«Առաջին լրատվական»-ը բազմիցս անդադարձել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի դեմ հարուցված քրեական գործին վկայակոչելով քննիչ Պարույր Աղաբաբյանի խոսքերն այն մասին, որ նա չի հավատացել Երիցյանի դեմ ցուցմունքներ տված թվով 5 անձանց, այլ նախընտրել է հավատալ միլիոնատեր նախկին պաշտոնյային: Օրերս պարզվեց, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանի հայացքները համընկնում են քննիչի գաղափարախոսությանը. նա ևս Երիցյանին է հավատում:
Դատավոր Ավետիսյանը բեկանել է Երիցյանի դեմ կայացրած որոշումը՝ համարելով, որ նախկին պաշտոնյան չպետք է ենթարկվի քրեական պատասխանատվության իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ կատարած սուտ մատնության համար:
Հիշեցնենք, որ 2014 թվականին «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը Երիցյանի դեմ բողոք էր ներկայացրել՝ պնդելով, որ Քաղավիացիայի նախկին պետը սուտ մատնություն է կատարել՝ իր մասին կեղծ տեղեկություններ հայտնելով իրավապահներին: Գործով ապացուցվել էր, որ Երիցյանի հայտնած տեղեկությունները կեղծ են, սակայն Երիցյանը խուսափել էր պատասխանատվությունից, քանի որ քննիչ Պարույր Աղաբաբյանը եկել էր այն եզրակացության, որ նախկին պաշտոնյան չի գիտակցել իր արարքների նշանակությունը:
Սա այն դեպքում, երբ Մարինա Պողոսյանը քննչական մարմիններին հայտնել է, թե Երիցյանն ինչ շահագրգռվածություն է ունեցել իր մասին կեղծ տեղեկություններ հայտնելով: Պողոսյանի ղեկավարած կազմակերպությունը զբաղվում է վաշխառությունից տուժած անձանց իրավունքների պաշտպանությամբ, իսկ Հովհաննես Երիցյանը տարիներ շարունակ մի շարք ընտանիքների կողմից մեղադրվում է վաշխառության մեջ: Համացանցում առկա է ձայնագրություն, որտեղ Երիցյանը սպառնում է Մարինա Պողոսյանին և «Վելես» ՀԿ-ի շահառուին: Սակայն այս փաստերը քննիչին չեն համոզել, որ Երիցյանի արարքում առկա է դիտավորություն: Պարույր Աղաբաբյանը միայն Երիցյանի խոսքերին է հավատացել և կարճել է նրա դեմ հարուցած քրեական գործը:
Իրավապաշտպանը բողոքարկել էր կարճման որոշումը: Բողոքը բավարարվել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Դատավորը հանգել էր այն եզրակացության, որ քննիչը չի կատարել օբյեկտիվ և բազմակողմանի քննություն: Դատախազությունը, սակայն, հակառակ կարծիքի է, այդ պատճառով էլ Ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարանում:
Վերաքննիչ դատարանն էլ իր հերթին բեկանել է Երիցյանի դեմ կայացված դատական ակտը: Թերևս պատահական չէ, որ դատարանի որոշումից օրեր առաջ մեկ այլ դատական նիստում նախկին պաշտոնյայի՝ մեկ միլիոն դոլարանոց պահանջը բավարարվել էր: Իր հսկայական կարողությանը ևս մեկ միլիոն դոլար ավելացրած Երիցյանը, հավանաբար, ավելի շատ է հավատ ներշնչում դատավոր Գագիկ Ավետիսյանը, քան իրենց տները կորցրած անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպության նախագահը:
Հ.Գ. Հովհաննես Երիցյանի կարողությանը և վերջերս հաղթած մեկ միլիոն դոլարանոց գործին կանդրադառնանք առաջիկայում:
Սկզբնաղբյուրը`
http://www.1in.am/1764412.html