Author: Veles Human Rights NGO

Դատախազության և Ոստիկանության խայտառակությունն է. իրավապաշտպանը՝ Ֆուչիկի փողոցի կրակոցների մասին

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մայրաքաղաքի Ֆուչիկի փողոցում օրերս տեղի ունեցած կրակոցներին։

Oragir.News-ը կապ է հաստատել «Վելես» ՀԿ-ի հիմնադիր, իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ՝ պարզելու՝ որքանով է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքը ապահովագրված նման իրավիճակներում, ինչին ի պատասխան՝ զրույցակիցն ասաց, որ ՀՀ որևէ քաղաքացի՝ անկախ տարիքից բացարձակ անվտանգ չէ․

«Հայաստանի Հանրապետությունում որևէ քաղաքացի՝ սկսած նորածին երեխայից՝ մինչև ամենազառամյալ մարդը, բացարձակ անվտանգ չէ, որովհետև չկա իրավապահ համակարգ։ Բոլոր հանցագործությունները կատարվում են կա՛մ իրավապահ համակարգի անմիջական մասնակցությամբ, կա՛մ գոնե թողտվության ներքո։ Որևէ մեկը չի կարող այդքան լկտիանալ, որ նման բան անի։ Սրանք երևի վատ նկահարանված սերիալի ազդեցության տակ են մնացել, որով էլ որ դաստիարակվել են 30 տարի։ Նույնիսկ ամենամեծ երևակայություն ունեցողը չի կարող պատկերացնել այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում»։

Իրավապաշտպանը վստահեցրեց, որ այլ երկրներում թե՛ ոստիկանապետը, թե՛ դատախազը անմիջապես հրաժարական կտային․

«Բացի նրանից, որ ոստիկանությունը զբաղված է մարդկանց բռնելով, գաղտնալսելով, այն ունի իր ամենակարևոր՝ հանցագործությունների կանխարգելիչ ֆունկցիան։ Զարմանալի է նաև այն, որ չգիտես՝ ինչու, երբ մեր երկրում նման հանցագործություններ են լինում, պարեկները ներծծվում են․ երևի հատուկ քիմիական լուծույթ կա, որ շաղ են տալիս, պարեկները լուծվում են դրա մեջ։ Սա Հայաստանի Հանրապետութան Դատախազության և Ոստիկանության խայտառակությունն է։ Եթե սրանք նամուս ունենային, պիտի կախվեին, կամ գոնե հրաժարական տային»։

Մարինա Պողոսյանը վստահեցրեց, որ եթե գտնվեն տեսանյութի գործող անձինք, առավելագույն պատիժը, որ կրելու են, մեկ-երկու ամիս կալանավորվելը կլինի․

«Ինձ թվում է՝ սա հատուկ արվում է, որ երկիրը հայաթափվի, որ ղեկավարները իրենց հարազատներին հողերը հանձնեն առանց բնակչի»։

Ամբողջական նյութը սկզբնաղբյուրում՝

© ORAGIR.NEWS 

27 միլիոն դոլար են յուրացրել Արցախի ներդրումային հիմնադրամից․ ահազանգ

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը և մի քանի արցախցիներ այսօր բողոքի ակցիա իրականացրին Քննչական կոմիտեի շենքի դիմաց և աղմկահարույց հայտարարություն արեցին։ Մարինա Պողոսյանի խոսքով՝ իրենց ձեռքի տակ փաստաթղթեր են հայտնվել, որոնք փաստում են, որ Արցախի ներդրումային հիմնադրամից 467 միլիոն դոլար է յուրացվել։ Իրենք բացահայտել են այդ գումարից 27 միլիոն դոլարի յուրացումը։

«Արցախի և Հայաստանի մի շարք պաշտոնատար անձինք իրար հետ համաձայնության գալով յուրացրել են Արցախի ներդրումային հիմնադրամի գումարները, որը տրամադրված է եղել Արցախում փոքր ու միջին բիզնեսը զարգացնելու համար։ Խոսքը վերաբերում է Արցախի նախկին փոխոստիկանապետ Կոմիտաս Կարապետյանի և նրա ընտանիքին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովին և Նարեկ Ամբարյանին, որը հանդիսանում է Գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ վարչության պետի եղբայրը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալը․․․ Միայն այս 4 ընտանիքները 27 միլիոն դոլարի չափ յուրացում են կատարել Արցախի ներդրումային հիմնադրամից»,- ասաց իրավապաշտպանը։

Նրա խոսքով՝ ամբողջ տեղեկությունը փաստերով 2023 թվականի հոկտեմբերին ներկայացրել են Ազգային անվտանգության ծառայություն, նոյեմբերին այն փոխանցվել է Քննչական կոմիտե։

«Նոյեմբերի 3-ին քրեական վարույթ է նախաձեռնվել, նոյեմբերի 13-ին ինձ կանչում են հարցաքննության և նույն օրը իմ դեմ մահափորձ է կատարվում, այսինքն՝ վստահ են եղել, որ ես չեմ հասնի, մեքենայի անիվների բոլտերն էին թուլացրել։ Այնքան պրիմիտիվ են, որ նույն բանը 2-3 շաբաթ հետո անում են հաղորդում ներկայացրած մեկ այլ անձի ավտոմեքենայի հետ»,- հավելեց Մարինա Պողոսյանը։

Oragir.News-ը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Վահե Հակոբյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում իրեն ուղղված մեղադրանքին, վերջինս հարցը լսելիս նախ զարմացավ, ապա պատասխանեց․ «Առաջին անգամ եմ լսում նման բան»։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ մեր հարցմանն այսպես արձագանքեց․ «Նախաքննության շահերից ելնելով՝ տեղեկատվություն չի տրամադրվում»։

Մարամասները՝ տեսանյութում։

© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2024/01/18/103900?fbclid=IwAR0iO9FkYLvMWZWD_wDx2-P0QjDcCF0-Yd6agPc2JQxD2pnO12jQpwXKn5M

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.