[:am]ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի դեմ դատական հայց է ներկայացրել «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը: Նա Երիցյանից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել մամուլում իրեն հասցեագրված վիրավորանքների համար և որպես փոխհատուցում վճարել 2 միլիոն ՀՀ դրամ:
Հովհաննես Երիցյանը epress.am կայքում հրապարակել էր մի տեքստ, որը մոտ տասնյակ վիրավորական խոսքեր է պարունակում իրավապաշտպանի հասցեին: Երիցյանին բարկացրել էր այն, որ վերոնշյալ կայքը հոդված էր հրապարակել, որում Մ. Պողոսյանը պնդում է, որ նախկին պաշտոնյան կատարել է սուտ մատնություն՝ դիտավորությամբ կեղծ տեղեկություններ հայտնելով նախաքննության մարմին:
«Առաջին լրատվական»-ը բազմիցս անդրադարձել է այս գործին` ներկայացնելով մանրամասներ: Հովհաննես Երիցյանը դեռևս 2014 թվականին դիմել էր ոստիկանություն՝ հայտնելով, թե Մարինա Պողոսյանը, հանդիսանալով «ղազախական մաֆիայի անդամ», փորձել է շորթում կատարել իր սանիկից, զարմիկից և ընկերոջ փեսայից՝ սպառնալով, թե վրաերթի կենթարկի նրանց և կառևանգի երեխաներին:
Իրավապաշտպանը հաղորդում էր ներկայացրել Երիցյանի դեմ՝ պնդելով, որ նա սուտ մատնություն է կատարել, հարուցվել էր քրեական գործ, որը շուտով կարճվել էր, քանի որ քննիչ Պարույր Աղաբաբյանը եկել էր այն եզրակացության, որ Հովհաննես Երիցյանը նախաքննության մարմին կեղծ տեղեկություններ էր հաղորդել՝ «չգիտակցելով, որ իր արարքները կեղծ են»:
Գործի կարճումից մեկ տարի անց «սեփական արարքների նշանակությունը չգիտակցող» նախկին պաշտոնյան Մարինա Պողոսյանի դեմ հանդես է եկել լրատվական կայքում՝ վիրավորելով նրա պատիվն ու արժանապատվությունը:
«Ես կարծում եմ, որ սա սուտ մատնության տրամաբանական շարունակությունն է: Եթե այն գործը չկարճեին և Երիցյանին պատասխանատվության ենթարկեին, նա չէր համարձակվի նման բան անել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարինա Պողոսյանը:
Վիրավորանքի գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Հովհաննես Երիցյանը չէր ներկայացել նախնական դատական նիստին, որի ժամանակ հայցվոր կողմը ապացույցներ ներկայացրեց: Դրանց թվում էին նաև այն անձանց դիմումները, որոնք «Վելես» հասարակական կազմակերպությունից իրավական աջակցություն էին խնդրել՝ պնդելով, որ իրենք Հովհաննես Երիցյանի ապօրինի գործունեության զոհն են դարձել: Քաղաքացիները Երիցյանին մեղադրում են վաշխառության և խարդախության մեջ:
«Այս դիմումների հիման վրա մեր կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացրել Հովհաննես Երիցյանի դեմ, որից հետո նա սկսել է վրեժխնդիր լինել անձամբ ինձնից և բազմիցս կեղծ տեղեկություններ է տարածել իմ անձի վերաբերյալ»,- ասում է Մարինա Պողոսյանը:
Վիրավորանքի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին:
[:]