Աննախադեպ. Օսիպովի որդին վկայի կարգավիճակում փորձում է բեկանել քրեական գործի հարուցումը (լուսանկարներ)

a967b200ec260c915a8ba99778d50309

ՀԽՍՀ նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպյանի որդի Վիկտոր Տեր-Հովսեփյանը բողոքարկում է դատախազության՝ քրեական գործ հարուցելու որոշումը, որ կայացվել է երեք ռուս գործարարների դիմումների հիման վրա: Բայց ամենաուշագրավն այն է, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան նման բողոք է ներկայացրել՝ գտնվելով ընդամենը վկայի կարգավիճակում: Վկայի կարգավիճակ ունեցող անձը փորձում է բեկանել դատախազության՝ քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Սա աննախադեպ է:

Հիշեցնենք դեպքի նախապատմությունը: Հայաստանում մեծ գումարներ ներդրած ռուս գործարարներ Ալեքսեյ Կորեպանովը, Դմիտրի Աֆոնինը եւ Դմիտրի Կոտովը փորձում են իրավական պատասխանատվության ենթարկել Վիկտոր Տեր-Հովսեփյանին, ով, գործարարների խոսքով, իրենցից յուրացրել է 5 միլիոն դոլարի չափով գումար:

Կորեպանովը, Կոտովը եւ Աֆոնինը ցանկացել են բազմաբնակարան շենք կառուցել Երեւանում: Կորեպանովը, ծանոթ լինելով Վիկտոր Տեր-Հովսեփյանի հետ եւ վերջինից ստանալով հավաստիացումներ, թե իբր նա Երեւանի Արամի փողոցի 38 հասցեում գտնվող տան եւ հողամասի սեփականատերն է, ստեղծում է «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ն, որի բաժնեմասերի 50 տոկոսը գրանցվել էր Ալեքսեյ Կորեպանովի, իսկ մյուս կեսը՝ Տեր-Հովսեփյանի մոր՝ Լյուբով Փիլոյանի անունով, հետո էլ գործի մեջ ներգրավում Աֆոնինին եւ Կոտովին: Կորեպանովը, Երեւան գալով պարզում է, որ Լյուբով Փիլոյանին «պատկանող» անշարժ գույքի սեփականության իրավունքը վիճարկվում է դատարանում: Իսկ ավելի ուշ պարզվել էր, որ այդ հողը իրականում չի էլ պատկանել Վիկտորի մորը: Հետագայում Վիկտոր Տեր-Հովսեփյանը ռուս գործընկերոջն առաջարկել է տարածք գնել Կասկադին հարակից վայրում եւ դրա համար նրանից խոշոր գումար է վերցրել, որով 2006 թվականին գնել է Երեւանի Անտառային փողոցի թիվ 116/3 հասցեում առկա հողատարածքները՝ գրանցելով դրանք իր ծանոթի՝ Արթուր Մանուկյանի անունով:

Ռուս գործարարների դիմումից հիման վրա ՀՀ Քննչական կոմիտեի Կենտրոնի բաժնում օտարերկրյա ներդրողներին խարդախության զոհ դարձնելու դեպքերի առիթով հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու փաստի առթիվ (ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Վիկտոր Տեր-Հովսեփյանը, սակայն, ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց գործարարների շահերի ներկայացուցիչ, «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը, քրեական գործ հարուցելուց արդեն ավելի քան երեք ամիս անց ոչ թե կասկածյալի, այլ վկայի կարգավիճակում է: Եվ այդ կարգավիճակում էլ Տեր-Հովսեփյանը դատարան ներկայացրել է քրեական գործ հարուցելու որոշումը բեկանելու բողոք:

37c07e8c-85f6-42ec-8bd1-1b2f014e4d06

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ընդամենը 2 րոպե տեւողությամբ դատական նիստ: Տեր-Հովսեփյանի շահերը դատարանում ներկայացնելու էր եկել փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը, որը, ինչպես պարզվեց, լիազորագիր չուներ: Այդ պատճաով նիստը հետաձգվեց: Փաստաբան Մարտիրոյանին դուր չէր գալիս լրագրողների ներկայությունը դահլիճում: Նա 1in.am-ի լրագրող Սոնա Հարությունյանից պահանջում էր իրեն «չնկարել», բայց երբ պահանջեցինք օրենքով հիմնավորել իր պահանջը, փաստաբանը այդպես էլ չհիմնավորեց:

Դատական նիստին ներկա էր Հայատանում Ռուսաստանի դեսպանության բարձրաստիճան ներկայացուցիչ: Ինչպես տեղեկացանք «Վելեսի» նախագահ Մարինա Պետրոյանից, ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հետաքրքրված է իր քաղաքացիների շահերի պաշտպանությամբ եւ անգամ նամակով դիմել է ՀՀ իրավապահ մարմիններին՝ պահանջելով ՌԴ քաղաքացիների շահերի լիարժեք պաշտպանություն:

Մարինա Պողոսյանը նիստից հետո Past.am-ի եւ 1in.am-ի հետ զրույցում նշեց, որ չնայած քրեական գործի առկայությանը, որեւէ քննչական գործողություն լրիվությամբ չի կատարվել: «Կենտրոն եւ Նորք-Մարաշ քննչական բաժնի քննիչ Ռուբեն Նազարյանի վարույթում գնտվող գործում չկա ո՛չ մեղադրյալ, ո՛չ կասկածյալ: Իսկ Տեր-Հովսեփյանը գործում ներգրավված է որպես վկա: ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ վկան չի կարող բողոքարկել քրեական գործ հարուցելու որոշումը: Պատկերացրեք՝ քրական գործեր կան, որի շրջանակում 50 վկա է ներգրավված, եւ հանկարծ վկաները բողոք են ներկայացնում դատարան: Ես կարծում եմ, որ դատարանը նման բողոքը չպետք է վարույթ ընդունի: Մենք ասում ենք՝ բա ո՞նց եղավ, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանը վկայի կարգավիճակում նման բողոք ներկայացրեց, մեզ պատասխանում են՝ ինքը ենթադրյալ մեղադրյալ է, այսինքն՝ երբ եւ որ կողմից հարմար է, հարցը ներկայացվում է այդպես»,- ասաց Մարինա Պողոսյանը:

Գործը վերահսկող դատախազ Նարեկ Խաչատրյանը մանրակրկիտ, 10 էջից բաղկացած ցուցում է ուղարկել քննիչին, թե ինչ գործողություններ պետք է իրականացվեն: Ըստ Մարինա Պողոյանի՝ եթե այդ ցուցումներից գոնե մեկը քննիչն իրականացներ, ապա գործն այսքան չէր ձգձգվի: «Սա միտումնավոր է արվում: Մարդիկ ուզում են քրեական գործի քննությունը անիմաստ ձգձգել, որովհետեւ դեռ ունեն չլուծված հարցեր»,- ասաց իրավապաշտպան ՀԿ նախագահը:

Նշենք, որ ռուս գործարարները հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն ցուցմունք են տվել քննիչներին:

        85fad675-031b-4602-b235-89226111d528

Գագիկ Աղբալյան

http://past.agency/?p=26659&l=am

 

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: