[:am]«Քննիչները տնիցս հեռախոսներ են գողացել». ինչո՞ւ է կորել դատապարտյալի անձնագիրը www.1in.am[:]

[:am]

c227f53d3fe622be239b6655b2cedc30

2015 թվականի մարտի 21-ին Հայկ Հայրապետյանի տուն ներխուժած քննիչները տեղում ձերբակալել են նրան և բերման ենթարկել: «Նախկին կնոջս ու անչափահաս երեխայիս աչքի առաջ ձեռքերս ոլորեցին, կարծես ես վտանգավոր հանցագործ էի»,- հիշում է Հայկը: Նրա խոսքով՝ իրեն քննչական բաժին տանելուց հետո իրավապահներից մեկը մնացել է իրենց տանը, սպասել է մինչև քննչական խումբը ժամանի: Վերջիններս եկել են շների ուղեկցությամբ:

«Նախկին կինս խնդրել է քննիչներին, որ թույլ տան երեխային տնից դուրս բերի՝ նոր խուզարկեն, թույլ չեն տվել»,- պատմում է Հայկը:

Նա բազմիցս հայտարարել է, որ իր տուն ներխուժած քննչական խումբը գողացել է ընտանիքին պատկանող թվով 4 բջջային հեռախոսները, տարել է տան բանալիներն ու իր անձնագիրը: «Հաջորդ օրը մեր տան շանը սպանված են գտել բակում, իսկ ավտոտնակից տարել են «Մերսեդես ՄԼ» մակնիշի ավտոմեքենան»,-  պնդում է Հայկ Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ մեքենայում եղել են 450 հազար դրամ գումար (այդ օրը պետք է վարկի մի մասը վճարեին) և թանկարժեք ինժեներական գործիքներ, որոնք ԱՄՆ-ից էր բերել Հայկը: Նա մասնագիտությամբ ինժեներ է, մշտապես աշխատել է իր մասնագիտությամբ:

Հայկը և իր եղբայրը մեղադրվում են շորթում կատարելու, ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու և ապօրինի զենք կրելու մեջ: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրանց մեղավոր է ճանաչել՝ դատապարտելով Հայկին՝ 9, իսկ եղբորը 10 տարվա ազատազրկման: Եղբայրները դատաքննության ժամանակ ցուցմունք չեն տվել՝ վստահ լինելով, որ իրենց դեմ հարուցված քրեական գործը թյուրիմացություն է, և որ դատարանն իրենց պետք է արդարացնի: Մեղադրական դատավճռից հետո Հայրապետյանները վերաքննիչ բողոք են ներկայացրել և դատարանում հանդես են գալիս ցուցմունքներով:

Դրան զուգահեռ Հայկ Հայրապետյանը բազմաթիվ անգամ դիմել է իրավապահներին՝ տեղեկացնելով, որ իր տնից գողացել են հեռախոսները, անձնագիրն ու ավտոմեքենան: «Որտե՞ղ են այդ բոլոր իրերը, որ վերցրել են ու չեն վերադարձրել: Խուզարկության և առգրավման մասին որևէ փաստաթուղթ չեն տվել ո՛չ ինձ, ո՛չ ընտանիքիս, ո՛չ փաստաբաններիս»,-  Վերաքննիչ դատարանում հայտարարել է Հայկ Հայրապետյանը:

Այս տարվա հուլիսի 3-ին ի վերջո Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և այդ կերպ անձի իրավունքներին ու շահերին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ:

ՀՔԾ Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ տան խուզարկության ընթացքում առգրավված Հայկ Հայրապետյանի անձնագիրը հետագայում չի կցվել քրեական գործի նյութերին և կորել է: Ավելին, խուզարկության ընթացքում առգրավված 7 հեռախոսաքարտերից երկուսը ևս անհայտ հանգամանքներում կորել են:

Հատուկ քննչական ծառայությունում ընթացող նախաքննությունը պետք է բացահայտի, թե ինչպես է ընտանիքին պատկանող գույքը հայտնվել քննչական խմբի մոտ՝ առանց որևէ փաստաթղթային ձևակերպման:

Հայկ Հայրապետյանի և եղբոր դեմ հարուցված քրեական գործի մանրամասներին  կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներում: Վերաքննիչ քրեական դատարանում նրանց բողոքի քննությունը շարունակվելու է հոկտեմբերի 12-ին, ժամը 14:30-ին:

Հեղինակ՝ Արման Ղարիբյան

http://www.1in.am/2218879.html[:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: