Քննիչ Աղաբաբյանը միայն միլիոնատիրոջն է հավատում 1in.am

ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի գործը  որքան երկար է քննվում դատարանում, այնքան ավելի հետաքրքիր բացահայտումներ են տեղի ունենում: Նախորդ դատական նիստի ժամանակ քննիչ Պարույր Աղաբաբյանը դատարանում գրեթե խոստովանեց, որ իր համար արժանահավատ են միայն մեծահարուստ նախկին պաշտոնյայի ցուցմունքները, իսկ նրա դեմ վկայություն տվող անձանց քննիչը չի հավատացել:

Հիշեցնենք, որ Երիցյանի դեմ բողոք էր ներկայացրել «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը, ով պնդում է, որ Քաղավիացիայի նախկին պետը սուտ մատնություն է կատարել՝ իր մասին կեղծ տեղեկություններ հայտնելով իրավապահներին: Երիցյանը հաղորդում էր ներկայացրել իրավապաշտպանի դեմ՝ նրան մեղադրելով «ղազախական մաֆիայի» անդամ լինելու և շորթում կատարելու մեջ:

Երիցյանի հայտնած տեղեկությունները հերքել էին իր իսկ վկայակոչած անձինք: Նա 4 անձի անուն էր տվել, որոնք իբրև թե պիտի ապացուցեին, որ Մարինա Պողոսյանը սպառնալով ու վախեցնելով փորձել է շորթում կատարել: Վկաները, որոնցից երեքը Երիցյանի մտերիմներն են, հերքել են Երիցյանի կեղծ ցուցմունքները՝ պնդելով, որ իրենք երբեք Մարինա Պողոսյանի մասին նման տեղեկություններ չեն հայտնել նրան:

Վկաները պնդել են իրենց ցուցմունքները նաև Երիցյանի հետ առերես հարցաքննության ժամանակ: Սակայն այդքանից հետո դարձյալ քննիչ Պարույր Աղաբաբյանը նախընտրել է հավատալ նախկին պաշտոնյային: «Եթե այդ 4-ը հերքում են դա, իսկ ինքը (Երիցյանը) պնդում է, չի նշանակում, որ նման բան չի եղել»,- դատարանում իր դիրքորոշումը պնդեց երիտասարդ քննիչը:

Հիշեցնենք, որ Մարինա Պողոսյանը նախորդ դատական նիստին հայտարարել էր, որ քննիչ Աղաբաբյանը հանցագործ է. «Հանցագործության մոտիվները կոնկրետ չեմ կարող ասել՝ կամ նա կաշառք է վերցրել, կամ ունի գիտելիքների պակաս, դա պետք է պարզվի քննությամբ»,- նշել էր «Վելես» ՀԿ-ի նախագահը:

Մարինա Պողոսյանը շարունակում է պնդել, որ Երիցյանը դիտավորությամբ է իր մասին կեղծ տեղեկություններ հայտնել իրավապահներին՝ ցանկանալով ճնշում գործադրել իր նկատմամբ, քանի որ «Վելեսը» իրավաբանական օգնություն է ցուցաբերում նախկին պաշտոնյայից տուժած անձանց, ովքեր պնդում են, որ Հովհաննես Երիցյանը վաշխառությամբ է զբաղվում:

«Մենք բոլոր հիմքերը ներկայացրել ենք քննության ժամանակ, քննիչին բացատրել ենք, թե ինչն է Երիցյանին դրդում սուտ մատնություն կատարել իմ դեմ, սակայն քննիչն անդրդվելի է, նա միայն Երիցյանին է հավատում: Երևի նրա կարողությունը կուրացրել է բոլորին թե քննչական մարմնում, թե դատախազությունում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարինա Պողոսյանը:

Հիշեցնենք, որ քննիչ Պարույր Աղաբաբյանը Երիցյանի դեմ հարուցած քրեական գործը կարճել էր՝ եզրակացնելով, որ նա առանց գիտակցելու է կեղծ տեղեկություններ տրամադրել Պողոսյանի դեմ:

Իրավապաշտպանը բողոքարկել էր կարճման որոշումը: Բողոքը բավարարվել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Այժմ դատախազությունը բողոք է ներկայացրել դատարանի կայացրած որոշման դեմ: Բողոքի քննությունը կշարունակվի Վերաքննիչ քրեական դատարանում նոյեմբերի 3-ին՝ ժամը 13:00-ին:

Հ.Գ. Հովհաննես Երիցյանի հսկայական կարողությանը կանդրադառնանք առաջիկայում:

Սկզբնաղբյուրը`
http://www.1in.am/1758517.html

Լուսանկարում՝ քննիչ Պարույր Աղաբաբյանը

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: