝ Կամո Փիրուզյանը, դեպքից որոշ ժամանակ անց վերադարձել է Ալավերդի և սպանվել է Վլադիմիր Դավթյանի կողմից։ Դրան հաջորդել է Երևանի կենտրոնում՝ «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ Վահագն Աբգարյանի վրա բացած կրակահերթը, որին զոհ է գնացել Վահագնի ընկերը՝ Գագիկ Մոսինյանը։ Վահագն Աբգարյանը ծանր վիրավորվել է, բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։ Դեպքից կարճ ժամանակ անց մեղադրանք է առաջադրվել Վահագն Աբգարյանին՝ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու համար։ Ստորև ներկայացնում ենք տեղի ունեցած դեպքերն առավել հանգամանալից։
«ԿԱՄ ԵՍ ԻՐԱՆ ՍՊԱՆԻԼ ՏԵԻ ԿԱՄ ՂՐԳԻԼ ՏԵԻ, ՀԵՆԱ՝ ՂՐԳԵՑԻ»
2015 թվականի հունիսին տեղի ունեցած ընտրություններից հետո՝ նույն թվականի հոկտեմբերի 11-ին, Ախթալայի կամրջի վրա Վարդան Անտոնյանը կրակահերթ է բացել Վահագն Աբգարյանին պատկանող ավտոմեքենայի վրա։ Դեպքի ականատես Արմեն Հարությունյանը որոշ ժամանակ անց ստիպված է եղել հեռանալ Հայաստանից։ «Հակակոռուպցիոն բլոգին» սակայն հաջողվել է կապ հաստատել նրա հետ և տեսազանգի միջոցով հարցազրույց վերցնել։ Ականատես վկան պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը։ «Վարդան Անտոնյանը ոնց որ Տարոնի ախրանիկը լիներ, ռաստ եկանք, Վարդանը ասեց՝ ուզո՞ւմ ես քաղաքով ֆռանք, ասի՝ ֆռանք։ Գնացինք, քաղաք ֆռում ենք, բա՝ կարա՞նք մի հատ քարի ցեխը մտնենք, ասի՝ հա։ Գնաց ցեխը, դուրս եկավ, ձեռին շոր էր, ավտոյի հետևի դուռը բացեց, շորը գցեց։ Ու ֆռում էինք քաղաք, մեր Վահագի (Վահագն Աբգարյանի) «Խամերն» ու Արկոյի «Տիանան» ռաստ եկան, բա՝ քշի սրանց հետևից տենանք սրանք ո՞ւր են գնում։ Ասի՝ ինչի՞դ ա պետք, այ ախպեր։ Ասեց՝ թե բա վախո՞ւմ ես։ Ասի՝ ինչի՞ համար եմ վախում, ուզում ես, կքշեմ։ Բա թե քշի, գնանք Ախթալու մոստի վրա, տենանք Ճոճկան են գնում, թե ուր են գնում։ Քշեցի, գնացի Ախթալու մոստի վրա կանգնեցի, մի երկու րոպեից Վահագի ավտոն ու «Տիանան» եկան։ Սա գնաց ավտոյի դուռը բացեց, շորի մեջ զենք էր, հանեց ու գռցրուց։ Ես փախա ճոպանի վրա, ասի՝ հանկարծ գլուխս չուտեն։ Կրակոցը որ պրծավ, «Խամերն» ու «Տիանան» հետ քշեցին Ալավերդու կողմը։ Ես հետ գնացի, նստեցի ավտոս»։
Արմեն Հարությունյանը դեպքի հաջորդ օրը չի կարողացել հանդիպել Վարդան Անտոնյանին և որոշել է փախչել հարևան Վրաստան։ Երկու օր անց որոշել է վերադառնալ ու իրավապահ մարմիններին պատմել իրականությունը։ Արմենի խոսքով՝ իր հայրը Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի պետի տեղակալ Աշոտ Տիտանյանի հետ եկել են Վրաստան, որպեսզի իրեն ուղեկցեն Հայաստան։ «Ճամփումը Տիտանյան Աշոտը՝ բա գիտես չէ՞, Արմեն ջան, ոնց պիտի գրվի, ինչ կա, սաղ Վարդանը, ուրիշ անուն-մանուն չկա, չէ՞։ Ասի՝ հա։ Դե ինքը Տարոնանց հետ մոտիկ ա, բարեկամ-բան են, ջոգեցի էլի՝ ինչ ա նամիկատ անում, որ քարի ցեխի անուն չտրվի»։
Ստորև ներկայացնում ենք Արմեն Հարությունյանի հարցազրույցը։
Արմեն Հարությունյանը պատմում է, որ իր ցուցմունքից հետո Տարոնի ընկերախմբի ու իր հարաբերությունները լարվել են․ «Տարոնի գռուպան՝ մի հատ բենզին անողների գռուպա կա, օբշի լարվեցին իմ դեմ»։ Վարդան Անտոնյանին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտում է 13 տարվա ազատազրկման։ Արմեն Հարությունյանը հեռախոսազրույց է ունենում Տարոն Աբգարյանի հետ, որի ընթացքում վերջինս ասում է, որ Վարդանը իր պատճառով է մտել այս պատմության մեջ և որ ինքն ամեն գնով նրան հանելու է։ Արմեն Հարությունյանը «Հակակոռուպցիոն բլոգին» է տրամադրել իր կողմից նկարահանված և ձայնագրված հեռախոսազրույցը։ «Հմի տես, Վարդանն էս ամեն ինչի մեջ իմ խաթր ա մտել, ընտրությունը չլներ, Վարդանը նրանց հետ ի՞նչ պրոբլեմ կունենար։ Դրա համար եմ ուզում օգնեմ, իմ խղճին դարդ ա, ընտրության խաթր նրանք թարսվեցին իրար հետ։ Ես նրան պա լյուբոմու օգնելու եմ, հանելու եմ։ Ու դուք էլ անիմաստ դառնալ տեք թշնամի»,- հեռախոսազրույցի ժամանակ ասել է Տարոն Աբգարյանը։ Տարոն Աբգարյանը նաև ասում է, որ ինչ-որ տեղեր է խոսել, իրեն ասել են, թե ինչ է պետք անել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ի դեպ, կարելի է արձանագրել, որ Տարոն Աբգարյանն իր խոսքի տեր մարդ է, քանի որ նշված հեռախոսազրույցից որոշ ժամանակ անց 13 տարվա ազատարազրկման դատապարտված Վարդան Անտոնյանը ազատ է արձակվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից։ Թե ինչպես է դա հաջողվել Աբգարյանին, հավանաբար տեղյակ է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզան Բարսեղյանը, ում որոշմամբ էլ Անտոնյանն այժմ ազատության մեջ է։
Արմեն Հարությունյանը բախումներից խուսափելու համար ժամանակավոր տեղափոխվել է Վանաձոր։ Հարությունյանին կարճ ժամանակով ձերբակալել են. այդ ընթացքում Հատուկ քննչական կոմիտեի պետի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանը փորձել է մեկ այլ քրեական գործով նրանից ցուցմունքներ կորզել ընդդեմ Վահագն Աբգարյանի։ Հարությունյանը «Հակակոռուպցիոն բլոգին» պատմել է այդ ճնշումների մասին ևս։
Արմեն Հարությունյանը նաև դեմ առ դեմ է զրուցել Տարոն Աբգարյանի հետ․ «Ախպերս զանգեց, կանչեց քարի ցեղը։ Գնացի, տեսա՝ Վարդանը, Տարոնը, մյուս ախրանիկը՝ Արենը, ըտի են։ Գնացի, ընկան ջեբերս, հեռախոսներս են հանում՝ թե բա՝ տենանք, հո՞ զապիս չես անում։ Տարոնը՝ բա կառոչի, լսի, մի հատ սենց հարց կա, եթե ուզում ես քեզ համար սաղ լավ ըլնի, գալիս ես մեր կողքը։ Ասեց՝ արի, կուզես կաշխատես, մեր կողքի մարդը կլնես։ Հետո ասեց՝ բա գիտես, ես զապիսներ ունեմ, Վահագը քեզ ինչ քֆուր ասես արել ա։ Նա քու լավը չի ուզում»,- պատմում է Արմեն Հարությունյանը։ Նա նաև ուշագրավ տեղեկություններ է հայտնել Վահագն Աբգարյանի ձերբակալության մեջ Տարոն Աբգարյանի շահագրգռվածության վերաբերյալ։ Արմենի խոսքով, Տարոն Աբգարյանն ասել է, թե կամ Վահագը պիտի իրեն սպաներ կամ ինքը՝ Վահագին։ Կամ էլ պիտի Վահագին «ղրգեր»՝ նստեցնել տար․ «Կամ ես իրան սպանիլ տեի կամ ղրգիլ տեի, հենա՝ ղրգեցի, մթամ նստեցրի էլի,- հիշում է Արմեն Հարությունյանը,- խոսակցության վախտը Տարոնը ասում ա՝ եթե ջոգեմ իմ վրով մի հատ մի բան ըլնի, Վահագի մի էրեխուն մատաղ եմ անելու»։
Արմեն Հարությունյանը, անհանգստանալով սեփական անվտանգության համար, լքել է ոչ միայն Ալավերդի քաղաքը, այլև Հանրապետությունը։ Նա մտահոգված է, որ Ալավերդիում ապրող իր կնոջն ու երեխաներին կարող են վնասել, ուստի փորձում է նրանց ևս տեղափոխել երկրից։
Հարությունյանը նաև պատմել է, որ Տարոն Աբգարյանն իրեն ասել է, թե Արկոն՝ Արթուր Մնացականյանը, «իրենց մարդն է»։ Նշենք, որ Արթուր Մնացականյանը միակ վկան է, ով ցուցմունք է տվել Վահագն Աբգարյանի դեմ։ Ներկայումս նա ևս գտնվում է արտերկրում, նրա գտնվելու ստույգ վայրը հայտնի չէ։
ԲՈԼՈՐ ԿՐԱԿՈՂՆԵՐԸ ՄՏԵՐԻՄ ԵՆ ԱԲԳԱՐՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՀԵՏ
Աբգարյան եղբայրների մտերմությունը Ալավերդիում և հետագայում Երևանում իրագործած սպանությունների մեջ մեղադրվող անձանց հետ ապացուցվում է ինչպես վկաներից մեկի ցուցմունքով, այդպես էլ այդ անձանց սոցիալական ցանցերում առկա լուսանկարներով։ Էդուարդ Պողոսյանի և Վարդան Ավագյանի սպանության մեջ մեղադրվող Վարդան Փիրուզյանը ընդհանուր, մտերմիկ լուսանկարներ ունի Տարոն և Արթուր Աբգարյանների հետ, ինչպես նաև «Թուֆենկյանի» մոտ կրակոցներ արձակած Արմեն Կարադավիդովի հետ։
Լուսանկարները վերցված են Վարդան Փիրուզյանի Օդնոկլասսնիկի սոցիալական մեդիայի էջից։
Արմեն Կարադավիդովի կինը՝ Արմինե Թամազյանը (իր պնդմամբ՝ զուտ փաստաթղթով են ամուսիններ եղել, իրականում համատեղ կյանք չեն վարել) իր ցուցմունքով հաստատել է, որ Կարադավիդովը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Տարոն և Արթուր Աբգարյանների հետ։ Արմինե Թամազյանը նաև նշել է, որ Աբգարյան եղբայրների հետ մտերիմ են Արմենի քեռիները։
Տարոն Աբգարյանը հրաժարվեց հարցազրույց տալ «Հակակոռուպցիոն բլոգին»
Իրավիճակը բազմակողմանի ներկայացնելու և օբյեկտիվությունը պահպանելու համար «Հակակոռուպցիոն բլոգը» փորձեց հարցազրույց անցկացնել նաև Տարոն Աբգարյանի հետ։ Նա երկու օր չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին, իսկ երբ հաղորդագրություն ուղարկեցինք՝ նշելով, որ ցանկանում ենք հարցազրույց անցկացնել իր հետ, պատասխանեց, որ արտերկրում է և խնդրեց հարցերն ուղարկել գրավոր։ Աբգարյանին մի շարք հարցեր ուղարկեցինք, մասնավորապես, որ ցանկանում ենք իր կարծիքը լսել սպանության գործերով անցնող և մի շարք այլ անձանց հետ իր հարաբերությունների վերաբերյալ։ Աբգարյանից ստացանք հետևյալ պատասխանը, որը նա խնդրեց հրապարակել․ «Ծանոթանալով Ձեր տարօրինակ հարցադրումներին որոշեցի ուսումնասիրել ձեր կայքը և պարզեցի, որ Դուք զանգվածային լրատվության միջոց ներկայացնող անձ չեք։ Հակակոռուպցիոն բլոգը, որը Դուք ներկայացնում եք, ստեղծվել է «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից։ Իսկ նույն բլոգի հրապարակման համաձայն Վահագն Աբգարյանի ներկայացուցիչ է ճանաչվել «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը։ Ինչից հետևում է, որ Դուք անկախ լրագրող չեք կարող հանդիսանալ, օբյեկտիվ տեղեկատվություն չեք տարածելու (ինչն ապացուցվում է նաև նախկին ձեր հրապարակումներով, որոնցից որոշներին ես ծանոթացա Ձեր նամակից հետո), ուստի ես նպատակահարմար չեմ գտնում Ձեր հարցերին պատասխանել։ Սա Ձեր հարցերին իմ պատասխանն է, որը խնդրում եմ զետեղել Ձեր հրապարակման մեջ»։
Տարոն Աբգարյանն իր այս պատասխանով ըստ էության հաստատում է, որ իր և Վահագն Աբգարյանի միջև կոնֆլիկտ կա, քանի որ չի ցանկանում պատասխանել նրա շահերը ներկայացնող հասարակական կազմակերպության կողմից ստեղծված բլոգի հարցերին։ Նշենք, որ «Հակակոռուպցիոն բլոգում» մինչ այս տեղ գտած հրապարակումներում երբեք չի շոշափվել Տարոն և Արթուր Աբգարյանների անունները։ Այս գործի վերաբերյալ մեր հրապարակումները սահամանփակվել են Հատուկ քննչական կոմիտեի պետի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանի կողմից վկաների վրա բանեցված ճնշումների վերաբերյալ հրապարակումներով և Կամո Փիրուզյանի սպանության գործով դատավարությունների լուրերով։
Ինչևէ, հարցազրույցից հրաժարվելը Տարոն Աբգարյանի իրավունքն է, իսկ հետևություններ անելը՝ իրավապահ մարմինների պարտականությունը։
Վերջերս համացանցում տարածվեց տեսանյութ, որում օրենքով գող Արմեն Ղազարյանը (Պզո) և նրա թիկնապահները վիրավորում և հայհոյում էին ոստիկաններին, սակայն վերջիններս որևէ կերպ չէին արձագանքում այդ ամենին: Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արման Պապյանը նշել էր, որ տեսանյութը իրենք են նկարահանել, և որ ոստիկանության բաժանմունքից դրա արտահոսքի վերաբերյալ պարզաբանումներ են կատարվում:
Այս առնչությամբ «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Ողբալի ու ցավալի է, որ Արման Պապյանը մտածում է, թե արտահոսքը որտեղից է եղել: Այսինքն՝ իրեն հետաքրքրում է արտահոսքը, ոչ թե այն, ինչ եղել է: Դրանից հետո Արման Պապյանը մինիմում կարող էր գնալ Պզոյի թիկնապահ աշխատեր կամ կողքը կանգներ»:
Նրա խոսքով՝ ոստիկաններն են այդ անձնավորությանը թույլ տվել նման կերպ իրեն պահել. «Պարզ չէ, թե ինչ գումարի դիմաց: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այնտեղ ոստիկանություն գոյություն չունի. նրանք ընդամենը մանր-մունր մարդիկ են՝ գողերի դեմ չոքող ու կռացող: Մնում է Պզոն վրաներից հավալա խաղար. լավ ա անում՝ բան չասեցի: Փողը տվել է՝ ինչ ուզի կանի: Բա լավ՝ չկաք-չկաք, էսքան էլ չկա՞ք»:
Մարինա Պողոսյանը նշեց, որ ճիշտ կանի՝ ոստիկանապետն էլ հրաժարական տա. «Որովհետև ոստիկանությունը ծառայում է «գող» ասված հասկացությանը: Եթե լիներ մի խեղճուկրակ մարդ, կերել էին, գործ էին սարքել, գործը չէին սարքել՝ փող էին վերցրել»:
Ինչ վերաբերում է կառավարության որոշմանը՝ հաստատել Քրեական օրենսգրքում փոփոխությունները և լրացումները, մեր զրուցակիցն ասաց. «Իհարկե, ողջունում եմ այդ որոշումը, բայց մենք ի՞նչ է՝ օրենք չունեինք: Ունենք, բայց օրենքը չկիրառվեց: Եվ եթե հիմա 14 հատ նոր օրենք ընդունեն, բայց այդ նոր օրենքը կիրառողները լինեն Կենտրոնի ոստիկանապետ Պապյանն ու հանրապետության ոստիկանապետ Օսիպյանը, որևէ բան չի փոխվի»:
[:am]Կառավարության վերջին նիստում հավանության արժանացան «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Դրանց ընդունմամբ, ըստ արդարադատության նախարարի, հնարավորություն է ստեղծվելու առավել արդյունավետ, լիարժեք և վճռական պայքար մղել քրեական ենթամշակույթ երևույթի գոյությունը բացառելու ուղղությամբ՝ այդպիսով ապահովելով հասարակական անվտանգությունն ու պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանումը: «Վստահեցնում եմ, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը չի սահմանափակվելու միայն օրենսդրական փոփոխություններով, ձեռնարկվելու են գործնական այլ քայլեր, որոնք կօգնեն քրեական ենթամշակույթի դեմ մղել համալիր պայքար»,- ընդգծել է Ռուստամ Բադասյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կառավարության նիստում հիշեցրեց, որ Քրեական օրենսգրքի այս փոփոխությունների նախագծի բովանդակությունը կարճ կարելի է բնորոշել այսպես՝ «Вор должен сидеть в тюрьме»։ «Խոսքն օրենքով գողերի, սխոդկաների, օբշյագների մասին է։ Այս օրենքի ընդունման նպատակն այն է, որ այս ամենի հետ առնչություն ունեցող մարդիկ ենթարկվեն քրեական պատասխանատվության: Սա շատ տրամաբանական օրենքի նախագիծ է: Այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը, հետևաբար նրանց պետք է ուղարկել իրենց տուն՝ ապրելու»:
Նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել օրենքով գողի կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար: Նախագծով խրախուսական նորմ է սահմանված այն անձանց համար, ովքեր կօգնեն բացահայտել նման խմբավորումներ:
Քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաև օրենքով գողերին դիմելու համար, եթե վերջիններիս դիմում են անօրինական քայլեր կատարելու համար: Եթե վերոնշյալ հանցագործությունները կատարվել են ՔԿՀ-ներում, ԶՈւ-երում, անչափահասների ներգրավմամբ, պատիժը կլինի ավելի խիստ:
Իրավապաշտպան, «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պաղոսյանը այս օրենքի նախագծի ընդունումը դրական քայլ է համարում քրեական ենթամշակույթի դեմ պայքարում, բայց ոչ բավարար։ Նա համակարծիք է վարչապետի հետ, որ գողերի տեղը բանտում է։ «Փաստ է, որ մեր հասարակության մեջ հակում կա դեպի քրեական ենթամշակույթը, գող կոչվող անձնավորությունների նկատմամբ։ Հիմա մեր երկրում, մեր հասարակության մեջ ոչ թե քրեական ենթամշակույթը պետք է փոխել, այլ պետք է փոխել մեր երեխաների դաստիարակությունը, եթերից արգելել այդ քրեական ենթամշակույթ քարոզող ֆիլմերը, սերիալները, որոնց տակ հիմա դաստիարակվում են մեր երեխաները։ Եթերից ամեն օր դա է քարոզվում։ Այդտեղից պետք է սկսել քրեական ենթամշակույթի դեմ պայքարը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց իրավապաշտպանը։
Հաջորդ հարթակը, որտեղից պետք է սկսել այդ երևույթի դեմ պայքարը՝ քրեակատարողական հիմնարկներն են։ «ՔԿՀ-ներից պետք է մաքրել զոն նայող հասկացությունը։ ՔԿՀ-ներում չպետք է լինեն զոն նայողներ։ Ես գործի բերումով ամեն օր լինում եմ ՔԿՀ-ներում և ականատես եմ լինում, որ զոն նայողը բանտում ավելի մեծ ազդեցություն ունի, քան հենց բանտապետը։ Այստեղից պետք է սկսել խնդրի լուծումը»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով. «Այս օրենքի նախագիծը ես համարում եմ որոշակի առաջխաղացում, բայց այն բավարար չէ։ Մենք այսօր շատ օրենքներ ունենք, որոնք չեն գործում, մնացել են թղթի վրա։ Բայց կարծում եմ՝ առանձին օրենք պետք չէր, որ հասկանալի լինի, որ երկրի առաջին դեմքը կամ, ասենք, ոստիկանապետ Գասպարյան Վովան չպետք է գնար օդանավակայան օրենքի գողին դիմավորելու համար։ Օրենք պետք չէր, որ ինքը հասկանար, որ ինքն ի պաշտոնե գող դիմավորող չէ, «Մարիոթում» գողի համարի փող տվող չի և այլն։ Այնպես որ, այնքան օրենքի խնդիր չէ, որքան գիտակցության։ Ինչևէ, օրենքը համարում եմ դրական և հուսով եմ, որ հնարավոր կլինի այն կիրառել, և օրենքով գողերի գերակայությունից անցնենք օրենքի գերակայության երկրի»,- ընդգծեց Մարինա Պողոսյանը։
Մեր զրուցակցի խոսքերով՝ ներկայումս էլ, եթե օրենք է ընդունվում, ապա այդ օրենքի կիրառությունը՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը, պետք է տանի ոստիկանությունը, որը նախկինում էլ, ներկայումս էլ այս կամ այն կերպ սերտաճած է այդ կատեգորիայի հետ։
Հետևաբար, լուրջ արդյունքներ այս ճանապարհին դժվար է պատկերացնել։
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը իրավական բազմաթիվ անորոշություններ է տեսնում այս օրենքի նախագծում և կարծում, որ վաղ է ուրախանալ, թե այսպիսով հնարավոր կլինի պայքարել քրեական ենթամշակույթի, օրենքով գողերի դեմ։ «Իրավական անորոշություններով լի մի հերթական հոդված է ավելանում Քրեական օրենսգրքում։ Պատահական չէր կառավարության նիստում գլխավոր դատախազի ուրախությունը»,- մեզ հետ զրույցում ասաց Սիրունյանը։
«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը ավելի վաղ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ այս օրինագիծն ունի դրական և բացասական կողմեր։ Դրականն այն է, որ անձինք, ովքեր հասարակությունում և ՔԿՀ-ներում քրեական ենթամշակույթի, քրեական վարքի ջատագով են, նրանց նկատմամբ պետք է լինի կոնկրետ քրեաիրավական վերաբերմունք։ Մի դեպքում ազատազրկման ձևով, մյուս դեպքում, եթե անձը ՔԿՀ-ում է, հետաձգել նրա՝ պատժից պայմանական ազատ արձակման հարցը։
«Սա լավ է այն տեսանկյունից, որ եթե քրեական ենթամշակույթի կրողները փորձեն այն տարածել հասարակության մեջ կամ բանտերում, ապա նրանց նկատմամբ կլինի քրեաիրավական վերաբերմունք»,- ասաց Գասպարյանը։
Նախագծի խնդրահարույց մասը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ, օրինակ, շատ դժվար է լինելու բացահայտել քրեական հեղինակություն ասվածին։ Ցուցիչները, չափորոշիչները, որով դատարանը պետք է որոշում կայացնի՝ տվյալ անձը քրեական հեղինակությո՞ւն է, թե՞ ոչ, որոշակի դժվարություններ է առաջ բերելու։
Ամեն դեպքում, Գասպարյանի խոսքերով, հանցավորության նվազեցմանը միտված նախագծի անհրաժեշտությունը կա։ «Հանցավորությունը տասնյակ տարիներ մեզանում եղել է հինգերորդ իշխանություն։ Այդ մարդիկ արմատացած են եղել թե՛ բիզնեսում, թե՛ պետական իշխանության տարբեր ճյուղերում, և այսօր դրանց արմատախիլ անելը կարող է շատ բարդ լինել։ Իրենք այնքան շատ են, որ եթե հիմա ինչ-որ մեկին անվանենք քրեական հեղինակություն և պատժենք նրան, չենք կարող մտավախություն չունենալ, որ մոտեցումը կարող է խիստ սուբյեկտիվ գնահատականների արժանանալ։ Բացի դրանից՝ ուզում եմ ընդգծել, որ միայն պատժելով հնարավոր չէ հանցավորության դեմ պայքարել և արդյունք ունենալ։ Պետք է կարողանալ ընդհանուր կանխարգելում իրականացնել, բայց կառավարության ծրագրում որևէ բառ չկար հանցավորության նվազեցման մասին։ Իսկ եթե դու չես կանխարգելում հանցավորությունը, զուտ նվազեցումը, պատիժը դառնալու է մահակային գործողություն»,- ընդգծել էր Գասպարյանը՝ ավելացնելով, որ այս օրենքը ուժի մեջ մտնելուց հետո, ամեն դեպքում, մեր բանտերում կլինեն օրենքով գողեր, քրեական ու թաղային հեղինակություններ, նախկին զոն նայողներ։
Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով իրավապաշտպանին տրված սպառնալիքների առթիվ ՀՀ ոստիկանությունը հարուցել է քրեական գործ
։ «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը սպառնալիքներ հաճախակի է ստանում իր մասնագիտական գործունեության պատճառով։ Վերջին անգամ նրա դեմ առցանց հարձակում էին գործել Ոստիկանության ծառայող Սևան Նազարյանի ընտանիքի անդամներն ու հարազատները (Անի Նազարյան, Արմին Նազարյան-Վարդանյան, Մարինա Վարդանյան)՝ հնչեցնելով սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ։ Ոստիկանի մտերիմներին զայրացրել էր այն փաստը, որ Մարինա Պողոսյանը հրապարակայըն քննադատել էր Սևան Նազարյանի մասնագիտական անգործությունը։ Դրան նախորդել էր իրավապաշտպանի մեքենայի պարբերաբար դիտավորյալ վնասումը, որի վերաբերյալ 26.04.2019թ. հաղորդումը կոծկվել էր Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից։
Մարինա Պողոսյանը նոր հաղորդում էր ներկայացրել կատարվածի վերաբերյալ։ «Հակակոռուպցիոն բլոգը» ստացել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Ա․ Պետրոսյանի գրությունը, որով տեղեկացվում է, որ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքի առևերույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
[:am]«Ավելի վատ նշանակումներ չէին կարող լինել. վատագույններին են նշանակում ավելի բարձր պաշտոնների»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կարծես թե ԱԺ-ի կողմից արդեն վերջնականորեն ձևավորվել է ԲԴԽ-ն: «Այսօր ԲԴԽ ղեկավար է դարձել մի անձ, որը տարիներ շարունակ զբաղված է եղել գաղտնասլումների, արտաքին, ներքին դիտումների վերաբերյալ ապօրինի՝ հետին թվով որոշումներ կայացնելով»,- նշեց իրավապաշտպանը:
Մարինա Պողոսյանը տեղեկացրեց, որ վերջերս հաղորդում է ներկայացրել հանցագործության վերաբերյալ, որը վերաբերում է ԲԴԽ ղեկավար Ռուբեն Վարդազարյանին, որպես քաղաքացի, ոչ թե որպես կազմակերպության ղեկավար: «Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Ռ. Վարդազարյանը հայտնվել ԲԴԽ-ում. շատ ու շատ ծառայություններ մատուցելու համա՞ր: Ես վստահ եմ, որ նա ունի կոմպրոմատներ շատերի վրա»,- նշեց «Առաջին լրատվական»-ի զրուցակիցը՝ հավելելով, որ նա ընտրվել է իր «սեկտայի» կողմից, որի անդամների հետ տալ-առել է ունեցել, կեղտոտ գործառույթներ է իրականացրել»:
«Որևէ բանի առաջ կանգ չենք առնելու, որպեսզի նման մարդիկ չընտրվեն այդպիսի պաշտոններում»,- ընդգծեց իրավապաշտպանը:
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատավոր Կ. Մարդանյան) բավարարել է փաստաբան Դավիթ Գյուրջյանի վերաքննիչ բողոքը:
Հիշեցնենք, որ «Վելես» ՀԿ-ի նախաձեռնությամբ 2018թ. օգոստոսի 29-ին չորս քաղաքացիներ դիմել են Հատուկ քննչական ծառայության պետին՝ խնդրելով իրենց ճանաչել տուժող մարտի 1-ի գործով, քանի որ Ռ․Քոչարյանի և մի շարք այլ անձանց կողմից Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի տապալման (ըստ առաջադրված մեղադրանքի) արդյունքում սահմանափակվել է ՀՀ քաղաքացիների՝ խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը՝ նրանց հասցնելով բարոյական վնաս։
Հայաստանից հեռացած Ալավերդիի բնակիչ Արմեն Հարությունյանը «Հակակոռուպցիոն բլոգ»-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է, թե ինչպես է Հատուկ քննչական կոմիտեի պետի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանը փորձել ստիպել իրեն կեղծ ցուցմունքներ տալ ալավերդցի Վահագն Աբգարյանի դեմ։ «Ասաց՝ հենց հմի գրի, որ Վահագ Աբգարյանն ա քեզ ասել, որ դու սպանություն անես, հենց հիմա քեզ բաց եմ թողնում, ու քեզ ոչ մեկ չի կարա բան ասի։ Ես էլ ասի՝ ո՞նց կարամ տենց բան ասեմ, եթե նման բան չի եղել, մարդու վրա ո՞նց շառ անեմ»,- պատմել է Արմեն Հարությունյանը։ Նշենք, որ Վահագն Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ, քանի որ նա «Մարտի 1»-ի գործով ներգրավված է որպես մեղադրյալ։ Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանի կատարած խոշտանգումների և տված հայհոյանքների մասին «Հակակոռուպցիոն բլոգ»-ին պատմել էին նաև Գուրգեն Խաչիկյանն ու Արմեն Խաչատրյանը, իսկ կալանավայրում գտնվող Արթուր Շահվերդյանին դարձյալ Վահագն Աբգարյանի դեմ կեղծ ցուցմունքներ կորզելու նպատակով փորձել էր կաշառել, ապա սպառնացել էր ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Անուբախ Համբարյանի որդին՝ քննիչ Հովհաննես Համբարյանը։ Քննչական մարմինները դեռ չեն պարզել, թե պաշտոնական անձին ինչու են նման շահագրգռվածությամբ փորձել ցուցմունքներ կորզել Վահագն Աբգարյանի դեմ, և ով է այս ամենի պատվիրատուն։
Մանրամասները՝ տեսանյութում։
ՀԳ – «Հակակոռուպցիոն բլոգ»-ը շարունակում է սեփական հետաքննությունը Ալավերդիի քրեական կծիկը քանդելու նպատակով։ Արման Ղարիբյան
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը
Դատապարտում ենք իրավապաշտպանի նկատմամբ հալածանքը
1 օգոստոսի 2019 թ. Երևան
Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը տարիներ շարունակ հանդես է գալիս հատկապես ոստիկանության պաշտոնյաների ապօրինությունների դեմ և պայքարում է նրանց բռնություններից տուժած քաղաքացիների իրավունքների համար։ Չնայած իր նկատմամբ համակարգված կերպով իրականացված սպառնալիքներին, հալածանքին և նույնիսկ շինծու քրեական հետապնդումներին, նա մնացել է իր բարձունքում և շարունակել իրավապաշտպան գործունեությունը։ Խիստ մտահոգությամբ արձանագրում ենք, որ նախկին հանցավոր ռեժիմի տապալումից հետո՝ արդեն հեղափոխական կոչվող իշխանությունների օրոք, շարունակվում են իրավապաշտպանի նկատմամբ համակարգային հալածանքն ու սպառնալիքները։ Այդ գործում հիմնական դերակատարը ոստիկանությունն է, որ ինչպես և մյուս իրավապահպան մարմինները, չենթարկվեց անհրաժեշտ արմատական բարեփոխման և շարունակում է գործել իր օդիոզ ղեկավարներով ու քրեական բարքերով։ Պարբերական հետևողականությամբ իրավապաշտպանի գույքը վնասելու, նրա հասցեին սպառնալիքներ ուղարկելու դեպքերը, ինչպես նաև այդ գործողությունները կատարող անձանց, որոնց մի մասը հայտնի են, պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նրա հաղորդումներն ըստ էության անտեսելը վկայում են այն մասին, որ հալածանքը կազմակերպված է և հովանավորվում է։ Դատապարտում ենք իրավապաշտպան Մարինա Պողոսյանի նկատմամբ կազմակերպված հալածանքը և մեր զորակցությունն ենք հայտնում նրան։ Գործող իշխանություններից պահանջում ենք երաշխավորել իրավապաշտպանի իրավունքներն ու գործունեությունը և քայլեր ձեռնարկել իրավապահպան մարմինների, այդ թվում՝ քրեաօլիգարխիկ կառավարման համակարգի մահակի դեր կատարած ոստիկանության, արմատական բարեփոխման ուղղությամբ՝ առաջին հերթին այն մաքրելով օդիոզ ղեկավարներից ու քրեական վարքագիծ ունեցող տարրերից։