«Ձեր կարծիքը ոչ մեկի չի հետաքրքրում». իրավապաշտպանը՝ դատախազին

 

Վաշխառության զոհ դարձած Գայանե Թումասյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացնել՝ պնդելով, որ ինքը կորցրել է իրեն պատկանող անշարժ՝ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանի կատարած խարդախության արդյունքում: Դատախազ Վահե Դոլմազյանը, հաղորդումը ստանալուց 65 օր անց Թումասյանին պատասխան է ուղարկել՝ նշելով, որ նրա ներկայացրած փաստերը քաղաքացիաիրավական հարաբերություններում են գտնվում:

Գայանե Թումասյանն այժմ դատարանում բողոքարկում է  դատախազության անգործությունը, քանի որ ՀՀ օրենսդրությունը սահմանում է, որ հանցագործության մասին հաղորդում ստանալուց հետո դատախազությունը պարտավոր է որոշում կայացնել ստացված հաղորդման մասին: Որոշում սակայն չի կայացվել, փոխարենը Թումասյանը ստացել է նամակ՝ դատախազ Վահե Դոլմազյանից:

Վերջինս Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում կրկին պնդեց, որ Գայանե Թումասյանի տված հաղորդման մեջ հանցագործության մասին փաստեր չեն եղել: «Դուք գրբաց չեք, որ առանց գործը քննելու իմանաք՝ սա քաղաքացիաիրավական հարաբերության խնդիր է, թե քրեական: Ձեր կարծիքը Գայանե Թումասյանի տված հաղորդման մասին որեւէ մեկի չի հետաքրքում»,- դատախազին հակադարձեց դատարանում Թումասյանի շահերը ներկայացնող «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը:

Վերջինս նշեց, որ իրենց համար զարմանալի չէ, որ դատախազությունը Հովհաննես Երիցյանի պաշտպանությունն է ստանձնել, սակայն հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ, ըստ օրենքի, դատախազությունը պարտավոր է որոշում կայացնել: «Դուք կատարեք օրենքի պահանջը՝ կայացրեք որոշում, ոչ թե մասնավոր կարծիք արտահայտեք: Եթե մենք չհամաձայնենք Ձեր կայացրած որոշման հետ, այն կբողոքարկենք»,- նշեց իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ Գայանե Թումասյանը պնդում է, որ նախկին պաշտոնյան վաշխառությամբ է զբաղվում՝ տոկոսով գումար է պարտքով տալիս եւ մարդկանց խաբեության միջոցով զրկում է տնից: Երիցյանի դեմ նմանատիպ հաղորդումներ են ներկայացրել եւս երկու անձինք: Նախկին պաշտոնյային, սակայն, մինչ օրս մեղադրանք չի առաջադրվել:

Գայանե Թումասյանի բողոքի քննությունը կշարունակվի հունիսի 10-ին, առավոտյան 10:30-ին:

ԱՐՇԱԿ ԴԱՎԹՅԱՆ

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: