Դատարանում ՀՀ ոստիկանության շահերը պաշտպանող Սոնա Մելիքյանը կարծում է, որ եթե լրագրողներն իրեն լուսանկարեն, ապա լուսանկարը կհայտնվի սոցցանցերում, և ՀՀ քաղաքացիները իր մասին անհեթեթ մեկնաբանություններ կգրեն: Թե ինչու է Ոստիկանության ներկայացուցիչը վստահ, որ մեկնաբանությունները անհեթեթ են լինելու, պարզ չէ, սակայն հարկ է նշել, որ Սոնա Մելիքյանն ինքն է իր լուսանկարները հրապարակել «Ֆեյսբուքում», որոնք հասանելի են ոչ միայն իր վիրտուալ ընկերներին, այլև ամբողջ հանրությանը:
Սոնա Մելիքյանը ՀՀ վարչական դատարանում ներկայացնում է ՀՀ ոստիկանության շահերը, որի դեմ բողոք է ներկայացրել «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը: Նա պնդում է, որ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները ականատես են եղել, թե Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներն ինչպես են բռնություն գործադրել իր նկատմամբ և անգործություն են ցուցաբերել, որևէ կերպ չեն միջամտել: Արդյունքում իրավապաշտպանին հասցվել է ֆիզիկական վնասվածք:
«Այնքան վիրավորական էր տեսնել, որ ոստիկանները կանգնած հետևում են, թե 4 հաստամարմին տղամարդիկ ինչպես են բռնություն գործադրում իմ նկատմամբ: Միակ բանը, որ ոստիկաններն անում էին, դա հեռախոսով նկարելն ու ծիծաղելն էր»,- հիշում է Մարինա Պողոսյանը:
Ոստիկանության դեմ հայցի քննությունը սկսվեց երկու միջնորդությամբ: Մարինա Պողոսյանի շահերը ներկայացնող փաստաբան Արթուր Սուքիասյանը նախ դատարանին միջնորդեց թույլատրել լրագրողներին տեսանկարահանել դատական նիստը: Ինչպես արդեն նշեցինք, ոստիկանության ներկայացուցիչն առարկեց՝ նշելով, որ իր համար ցանկալի չէ, որ իր լուսանկարները «լայքեն»:
Մարինա Պողոսյանի կարծիքով՝ Մելիքյանի առարկությունն անհիմն է. «Եթե մարդ չի ցանկանում, որ իր լուսանկարները լայքեն կամ մեկնաբանեն, դրանք սոցիալական ցանցերում չի տեղադրում: Մենք տեղյակ ենք, որ Դուք բավականին ակտիվ եք սոցիալական ցանցում»,- ոստիկանության ներկացուցչին ասաց իրավապաշտպանը:
Դատավոր Ռաֆիկ Խանդանյանը, այնուամենայնիվ, համարեց, որ Մելիքյանի՝ «լայքերից» զերծ մնալու իրավունքը առավել կարևոր է, քան լրատվամիջոցների աշխատանքն ու դատական նիստի թափանցիկությունը: Դատավորը մերժեց տեսանկարահանելու միջնորդությունը:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում