[:am]
Հայաստանում անցած տարվա ընթացքում արձանագրվել է ժողովրդավարության անկում և կոռուպցիայի աճ, վկայում են իրավապաշտպանները. փոխանցում է VOA-ն: Անվանի Freedom House իրավապաշտպան կազմակերպության հաղորդմամբ, 2017-ն ընդհանուր առմամբ Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում և Եվրասիայում ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության հետընթացի տարի կարելի է որակել: Լեհաստանում, Հունգարիայում 2017-ին արձանագրվել է ժողովրդավարական ինստիտուտների վերջին տասնամյակում լրջագույն անկումը: «Հակալիբերալ քաղաքականությունն ավանդույթ է դառնում է Եվրոպայում», ընդգծում է չորեքշաբթի հրապարակված զեկույցում Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիցը: Հայաստանում 2017-ին գրանցվել է ժողովրդավարության մակարդակի անկում, որի արդյունքում երկիրը հայտնվել է Մոլդովայի և Ղրղըզստանի միջև՝ զիջելով Ուկրաինային, Վրաստանին և Արևելյան Եվրոպայի պետություններին։ Մնալով Ռուսաստանից, Բելառուսից, Ադրբեջանից և Կենտրոնական Ասիայի երկրներից ավելի բարձր: Հայաստանը քաղաքացիական հասարակության զարգացման մակարդակով ոչնչով չի զիջում Վրաստանին և Կոսովոյին, իսկ դատական համակարգի անկախության աստիճանով նույնիսկ Ուկրաինայից և Կոսովոյից առաջ է անցել: Առավել ցածր ցուցանիշը ստացել են Հայաստանի ընտրական գործընթացներն ու ժողովրդավարական կառավարման ոլորտները: 2017-ին արձանագրվել է նաև կոռուպցիայի մակարդակի որոշակի աճ: Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը վատագույն եռյակում են: Բելառուսի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ միասին, Ադրբեջանը պաշտոնապես ավտորիտար պետությունների շարքին է դասվում: «Ավտորիտար պետությունները անհաջողակներ են, որոնք առաջինն են իրենց վրա զգացել 2008-ի և 2014-ի տնտեսական անկումները», ընդգծում են Freedom House-ի զեկույցի հեղինակները: Հատկապես վտանգավոր է Ռուսաստանում և Ադրբեջանում նկատվող ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ ճնշումներն ու մեղադրանքները, որոնց միջոցով իշխանությունները լռեցնում են պաշտոնական դիրքորոշման հետ չհամաձայնվող հասարակության ձայները: Պուտինը, Ալիևը և Լուկաշենկոն հասցրել են իրենց երկրներն այն վիճակի, որ այլևս ի վիճակի չեն ավտորիտար համակարգի դեմ ուղղված որևէ բարեփոխումներ կատարել, քանի որ նրանք անձամբ են ավտորիտար համակարգ դարձել, ընդգծում են իրավապաշտպանները: Ուստի, այդ երկրներում ժողովրդավարական լուրջ փոփոխություններ հնարավոր են միայն այդ ղեկավարների հեռանալուց հետո:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/45537.html
[:]