«Հորս գերեզման, արյուն ա լինելու…». նախկին պաշտոնյայի սպառնալիքները

«Առաջին լրատվական»-ը շարունակում է հետաքննել Քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի ներգրավվածությամբ կատարված գործարքների «մութ էջերը»: Վերջինս անցել և անցնում է մի քանի քրեական գործերով, որի շրջանակներում քաղաքացիները նախկին պաշտոնյային մեղադրում են վաշխառության և խարդախության, ինչպես նաև կյանքին և առողջությանը սպառնալիքներ ներկայացնելու մեջ: Քննիչները, սակայն, Երիցյանին մինչ օրս մեղադրանք չեն ներկայացրել, թեև նրա դեմ ցուցմունքներ են տվել նույնիսկ իր հարազատները:

Օրերս մեզ հաջողվեց կապ հաստատել Ռուսաստանի Խաբարովսկ քաղաք տեղափոխված ընտանիքի հետ, որը ստիպված է եղել վաճառել Հայաստանում ունեցած ամեն ինչ՝ պարտքով վերցրած գումարի տոկոսները վճարելու համար: Դավիթ Ստեփանյանը Հովհաննես Երիցյանի հետ ծանոթացել է դեռևւս 2001 թվականին, երբ նա ղեկավարում էր ՀՀ Քաղաքացիական ավիացիան: Ստեփանյանը մեզ պատմեց, որ արտարժույթի փոխանակման կետեր է ունեցել Երևանում և բիզնեսում ներդրում անելու նպատակով պարտքով գումար է խնդրել Հովհաննես Երիցյանից: «Վերցրել եմ 150.000 ԱՄՆ դոլար՝ ամսական 2%-ով: Հետո էլի եմ վերցրել, կամաց-կամաց պարտքը դարձավ 900.000 ԱՄՆ դոլար: Ես 10 տարվա մեջ 2 միլիոն դոլարից ավելի տոկոս եմ փակել»,- վստահեցնում է Ստեփանյանը:

Այս տարիների ընթացքում Ստեփանյանը զրկվում է թե՛ ընտանեկան բիզնեսից, թե՛ իրեն և մորը պատկանող բնակարաններից: «Ես տներ գրավ դրեցի, 500.000 ԱՄՆ դոլար վճարեցի, բայց ստացական չվերցրեցի իրենից, մենք ընտանիքներով մտերիմ էինք: Բայց հիմա Երիցյանն ասում է, թե պիտի 900.000-ը վճարես»,- պատմում է Դավիթ Ստեփանյանը:

2015 թվականին Հովհաննես Երիցյանը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Դավիթ Ստեփանյանից և նրա կնոջից գումար բռնագանձելու պահանջով: Նախկին պաշտոնյան դատարանին հայտնել է, որ 2010 թվականին պատասխանողներին փոխառությամբ տվել է 360 միլիոն ՀՀ դրամ գումար, որը վերջիններս պարտավորվել են վերադարձնել մինչև 11.09.2013թ.… Կնքել է փոխառության պայմանագիր, որը նոտարական վավերացում է ստացել:

«Այդ 360 միլիոնը այն ժամանակվա կուրսով հենց 900.000 ԱՄՆ դոլար էր անում: Ես նոտարով պարտավորվել էի, որ պետք է վճարեմ այդքան»,- ասում է Դավիթ Ստեփանյանը:

Դատարանը որոշել է` Դավիթ Ստեփանյանից և Գայանե Աբգարյանից համապարտության կարգով հօգուտ հայցվոր Հովհաննես երիցյանի բռնագանձել 250.000.000 (երկու հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ…
Ստեփանյանի խոսքով՝ 5 տարի առաջ իր մոտ ծանր դեպրեսիա է սկսվել, որից մինչ օրս չի կարողանում ազատվել: Նախկին բիզնեսմենը հավատացնում է, որ Հովհաննես Երիցյանը տարիներ շարունակ իրեն սպառնում և ահաբեկում է:

Ստեփանյանին հաջողվել է ձայնագրել իր և Հովհաննես Երիցյանի միջև տեղի ունեցած խոսակցություններից մի քանիսը, որտեղ լսվում է, թե նախկին պաշտոնյան ինչպես է պահանջում վերադարձնել գումարը:

Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ Հովհաննես Երիցյանը իրեն վստահեցրել է, որ իրեն տոկոսով տված գումարի մի մասը ФСБ գեներալի փողն է, ով իբր ստիպում է վերադարձնել գումարը: «Ասում էր, էդ փողը, պիտի տաս, թե չէ արյուն ա լինելու»,- պատմում է Ստեփանյանը: Այս խոսակցության ձայնագրությունը ևս Ստեփանյանը տրամադրել է «Առաջին լրատվական»-ին»:

 

Դավիթ Ստեփանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ հայտնելով, որ Երիցյանը սպառնում է իրեն: Ներկայումս ոստիկանության Կենտրոնի բաժնում նյութեր են նախապատրաստվում Ստեփանյանի դիմումի հիման վրա:

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի՝ վաշխառությամբ զբաղվելու մասին մի քանի ընտանիքներ դեռևս 2014 թվականին բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահին: Վաշխառության փաստով նախկինում հարուցվել են քրեական գործեր, սակայն Երիցյանին որևէ մեղադրանք այդպես էլ չի առաջադրվել:

Վաշխառության զոհ դարձած ընտանիքների իրավունքները պաշտպանող «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր տպավորությամբ Հովհաննես Երիցյանը հովանավորվում է իշխանության ամենաբարձր օղակներից. «Ես պարզապես չեմ կարողանում պատկերացնել, թե այսքան աղաղակող փաստերից հետո նրան ինչպես է հաջողվում անպատիժ մնալ: Առնվազն երեք ընտանիք միայն մեր կազմակերպությանն է դիմել, որոնք իրենց տներն են կորցրել: Պատկերացրեք, որ այդ ընտանիքների թիվը շատ ավելի կարող է լինել: Հասկանալի է, որ այստեղ կամ մեծ կաշառքների մասին է խոսքը, կամ իշխանության հովանավորչության»:

Մարինա Պողոսյանը զարմանում է, թե ինչու Ազգային անվտանգության ծառայությունը չի հետաքրքրվում նախկին պաշտոնյայի եկամուտների ծագման աղբյուրով: «Պարզապես անհնար է արդար աշխատանքով վաստակել այն գումարները, որոնք շրջանառության մեջ է դրել նախկին պաշտոնյան: Սա ևս մեր բանակից թալանված փողերն են, որը պետք է վերադարձնել հասարակությանը»,- կարծում է իրավապաշտպանը:

Նշենք, որ Հովհաննես Երիցյանը մշտապես պնդել է, որ ինքը որևէ մեկի տոկոսով գումար չի տվել, թեև ձայնագրությունները հակառակն են ապացուցում: Նախկին պաշտոնյայի այլ գործարքներին և ֆինանսական աղբյուրներին կանդրադառնանք մեր առաջիկա հոդվածներում:

http://www.1in.am/1905859.html

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: