[:am]Քննիչ Աղաբաբյանը «պարզել է» Երիցյանի փողերի ծագման աղբյուրը 1in.am[:]

[:am]^1865C4588C4AA1C1633FD10C89F17D23776887ADA8892BC9B0^pimgpsh_fullsize_distr

Կենտրոնի քննչական բաժնի քննիչ Պարույր Աղաբաբյանը, իր խոսքով, օբյեկտիվ քննություն է անցկացրել և պարզել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի՝ առանձնակի խոշոր չափերի եկամուտների ծագման աղբյուրը: Խոսքը տվյալ դեպքում 1.5 միլիոն ԱՄՆ դոլարի մասին է: «Երիցյանի գումարների ծագման աղբյուրի մասով նա նույնպես հարցաքննվել է և հայտնել, որ նախկինում աշխատել է նաև այլ տեղեր՝ Ռուսաստանում: Ես հիշում եմ, Ռուսաստանի ավիացիայի հետ կապված ինչ-որ աշխատանք… այսինքն՝ մեկնաբանել է, թե ինչքան աշխատանք է ստացել, և հավելյալ քննություն չի արվել այդ ուղղությամբ»,- դատարանում հայտարարել է քննիչը՝ առանց պարզաբանելու, թե կոնկրետ որ թվականներին ինչ աշխատանք է կատարել Երիցյանը և ինչքան աշխատավարձ է ստացել, որոնցից կարողացել է կուտակել 1.5 միլիոն ԱՄՆ դոլար:

Քննիչ Աղաբաբյանը բավարարվել է Երիցյանի ցուցմունքներով և հավելյալ գործողություններ չի ձեռնարկել Երիցյանի խոսքերի ճշմարտացիությունը ստուգելու համար: Հիշեցնենք, որ նախկին պաշտոնյայի՝ անհայտ ծագման եկամուտների մասով միջնորդություն էր ներկայացրել «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է վաշխառուությունից տուժած անձանց իրավունքների պաշտպանությամբ:

«Տարբեր քրեական գործերով վկաների տրված ցուցմունքներից ակնհայտ է դառնում, որ 2003-2010թթ. ընկած ժամանակահատվածում Հ. Երիցյանի կողմից տարբեր տոկոսադրույքներով ընդհանուր առմամբ մոտավոր  1.500.000 ԱՄՆ դոլարը գերազանցող գումարներ է տրամադրվել  ՀՀ տարբեր քաղաքացիների: Հատկանշական է, որ այդ ժամանակահատվածում  Հ. Երիցյանը  չի զբաղեցրել որևէ  պաշտոն, չի  զբաղվել ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեությամբ, և նախաքննության մարմինների կողմից չի պարզվել վերջինիս կողմից շրջանառված  առանձնապես  խոշոր չափերի  գումարների ծագման  աղբյուրը»,- նշված է միջնորդությունում:

Հիշեցնենք, որ անցած տարի Դավիդ Ստեփանյանի դիմումի հիման վրա Հովհաննես Երիցյանի դեմ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով («Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը»): Ստեփանյանը քննչական մարմնին ներկայացրել էր նաև ձայնագրություն, որում լսվում է, թե Երիցյանն ինչպես է նրան սպառնում՝ ասելով, որ գումարը չվերադարձնելու դեպքում «արյուն ա լինելու»:

Քննիչ Պարույր Աղաբաբյանը ձայնագրությունը չի ընդունել որպես կյանքի սպառնալիքի փաստ: «Ինչ վերաբերում է ձայնագրությանը, ապա մենք այն ապացույց չենք համարել, քանի որ այն չի կատարվել տվյալ անձի տեղյակ լինելու պայմաններում»,- հայտարարել է քննիչը: Աղաբաբյանի բացատրությունը զարմացնում է «Վելես» ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանին:

«Պատկերացնում եք, մարդը զանգում և սպառնում է ձեզ, իսկ Դուք նրան զգուշացնում եք, որ ձեր խոսակցությունը ձայնագրվում է: Այդքանից հետո մի՞թե նա կշարունակի Ձեզ սպառնալ»,- հարցնում է Պողոսյանը:

Ձայնագրության մեջ Հ. Երիցյանը նաև ասում է, որ Դավիդ Ստեփանյանին տոկոսով տրված գումարը իրենը չէ, այլ ԱԱԾ գեներալինն է: «Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի գեներալի անձը պարզելուն, ապա հանձնարարություն է տրվել ոստիկանության բաժնում, որպեսզի պարզվի, թե ինչ գեներալ է դա եղել: Հարցաքննվել է նաև Հովհաննես Երիցյանը, ով անուն չի նշել՝ ասելով, որ չի ցանկանում հայտնել»,- բացատրում է քննիչը:

Այսպիսով, Երիցյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է: Հիշեցնենք, որ սա Երիցյանի դեմ հարուցված առաջին գործը չէ, որը քննվել և կարճվել է Պարույր Աղաբաբյանի կողմից: Երիցյանի դեմ բողոքներ էին ներկայացրել նաև Զինաիդա Մելիքյանն ու Գայանե Թումասյանը՝ նրան մեղադրելով վաշխառուության և խարդախության մեջ: Ընդ որում, Զինաիդա Մելիքյանի դեպքում դարձյալ առկա էր ձայնագրություն, որտեղ լսվում էր, թե նախկին պաշտոնյան ինչպես է սպառնում և հայհոյում նրան:

Ավելին, Երիցյանի դեմ բողոք էր ներկայացրել նաև «Վելես» ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանը՝ իր դեմ սուտ մատնություն անելու մեղադրանքով: Կենտրոնի քննիչ Պարույր Աղաբաբյանը կարճել էր բոլոր գործերը՝ գալով այն եզրակացության, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանը չի գիտակցում սեփական արարքների նշանակությունը, մասնավորապես՝ Երիցյանը 8 ամիս շարունակ պնդել էր, թե իրավապաշտպան Մարինա Պողոսյանը հանցագործ է՝ «չգիտակցելով, որ իր արարքները կեղծ են»:

Զարմանալիորեն երկու տարի անց քննիչ Աղաբաբյանը «հավատացել» է, որ սեփական արարքների նշանակությունը չգիտակցող Հովհաննես Երիցյանը մի քանի տարում «արդար քրտինքով» 1.5 միլիոն ԱՄՆ դոլար է վաստակել:

Երիցյանի դեմ հարուցված քրեական գործի կարճման որոշումը ներկայումս բողոքարկվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Դատավոր Մեսրոպ Մակյանը բողոքը քննելու համար դատարան է կանչել նաև Երիցյանին: Դատական նիստը նշանակված է փետրվարի 23-ին՝ ժամը 10:30-ին:

Հեղինակ՝ Արման Ղարիբյան

Սկզբնաղբյուրը՝ http://www.1in.am/2090523.html[:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: