Երկու հաղթանակ՝ ընդդեմ դատախազության

«Վելես» իրավապաշտպան կազմակերպությունը արդեն երկրորդ հաղթանակն է տանում դատարանում՝ ընդդեմ դատախազության: Կազմակերպությունը դատարանում ներկայացնում է Գայանե Թումասյանի շահերը, ով վիճարկում է դատախազության անգործությունը:
Վաշխառության զոհ դարձած Գայանե Թումասյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացնել՝ պնդելով, որ կորցրել է իրեն պատկանող անշարժ՝ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանի կատարած խարդախության արդյունքում: Դատախազ Վահե Դոլմազյանը, հաղորդումը ստանալուց 65 օր անց Թումասյանին պատասխան է ուղարկել՝ նշելով, որ նրա ներկայացրած փաստերը քաղաքացիաիրավական հարաբերություններում են գտնվում:

Գայանե Թումասյանն դատական կարգով բողոքարկել էր դատախազության անգործությունը, քանի որ ՀՀ օրենսդրությունը սահմանում է, որ հանցագործության մասին հաղորդում ստանալուց հետո դատախազությունը պարտավոր է որոշում կայացնել ստացված հաղորդման մասին: Որոշում սակայն չէր կայացվել, փոխարենը Թումասյանը ստացել է նամակ՝ դատախազ Վահե Դոլմազյանից:
Ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր քաղաքացու պահանջը: Դատախազությունը, սակայն, չհամակերպվելով սեփական պարտության հետ, բողոք էր ներկայացրել կայացրած որոշման դեմ: Երեկ Վերաքննիչ քրեական դատարանը ուժի մեջ է թողել քաղաքացու օգտին կայացրած որոշումը՝ եւս մեկ անգամ փաստելով, որ դատախազությունն անգործություն է ցուցաբերել:

«Դատախազությունը չի ցանկանում որոշում կայացնել, քանի որ հասկանում է, որ մենք կարող ենք բողոքարկել իրենց կայացրած որոշումները: Սակայն մենք դատական կարգով պարտավորեցնելու ենք իրենց որոշում կայացնել», – մեզ հետ զրույցում ասաց Գայանե Թումասյանի շահերը ներկայացնող «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանը:

Նա նշեց, որ դատախազությունը մշտապես մերժում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետի դեմ ներկայացված ցանկացած հաղորդում: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ դատախազությունը հովանավորում է Հովհաննես Երիցյանին, այս գործն էլ դրա վառ ապացույց է: Հաղորդման հիման վրա ոչ միայն գործ չեն հարուցում նրա դեմ, այլեւ չեն ցանկանում նույնիսկ որեւէ որոշում կայացնել»:
Նշենք, որ դատախազ Վահե Դոլմազյանը դատարանում եւս պնդեց իր կարծիքն այն մասին, որ քաղաքացի Գայանե Թումասյանի հաղորդման մեջ նշված փաստերը քաղաքացիաիրավական հարաբերություններում են գտնվում: Այնինչ Թումասյանը պնդում է, որ Հովհաննես Երիցյանը կատարել է հանցագործություն՝ իրեն եւ իր ընտանիքին թողնելով անօթեւան:

Արշակ Դավթյան

Սկզբնաղբյուրը՝ www.lragir.am

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: