«Առավոտ» օրաթերթը գրում է.
«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը երեկ «Առավոտին» ասաց, որ Հայաստանի քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանի գործով դատախազությունն աննախադեպ որոշում է կայացրել: Զինաիդա Մելիքյանը հանդես էր եկել հաղորդմամբ, դիմել էր թե ԱԱԾ, թե գլխավոր դատախազություն, որով պահանջել էր քրեական գործ հարուցել: Զինաիդան հայտնել էր, որ Հովհաննես Երիցյանը սպառնացել է իրեն, պայուսակից մի անգամ էլ հանել ատրճանակը, եւ ասել՝ «Ես գեներալ եմ, կգյուլեմ քեզ, ինձ ոչ մեկը ոչ մի բան չի կարող ասի»:
Զինաիդա Մելիքյանը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, բողոքարկելով դատախազության անգործությունը, քանի որ դատախազությունը կարճել էր գործ հարուցել: Դատավոր Ա. Բեկթաշյանը որոշում էր կայացրել Զինաիդա Մելիքյանի բողոքը բավարարել: Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցում «կյանքի սպառնալիքի» հատկանիշներով: «Այդ մարդը՝ Հովհաննես Երիցյանը, փաստորեն, իր ձեռագիրը չէր փոխել»,- ասում է իրավապաշտպան կառույցի ղեկավարը:
«Այդ ընթացքում Դավիթ Ստեփանյանը դիմում է Խաբարովսկից մեզ, հայտնելով, որ Երիցյանի սպառնալիքից փախել է Հայաստանից, ժամանակին աշխատել է Երիցյանի հետ, տարադրամի փոխանակման կետեր է ունեցել, գրավատուն, իսկ Երիցյանն էլ իրեն տոկոսով 900 հազար դոլար գումար է տվել»,- ասում է Մ.Պողոսյանը:
Դ. Ստեփանյանը 10 տարի շարունակ 18 հազար դոլար գումար է տալիս, որպես տոկոս: Գրավադնում է հետագայում իր ընկերների, մտերիմների գույքը, սակայն Երիցյանը պահանջում է 400 000 դոլար գումար մնացորդը: Մարդն ընկնում է հոգեբուժարան: Կա ձայնագրություն, որով հաստատվում է, որ տվյալ անձը 1 միլիոն 900 000 դոլար գումար վերադարձրել է: Իսկ սպառնալիքին միջամտում է հայաստանաբնակ մի մականունավոր, ասելով՝ «արյուն է թափվելու»:
«Երբ տոկոսով տրված գումարները գումարում ես, դառնում է մեծ թիվ, իսկ դատախազությունը թեւերը փռել է Երիցյանի վրա: Երբ հիմա ասում են, թե գումար չկա զենք, զինամթերք գնելու համար, կոռուպցիայի դեմ են պայքարում, բա մենք 2 տարի է՝ Երիցյանի արածների դեմ պայքարում ենք, մեկը չի՞ հարցնում՝ Երիցյան ջան, 900 հազար դոլարը, որ դու տվել ես, որտեղի՞ց, քաղավիացիայի՞ց, ինչպե՞ս, երբ դու ընդամենը երկու տարի ես աշխատել պետի պաշտոնում»,-հարցնում է Մ. Պողոսյանը: Կան ձայնագրություններ, որոնցից մեկում պաշտոնատար անձն ասել է, թե՝ «գումարն իրենը չի, մի մասը կագեբեի գեներալի փող է»:
Մարինա Պողոսյանն ասում է, որ իրենք պատրաստեցին «հաղորդում հանցագործության մասին» եւ դիմեցին գլխավոր դատախազություն: Ներկայացվել են ձայնագրություններ, որտեղ քաղավիացիայի նախկին պետը սպառնացել է Դ. Ստեփանյանին: «Ասացինք, լավ, վաշխառությունը չեք հաստատում, պաշտպանում եք, բայց՝ կյանքի սպառնալիքն ակնհայտ է: Մենք մի հատ գրասենյակ ենք վարձում, 40 դոլար ամսեկան պետությանը հարկ ենք մուծում: Իսկ այսքան միլիոններից ինչո՞ւ ոչ մի լումա չի մուծվել»,- հարցնում է իրավապաշտպանը: Դավիթ Ստեփանյանի ընտանիքի նկատմամբ կյանքի սպառնալիքի հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Կենտրոնի քննչականը կիրականացնի նախաքննությունը:
Մարինա Պողոսյանը վաշխառության գործը նույնացնում է «Ֆինանսական բուրգի» գործի հետ: Ի դեպ, իրենց տուժող համարող ընտանիքները թե դատական գործընթացների ժամանակ, թե «Առավոտի» հետ զրույցներում նշել են, որ Հովհ. Երիցյանն անընդհատ իրենց վախեցրել է զենքով: Մարինա Պողոսյանն էլ դատական նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր, թե իր հետ քննիչի մոտ առերեսման եկած Երիցյանը եղել էր զենքով:
Ռ. Մ. «Առավոտ» 09.06.2016